Սոցիալական ցանցերի օգտագործումը Հայաստանի դեմ հիբրիդային գործընթացներում 

հեղ․ Armenian Council

Մեր ժամանակների հաղորդակցական համակարգերի հնարավորությունները բերել են ոչ միայն կրթական, սոցիալականացման, հանրային հաղորդակցման համակարգերի զարգացման, այլև՝ անվտանգային նոր մարտահրավերներ: Պետության, հասարակության և անհատի  անվտանգության հիմնարար բաղադրատարրերից մեկն է դարձել  տեղեկատվական անվտանգությունը: Ավելին, մեր օրերի հակամարտություններում տեղեկատվա-հաղորդակցական դաշտը դարձել է հիբրիդային գործողությունների անբաժան բաղադրիչ՝ հանրային կարծիքի մանիպուլյացիայի միջոցով: Նման դրսևորումների ակնհայտ օրինակ են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի դեմ մեդիա-արշավներըi: Ազգային անվտանգության տեսանկյունից, հատկապես տեղեկատվական անվտանգության և տեղեկատվական դաշտի վերահսկողությունը կարևորագույն բաղադրիչ է:  

Հատկանշական է, որ հիբրիդային տեխնոլոգիաների դարաշրջանում տեղեկատվա-հաղորդակցական դաշտն օգտագործվում է ոչ միայն այն պետությունների դեմ, որոնք ակնհայտ հակասությունների դաշտում են, այլև, որոշ դեպքերում, դաշնակից կամ գործընկեր պետությունների դեմ: Սա հնարավորություն է տալիս հիբրիդային արշավ նախաձեռնող պետությանն՝ արգելափակել սեփական ազդեցության նվազման կամ սեփական շահերից դուրս որոշումների կայացման գործընթացները: Նման գործողությունները հատկապես մեծ տարածում են գտնում զգայուն ժամանակաշրջաններում՝ կենսական նշանակություն ունեցող որոշումների կայացման, ընտրական գործընթացների կամ քաղաքական վերափոխումների ընթացքում: 

Հիբրիդային գործողությունների իրականացման տեղեկատվական գործիքների շարքում առանձնանում են սոցիալական ցանցերըii: Վերջիններս հնարավորություն են տալիս կարճ ժամանակում բազմապատկել տեղեկատվության հասանելիությունը, ինչը գայթակղիչ և արդյունավետ է դարձնում չարամիտների կողմից կեղծ, մանիպուլյատիվ, խոտան և աններդաշնակ տեղեկության դաշտ նետելը: Դրանց հետագա սփռումը տեղի է ունենում ինքնաշխատ, հատկապես, երբ օգտագործվում են էմոցիոնալ կամ հասարակության զգացմունքների վրա ազդեցություն ունեցող էպիտետներ, իրական կամ հորինված իրադարձություններ, մեծ հնչեղություն ունեցող դեպքեր, հանրահայտ մարդկանց խոսքեր կամ գործողություններ և այլն: Այս տրամաբանությունն ընկած է սոցիալական ցանցերի «ռազմականացման» երևույթի հիմքումiii

  Սոցիալական ցանցերի հնարավորությունները Հայաստանում, ինչպես մնացյալ աշխարհում, էականորեն ընդլայնվել ենiv: Ընդ որում, եթե նախկինում դրանք Հայաստանի դեմ հիմնականում օգտագործվում էին ադրբեջանական և թուրքական հիբրիդային հարձակումների նպատակովv, ապա ներկայումս Ռուսաստանն է դարձել սոցիալական ցանցերում Հայաստանի դեմ հարձակումների գլխավոր կենտրոնը: 

Հայաստանը, որպես հիբրիդային հարձակումների թիրախ, առանձնակի նշանակություն է ստացել 2022թ.-ից սկսած, երբ ՀՀ իշխանությունները ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա նշանակում էր երկարամյա կոնֆլիկտի հանգուցալուծման սկիզբ, ինչը չէր համընկնում այդ կոնֆլիկտի միջոցով երկու երկրների նկատմամբ կառավարման լծակներ պահպանող Ռուսաստանի հաշվարկներին: Անմիջապես այդ ժամանակից սկսած՝ սոցիալական ցանցերում նկատվեցին Հայաստանի դեմ գործընթացներ, որոնք էականորեն ավելի մեծ ծավալներ և ընդգրկում ստացան 2025-2026թթ.: Վերջին իրողությունը կապված է 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, որոնցում Ռուսաստանն ունի իր ֆավորիտ քաղաքական ուժը: 

Facebook և Instagram ցանցերն ակտիվորեն օգտագործվում են ոչ միայն որպես կետային ազդեցության գործիքներ, այլև՝ մեդիա սփռման հարթակներ: Լրատվական դաշտում քիչ թե շատ ճանաչում ունեցող բոլոր գործակալություններն ունեն իրենց ֆեյսբուքյան էջերը, որոնցից շատերը ցանցային տրամաբանությամբ են գործում: Այսպես. լրատվական հարթակները ստեղծում են փոխադարձ տեղեկացման հարթակներ, որոնց միջոցով լայնորեն տարածում են կոնկրետ կենտրոններից ստացված տեղեկությունները՝ ոչ էական փոփոխություններ մտցնելով, երբեմն չնշելով, թե կոնկրետ որ հարթակից են իրենք տեղեկությունն ստացել և, այդպիսով, դժվարացնելով սկզբնաղբյուրի որոնումը: Ավելին, կեղծ տեղեկությունը երբեմն «հետ է շրջանառվում»․ մեկ լրատվականը հղում է կատարում այն լրատվականին, որն այդ տեղեկությունը ստացել է հենց իրենից, ինչն էլ ավելի մեծ խնդիրներ է ստեղծում սկզբնաղբյուր գտնելու հարցում: Սա հնարավորություն է տալիս ոչ միայն մեծ սփռում ապահովել, այլև ապակողմնորոշել հանրությանը՝ սկզբնաղբյուր որոնելու միջոցով տեղեկության իսկությունը հավաստելու խնդիրներ ստեղծելու միջոցով: Որպես օրինակ կարելի է նշել 2025թ. դեկտեմբերին Թուրքիայի կողմից ՀՀ սահմանը բացելու տեղեկությունը, որը, թեև, որպես սկզբնաղբյուր, տարածել էր ռուսական Lenta.ru լրատվականը, սակայն մի շարք հայկական լրատվականներ հղում էին արել թուրքական կամ ադրբեջանական լրատվականներին, որոնցից որոշներն էլ հետադարձ հղում էին արել հայկական լրատվականներին:  

Ֆեյսբուքյան հարթակն առանձնանում է նաև նրանով, որ օգտատերերին հասանելիություն է ապահովում այլ սոցիալական ցանցերում առկա տեղեկատվության նկատմամբ: Youtube և Telegram ալիքների գովազդը Ֆեյսբուքում սովորական բան է դարձել: Իսկ արտաքին հղումների միջոցով այլ հարթակներ տեղափոխումը հնարավորություն է տալիս բազմապատիկ ավելացնել դիտումները: Օգտվելով այս գործառույթից, ռուսական ապատեղակատվական «ֆաբրիկաները» ձևավորում են կեղծ տեղեկատվություն կամ ձևախեղում և մանիպուլացնում են իրական իրադարձությունը, որը, հետագայում այլ հարթակներում հրապարակվելով, տեղակայվում է ֆեյսբուքյան հարթակում, և միացվում է գովազդ: 

Մեկ այլ կարևոր հիբրիդային գործիք է դարձել Telegram հարթակը: Այն հզոր ազդեցության միջոց է ապատեղեկատվության տարածման, մանիպուլյացիաների, հասարակական տրամադրությունների ձևավորման և պետական ինստիտուտների նկատմամբ անվստահության սերմանման համար: Հակահայկական բովանդակության և ապատեղեկատվության տարածումը այս դաշտում ևս վկայում է հիբրիդային պատերազմի բաղադրիչ հանդիսացող ռազմավարության կիրառման մասին: Telegram հարթակում բացված բազմաթիվ լրատվականների և հանրային որոշակի ճանաչում ունեցող անձանց ալիքները հնարավորություն են տալիս կարճ ժամանակում շատ մեծ լսարանի իրազեկում իրականացնել, ինչը լայնորեն օգտագործվում է ապատեղեկատվությունը տեղ հասցնելու համար: 

Ապատեղեկատվության տարածման կարևոր հարթակ է նաև TikTok հարթակը: Այն հիմնականում կարճ՝ վայրկյաններ կամ մի քանի րոպե տևողությամբ տեսանյութերի տարածման հնարավորություն է տալիս: Սա մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ կարճ տեսանյութերը «լայն սպառման ապրանք են» սոցիալական տիրույթումvi: Թեև այս հարթակում հայտնի հայ օգտատերերը հիմնականում խուսափում են ներգրավվել ապատեղեկատվական ցանցերում, սակայն կարճ տեսանյութերի միջոցով մանիպուլյատիվ կոնտենտի տարածման նպատակով բազմաթիվ նոր օգտահաշիվներ են ստեղծվում, որոնք, հետագայում, Telegram հարթակի նյութերի նմանությամբ, գովազդի տակ են դրվում այլ սոցիալական ցանցերում (կրկին՝ հիմնականում Facebook): 

Սոցիալական ցանցերի ազատությունը Հայաստանում, ժողովրդավարական գործիք և ազատ տեղեկատվության տարածման հնարավորություն լինելով հանդերձ, մարտահրավեր է՝ հիբրիդային գործընթացների ներքո կիրառման տեսքով: Թեև նույն ցանցերում և նույն գործիքներն օգտագործելով՝ իրավապահ ծառայությունները, պետական այլ մարմինները, քաղաքացիական հասարակության շահագրգիռ հատվածի ներկայացուցիչները և այլ տեղեկացված անձինք փորձում են ձևավորել հակադրման և ապատեղեկատվության դեմ պայքարի հարթակներvii, սակայն համակարգված և պրոֆեսիոնալ ապատեղեկատվական բազմաթիվ «ֆաբրիկաների» գործունեությունը առավել մեծ արդյունավետություն ունի, ինչի վկայությունն է կեղծ և մանիպուլյատիվ տեղեկությունների մեծ հնչեղությունը, նույնիսկ՝ դրանց օբյեկտիվ հերքումների դեպքում: Ռուսական նման հարթակների հարվածները, որոնք զուգորդվում են Հայաստանում գործող ցանցային կառույցների գործունեության հետ, հաճախ ձևավորում են դժվար կառավարելի կամ անկայուն, անգամ՝ քաոտիկ տեղեկատվական իրավիճակներ, որոնք պարարտ հող են հանդիսանում հակապետական տրամադրությունների սերմանման համար: 

Այնուամենայնիվ, ըստ էության, սոցիալական ցանցերում հիբրիդային տեխնոլոգիաների դեմ պայքարի միակ հնարավորությունը մնում է ճշգրիտ տեղեկատվության հասանելիության հնարավորությունների անընդհատ աճը, որն անհրաժեշտաբար պետք է համադրվի բնակչության ընդհանուր թվային գրագիտության մակարդակի ավելացման հետ: Ակնհայտ է, որ պետական կառույցների աշխատանքն այս ուղղությամբ սահմանափակ է: Քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությունը առանցքային նշանակություն կարող է ունենալ: Մյուս կողմից, նկատի ունենալով այդ կառույցների սահմանափակ ռեսուրսները և արտաքին ֆինանսավորման աղբյուրներից կախվածությունը, պետության ուշադրության առարկա պետք է լինի նշված գործունեության պետականակենտրոնությունը վերահսկելը և հակաօրինական դրսևորումները, հակապետական քարոզի կամ ապատեղեկատվական արշավներում ընդգրկվելու դեպքերը կանխելը: Կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև ՔՀԿ կառույցների և պետության միջև համագործակցության աշխատանքների իրականացումը: Այս նպատակով, անհրաժեշտություն կա վերանայել նաև հանրային ռեսուրսների բաշխման տրամաբանությունը՝ դրանում ընդգրկելով նաև ՔՀԿ որոշակի մասնակցությունը: Սա կարող է լինել, օրինակ, ՔՀԿ ֆինանսավորման որոշում կայացնող տնտեսվարողներին որոշակի հարկային արտոնությունների տրամադրման միջոցով: 

Սոցիալական ցանցերի դերը Հայաստանի համար ներկայումս դժվար է գերագնահատել: Միևնույն ժամանակ, դրանք չարամիտների համար ևս գործունեության նոր հնարավորություններ են ստեղծել, որոնց դիմագրավելու պետության և հասարակության պարտավորությունը բխում է մարդու հիմնարար իրավունքների և Հայաստանի գոյութենական հիմնախնդիրների տրամաբանությունից: 

Ընթերցեք նաև