Հայաստանում տասնամյակներ շարունակ հասարակական-քաղաքական քննարկումներում հանդիպում էր այն խոսույթը, որ ժողովրդավարությունը թուլություն է, և կան երկրներ, որոնց անհրաժեշտ չէ ժողովրդավարություն՝ պայմանավորված քաղաքական համակարգերի առանձնահատկությամբ, ռազմավարական խնդիրներով և մշակութային յուրահատկությամբ: Ենթադրվում էր, որ առկա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում քաղաքական մրցակցությունը, այլակարծությունը և որոշումների դանդաղ կայացումը խաթարում են երկրում միասնությունն ու արդյունավետությունը, հատկապես՝ ճգնաժամային իրավիճակում: Եվ հակառակը՝ ուժեղ կենտրոնացված իշխանությունն ավելի հարմար է կայունության, անվտանգության և արագ գործողությունների համար: Արդյո՞ք ճիշտ է նման մոտեցումը:
Ժողովրդավարությունը՝ որպես խոցելիություն դիտարկելու հիմքերը: Ժողովրդավարությունը որպես խոցելիություն դիտարկելու խոսույթը արտացոլում է Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի անվտանգային մարտահրավերների և քաղաքական տրամադրությունների համադրությունը: Լեռնային Ղարաբաղի պատերազմի, տնտեսական լուրջ խնդիրների, մեկուսացման, քաղաքական համակարգի կայացման հրամայականի պայմաններում բնական էր այն կարծիքը, որ ուժեղ կենտրոնացված իշխանությունը անհրաժեշտ է երկիրը կայուն պահելու համար, իսկ դանդաղ որոշումներն ու ներքին տարաձայնությունները կարող են ճակատագրական լինել նորանկախ հանրապետության համար: Այս թեզն ամրապնդվեց Ադրբեջանի հետ տևական հակամարտության և Թուրքիայի հետ լարված հարաբերությունների պատճառով: Նաև ներքին անկայունությունը, առավել ևս՝ իշխանափոխությունը, որը հանգեցնելու էր բանակցային թիմի փոփոխության, կարող էին բացասաբար ազդել բանակցային գործընթացի վրա: Հատկանշական է, որ անկայունությունը սկսեց ասոցացվել ժողովրդավարության հետ, ինչն էլ, որոշակի առումով, խորհրդային մտածողության ժառանգություն էր: Հասարակությունը սովոր էր կենտրոնացված իշխանության և այլախոհության սահմանափակման, ինչը կայունության պատրանք էր ստեղծում: Ուժեղ առաջնորդի կերպարը հասարակության գիտակցության մեջ կարող էր հավասարվել ուժեղ պետության հետ:
Նման մոտեցման մեկ այլ պատճառ էր քաղաքական էլիտաների շահերը, որոնց համաձայն՝ ժաղովրդավարությունն ու բազմակարծությունը ուղղակի մարտահրավեր էին իշխանությանը, որի պահպանման համար ձեռնտու էր թույլ ընդդիմությունը և լրատվամիջոցների սահմանափակ ազատությունը: Այս իրավիճակում առաջ էին մղվում այն թեզերը, որ Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն են կայունությունը և անվտանգությունը, նոր միայն՝ տնտեսական զարգացումը, իսկ ժողովրդավարական բարեփոխումները, լավ կառավարումը և իրավունքի գերակայությունը կարող են դիտարկվել երկրորդական:
Ժողովրդավարություն vs անվտանգություն: «Ժովրդավարությո՞ւն, թե՞ անվտանգություն» երկընտրանքին լուրջ մարտահրավեր նետվեց 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, երբ հանրությունը հրաժարվեց ընդունել այն թեզը, որ թվացյալ անվտանգությունը կարող է արդարացում հանդիսանալ ոչ ժողովրդավարական կառավարման համար: Հանրային ընկալումներում կարևորվեց այն միտքը, որ լեգիտիմ իշխանության ձևավորումը՝ ժողովրդավարական չափանիշներին, սահմանադրության և գործող օրենսդրության համապատասխան, ավելի մեծ կայունություն է ապահովում, հատկապես՝ ճգնաժամի ժամանակ: Բացի դրանից, թույլ ինստիտուտները, հաշվետվողականության բացակայությունը և այլ բացասական երևույթներ իրականում խաթարում են անվտանգությունը ներսից: Սա ուղղակիորեն հակասում էր այն գաղափարին, որ ժողովրդավարացումը կթուլացնի պետությունը կամ քաոս կստեղծի:
Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի մոդել, ըստ որի՝ ժողովրդավարության զարգացումը, ինստիտուտների կայացումը անվտանգության և կայունության գրավական պետք է լինեն, ինչպես, օրինակ, Միացյալ Նահանգներում, եվրոպական, ասիական որոշ պետություններում, որտեղ ինստիտուտների կայունությունը, քաղաքական համակարգի կենսունակությունը, արտաքին քաղաքականությունը և ռազմավարությունը կախված չեն բացառապես անձի կամ քաղաքական թիմի կամքից: Այս առումով, երկրի թափանցիկ կառավարումը և ղեկավարության հաշվետվողականությունը կարող են հանգեցնել ինստիտուտների ամրապնդման և արդյունավետ որոշումների կայացման, իսկ հանրային վստահությունը՝ հասարակության ավելի բարձր մոբիլիզացիայի:
Այս ամենը ավելի վճռորոշ նշանակություն ունի անվտանգության նկատմամբ զգայուն երկրում: Սակայն հենց այս առումով, նման մոտեցումը փորձության ենթարկվեց 2020, ապա նաև՝ 2021, 2022 և 2023 թվականներին, 44-օրյա պատերազմի, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումների և, ի վերջո, Արցախի էթնիկ զտման ժամանակ, երբ Հայաստանի համար այս մարտահրավերները ներկայացվեցին որպես ժողովրդավարության կամ ժողովրդավարացման ճանապարհի ձախողում և թերություն: Իրականում, այդ իրադարձություններն ազդեցին ժողովրդավարական զարգացման տեմպերի վրա: Օրինակ, Economist Intelligence Unit-ի «Ժողովրդավարության ինդեքսը» Հայաստանը մշտապես դասակարգել է «հիբրիդային ռեժիմների» շարքում. եթե 2017 թվականին Հայաստանը 4.11 միավորով 111-րդ հորիզոնականում էր, ապա 2023-ին 5.42 միավորով 84-րդն է: Նույնն պատկերն է նաև Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» ինդեքսում, որտեղ Հայաստանի առաջընթացի տեմպերը դանդաղ են:
Հարկ է ընդգծել, որ, չնայած Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության մակարդակի բարձրացմանը, որոնց մասին վկայում են վերջին տարիների միջազգային զեկույցներն ու ինդեքսները, դեռևս վաղ է խոսել լիարժեք կայացած ժողովրդավարական համակարգի մասին: Օրինակ, ցածր է վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ, ԶԼՄ-ները խիստ բևեռացված են՝ աֆիլացված քաղաքական և բիզնես շահերի հետ, որոշ ոլորտներում բարեփոխումները դանդաղ են և այլն: Կարող ենք ասել, որ Հայաստանում ժողովրդավարությունը դեռևս խոցելի է և ոչ անշրջելի, այդ թվում՝ հաշվի առնելով հիբրիդային սպառնալիքների ակտիվացումը նախընտրական շրջանում, ինչպես նաև՝ հնարավոր հետընտրական զարգացումները:
Ի՞նչ անել: Հարկ է նշել, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և բարեփոխումներին նոր տեմպ հաղորդելու համար անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն տարածաշրջանում, լիարժեք ապաշրջափակում և հաղորդուղիների ու տնտեսական կապերի անխափան աշխատանք: Այս առումով կարևոր են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները և դրա տրամաբանությամբ խաղաղության գործընթացի շարունակությունը: Գործընթացն ամենևին անհարթ չէ, զերծ չէ խնդիրներից, դանդաղ է, իսկ դրա ընկալումները՝ ոչ միանշանակ, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Ադրբեջանում:
Բացի դրանից, խաղաղությունը և կայունությունը պետության ամրապնդման և ժողովրդավարական զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Ժողովրդավարության ամրապնդման համար Հայաստանն ունի ակտիվ միջազգային աջակցության կարիք: Այս առումով, ՀՀ գլխավոր գործընկերը, թերևս, Եվրամիությունն է: Նախորդ տարի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը պատահական չէր. այն արտացոլում է Հայաստանի հանձնառությունը՝ ինտեգրվելու Եվրամությանը, ինչն էլ ենթադրում է ոլորտային բազմաթիվ բարեփոխումների իրականացման պահանջ:
Շատ կարևոր է նաև Եվրամիության աջակցությունը Հայաստանի անվտանգությանը. խոսքը ոչ այնքան կոշտ անվտանգության մասին է (չնայած շատ կարևոր են այս ուղղությամբ աշխատանքները), որքան անվտանգության ոչ ավանդական ձևերի, ինչպիսիք են տնտեսական, էներգետիկ անվտանգությունը, կիբերավտանգությունը, ընդհանուր դիմակայունությունը, պատրաստակամությունը՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին, նաև՝ կրթական, սոցիալական, առողջապահական ուղղությունները: Ուստի այս համագործակցության վրա հիմնված բարեփոխումները պետք է ծառայեն անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այսպիսով, ինչպես ժողովրդավարության բարգավաճման համար է պետք անվտանգություն և զարգացում, այնպես էլ անվտանգության և զարգացման համար պետք է ժողովրդավարություն: Չնայած դրան՝ պետք է ընդգծել, որ ժողովրդավարության և անվտանգության միջև կապը միանշանակ չէ. ազատությունը կարող է խթանել նորարարությունը, տնտեսական աճը և երկարաժամկետ կայունությունը, սակայն ինքնին չի երաշխավորում արդյունավետ կառավարում։
Մեկ այլ նրբություն է այն, որ երբեմն, ինչ-որ առումով, ժողովրդավարությունը շատ երկրների համար դառնում է աշխարհաքաղաքական ընտրություն: Թեև ժողովրդավարացումը դիտարկվում է որպես ներքին գործընթաց, պետք չէ անտեսել այն աշխարհաքաղաքական միջավայրը, որում գտնվում է պետությունը: Այսօր Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանում ժողովրդավարական կղզյակ, իսկ դա պահպանելը հատկապես բարդ է նման հարևանության պայմաններում, հատկապես, եթե հաշվի առնենք տարածաշրջանի խոշոր դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի քաղաքական համակարգերի առանձնահատկությունները: Բացի դրանից, Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը տեղի է ունենում սուր աշխարհաքաղաքական մրցակցության և, անգամ, մեր հարևանությամբ ռազմական գործողությունների պայմաններում, ինչը ևս իր ազդեցությունն է ունենում ներքին իրավիճակի վրա:
Ամփոփում: Ժողովրդավարության և անվտանգության երկընտրանքը Հայաստանում ձևավորվել է պատմական, անվտանգային և քաղաքական գործոնների ազդեցությամբ, սակայն վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը չի կարող դիտարկվել որպես ինքնին խոցելիություն։ Միևնույն ժամանակ, այն ինքնաբերաբար չի նշանակում նաև անվտանգություն․ դրա համար անհրաժեշտ են կայացած ինստիտուտներ, ռազմավարական մտածողություն և հետևողական բարեփոխումներ։ Հայաստանի համար առանցքային է պետական կարողությունների զարգացումը, որպեսզի ժողովրդավարությունը վերածվի ոչ թե խոցելիության, այլ կայուն զարգացման և անվտանգության իրական հիմքի։
Վարդուհի Հարությունյան
[2]https://europeancorrespondent.com/en/r/how-armenia-is-becoming-the-regions-only-democracy-sort-of
[3] https://europeandemocracyhub.epd.eu/armenias-fragile-democratisation-a-new-role-for-the-eu/
[4] https://rcds.am/en/armenias-aspirations-for-freedom-democracy-and-security.html
[5] https://worldpopulationreview.com/country-rankings/democracy-index-by-country
[6] https://www.eiu.com/n/campaigns/democracy-index-2025/
[7] https://freedomhouse.org/report/freedom-world