«Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվի աշխարհաքաղաքական և ռազմավարական վտանգները  

հեղ․ Armenian Council

Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը, չնայած որոշակի դրական զարգացումներին, դեռևս ուղեկցվում է բարդ և հակասական նարատիվներով։ Արդի քաղաքագիտական գործընթացներում պետությունների կողմից պատմական նարատիվների վերափոխումը հաճախ ծառայում է որպես արտաքին քաղաքականության գործիք։ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Բաքուն բռնեց այդ ճանապարհը՝ առաջ բերելով հեռահար նպատակներ հետապնդող հայեցակարգ, որը կոչեց «Արևմտյան Ադրբեջան»։ Այս նարատիվը պետականորեն ֆինանսավորվող և կառավարվող նախագիծ է, որի նպատակն է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ ստեղծելով մի զուգահեռ իրականություն, որտեղ ՀՀ ողջ սուվերեն տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական պատմական հող»: Խնդիրը դուրս է զուտ պատմագրական բանավեճի շրջանակներից, այն տեղափոխվել է հիբրիդային պատերազմի տիրույթ, որտեղ մեդիա-մանիպուլյացիաները, սոցցանցերն ու իրավական կեղծ ձևակերպումները ծառայում են վերոնշյալ նպատակին։ 

Պատմական և իրավական հիմնավորումների հերքում 

«Արևմտյան Ադրբեջան» թեզի հիմքում ընկած է պատմական ռեվիզիոնիզմը, որը հակասում է ինչպես ակադեմիական գիտությանը, այնպես էլ՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին: Իրավական տեսանկյունից, Հայաստանի Հանրապետության սահմանները ճանաչված են միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից, իսկ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով Ադրբեջանը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը նախկին խորհրդային սահմաններով (Հայաստանն էլ, փոխադարձաբար, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը)i։ 

Տոպոնիմիկ և էթնիկ զտումների մասին պնդումները, որոնք առաջ է քաշում Բաքուն, զուրկ են փաստահեն հիմքերից: Պատմականորեն, Հայկական լեռնաշխարհի այս հատվածում ադրբեջանական էթնոսի «բնիկության» մասին թեզերը գիտականորեն հերքվում են միջնադարյան և նոր շրջանի սկզբնաղբյուրներով: Նարատիվը միտումնավոր շրջանցում է այն փաստը, որ բնակչության տեղաշարժերը 20-րդ դարում եղել են փոխադարձ կոնֆլիկտների հետևանք, ոչ թե՝ մեկ կողմի «պատմական իրավունքի» իրացում ii iii

Հայելային նարատիվներ. Արցախի և «Արևմտյան Ադրբեջանի» արհեստական զուգահեռները 

2022 թվականից ի վեր պաշտոնական Բաքուն սկսեց կիրառել «հայելայնացման» ռազմավարությունը՝ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը ներկայացնելով որպես Արցախի հիմնախնդրի ուղիղ համապատկեր ու ստեղծելով կեղծ իրավական և բարոյական հավասարություն: Ըստ այս նարատիվի՝ եթե հայերը պահանջում են Արցախի հայության իրավունքների պաշտպանություն, Ադրբեջանն էլ, ըստ իրենց, իրավունք ունի պահանջել ադրբեջանցիների «վերադարձը» Երևան, Սյունիք և Գեղարքունիք, որոնց, ի դեպ, հանդգնում են տալ խիստ ադրբեջանական տեղանուններ։ 

Այս զուգահեռումը հիմնված է պատմաիրավական ակնհայտ անհամապատասխանությունների վրա. 

  1. Պետականության գործոնը. Ի տարբերություն Ադրբեջանի հորինած «Արևմտյան Ադրբեջանի», Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հազարամյակներ շարունակ ունեցել է հայկական ինքնավարության տարբեր դրսևորումներ, իսկ մինչև 2023թ․, թեև չճանաչված, բայց՝ պետականությունiv։ Դեռևս հին և միջնադարյան շրջանից Արցախը եղել է Մեծ Հայքի նահանգներից մեկը, իսկ հետագայում՝ հայկական Խամսայի մելիքությունների միջոցով, պահպանել է ինքնավարության տարրեր: 
  1. Իրավական հիմքերը. Նախքան Արցախի բռնի հայաթափումը, Արցախի հիմնախնդիրը միջազգայնորեն ճանաչված էր որպես էթնո-քաղաքական կոնֆլիկտ, որի հիմքում ընկած էր ազգերի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ «Արևմտյան Ադրբեջանը» զուտ քաղաքական ծրագիր է, որը չունի որևէ իրավական կարգավիճակ միջազգային ատյաններում: 
  1. Գոյաբանական վտանգ. Արցախահայության հարցը միշտ եղել է ֆիզիկական գոյության և անվտանգության խնդիր, ինչն ապացուցվեց 2023 թվականի էթնիկ զտումով, մինչդեռ Բաքվի նոր նարատիվը հետապնդում է բացառապես էքսպանսիոնիստական նպատակներv:  

Աշխարհաքաղաքական դիտանկյուն. լեգիտիմացում և ինքնավարության թիրախավորում 

 «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականի օգոստոսի 3-ին՝ որպես 1989 թվականից գործող «Ադրբեջանական փախստականների միության» իրավահաջորդ, ու, փաստացի, վերածվել ադրբեջանական արտաքին քաղաքականության առանցքային գործիքի։ Համայնքի գործունեության պաշտոնական մեկնարկը կարելի է համարել 2022թ. դեկտեմբերի 24-ը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Ներկայիս Հայաստանի տարածքը մեր պատմական հողն է… Մենք պետք է մշակենք «Վերադարձի հայեցակարգը»»vi

«Արևմտյան Ադրբեջանի» թեզի ակտիվացումը լուրջ խոչընդոտ է խաղաղության գործընթացի համար: Պետական քարոզչությունը գործում է համակարգված՝ մի քանի մակարդակում. 

  • Հեռուստատեսային քարոզչություն. «Baku TV»-ի «Արևմտյան Ադրբեջանի քրոնիկա» (Qərbi Azərbaycan xronikası) և «Az TV» հեռուստաալիքի ամենշաբաթյա հաղորդումները ներկայացնում են ՀՀ մարզերն ու քաղաքները որպես «հայերի կողմից օկուպացված տարածքներ»: Սա նպատակ ունի ադրբեջանական հասարակության մեջ սովորական դարձնել ապագա էքսպանսիայի գաղափարը և ՀՀ տարածքը դիտարկել որպես «պատմական հայրենիք»։ Օրինակ՝ «Baku TV»-ն իր յութուբյան հարթակում ավելի քան 883 տեսանյութ ունի այդ խորագրով հաղորդման շրջանակում, իսկ 2026թ․ փետրվարի 27-ին հեռարձակել է «Զանգեզուրը երբեք չենք մոռացել, ուշ թե շուտ կվերադառնանք» վերտառությամբ ռեպորտաժ, որտեղ շեշտվում է Սյունիքի շրջանների «վերադարձի» անհրաժեշտությունըvii։  
  • Պետական լրատվական գործակալություններ. «Ազերթաջ»-ը հանդիսանում է այս ինֆորմացիայի գլխավոր տարածողը՝ ողողելով տեղեկատվական դաշտը նմանօրինակ բովանդակությամբ հոդվածներով․ 2026թ․ հունվարի 1-ից մինչև ապրիլի 11-ը ադրբեջանական պետական AZƏRTAC գործակալությունը հրապարակել է 118 նյութ այս նարատիվի վերաբերյալviii։ Սույն թվականի մարտ ամսին կառավարամետ AZƏRTAC գործակալությունը, «Report.az» և մի շարք այլ լրատվականներ լուսաբանել են «Արևմտյան Զանգեզուրի տեղանունների բացատրական բառարան» գրքի շնորհանդեսըix: Իսկ մի քանի օր անց հրապարակվել է նույն համայնքի բողոքն՝ ուղղված եվրոպացի պատգամավորներին։ Դրանում զուգահեռներ են անցկացվել Արցախից բռնի տեղահանված հայերի և «Արևմտյան Ադրբեջանից» իբր հեռացած ադրբեջանցիների միջև՝ փորձելով միջազգային հանրությանը համոզել, թե երկու հարցերը պետք է դիտարկվեն նույն հարթության մեջx: Արդեն ապրիլի սկզբին այդ նույն խումբը հանդիպել է ուզբեկ և ղրղըզ գրողների հետ՝ ներկայացնելով «վերադարձի» գաղափարը միջազգային հարթակումxi
  • Սոցիալական ցանցեր. Սոցցանցերում պարբերաբար տարածվում են տեսանյութեր, որտեղ ադրբեջանցիներն «այցելում են» ՀՀ շրջաններ՝ իբր հարազատների գերեզմաններ այցելելու պատրվակովxii: Այս գործընթացն, ըստ էության, Հայաստանի բնակչությանը ադրբեջանական ներկայությանը հարմարեցնելու գործիք է, և եթե նույնիսկ գերեզմաններ փոխադարձաբար այցելելը կարող է համարվել նորմալ, այն պահից, երբ այդ տարածքը պաշտոնական Բաքվի դիտանկյունից համարվում է «պատմական ադրբեջանական», այն դադարում է լինել նորմալ։ Այս մեթոդի կիրառմամբ Բաքուն աշխատում է նաև ադրբեջանական հասարակության հետ՝ ամրապնդելով «վերադարձի» գաղափարը։ Այն չի պահանջում ուղղակի ռազմական գործողություններ, բայց ստեղծում է երկարաժամկետ տեղեկատվական ճնշում։ 

Ամփոփում 

Չնայած 2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հայտարարությանը և նորմալացման գործընթացի մասին խոսույթին՝ Ադրբեջանը չի դադարեցնում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվի շրջանառությունը։ Պատճառները ռազմավարական են․ այն ծառայում է որպես լծակ դիվանագիտական բանակցություններում, պահպանում է ներքին մոբիլիզացիան և ստեղծում է «պատմական արդարության» պատրանք։ Միաժամանակ, այն թույլ է տալիս պահպանել ճնշումը Հայաստանի վրա՝ առանց ուղղակի ռազմական ռիսկերի։ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվը ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին է: Դրա հեռահար նպատակն է՝ ստեղծել «իրավական» և քարոզչական հիմքեր՝ ՀՀ ինքնավարությունը դեգրադացնելու համար: Հայելային նարատիվների կիրառումը ցույց է տալիս, որ Ադրբեջանն այս քայլով փորձում է փակել Արցախի հարցը՝ Հայաստանից պահանջների համար բացելով նոր հարթակ: 

Այս սպառնալիքի պայմաններում Հայաստանի կողմից պասիվ դիտորդի դիրքը կործանարար է։ Պահանջվում է քաղաքագիտական և անվտանգային հակազդման համալիր ծրագիր, որը պետք է հիմնվի հետևյալ սկզբունքների վրա. 

  • Իրավական շեշտադրում. ՀՀ-ն պետք է միջազգային բոլոր ատյաններում հստակ դիրքորոշում և արձագանք ձևակերպի Ադրբեջանի հորինած «Արևմտյան Ադրբեջան» նախագծի վերաբերյալ։ Հայաստանի դիվանագիտության խնդիրն է՝ տարանջատել Արցախի հայության բռնի տեղահանումը Ադրբեջանի կողմից առաջարկվող էքսպանսիոնիստական ծրագրերից։ 
  • Տեղեկատվական հակագրոհ. Անհրաժեշտ է ստեղծել միջազգային լսարանի համար հասանելի գիտական բազա, որը կապացուցի ադրբեջանական տեղանունների արհեստածին լինելը։  
  • Դիմադրողականության բարձրացում. ՀՀ արտաքին հետախուզության և ազգային անվտանգության ծառայությունները պետք է գործուն միջոցներ ձեռնարկեն՝ կասեցնելու ադրբեջանական PSYOP-ների ազդեցությունը հայ հասարակության վրա: 
  • Աշխարհաքաղաքական զսպում. «Արևմտյան Ադրբեջան» թեզի դեմ Հայաստանի դիվանագիտական արդյունավետությունը ներկայումս կրում է առավելապես արձագանքող բնույթ. թեև հաջողվել է միջազգային գործընկերներին իրազեկել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների մասին, սակայն դեռևս չի ձևավորվել այնպիսի հստակ զսպման մեխանիզմ, որը Բաքվին կստիպի հրաժարվել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվի շրջանառումից։ Ուստի, առավելագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական հայտարարություններից անցում կատարել դեպի տեղեկատվական-իրավական մակարդակ՝ գիտականորեն հերքելով պատմության կեղծարարությունը և միջազգային հանրությանն ապացուցելով, որ այս հայեցակարգը ոչ թե «վերադարձի իրավունքի» հարց է, այլ տարածաշրջանային անվտանգության համակարգի բռնի վերաձևման լեգիտիմացման փորձ: 

Դիանա Կարապետյան

Ընթերցեք նաև