2026թ․ դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանի կողմից երեք այց է սպասվում Մոսկվա։ Այս այցերը տեղի են ունենում մի ժամանակաշրջանում, երբ հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, լավագույն օրերը չեն ապրում։ Թեև կողմերը մեկը մյուսին են մեղադրում այդ առիթով, խնդիրները դրանից չեն մեղմանում։
Դեռևս սեպտեմբերին՝ Բիշքեկում, Փաշինյանը և Պուտինը պայմանավորվել էին շարունակել քննարկումները Մոսկվայում։ Այս առթիվ բազմաթիվ հրապարակումներ և պարզաբանումներ եղան, սակայն անցնող 3 ամիսը լի էին նաև Հայաստանի և Ռուսաստանի կողմից որոշակի քայլերով։ Դրանք ընդգրկեցին, օրինակ, գազի գնի բարձրացման շանտաժը կամ հանրաքվե անցկացնելու պահանջը ռուսական կողմից, ինչպես նաև ԵՄ անդամակցության պաշտոնական դիմում ուղարկելու կամ երկաթուղու կոնցեսիայի վերադարձի անխուսափելիության մասին հայտարարությունները Հայաստանից։ Ըստ էության, այս դրսևորումները հանդիպման նախապատրաստության մաս էին, թեև ավելի խորքային նախապատրաստությունը, բնականաբար, հանրային հասանելիության մաս չէր կարող կազմել։
Ինչևէ, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումները վերջին շրջանում աչքի են ընկել մեծ հետաքրքրությամբ։ Այս անգամ ևս, արդեն կարելի է նկատել, որ տեղային ու միջազգային շրջանակներում հանդիպման վերաբերյալ խոսույթը լայն ընդգրկում ունի։ Սպասումներն ու անհանգստությունները նկատելի են գաղափարական-քաղաքական բոլոր շրջանակների մոտ։ Մոսկվա մեկնելուց առաջ, օրինակ, ՀՀ սահմանադրության փոփոխության և խաղաղության գործընթացի առարկայացումից հետո այլևս քաղաքական գործունեությամբ չզբաղվելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ոչ միանշանակ ընդունվեց։ Սակայն սա ևս կարող է հաղորդագրություն լինել Մոսկվային՝ հաշվի առնելով, որ այնտեղ է կայացվելու ՀՀ խորհրդարանական ընդդիմության կողմից սահմանադրական հանրաքվեի անցկացման հարցին կողմ կամ դեմ քվեարկելու որոշումը։
Այնուամենայնիվ, ինչ զարգացումներ էլ տեղի ունենան, Փաշինյանի երեք այցն ու դրանց զուգորդող գործընթացները չեն կարող կրել հայ-ռուսական հարաբերությունների ներկա միտումներն էականորեն փոխելու ներուժ։ Երեք այցի և բարձր մակարդակով հանդիպումների ամենահավանական ելքը տուրբուլենտ հարաբերությունների շարունակությունն է։ Նման բնորոշումն, ամենայն հավանականությամբ, առաջիկա 2 տարին ևս կշարունակի մնալ Հայաստան-Ռուսաստան շփումների գլխավոր ցուցիչը։