Ռուսական ռազմական բազան և Հարավ-Կովկասյան երկաթուղիները

հեղ․ Armenian Council

Հայաստանում արդեն հստակ որոշել են՝ Հարավ-կովկասյան երկաթուղիներ (ՀԿԵ) ընկերության կողմից ՀՀ երկաթգծի կառավարումը այլևս չի շարունակվելու։ Քննարկվող խնդիրը, որը Հայաստանի իշխանությունների համար առկա է, բացառապես փոփոխության ճանապարհն է։ Այլ կերպ ասած, ՀԿԵ կոնցենսիոն կառավարման պայմանագիրը կարող է դադարել մի քանի եղանակներով։ Դրանցից ամենացանկալին և շահավետը կոնցենսիան այլ երկրի վաճառելն է։ ՀՀ ներկայացուցիչներն՝ ամենաբարձր մակարդակով, շարունակում են առաջարկել և պնդել, որ Ռուսաստանն ընտրի այս տարբերակը։ Միաժամանակ, եթե նախկինում այլ տարբերակի մասին հարցերին ի պատասխան, նշվում էր, որ Հայաստանն այլ տարբերակներ չի քննարկում, ապա այժմ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներն ավելի ու ավելի համարձակ են սկսում քննարկել այլընտրանքները։ Իսկ դրանցից ամենաակնհայտը՝ Փարիզում արբիտրաժի միջոցով խնդրի լուծումն է՝ ինչպես նախատեսվում է կոնցենսիոն պայմանագրում։

Զուգահեռաբար, հայ-ռուսական հարաբերություններում ջրի երես են ելնում այլ խնդիրներ ևս, որոնք թեև արտաքին դիտարկման դեպքում կապված չեն ՀԿԵ կոնցենսիոն կառավարման փոփոխության հետ, սակայն առավել մանրամասն և խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս որոշակի փոխազդեցության հավանականություն։ Խոսքը նախ և առաջ վերջին օրերին «անսպասելիորեն» դաշտ նետված և ակտիվորեն քննարկվող Գյումրիի ռուսական ռազմաբազային է վերաբերվում։ Թեև Հայաստանից բազիցս հայտարարվեց, որ մենք չենք քննարկում ռուսական բազայի դուրսբերման հարցը, սակայն ռուսական մեդիա դաշտում շարունակում են շոշափել այս հարցը։ Եվ ո՞րն է դրա պատճառը։

Ակնհայտորեն, հնարավոր պատճառները երկուսն են։ Առաջին դեպքում, հավանական է, որ ի պատասխան ՀԿԵ կոնցենսիան վերադարձնելու դիմաց ՌԴ կողմից անհավանական «փոխհատուցում» պահանաջելու վերաբերյալ որոշ հայտարարությունների (400 միլիոնից մինչև 1 միլիարդ ԱՄՆ դոլար) հայկական կողմն ակնարկել է ռուսական բազայի Հայաստանում գտնվելու դիմաց վճարների սահմանման և, զուգահեռաբար, Հայաստանի կողմից այլևս ռուսական բազայի ծախսերը չհոգալու մասին։ Այս տարբերակի օգտին է խոսում նաև Փաշինյանի այն

հայտարարությունը, թե ռուսական կողմը, ցանկության դեպքում, կարող է հեռացնել բազան։ Իսկ եթե կցանկանան, այնուամենայնիվ, շարունակել Հայաստանում տեղակայված լինել, կարելի է քննարկել նաև դա։

Երկրորդ դեպքում, հնարավոր է, որ Ռուսաստանն ինքն է որոշել բարձրացնել բազայի հարցը՝ կարծելով, թե հնարավոր է այդպիսով Հայաստանի նկատմամբ ճնշում իրականացնել՝ Կրեմլին ցանկալի քաղաքական որոշումներ կայացնելու համար։ Այլ խոսքերով, Ռուսաստանը դիմում է շանտաժի․ եթե չփոխեք ՀԿԵ հարցում ձեր դիրքորոշումը և հրաժարվեք Ռուսաստանի շահերին համաձայն որոշումներ կայացնելուց, ապա կհանենք բազան և ձեր անվտանգության մակարդակը կնվազի։ Այս տարբերակի օգտին է խոսում Փաշինյանի հայտարարության այն հատվածը, թե ռուսական բազայի օգտակարությունը ՀՀ անվտանգության համատեքստում մոտ է զրոյի։

Ցանկացած պարագայում, ռուսական ռազմաբազայի հարցի ծագումն ու ակտիվացումը չի կարելի դիտարկել ՀԿԵ կոնցենսիայի խնդրից դուրս։ Երկու հարցն էլ հայ-ռուսական հարաբերությունների վերաիմաստավորման մաս են, ավելին՝ դրանք շաղկապված են Հայաստանի և Ռուսաստանի շահերի բախման համատեքստում։ Մնում է հուսալ, որ Հայաստանի իշխանությունները կմնան իրենց դիրքերում և կշարունակեն պաշտպանել ՀՀ շահերը՝ անկախ բազայի կամ այլ հարցերում Ռուսաստանի անուղղակի կամ ուղղակի սպառնալիքներից

Ընթերցեք նաև