Լավրովի «հույզերն» ու հայկական դիվանագիտությունը

հեղ․ Armenian Council

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե իր մոտ «հույզեր են առաջանում», երբ լսում է Հայաստանի կողմից երկաթուղին վերադարձնելու կամ 2 մլրդ ԱՄՆ դոլար վճարելու մասին հայտարարություններ։ Ըստ նրա՝ ճիշտ կլիներ, որ հայ պաշտոնյաները անձնական հանդիպումների ժամանակ քննարկեին այդ հարցերը, ոչ թե հանրային դաշտ բերեին դրանք։

Սա առաջին դեպքը չէ, երբ ռուս պաշտոնյաներն իրենց հայ գործընկերներին մեղադրում են քննարկումները փակ ձևաչափում չանցկացնելու մեջ։ 2018 թվականից ի վեր Մոսկվան պարբերաբար փորձում է թույլ չտալ Հայաստանի հետ խնդրահարույց հարցերի հրապարակայնացում։ Մինչև 2021-22թթ․ Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին, հիմնականում խուսափում էին կնճռոտ հարցերը հանրային դաշտում քննարկելուց։ Սակայն 2022թ. Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան և, դրան ի պատասխան, Մոսկվայի ու ՀԱՊԿ կողմից իրենց պարտականությունների կատարումից հրաժարումը էականորեն փոխեցին իրավիճակը։ Նույն թվականի նոյեմբերին՝ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, Հայաստանի վարչապետը հրապարակայնորեն հրաժարվեց ստորագրել ամփոփիչ փաստաթուղթը, ինչից հետո հայ պաշտոնյաներն սկսեցին հանրային տիրույթում ավելի հաճախ արտահայտել Ռուսաստանի հետ կապված իրենց մտահոգությունները։ Որոշ վերապահումներով՝ հայկական դիվանագիտությունը հաղթահարեց «փակ դռների ետևում» Ռուսաստանի հետ պայմանավորվելու բազմադարյա բարդույթը։ Դրա վկայությունն է նաև 2026թ․ ապրիլի մեկին Մոսկվայում Փաշինյան-Պուտին զրույցը, որտեղ իրեն անհանգստացնող հարցերի մասին ՌԴ նախագահը հրապարակային հարցադրումներ արեց։ Դրանից հետո այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է ԱԳ հուզառատ նախարարը «հիշեցնում», թե կարելի էր նման հարցերը քննարկել փակ ձևաչափում։ Այնուամենայնիվ, «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցի շուրջ ՀՀ դիրքորոշումների հստակությունը և դրանք հանրային դաշտում ներկայացնելու անբռնազբոս բնույթը Մոսկվայի կողմից ընկալվում է որպես «մի նոր հանդգնություն»։

Հայաստանի համար երկաթուղու խնդրի արագ կարգավորումը կենսական նշանակության հարց է։ Եթե ամիսներ առաջ հայ պաշտոնյաները միայն ակնարկում էին կոնցեսիայի վերադարձի մասին, ապա այսօր դա դարձել է հստակ պահանջ։ Ռուսաստանը չի կարող հրաժարվել Հայաստանի սեփականությունը վերադարձնելուց, հակառակ դեպքում, ինչպես նախատեսված է կոնցեսիոն պայմանագրով, Հայաստանը կարող է դիմել արբիտրաժի անցկացման, որի վայրն ընտրված է Փարիզը։ Ըստ պայմանագրի, արբիտրաժի իրականացումը պետք է տեղի ունենա 3 արբիտրների կողմից, որոնցից երկուսին նշանակում են կողմերը, իսկ երրորդին, որը նախագահում է արբիտրաժը, ընտրում են կամ երկու արբիտրները՝ համատեղ, կամ Փարիզի միջազգային առևտրի պալատը։

Հաշվի առնելով, թե ինչպես է «Հարավկովկասյան երկաթուղին» «կատարել» իր պայմանագրային պարտավորությունները, դժվար չէ կռահել, թե արբիտրաժի արդյունքներն ինչպիսին կլինեն։ Այնպես որ կոնցեսիան վաճառելու՝ Հայաստանի առաջարկն իրականում ցույց է տալիս ՀՀ բարեհաճ վերաբերմունքը Մոսկվային, իրավիճակից պատվաբեր ճանապարհով դուրս գալու առումով։ Բայց եթե Հայաստանի բարեհաճությունը որպես թուլություն ընկալվի, մեծ է հավանականությունը, որ հուզախռով Լավրովն իր զգացմունքների մասին խոսելու ավելի լուրջ առիթներ ունենա։

Ընթերցեք նաև