Վերջին օրերին հանրային մեծ հնչեղություն ստացավ հայկական արմատներով ռուսական գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի կողմից Հայաստանի անձնագիրը վերադարձնելն ու նրան ՀՀ քաղաքացիությունից զրկելը։ Մի կողմից, Ռուսաստանում ապրող, ռուսական ինքնություն ունեցող և ռուսական պրոպագանդայի խոր ազդեցությունը կրող իննսունամյա ծերունու քայլը կարելի է գնահատել որպես պահի ազդեցության տակ արված, չմտածված քայլ։ Սակայն հարցի էությունն այլ հարթությունում է։
Մինչև 2018թ․ հեղափոխությունը հայկական արմատներ ունեցող ռուսների համար ՀՀ անձնագիր ունենալը համարվում էր որոշակի «հայրենասիրության դրսևորում»։ Որոշակի դիրք և հնարավորություններ ունեցող անհատները մեկնում էին Հայաստան, ձեռք բերում անձնագիր, որը հետագայում կարելի էր ավելացնել «հուշանվերների» սեփական բազայում։ Ավելին, առավել մեծ կապեր ու ծանոթություններ ունեցողները նույնիսկ կարողանում էին ՀՀ դիվանագիտական անձնագիր «ձեռք գցել», ինչով համատեղում էր հաճելին օգտակարի հետ։ Հնարավոր էր դառնում շրջագայել մի շարք երկրներում՝ առանց վիզաների ստացման և այլ գործընթացների։
2018թ․ հետո նման գործելաոճը որոշակիորեն մեղմացավ, բայց չվերացավ։ Եթե դիվանագիտական անձնագրերն այլևս չեն շռայլվում, ապա Հայաստանի քաղաքացիություն և Հայաստանի անձնագիր ստանալը մնում են մատչելիության սահմաններում։ Հատկապես 2022թ․ փետրվարից սկսած, երբ Ռուսաստանն ագրեսիա իրականացրեց Ուկրաինայի դեմ, և էականորեն սահմանափակվեցին ՌԴ անձնագիր կրողների հնարավորությունները, ՀՀ անձնագիր ունենալը դարձավ բավականին գրավիչ։ Սա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև գործընկեր պետությունների և կազմակերպությունների համար։ Պատահական չէ, որ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանը պարտավորվել է բարեփոխումներ իրականացնել նաև այս հարցում։
Այս համատեքստում, ՀՀ քաղաքացիություն ունենալն ու հայկական անձնագրի կրող համարվելը ձեռք են բերում նոր նշանակություն։ Այդ նշանակությունը դուրս է գալիս «հուշանվերային» տրամաբանությունից։ Առավել ևս, այն այլևս չի համապատասխանում «կայսերական ֆորպոստի ներքին փաստաթղթի» կարգավիճակին։
Եվ ահա, հենց այն պահին, երբ ՀՀ անձնագիրը սկսում է արտահայտել համապատասխան ինքնություն, պետական միավորի պատկանելություն՝ իր առավելություններով և հնարավորություններով, դրա կարևորությունը կայսերապաշտ զանգվածի համար հավասարվում է ոչնչի։ Իսկ հաշվի առնելով ՀՀ-ՌԴ հարաբերությունների ներկա վիճակն ու ներռուսաստանյան զարգացումները՝ ՀՀ անձնագրի կրող լինելը Ռուսաստանի ներսում կարող է սպառնալիքների և անվստահության առիթ դառնալ։ Հետևաբար, կայսերական տրամաբանությունից
դուրս ՀՀ անձնագիր ունենալը ոչ միայն անիմաստ է, այլև արդեն անվտանգ չէ։ Իսկ ինչպես սովորեցնում է մայր բնությունը, վերահաս վտանգի «հոտն» առաջինն առնում են փորձառու աղվեսները: