ՀՀ պետական կառավարման համակարգն՝ ընդդեմ հիբրիդային հարձակումների 

հեղ․ Armenian Council

Օտարերկրյա համակարգված ապատեղեկատվությունը, կիբեր հարձակումները, անորոշությունների դաշտի ձևավորումը, հոգեբանական թիրախավորումը և հիբրիդային տեխնոլոգիաների այլ գործիքներ ակտիվանում են հատկապես պետության համար բեկումնային ժամանակաշրջաններում, երբ ներքին կամ արտաքին քաղաքական գործընթացները մարդկանց ու քաղաքական ուժերին ռազմավարական որոշումներ կայացնելու հրամայականի առջև են կանգնեցնում: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ապրում է նման առանցքային ժամանակաշրջան: Տարածաշրջանում ձևավորված նոր ստատուս-քվոն միջազգային հարաբերություններում ճգնաժամի և աշխարհաքաղաքական վերափոխումների միջավայրում կարևոր որոշումներ կայացնելու անհրաժեշտություն է առաջացրել: Բնական է, որ այդ որոշումները չեն կարող բավարարել բոլոր շահագրգիռ կողմերի շահերը, հետևաբար, «դժգոհ» երկրները փորձում են իրենց հասու միջոցներով ազդեցություն գործել՝ որոշումների կամ որոշում կայացնողների փոփոխության միջոցով: Ներկայումս Հայաստանի նկատմամբ հզոր հիբրիդային հարձակումներ են տեղի ունենում, որոնց համարժեք պատասխանելու անհրաժեշտությունը բխում է պետության և պետականության պահպանման ու ինքնիշխանության ամրապնդման կարևորությունից: 

Հոդվածում ցույց է տրվում, թե ինչպես է թիրախավորվում ՀՀ պետական կառավարման համակարգն ու որն է դրա դերը՝ հիբրիդային հարվածներին դիմագրավելու պետության ընդհանուր պարտավորության համատեքստում: 

Ժամանակակից հիբրիդային տեխնոլոգիաները ներառում են ոչ միայն ուղղակի գործողություններ՝ կիբեր հարձակումներ, բիզնեսի նկատմամբ ճնշումներ, կազմակերպված խառնակչախմբերի աշխատանքներ և այլն, այլև պետական կառավարման համակարգի վրա բազմակողմանի և համակարգված ճնշումներ: Այս ուղղությամբ հարվածների նպատակը պետական կառավարման համակարգի աշխատանքի կոլապսն է, ինչը պիտի հանգեցնի ինստիտուտների քայքայման: Թեև նմանատիպ աշխատանքներն իրականացվում են մշտապես, սակայն նախընտրական ժամանակաշրջանում, սովորաբար, հարվածների կտրուկ աճ է տեղի ունենում: Այս ընթացքում պետական կառավարման համակարգի ուղղությամբ ուշադրությունը կենտրոնացնելու, շահարկումների և ռեսուրսներ ծախսելու նպատակները, սովորաբար, լինում են ընտրություններին ընդառաջ պետության ղեկին կանգնած քաղաքական ուժի դիրքերը թուլացնելը, այլընտրանքային թեկնածուներից որևէ մեկի հնարավորություններն ավելացնելը, ընտրությունների ապալեգիտիմացումը, անորոշությունների դաշտի ձևավորումը, ազատ կարծիքի և քվեարկություն կատարելու վրա ազդեցությունը և այլնi:  

Պետական կառավարման համակարգը թիրախավորվում է  ապատեղեկատվության անընդմեջ բազմապատկման, սպասարկման և տեղեկատվական համակարգերի նկատմամբ միջամտություների, այդ համակարգերի խափանումների և այլ միջոցներով: Դրանցից ամեն մեկը պահանջում է արձագանքի համապատասխան գիտելիքներ և դիմակայունության որոշակի մակարդակ: 

Ապատեղեկատվությունը լայն հասկացություն է, որը ներառում է բազմաթիվ գործողություններ՝ սկսած տեղեկության նկատմամբ գործողություններից (ձևավորում, փոփոխում, շրջում, ոչ համաչափ վերլուծում և այլն) մինչև մոտիվացման կամ դեմոտիվացման տեխնոլոգիաներ (փոխադարձության խրախուսում, կեղծ համապատասխանություն, հաճոյախոսում կամ զազրախոսում և այլն)ii: Դրանք օգտագործվում են ինչպես կետային տրամաբանությամբ՝ թիրախավորելով պետական համակարգի կոնկրետ ուղղություն, բաժին կամ նույնիսկ կոնկրետ անձ, այնպես էլ լայն ճակատով՝ ներառելով ընդհանուր ներկայացուցչությունը:  

Ապատեղեկատվությանը դիմակայելու խնդիրը ծառանում է բոլոր երկրների պետական կառավարման համակարգերի առաջ: Նույնիսկ այնպիսի երկրներն, ինչպիսիք են ԵՄ երկրները կամ ԱՄՆ-ն, ապահովագրված չեն ապատեղեկատվությունից: Այս երկրներում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում՝ իրենց պետական համակարգերն ապատեղեկատվության դեմ ավելի դիմադրունակ դարձնելու համարiii

Հայաստանի պետական կառավարման համակարգի գլխավոր խնդիրներից մեկը ինստիտուցիոնալ առանցքի անկատարությունն է: Տարիներ շարունակ, ունենալով, մի կողմից, խիստ հիերարխիկ կառուցվածք, իսկ մյուս կողմից՝ պատասխանատվության համակարգված ցրում, պետական կառավարման համակարգում չի արմատավորվել որոշումների կայացման և դրանց համար պատասխանատվություն կրելու մշակույթը: Այլ կերպ ասած, ՀՀ պետական կառավարման համակարգի միջին և ստորին օղակներում սեփական գործառույթների իրականացման և ընդհանուր համակարգի վրա դրանց ազդեցության վերաբերյալ պատկերացումները չեն համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին: Կատարողականի գնահատման համակարգն էլ, իր հերթին, չի համապատասխանում ժամանակակից բարձր չափանիշներին, ինչն էլ ավելի է դեմոտիվացնում միջին և ստորին օղակի պաշտոնյաներին՝ սեփական գործառույթների շրջանակներում պատասխանատվություն վերցնելiv

Նման իրավիճակը պարարտ հող է հանդիսանում ապատեղեկատվության միջոցով թիրախավորման համար: Հիբրիդային հարվածն այս դեպքում կրկնակի արդյունավետ է դառնում:  Մի կողմից, այդ ազդեցության ներքո, ինստիտուտը սկսում է շարունակաբար ավելի նվազ արդյունավետություն ցուցաբերել, ինչը նպաստում է անորոշությունների անընդհատ բազմապատկմանը, մյուս կողմից, տվյալ ինստիտուտի նկատմամբ բնակչության վստահությունը անընդհատ նվազում է, ինչն էլ ավելի դյուրին է դարձնում ամեն մի հաջորդ մակարդակում կեղծ և մանիպուլյատիվ տեղեկատվության ձևավորման ու տարածման  գործը: 

Ապատեղեկատվության դեմ պայքարի նպատակով 2023թ. ընդունվել է ՀՀ վարչապետի որոշում՝ «Հայաստանի Հանրապետության ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026թթ. հայեցակարգը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին»v: Հայեցակարգը ներառում է մի շարք ուղղություններ, որոնցից են, մասնավորապես.  

  • Պետական կառույցների առավել թափանցիկ, հաշվետու աշխատանքին միտված ձևաչափերի և հարթակների գործարկումը, առկա ռեսուրսների բարելավումը, 
  • Պետական կառույցներում հաղորդակցության մասնագետների աշխատանքի բարելավումը, մեդիագրագիտության և փաստերի ստուգման հմտությունների զարգացումը, 
  • Ապատեղեկատվության դեմ պայքարում պետություն — մասնավոր հատվածի ակտիվ փոխգործակցության ապահովումըvi

Հայեցակարգը ներառում է մի շարք կարևորագույն ոլորտներ և լուծումներ է տալիս խնդրահարույց հարցերի, օրինակ, առաջարկում է մեդիագրագիտության բարձրացման, պետական ծառայողների պրոակտիվ հրապարակայնության, հաղորդակցման համակարգերի արդյունավետության մեխանիզմներ, կանոնավոր վերապատրաստումներ և այլն: Սակայն հայեցակարգում բացակայում է միջին և ստորին օղակներին աշխատանքի բաժանման գործընթացում պատվիրակման և պատասխանատվության համակարգի վերաբաշխման հրամայականը: Մինչդեռ սրանք կարևորագույն նշանակություն ունեն պետական կառավարման համակարգի ծառայողի՝ ապատեղեկատվության դեմ պայքարի գործընթացում սեփական դերակատարումն ունենալու, հետևաբար, հաղորդակցության մեջ ապատեղեկատվության օղակ չդառնալու, ավելին, ապատեղեկատվության հոսքը կասեցնելու տրամաբանության մեջ: Այս նպատակի իրականացման հարցում վճռական նշանակություն կարող է ունենալ վերին օղակի պաշտոնյաների կողմից միջին և ստորին օղակի պաշտոնյաներին և որոշումների կայացման հարցում ազատության աստիճանի ավելացումը և, իրենց գործառույթների շրջանակներում, դրանց համար պատասխանատվություն վերցնելու մշակույթի արմատավորումը: 

Մյուս կողմից, հարկ է նկատել, որ պետության կողմից ապատեղեկատվական հոսքերի դեմ պայքարի միայն մրցակցային ճանապարհը, այն է՝ իրական տեղեկատվության սփռումը և պետական կառավարման համակարգ – հասարակություն հաղորդակցության արդյունավետության բարձրացումը, բավարար չէ ներկա մարտահրավերներին դիմագրավելու համար: Անհրաժեշտ է կոշտ արձագանք նաև իրավապահ համակարգի կողմից՝ ապատեղեկատվության սկզբնաղբյուրները հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: Մինչդեռ, իրավիճակի՝ նույնիսկ ոչ խոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներն ահռելի են: Ապատեղեկատվության արտաքին աղբյուրներին կից, Հայաստանում գործում են դրանց ձևավորման ու տարածման լայնածավալ ցանցեր, որոնք ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվում, այլև օգտվում են մասնավոր ու արտերկրյա ֆինանսական և, որոշ դեպքերում, նույնիսկ պետական կառավարման համակարգի մաս հանդիսացող որոշ օղակների աջակցությունից: Ներկայումս Հայաստանը ենթարկվում է կեղծ և խեղաթյուրված տեղեկատվության աննախադեպ գրոհիvii, ինչը, ենթադրաբար, պիտի առաջացներ ներքին և արտաքին վտանգի առջև իրավապահ համակարգի կոշտ հակազդեցություն:  

ՀՀ պետական կառավարման համակարգի նկատմամբ մեկ այլ հիբրիդային հարված ենք տեսնում սպասարկման և տեղեկատվական համակարգերում անօրինական միջամտության և դրանց խափանման տեսքով: Այս դեպքում թվային տեխնոլոգիաները կիրառվում են ինստիտուտի աշխատանքում փոփոխություններ մտցնելու, դրանց վերաբերյալ խեղաթյուրված պատկերացում ստեղծելու, աշխատակիցների բարոյահոգեբանական վիճակի վրա կետային ազդեցություն գործելու, աշխատանքը խափանելու և, ի հետևանս, ինստիտուտի նկատմամբ դժգոհություն առաջացնելու նպատակներով:  

Այս մարտահրավերին համարժեք պատասխանելու հրամայականը չի սահմանափակվում միայն տեխնիկական և անվտանգային միջոցառումներով: Անհրաժեշտ է աշխատանք տանել նաև ստորին օղակի աշխատակիցների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման, ճգնաժամային իրավիճակներում ինքնատիրապետման հմտությունների բարելավման ուղղությամբ: 

Ամփոփում 

Պետական կառավարման համակարգը ժամանակակից պայմաններում պետության անվտանգության ամրապնդման կարևորագույն օղակներից մեկն է: Հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու հարցում պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ և կետային մեխանիզմների ամրապնդումը հրամայական է, որն անհրաժեշտ է դնել ինքնաշխատ և անընդմեջ հիմքերի վրա: Մյուս կողմից, ապատեղեկատվության և անօրինական ազդեցության մեխանիզմներին հակազդելու միջոցներն ու իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետության շարունակական ավելացումը այն հիմնաքարերն են, առանց որոնց՝ պետությունը չի կարող դիմակայել համակարգված բազմակողմանի հարձակումներին: Հայաստանի Հանրապետությունն այսօր հայտնվել է բազմակողմանի և բազմատեսակ հիբրիդային հարձակումների թիրախում, ինչը պարտավորեցնում է առանձնապես ուշադիր և հետևողական լինել դրանց դիմագրավելու՝ պետական կառավարման համակարգի գործառույթների իրականացման և բարելավման նկատմամբ: 

Ռոբերտ Ղևոնդյան 

Ընթերցեք նաև