Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների շուրջ վերջին տարիներին ակտիվացած «գուբե՞րնիա, թե՞ ինքնիշխան պետություն» բանավեճը որքան էլ քաղաքականացված լինի, իրականում դիպուկ ձևակերպում է անկախությունից հետո հայկական պետականության ամենախորքային դիլեման։ Խոսքը ոչ միայն արտաքին քաղաքական կողմնորոշման մասին է, այլև՝ առավել հիմնարար հարցի․ Հայաստանը կա՞ որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտ, որը կարող է ձևավորել սեփական ռազմավարությունը, թե՞ շարունակում է գործել այն տրամաբանությամբ, երբ որոշումները կայացվում են արտաքին կենտրոնի ազդեցության ներքո և, հաճախ, այդ կենտրոնի շահերից բխող սահմանափակումների շրջանակում։
Այս մոդելը աբստրակտ չէ։ Այն ձևավորվել է կոնկրետ ճնշման նախադեպերի միջոցով, երբ անվտանգության հարցերը օգտագործվել է որպես գործիք՝ այնպիսի քաղաքական և տնտեսական որոշումների ընդունումն ստիպելու համար, որոնք անբարենպաստ են հայկական կողմի համար։ Տիպիկ օրինակ է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, որը ձևակերպվել է «անվտանգություն՝ հավատարմության դիմաց» տրամաբանությամբ։
Սակայն 2020, 2022 և 2023 թվականների իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ զիջումների հետևում իրական անվտանգության երաշխիքներ չկան։ Ընդհակառակն, դրանք ոչ միայն ամրապնդում էին կախվածության նոր ձևերը, այլև, թուլացնելով Հայաստանը, ձևավորում ինքնավերարտադրվող արատավոր շղթա․ կախվածության աճը նոր զիջումները դարձնում էր առավել «ռացիոնալ» և «անխուսափելի»։ Այս համատեքստում, ինքնիշխանության շուրջ քննարկումը դադարում է լինել տեսական և դառնում է պետության ռազմավարական արդյունավետության և գոյատևման հարց։
Իհարկե, այս այլընտրանքը և գործընթացը միայն Հայաստանին չեն բնորոշ և ձևավորվել են ոչ միայն Հայաստանի համար։ Դրանք պետք է դիտարկել հետխորհրդային տարածքում Ռուսաստանի քաղաքականության փոխակերպման ավելի լայն համատեքստում՝ սկսած 2000-ականների սկզբից: Հատկապես 2003թ․ Վրաստանի Վարդերի հեղափոխությունից, 2004–2005թթ․ Ուկրաինայի Նարնջագույն հեղափոխությունից և 2013-14թթ․ Եվրամայդանից հետո Մոսկվան հետևողականորեն խստացնում է իր գիծը՝ քաղաքական և տնտեսական ազդեցության գործիքներից (գազի գնի բարձրացում, վրացական կամ մոլդովական գինիների ներմուծման արգելք և այլն) անցնելով դեպի հետխորհրդային տարածքի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու՝ ավելի ու ավելի ռադիկալ մեթոդների։
Այս գծի զարգացման հետ մեկտեղ ավելի բացահայտ ձևով ձևակերպվում է տարածաշրջանում ռուսական շահերի առաջնահերթության և հարևան պետությունների ինքնիշխանության սահմանափակ բնույթի մասին թեզը։ Եթե սկզբնական փուլում գերակշռում էին ճնշման և ներգրավման մեխանիզմները, ապա արդեն 2008 թվականից ռազմավարությունը ստանում է ուղիղ ռազմական ձևեր՝ սկսած Վրաստանի հետ պատերազմից մինչև Ուկրաինայում հետագա գործողությունները (Ղրիմի բռնակցում, 2014–2015 թվականներին Դոնբասի պատերազմ և լայնածավալ ներխուժում 2022 թվականին)։ Հատկանշական է, որ նույն խոսույթում Հայաստանի 2018 թվականի հեղափոխությունը հետևողականորեն նույնացվում էր 2013–2014 թվականներին ուկրաինական Եվրամայդանի շարժման հետ։
Այս դիրքորոշումը ստանում է նաև հայեցակարգային ձևավորում ռուսական ինտելեկտուալ միջավայրում։ Այսպես, Ալեքսանդր Դուգինի աշխատություններում հետևողականորեն անցկացվում է այն միտքը, որ հետխորհրդային պետությունների լիարժեք ինքնիշխանությունը անհնար է ռուսական աշխարհաքաղաքական ուղեծրից դուրս․ «Բոլոր այն տարածքները, որոնք մենք չենք վերցնի մեր վերահսկողության տակ… կդառնան այլ բևեռների հենակետ… Ուստի չի կարելի համաձայնել ինքնիշխան Հայաստանի կամ ինքնիշխան Վրաստանի գոյության հետ…»:
Այսպիսով, խոսքը ոչ թե մարտավարական քաղաքականության կամ առանձին քայլերի մասին է, այլ սկզբունքային մոտեցման՝ հետխորհրդային պետությունների լիարժեք սուբյեկտայնության մերժման մասին։
Նման ընկալումը հենվում է ոչ միայն ընթացիկ քաղաքականության, այլև՝ պատմական պատկերացումների ձևավորման երկարատև ավանդույթի վրա։ Ռուսական և, ավելի վաղ, խորհրդային պատմագրության մեջ հետևողականորեն կառուցվել է անցյալի մի պատկեր, որտեղ Ռուսաստանին վերապահվում էր կենտրոնական դեր տարբեր ժողովուրդների պետականության ձևավորման և «փրկության» գործում։ Ինչպես ներկայումս այդ պետությունների ինքնիշխանությունը ներկայացվում է անհնարին՝ Ռուսաստանի ազդեցությունից դուրս, այնպես էլ անցյալում նրանց ձևավորումը ներկայացվում էր որպես անհնարին՝ առանց ռուսական աջակցության։
Միաժամանակ, այս տրամաբանությունը ձգտում է ներկայանալ որպես չեզոք և «օբյեկտիվ» պատմական վերլուծություն՝ խնդիրը դուրս բերելով քաղաքականության սահմաններից։ Սակայն այն փաստագրությունը, որի հիման վրա կառուցվում են նման եզրակացությունները, հանդիսանում է երկարատև ընտրության և մեկնաբանության արդյունք՝ հաճախ անուղղակիորեն ներդրված ինչպես խորհրդային և ռուսական տեքստերում, այնպես էլ, որոշակի չափով, հայկական պատմագրության մեջ։ Այս պատկերացումների կայունությունը ուժեղացնող լրացուցիչ գործոն է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հակամարտությունների ավելի սուր բնույթը։ Հենց այդ սրությունն է տեղափոխում վերլուծության ֆոկուսը՝ թույլ տալով անտեսել կամ թերագնահատել մի շարք կարևոր փաստարկներ, որոնք կապված են տարածաշրջանում Ռուսաստանի դերի հետ։ Հայկական լսարանի համար հավելյալ գրավչություն է ապահովում նաև ռուսական պատմագրությանը բնորոշ ավանդական հակաթուրքական շեշտադրումը, պանթուրքիզմի և նմանատիպ այլ գաղափարների հետ կապվող վտանգների ընդգծումը։ Այս մոտեցումները միաժամանակ ծառայում են նաև Ռուսաստանի ներսում թյուրքալեզու խմբերի քաղաքական ակտիվությունը սահմանափակելու նպատակներին։
Հետխորհրդային երկրների «արհեստականության» թեզի ընկալելի լինելը հայկական լսարանի համար պայմանավորված է նաև նրանով, որ այդ տրամաբանության շրջանակում ապալեգիտիմացվում են ադրբեջանական պետականության հիմքերը։ Հիմնական և լայնորեն տարածված միֆերից մեկը կապված է ժողովրդագրության և հայկական պետականության ծագման հետ։ Այն պատկերացումը, թե Շահ Աբաս I-ի տեղահանություններից հետո Հայաստանը դատարկվել է և «վերստեղծվել» Ռուսաստանի կողմից, չի հաստատվում աղբյուրներով, սակայն տարածված է թե՛ ռուսական պատմագրության մեջ, թե՛ հարևան երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի խոսույթում, ինչպես նաև Հայաստանում՝ ծառայելով որպես հիմք Ռուսական կայսրության «դրական» պատմական դերակատարությունը շեշտելու համար։
Քանի որ Ռուսաստանի նկատմամբ քննադատական նոր քաղաքական ալիքը (հատկապես՝ 2022 թվականից հետո) հաճախ ներկայացվում է որպես քաղաքականացված և միակողմանի, ձևավորվում է «ավելի օբյեկտիվ» և հավասարակշիռ գնահատականների որոնման սպեկուլյատիվ միտում, որը, սակայն, իրականում չի համապատասխանում պատմական փաստերին։
1727-1728 թվականներին օսմանյան հարկամատյանները՝ դեֆթերները արձանագրում են հայկական բնակչության խիտ և լայն տարածումը Հայաստանի ներկայիս տարածքի լեռնային և նախալեռնային շրջաններում, Նախիջևանում և Փոքր Կովկասում։ Ավելին, հարյուրավոր հայկական գյուղերի անհետացումը վերաբերում է արդեն XVIII դարի վերջ, XIX դարի սկզբին, այսինքն՝ այն ժամանակաշրջանին, որը անմիջականորեն կապված է ռուսական առաջխաղացման հետ։
Սա փոխում է պատճառահետևանքային տրամաբանությունը․ հայաթափումը ոչ թե հաղթահարվել է Ռուսաստանի կողմից, այլ մեծապես ուժեղացել նրա առաջխաղացմամբ ձևավորված պայմաններով։ Հայերի և վրացիների նույնացումը Ռուսաստանի հետ հանգեցնում էր մահմեդական կառավարիչների կողմից ճնշումների աճին՝ դարձնելով քրիստոնյա բնակչությունը թիրախ։
Հատկապես հատկանշական օրինակ է Լեռնային Ղարաբաղը։ XVIII դարում՝ Պարսկական կայսրության կազմում և նույնիսկ Ղարաբաղի խանության շրջանակներում, հայկական մելիքները պահպանում էին քաղաքական ինքնավարություն, իսկ տարածաշրջանի հայկական բնակչությունը բազմամարդ և ինստիտուցիոնալ ձևավորված էր։ Ռուսական նվաճումից արդեն 20–25 տարի առաջ նրանց վիճակը սկսել էր վատթարանալ, մեծապես, հենց Ռուսաստանի հետ շփումների պատճառով, որոնք կասկածներ և հետապնդումներ էին առաջացնում Իբրահիմ խանի կողմից։ Արդյունքում, 1780-ականներից սկսած հայկական մելիքությունները ոչնչացվեցին, իսկ բնակչության զգալի մասը լքեց Լեռնային Ղարաբաղը՝ հաստատվելով հարևան խանություններում (Շաքի, Շամախի, Գյանջա), ինչպես նաև Լոռիում, Տավուշում, Վրաստանում, Հյուսիսային Կովկասում և, նույնիսկ, Օսմանյան կայսրության տարածքում։
Սակայն, տարածաշրջանի ամբողջական նվաճումից հետո Ռուսական կայսրությունը ոչ միայն չվերականգնեց հայկական մելիքների նախկին կարգավիճակը, այլև ամրագրեց նրանց թուլացման հետևանքները․ մահմեդական ազնվականության ուժեղացած դիրքերը և հայկական քաղաքական ինքնավարության քայքայումը ինստիտուցիոնալացվեցին։ Այլ կերպ ասած, Ռուսաստանը, նպաստելով հայկական տարրի թուլացմանը և դառնալով դրա նկատմամբ ճնշումների անուղղակի գործոն, տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո ամրագրեց հենց այդ՝ արդեն իսկ թուլացած վիճակը։
Սա ուղղակիորեն մատնանշում է կայսերական քաղաքականության բնույթը։ Հայկական բնակչությունը դիտարկվում էր որպես գաղութացման գործիք․ այն վերաբնակեցվում էր տարբեր շրջաններում՝ ոչ միայն պատմական հայկական հողերում կամ Հայկական մարզում, այլև Ախալցխայում և Ախալքալաքում, տարածքներ, որոնք տվյալ ժամանակաշրջանի ռուսական աղբյուրներում հետևողականորեն ընկալվում էին որպես պատմական Վրաստանի մաս, ձևավորելով կայսրության սահմաններին հավատարիմ, բայց քաղաքականապես կախյալ բնակչության գոտի։
Նմանատիպ տրամաբանություն կիրառվում էր նաև այլ խմբերի նկատմամբ․ հատկանշական է Ծալկայի շրջանում վերաբնակեցված հույների օրինակը, այն դեպքում, երբ տարածաշրջանում հունական պետականության վերականգնման որևէ նախագիծ գոյություն չուներ։ Միևնույն ժամանակ հենց այնտեղ, որտեղ հայերը ռուսական նվաճումից առաջ ունեին առավելագույն քաղաքական սուբյեկտայնություն (Լեռնային Ղարաբաղում), նրանց վիճակը ոչ միայն չվերականգնվեց, այլև ամրագրվեց արդեն իսկ թուլացած ձևով։
Միաժամանակ, հարկավոր է նշել, որ կայսրությունները իրենց բնույթով բանակում, գիտության, վարչակազմի և տնտեսության ոլորտներում առանձին էթնիկ խմբերին ավելի մեծ հնարավորություններ են տալիս անհատական սոցիալական շարժունակության համար, քան՝ ազգային պետությունները։ Հայերի իրական և նշանակալի հաջողությունը Ռուսական կայսրությունում օգտագործվում է որպես կայսերական մոդելի օգտին փաստարկ, բայց միաժամանակ ծառայում է որպես գործիք հայկական պետականության դելեգիտիմացիայի համար՝ այն ներկայացնելով որպես պակաս արդյունավետ և կենսունակ ձև։
Այս տրամաբանությունը մեծապես վերարտադրում է բյուզանդական մոդելը․ էլիտաների ինտեգրում և վերելք՝ միաժամանակ քաղաքական սուբյեկտայնությունից զրկմամբ։ Այս իմաստով, ժամանակակից Ռուսաստանը հանդես է գալիս հայոց պատմությունից լավ ծանոթ մի դերում՝ հիշեցնելով Բյուզանդիայի գործառույթը, որը հայկական էլիտաների համար ստեղծում էր ավելի լայն հնարավորություններ և հիերարխիկ առաջընթացի ուղիներ, սակայն, միաժամանակ, թուլացնում և կլանում էր հայկական քաղաքական միավորները, այդ թվում՝ Անիի թագավորությունը։
Թուրքիայի և Ադրբեջանի հետ հակամարտություններն, անկասկած, ունեին իրենց խորքային պատճառները։ Սակայն մի շարք կարևոր դրվագներում ռուսական գործոնը ոչ միայն ուղեկցում էր դրանց, այլև՝ ուժեղացնում դրանց զարգացումն ու հարատևությունը։ Սա վերաբերում է Ռուսական կայսրության դիրքորոշմանը 1894–1896 թվականների Համիդյան ջարդերի ժամանակ, 1905–1907 թվականների հայ-թաթարական բախումներին, հայոց ցեղասպանության տարիներին ռուսական ռազմական հրամանատարության քաղաքականությանը (ներառյալ՝ Վանի ինքնավարության վերացումը, փախստականների վերադարձի սահմանափակումները և գրավված տարածքների գաղութացման ծրագրերը), ինչպես նաև՝ 1920 թվականին բոլշևիկյան Ռուսաստանի կողմից քեմալական շարժման աջակցությանը։
Միևնույն ժամանակ, հակամարտությունների սրմանը նպաստում էր ընկալման տրամաբանությունը։ Ինչպես XVIII դարի, այնպես էլ ավելի ուշ շրջանի կոնֆլիկտներում օսմանյան և ադրբեջանական էլիտաների կողմից հայերը հաճախ դիտարկվում էին ոչ թե որպես ինքնուրույն ժողովուրդ, այլ՝ որպես Ռուսաստանի դաշնակիցներ, շատ ավելի հզոր արտաքին ուժի հետ նույնացվելով, թեև այդ պատկերացումը իրական հիմքեր չուներ։ Այդ նույնականացումը նպաստում էր հակամարտությունների այնպիսի զարգացումներին, որոնք ձեռք էին բերում առավել սուր և անտագոնիստական բնույթ։
Նշված գործոնների արդյունքում ձևավորվում է կախվածության կայուն և փոխակերպվող մոդել, որի հիմքում ընկած է Հայաստանի ընկալումը որպես սուբյեկտ, որը անկարող է գոյություն ունենալ առանց Ռուսաստանի։ Եթե նախկինում այս տրամաբանությունը հիմնավորվում էր ռազմա-քաղաքական «անվտանգության հովանոցի» անհրաժեշտությամբ, ապա այսօր այն ավելի հաճախ վերաձևակերպվում է տնտեսական հարթության վրա․ Ռուսաստանից կախվածությունը ներկայացվում է որպես անխուսափելի, իսկ Ռուսաստանին որպես հիմնական տնտեսական գործընկեր ընտրելը՝ իբրև միակ հնարավոր տարբերակ։ Այսպիսով, նախկին «անվտանգության» մոդելը փոխակերպվում է «տնտեսական անհրաժեշտության» մոդելի՝ պահպանելով իր հիմնական բովանդակությունը որը ձևակերպվում է որպես հայկական պետության լիարժեք սուբյեկտայնության մերժում։
Սամվել Մելիքսեթյան