Հարավային Կովկասում ընթացող խաղաղության գործընթացը ներկայացնում է դասական օրինակ այն իրավիճակի, որտեղ պետական էլիտաների դիվանագիտական ռացիոնալությունը և հասարակական սոցիալիզացիայի մեխանիզմները զարգանում են հակառակ վեկտորներով։ Կոնստրուկտիվիստական տեսության համաձայն՝ նարատիվների կառուցումը, ինքնության ձևավորումը և պատմական հիշողության վերարտադրությունը հաճախ ավելի որոշիչ են, քան՝ պաշտոնական փաստաթղթերը։ 2025-2026 թվականներին, չնայած խաղաղության հաստատման գործընթացում փաստաթղթային առաջընթացին, երկու հասարակություններում էլ պահպանվում է խորքային անվստահություն խաղաղության գործընթացի, բանակցությունների և փորձագիտական փոխայցերի նկատմամբ։ Սա նորմալ է հետպատերազմյան համատեքստում․ Հայաստանում անվստահությունը սնուցվում է չմշակված հետտրավմատիկ շոկերով, իսկ Ադրբեջանում՝ հաղթանակի էյֆորիայով և պետական մակարդակով վերարտադրվող ատելությամբ։
Հայկական հասարակություն. պրագմատիզմի և անվստահության երկակիություն
Հայաստանյան հասարակության մեջ խաղաղության օրակարգը գնալով ավելի է ընկալվում որպես ընտրություն՝ կապված տնտեսական կայունացման, տարածաշրջանային ինտեգրման, անվտանգության դիվերսիֆիկացիայի և, մյուս կողմից, գոյաբանական խնդիրների միջև։ Սոցիոլոգիական չափումները և հանրային դիսկուրսը ցույց են տալիս, որ հասարակության մի զգալի հատված պատրաստ է ընդունել կարգավորումը որպես «դե ֆակտո» իրականություն, որն այս պահին առաջարկում է ելք մեկուսացումից։ Սակայն դրական դինամիկան չի վերացնում խորքային անվստահությունը։ Հասարակությունը դեռ չի բուժվել, հետտրավմատիկ շոկերի հետ համակարգային աշխատանք չի տարվել, Արցախի կորուստը, 2020-2023 թվականների պատերազմները և մշակութային ժառանգության ոչնչացման հետևանքները, անհետ կորածների ճակատագրերի անորոշությունը շարունակում են ազդել համընդհանուր գիտակցության վրա։
Այս ֆոնին «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվը, ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հավակնությունները, ռազմագերիների դատապարտումն ընդհուպ ցմահ ազատազրկման, ընկալվում են որպես էական ցուցիչներ հակառակ կողմի մտադրությունների մասին։
Ադրբեջանական հասարակություն. հաղթանակի էյֆորիա և ինստիտուցիոնալ ատելություն
Ադրբեջանում իրավիճակը փոքր-ինչ այլ է։ Հաղթանակի էյֆորիան և պետական քարոզչությունն սփոփում են հասարակությանը՝ ստեղծելով «հաղթողի բացարձակ գերազանցության» նարատիվ։ Սոցհարցումները ցույց են տալիս հայերի հետ համակեցության ցածր պատրաստակամություն։
Ամենախնդրահարույցը կրթական համակարգն է, որտեղ ատելության խոսքը ինստիտուցիոնալ բնույթ ունի, այն գործում է որպես հիմնական սոցիալիզացիոն գործիք։
Ամիսներ առաջ Ադրբեջանի դպրոցներից մեկում բեմադրված տեսարանը, որը ներառում է հայ զինվորի ստորացման բեմադրություն, վկայում է, որ ատելության խոսքը մարգինալացում չի ապրում, շարունակում է լինել պետական քաղաքականության կարևորագույն հիմնասյուներից մեկը։ Անկախ պաշտոնական խոսույթում նկատվող փոփոխությունից՝ նման օրինակները լրջորեն հակասում են խաղաղության օրակարգին և, ըստ էության, կրթում «թշնամանքի սերունդ»։ Նմանօրինակ պրակտիկաները երաշխավորում են երկարաժամկետ կախվածություն պատմական բացասական ուղղվածությամբ հետագծից՝ դժվարացնելով հաշտեցման գործընթացը։
Առևտրային հարաբերություններ և փորձագիտական դիվանագիտություն՝ որպես վստահության կառուցման գործիքներ
2025-ին մեկնարկած առևտրային հարաբերությունները (ադրբեջանական բենզինի մատակարարումներ, տարանցիկ երթուղիներ և այլն) ներկայանում են որպես «low politics» ասվածի կարևոր տարր։ Այս գործընթացը ստեղծում է (կամ դեռ պիտի ստեղծի) փոխադարձ կախվածության, նաև՝ վստահության տարրեր, և կարող է աստիճանաբար մեղմել հակադրությունները։ Հայաստանում ադրբեջանական ապրանքների նկատմամբ անհանդուրժողականության ալիքները, ամենայն հավանականությամբ, փոքրիշատե կմեղմվեն, երբ հայելային կերպով Ադրբեջանում ևս հայտնվեն հայկական ապրանքներ։ Վստահաբար, այնտեղ ևս բողոքի ալիք կբարձրանա, որից հետո իրավիճակի հետ համակերպվածությունն, ըստ էության, կհանգեցնի նրան, որ հասարակությունները որոշ առումով կխաղաղվեն պրագմատիկ անտարբերության ճանապարհով։ Այսինքն, ոչ թե կընդունեն հայկական կամ ադրբեջանական ծագմամբ ապրանքները գոյությունը շուկաներում, այլ պարզապես անտարբեր կլինեն այդ հանգամանքի հանդեպ։ Այս դինամիկան ցույց է տալիս, որ տնտեսական շահը կարող է աստիճանաբար մեղմել նմանօրինակ հակադրությունները՝ հասարակություններին մոտեցնելով ոչ թե հաշտեցման, այլ՝ համակարգային անտարբերության, որը չի լուծում խորքային խնդիրները, բայց ստեղծում է կառավարելի կայունություն։
Ինչ վերաբերում է դեմ առ դեմ շփումներին, ապա փորձագիտական փոխայցերը, որոնք հենց իրենք՝ մասնակիցները, անվանում են Track 1.5 դիվանագիտություն, հեռանկարային են՝ հարաբերություններում առկա սառույցը կոտրելու և միմյանց հետ «լեզու գտնելու» տեսանկյունից։ Այս հանդիպումները, որոնցում վերջին անգամ մասնակցում էին ընդհուպ 20 պատվիրակ ամեն կողմից, թույլ են տալիս դուրս գալ պաշտոնական կաղապարներից և փնտրել փոխզիջումային լուծումներ՝ գոնե այդ մակարդակներում։ Սակայն երկու կողմերում էլ այս նախաձեռնությունների հանդեպ անվստահություն կա, ինչը նորմալ է հետհակամարտային արդի փուլում։
Խաղաղության դասեր
Տարածաշրջանային խաղաղության կառուցման փորձը հստակ ցույց է տալիս, որ կայուն կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ էլիտաների մակարդակով ձեռք բերված համաձայնությունը համընկնում է հասարակություններում ինստիտուցիոնալ փոփոխությունների և դրանց պատրաստվածության հետ։
Դասական հաջողված օրինակ է Ֆրանսիա-Գերմանիա հակամարտության հաղթահարումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Թշնամանքի ֆոնին երկու պետությունները չսահմանափակվեցին պաշտոնական պայմանագրերով։ Նրանք ստեղծեցին Ածխի և պողպատի եվրոպական համայնքը, որը հետագայում վերածվեց ԵՄ-ի, ներդրեցին համատեղ դպրոցական ծրագրեր, համատեղ հուշահամալիրներ և պատմական հիշողության ընդհանուր մեկնաբանություն։ Այս հաշտեցման մոդելը հիմնված էր ոչ միայն տնտեսական փոխկապակցվածության, այլև՝ ատելության նարատիվների դուրսմղման վրա։ Արդյունքում, երկու հասարակություններն անցան «թշնամուց գործընկեր» փոխակերպման փուլով։ Այս ֆորմուլան հայ-ադրբեջանական հասարակությունների դեպքում թեև, տեսականորեն, կիրառելի կարող է լինել, սակայն պրակտիկայում հասարակությունները բացարձակ պատրաստ չեն։
Եգիպտոս-Իսրայել խաղաղության պայմանագիրը (Քեմփ Դեվիդ, 1979թ․) ցույց է տալիս մեկ այլ տարբերակ։ Այն հաջողվեց՝ շնորհիվ ԱՄՆ-ի ուժեղ միջնորդության, անվտանգության երաշխիքների և տնտեսական օգնության։ Սակայն հասարակական մակարդակում խաղաղությունը մնաց «սառը»՝ առանց խորքային հաշտեցման։ Երկու հասարակություններում էլ պահպանվեցին կասկածներն ու կարծրատիպերը, ինչն, ինչպես տեսնում ենք այսօր, լարվածության օջախ է դառնում։
Դրական օրինակներ են Հյուսիսային Իռլանդիայի (Բելֆաստի համաձայնագիր, 1998թ․) և Բալկանների գործընթացները։ Այստեղ հաջողության գրավականը դարձան անցումային արդարադատության մեխանիզմները, զոհերի ճանաչումը, կրթական բարեփոխումները և միջազգային հանրության երկարաժամկետ ներգրավվածությունը։ Այս մոդելները ցույց են տալիս, որ տրավմայի մշակումը և երիտասարդ սերունդների դաստիարակությունը առանցքային են երկարաժամկետ կայունության համար։
Հայաստան-Ադրբեջան գործընթացում այս դասերը հատկապես արդիական են։ Ի տարբերություն Ֆրանսիա-Գերմանիա օրինակի՝ երկու հասարակությունների միջև դեռ չկա նարատիվների համատեղ վերանայման կամ կրթական համակարգերում (հատկապես՝ Ադրբեջանի) հայերի դեհումանիզացիան վերացնելու որևէ նշան։
Եգիպտոս-Իսրայելի «սառը խաղաղության» սցենարը մեր տարածաշրջանի համար ռիսկային է, քանի որ առանց հասարակական հաշտեցման՝ գործընթացը կարող է մնալ էլիտաների միջև և չդառնալ կայուն։ Միաժամանակ, Հյուսիսային Իռլանդիայի և Բալկանների փորձը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում անհրաժեշտ է համատեղ կամ միջազգային մեխանիզմներ՝ տրավմայի մշակման և նարատիվների հետ աշխատելու համար։ Առանց դրանց՝ առևտրային կապերի և փորձագիտական դիվանագիտության քայլերը թեև օգտակար են, բայց չեն կարող երաշխավորել երկարաժամկետ կայունություն։
Ամփոփում. դեպի կայուն խաղաղության հեռանկարնե՞ր
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ունի խիստ անհամաչափ ազդեցություն։ Հայաստանում գերակշռում է պրագմատիկ մոտեցումը՝ զուգակցված հետտրավմատիկ անվստահության հետ։ Ադրբեջանում պետական ագրեսիվ խոսույթն ու կրթական ինստիտուցիոնալ ատելությունը շարունակում են գերիշխել։ Տարածաշրջանային օրինակները հստակ ցույց են տալիս, որ առանց կրթական բարեփոխումների, տրավմայի մշակման և փոխադարձ հարգանքի հստակ ու ամրագրված հիմքերի՝ խաղաղությունը կմնա փխրուն։
Առևտրային կապերի զարգացումը և փորձագիտական երկխոսությունը կարող են ծառայել որպես վստահության կառուցման քայլեր, սակայն հարկ է նշել, որ առանց մարդասիրական խնդիրների լուծման և հասարակությունների հետ համակարգային աշխատանքի՝ գործընթացը մնալու է տուրբուլենտ գոտում։ Ըստ էության, քաղաքագիտության տեսանկյունից սա հաստատում է, որ իսկական խաղաղությունը պահանջում է ոչ միայն էլիտաների համաձայնություն, այլև նարատիվների մենամարտում հարգանք երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հանդեպ, ինքնության և պատմական հիշողության պահպանում՝ զուգահեռաբար իրականության և առկա իրողությունների հետ հաշվի նստելով։ Առանց այս ամենի՝ գործընթացը ինչ-որ պահի կրկին հանգեցնելու է էսկալացիայի։ Միայն գործնական քայլերով և փոխադարձ հարգանքի ու մարդասիրության հիմքերով հնարավոր կլինի անցում կատարել ձևական խաղաղությունից դեպի շոշափելի կայունություն։
Դիանա Կարապետյան