Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում վերջին շրջանում հնչած ամենաաղմկոտ հայտարարություններից մեկը պատկանում է Նիկոլ Փաշինյանին․ ըստ նրա՝ եթե գործող իշխանությունը չստանա սահմանադրական մեծամասնություն, և իշխանության գան հիմնական ընդդիմադիր ուժերը, ապա արդեն սեպտեմբերին հնարավոր է պատերազմ։
Այս պնդումը ոմանց կողմից ընկալվեց որպես ընտրողներին վախեցնելու, նրանց շանտաժի ենթարկելու փորձ։ Այստեղ կփորձենք վերլուծել ընդդիմադիր հիմնական ուժերից երկուսի՝ «Ուժեղ Հայաստանի» և «Հայաստան» դաշինքի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող գաղափարական որոշ նարատիվներ և կփորձենք պատասխանել հետևյալ հարցի՝ արդյո՞ք նրանց առաջարկած քաղաքական գիծը իրականում կարող է շրջել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը և հանգեցնել նոր էսկալացիայի։
Ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարները հայտարարում են, որ իրենք նույնպես խաղաղության կողմնակից են։ Նրանք, սակայն, նշում են, որ ներկայիս իրավիճակը կամ խաղաղություն չէ ընդհանրապես, կամ շատ թույլ և անարժանապատիվ խաղաղություն է։ Նրանց հռետորաբանության մեջ առանցքային են մի քանի պատումներ՝ գործող իշխանության կողմից տարվող քաղաքականության բնորոշումը որպես «պարտվողական» և «դավաճանական», անվտանգության երաշխիքների բացակայության մասին պնդումները, և «ուժեղ առաջնորդի» միջոցով իրավիճակի շրջման խոստումը։
Որոշ մեկնաբաններ պնդում են, որ ընդդիմադիրներն ամենևին չեն ասում, թե վերանայելու են ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները, ուստի, ընդդիմադիր ուժերի իշխանության գալու դեպքում պատերազմի սկսման մասին պնդումներն անհիմն են։
Սակայն երկու ընդդիմադիր ուժերի խոսույթի ուսումնասիրությունը ապացույցներ է տալիս առ այն, որ նրանք առաջ են քաշում բանակցային գործընթացի արդյունքում առկա իրողություններն արմատապես վերանայելու անհրաժեշտության մասին գաղափարը, ինչը, ինչպես ցույց կտանք ստորև, հղի է նոր էսկալացիաներով։
Օրինակ, «Ուժեղ Հայաստանի» քարոզչական տեսանյութերից մեկում անգամ ներկայացվում է ապագայի (2050թ․) մի պատկեր, որտեղ ուսուցիչն աշակերտներին բացատրում է, որ ժամանակին, «թույլ առաջնորդի» պատճառով, Հայաստանը կորցրել է Արցախը։ Երբ աշակերտը հարցնում է՝ իսկ ինչպես փոխվեց ամեն ինչ, ուսուցիչը պատասխանում է՝ ընտրեցինք ուժեղ առաջնորդ, որն ամեն ինչ փոխեց, և մինչ այժմ ապրում ենք ուժեղ և անվտանգ Հայաստանում։ Այդ տեսանյութում դասարանում առկա Էլեկտրոնային գրատախտակի վրայի Հայաստանի քարտեզը պատկերված է նախկին ԼՂԻՄ-ն ու դրան հարակից յոթ շրջանները ներառյալ։
Այսինքն, «Ուժեղ Հայաստանն» իր այս քարոզչական տեսահոլովակի միջոցով առաջ է քաշում այն նարատիվը, որ եթե իրենք գան իշխանության, և Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ, որոշ ժամանակ անց նախկին ԼՂԻՄ-ը և Ադրբեջանի 7 հարակից շրջանները կլինեն Հայաստանի մաս։ Ստացվում է՝ «Ուժեղ Հայաստանը» չի համակերպվում այն իրողության հետ, որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը ձևակերպում է իրենց առանցքային թեզերից մեկը․ նրանք պատրաստ են ընդունել խաղաղության պայմանագիրը, սակայն՝ ոչ երկկողմ ձևաչափը․ «Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափին, պայմանագրի տեքստի հետ համաձայն ենք, միակ տարբերությունն այն է, որ նոր երաշխիք ենք ուզում: Մեզ պետք չէ թուղթ Իլհամի հետ։ Մեզ պետք է թուղթ, որի տակ, բացի մեզնից և Ադրբեջանից, կան այլ ստորագրություններ, որտեղ մենք հանրավորություն կունենանք պահել մեր տարածքային ամբողջականությունը։ Դա է իրական խաղաղությունը»: Նույն բանն ասում է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը․ «Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե «հորս արև» մոդելի, այլ՝ իրական երաշխիքների վրա։ Սա հատկապես կարևոր է, երբ աշխարհում ուժի գերակայությունը փոխարինել է օրենքի գերակայությանը»։
Առաջին հայացքից սա կարող է թվալ որպես անվտանգության և խաղաղության ամրապնդմանն ուղղված տրամաբանական մոտեցում։ Սակայն այս ամենը գործնականում նշանակում է արդեն ձեռք բերված կամ մոտեցող պայմանավորվածությունների վերանայում կամ սառեցում, ինչը կարող է հակառակի բերել՝ թուլացնել անվտանգությունը։
Նախ, Ադրբեջանը հետևողականորեն մերժել է երրորդ կողմերին ներգրավելու գաղափարը, ուստի վերոնշյալ թեզն առաջ քաշելը կնշանակի դուրս գալ ձեռք բերված պայմանավորվածություններից։ Երկրորդ հանգամանքը՝ տարածաշրջանային խոշոր խաղացողները, որոնց որպես երաշխավոր ցանկանում է ներգրավել «Ուժեղ Հայաստանը», մեղմ ասած, սուր հակամարտության մեջ են ԱՄՆ-ի հետ, որը վաշինգտոնյան համաձայնությունների վկան է և ԹՐԻՓՓ-ի մասնակիցը։ Ուստի, նրանց ներգրավումը որպես խաղաղության երաշխավոր անհնար է դարձնելու հենց ԹՐԻՓՓ-ի իրագործումը և տարածաշրջան է տեղափոխելու ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան հակամարտությունը։
Այլ կերպ ասած՝ «ավելացնենք երաշխավորներ» բանաձևը, մի կողմից, դե ֆակտո հավասարազոր է բանակցային գործընթացը նոր կետից սկսելու փորձին, նույնիսկ, եթե դա ձևակերպվում է որպես «զրոյից չենք սկսելու», մյուս կողմից՝ այս մոտեցումը հանգեցնելու է լարվածության նոր օջախի ստեղծմանը։
«Հայաստան» դաշինքի մաս կազմող առանցքային ուժի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության դիրքորոշումն ավելի արմատական է։ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, մասնավորապես, նշել է՝ «Այս իշխանությունների համար անվտանգային բոլոր հարցերի լուծման բանալին ոչ թե մեր հավաքական ուժն է, այլ՝ պարտվողականությունն ու զիջողականությունը: Սրա քարոզչությունն ապահովելու համար էլ արվում է ամեն ինչ՝ թուլացնելու մեր դիմադրողականությունը, մարդկանց պահելու անճարության և անելանելիության մեջ, որպեսզի ստիպեն ընդունել այս նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն կոչվածը, ինչն իրականում խաղաղություն է թուրքացման կամ «Արևմտյան Ադրբեջան» դառնալու դիմաց: Այսինքն, մեր ինքնությունից հրաժարվելու դիմաց»:
Այս խոսքերից առավել քան ակնհայտ է, որ ՀՅԴ-ն չի ընդունում խաղաղության պայմանագիրը և ներկայիս իրողությունները ռադիկալ վերափոխման ենթակա է համարում։
ՀՅԴ կայքում տեղադրված Աշոտ Դանիելյանի ելույթում, որը ներկայացված է որպես «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար», առաջ են քաշվում հետևյալ թեզերը՝
- Արցախի հարցը պետք է վերադարձվի միջազգային օրակարգ,
- պետք է աջակցել Արցախի պետական ինստիտուտներին,
- պետք է խոսել «հայրենիքի վերադարձի» մասին։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն, իր հերթին, նշել է․ «ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի և Թուրքիայի համար»։ Կամ․ «Ի՞նչ է ստացել ՀՀ վարչապետը․ ստացել է մեկ նկար՝ նախագահ Թրամփի ստորագրությամբ, և իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին»։ Մեկ այլ մեջբերում․ «TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու»։
Վերոնշյալ բոլոր մոտեցումներն ուղղակիորեն հակասում են ներկայիս բանակցային տրամաբանությանը, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, Ղարաբաղի հարցը փակված համարելու վրա։
Եթե նման քաղաքական գիծը դառնում է պետական, դա անխուսափելիորեն նշանակում է՝
- բանակցային օրակարգի փոփոխություն, ինչը այս պայմաններում նշանակելու է բանակցային գործընթացի տապալում,
- արդեն իսկ փակված թեմաների վերաբացում,
- որպես հետևանք՝ լարվածության աճ։
Պայմանավորվածությունների խափանումը ստեղծում է «վակուում», որտեղ, օրինակ, ցանկացած սահմանային միջադեպ կարող է արագ վերածվել շղթայական էսկալացիայի։ Բացի այդ, նմանատիպ բոլոր հայտարարությունները եթե մի օր դառնան քաղաքականության հիմք, Ադրբեջանի կողմից կարող են դիտարկվել որպես իր նկատմամբ տարածքային հավակնությունների, ռևանշի նախապատրաստության առկայություն, casus belli, դրանից բխող հետևանքներով։
Այն, ինչ ներկայացվում է որպես «ավելի անվտանգ խաղաղություն», իրականում կարող է վերացնել հենց այն մեխանիզմները, որոնք այսօր ապահովում են առնվազն այն «ոչ պատերազմ» վիճակը, երբ արդեն տևական ժամանակ է՝ նույնիսկ չնչին միջադեպեր տեղի չեն ունենում։ Նշված ընդդիմադիրների առաջարկած քաղաքականությունը, նույնիսկ եթե ձևակերպվում է որպես «ավելի արժանապատիվ» կամ «ավելի ուժեղ» խաղաղություն, իր տրամաբանությամբ պարունակում է բանակցային գործընթացի խզման և նոր էսկալացիայի բարձր ռիսկ։ Այսպիսով, առաջիկա ընտրություններին քաղաքացիների առջև լինելու է հետևյալ ընտրությունը․ շարունակե՞լ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը տանող ներկայիս գործընթացը, թե՞ անցնել նոր, առավել կոշտ և անկանխատեսելի փուլ, որի արդյունքը կարող է լինել ոչ թե վերանայված խաղաղությունն, այլ նոր պատերազմը։
Էդգար Վարդանյան
«Հայկական խորհրդի» ասոցացված փորձագետ