«Զբոսաշրջային փախուստ» Ղրիմից

հեղ․ Armenian Council

2014թ․՝ Ղրիմի թերակղզին անեքսիայի ենթարկելուց հետո, Ռուսաստանում տարիներ շարունակ այս երկրամասը համարվում էր ՌԴ «զբոսաշրջային» լավագույն գոտին։ Հատկապես ամռան ամիսներին ՍՍՀՄ ժամանակների նոստալգիայով տառապող, 20-րդ դարի 1960-70-ականների սերնդի շատ ունևոր ներկայացուցիչներ հաճույքով իրենց հանգիստն էին անցկացնում Ղրիմի լողափերում՝ «Крым — наш» («Ղրիմը մերն է») լոզունգի ներքո։ Հետաքրքիր է, որ ասվածը իրականություն է ոչ միայն ռուսաստանցիների, այլև նախկին խորհրդային երկրներում՝ «կայսերական հիվանդությամբ» տառապող ավելի լայն զանգվածների ներկայացուցիչների դեպքում։ Հայաստանի դեպքում, հավանաբար, շատերը կհիշեն ԱԱԾ նախկին տնօրեն, ինքն իրեն «չեկիստ» անպատվաբեր բնորոշումով ներկայացնող Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե՝ Ղրիմը մերն է, որից հետո նույնիսկ ռուս հաղորդավարը կարկամեց՝ կարծելով, թե Վանեցյանը ցանկանում է Ղրիմը միացնել Հայաստանին։ Որպես լրացում նշենք, որ ավելի հավանական է այն, որ Վանեցյանն, ըստ էության, Հայաստանն էր ցանկանում միացնել Ղրիմին և Ռուսաստանին։

Եվ ահա, 2026թ․ ամռանը «կայսերապաշտների անհոգ և ուրախ հանգիստը» Ղրիմում խաթարվեց առաջին հայացքից աննշան պատճառով։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխան տարածքների վրա հարձակման 5-րդ տարում ուկրաինական բանակը կարողացավ կետային հարվածներով մեծ խնդիրներ ստեղծել Ռուսաստանում նավթավերամշակման ոլորտի համար, ինչին զուգահեռ, հերթով փակվեցին Ղրիմի մատակարարման ուղիները։ Դրան գումարվեցին նաև հարևան ուկրաինական երկրամասերում՝ ռուսական զորքերի կողմից ժամանակավորապես օկուպացված Խերսոնում և Զապորոժիեում, ուկրաինացիների հաջողությունները։ Թերակղզին հայտնվեց էներգետիկ և պարենային ճգնաժամում, իսկ հունիսի 21-ին ընդհանրապես դադարեցվեց վառելիքի վաճառքը։ Ղրիմում իրենց «վաստակած հանգիստն» անցկացնողները հանկարծ սկսեցին նկատել, որ իրենց շուրջ ինչ-որ բան այն չէ։ Սկզբնական շրջանում տեղեկություններ էին գալիս առանձին մարդկանց զարմանքի և անհանգստության մասին։ Սոցիալական ցանցերում բողոքում էին, թե «իրենց հանգիստը խանգարում են», «երեխաների հետ չեն կարողանում վայելել ազատ

օրերը», մի փոքր ավելի ուշ՝ «չեն գտնում տեղաշարժվելու հնարավորություններ», «չգիտեն, թե ինչպես պիտի արձակուրդի ավարտին վերադառնան տուն», և այլն։

Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց հունիսի երկրորդ կեսին։ Բողոքներն ու դժգոհությունները վերածվեցին զանգվածային փախուստի։ Մարդիկ սկսեցին հեռանալ հնարավոր բոլոր եղանակներով։ Ռուս-ուկրաինական պատերազմը 4.5 տարի անց «հասավ» նաև Ղրիմ՝ ստիպելով «իրենց հանգիստը վայելող զբոսաշրջիկներին» և, Կրեմլի հովանավորությամբ, թերակղզին տնտեսական գորշ գոտու վերածած առևտրականներին՝ հապշտապ փախուստի դիմել։

Մյուս կողմից, «կայսերապաշտ զբոսաշրջիկները» բողոքելու կարիք չունեն։ Ղրիմն այս տարի նրանց առաջարկեց ոչ միայն պասիվ ծովափնյա հանգիստ, այլև էքստրեմալ զվարճանք՝ «զբոսաշրջային փախուստ» թերակղզուց։ Ու քանի դեռ Կրեմլի տիրակալները, «աշխարհաքաղաքական բևեռ դառնալու»՝ իրենց պաթոլոգիկ և սևեռուն հոգեբանական շեղմանը հավատարիմ, շարունակում են անխնա մսխել Ռուսաստանի ռեսուրսները ոչինչ չտվող իրական ու հիբրիդային պատերազմներում, հետխորհրդային նոստալգիկ հիշողություններ կրողները կարող են ավելի «էքստրեմալ հաճույքներ վայելելու» հույսեր փայփայել։

Ընթերցեք նաև