Հայաստանի ժողովրդավարական ընթացքը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում

հեղ․ Armenian Council

Հայաստանի ժողովրդավարական ընթացքը վերջին տարիներին թևակոխել է մի փուլ, երբ այլևս չի կարող դիտարկվել որպես զուտ ներքաղաքական գործընթաց։ Այն զարգանում է աշխարհաքաղաքական խորքային վերադասավորումների, տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության փոփոխության և մեծ տերությունների մրցակցության պայմաններում։ Այս համատեքստում, ժողովրդավարությունը Հայաստանում ձեռք է բերում բազմաշերտ բնույթ, միաժամանակ հանդես գալով որպես ներքին կառավարման մոդել, արտաքին քաղաքական լեգիտիմության աղբյուր և, որոշ դեպքերում, նաև խոցելիության աղբյուր։

Ժամանակակից միջազգային փորձը ցույց է տալիս, որ փոքր և միջին պետություններում ժողովրդավարական զարգացումները գրեթե միշտ ընթանում են արտաքին անվտանգության ճնշումների պայմաններում։ Օրինակ, Բալթյան երկրներում՝ Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ին ինտեգրման և ռուսական սպառնալիքի մշտական ընկալման ֆոնին։

Հայաստանը նույնպես բացառություն չէ այս օրինաչափությունից։ 2020 թվականից հետո ձևավորված անվտանգային միջավայրը էապես վերափոխեց պետական առաջնահերթությունների կառուցվածքը։ Եթե նախկինում ժողովրդավարական բարեփոխումները դիտարկվում էին որպես երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացման ուղի, ապա պատերազմից հետո առաջացած մարտահրավերները պետությանը պարտադրեցին արագ, հաճախ՝ ոչ ստանդարտ և ճգնաժամային որոշումներ։ Պետական դիմակայունությունը, սահմանների անվտանգությունը, բանակի վերակազմավորումը և արտաքին քաղաքական նոր գործընկերների որոնումը դարձան առաջնային օրակարգային հարցեր։

Այնուամենայնիվ, հենց այս բարդ միջավայրում ավելի ակնհայտ դարձավ, որ ժողովրդավարությունը ոչ միայն արժեքային ընտրություն է, այլև՝ պետական կենսունակության գործոն։ Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը և կառավարման թափանցիկությունը մեծացնում են պետության միջազգային վստահելիությունը և ձևավորում համագործակցության ավելի լայն հնարավորություններ։ Հայաստանի դեպքում հենց ժողովրդավարական օրակարգին հանձնառության շնորհիվ են հնարավոր դարձել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը (EUMA), Եվրոպական խաղաղության հիմնադրամից աջակցության տրամադրումը, Եվրոպական միության գործընկերության առաքելության տեղակայումը (EUPM), Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների մեկնարկը: Այս համատեքստում, ժողովրդավարությունը դարձել է արտաքին քաղաքական կապիտալ, որը բացում է համագործակցության նոր հնարավորություններ։

Սակայն այս գործընթացը ունի նաև կառուցվածքային սահմանափակում։ Արտաքին ժողովրդավարական աջակցությունը ոչ միշտ է ուղեկցվում հստակ և ինստիտուցիոնալ անվտանգության երաշխիքներով։ Այս հանգամանքը հաճախ դառնում է ներքաղաքական շահարկումների առարկա, որտեղ ձևավորվում է կեղծ դիլեմա՝ «ժողովրդավարությունն ընդդեմ անվտանգության»։ Հայաստանյան որոշ քաղաքական շրջանակներ պնդում են, թե

կենտրոնացված կամ ավտորիտար մոդելները կարող են ավելի արդյունավետ արձագանքել անվտանգության մարտահրավերներին։

Այս մոտեցումը, սակայն, անտեսում է միջազգային փորձը․ աշխարհում տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական առաջատար երկրների մեծ մասը ժողովրդավարական համակարգեր ունեն։ Ավելին, երկարաժամկետ անվտանգությունն առավել կայուն է այն համակարգերում, որտեղ գործում են հաշվետվողականությունը, իշխանության վերահսկելիությունը և ինստիտուցիոնալ հակակշիռները։ Այս իմաստով ժողովրդավարությունը ոչ թե անվտանգության այլընտրանք է, այլ դրա կառուցվածքային հիմքերից մեկը։

Հայաստանը ներկայումս գտնվում է ժողովրդավարական անցման փուլում։ Միջազգային ժողովրդավարության ինդեքսներում այն հաճախ դասակարգվում է որպես հիբրիդային կամ անցումային համակարգ, որտեղ ինստիտուցիոնալ կայունությունը դեռևս ձևավորման փուլում է։ Ինչպես ժամանակին նշել է Սամուել Հանթինգտոնը, քաղաքական կարգի կայունությունը կախված է ոչ միայն ժողովրդավարության աստիճանից, այլև՝ ինստիտուցիոնալ զարգացման մակարդակից։

Ընտրությունները՝ ժողովրդավարության «ստրես տեստ»: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարելի է դիտարկել որպես Հայաստանի ժողովրդավարական համակարգի ինստիտուցիոնալ «ստրես տեստ»։ Դրանք ստուգելու են ոչ միայն ընտրական մեխանիզմների տեխնիկական որակը, այլև քաղաքական համակարգի դիմակայունությունը արտաքին և ներքին ճնշումների պայմաններում։

Այս ընտրությունները առանձնանում են իրենց բարձր աշխարհաքաղաքականացվածությամբ։ Հայաստանի անկախությունից ի վեր հազվադեպ է եղել իրավիճակ, երբ ներքաղաքական մրցակցությունը այսքան սերտորեն միահյուսվի տարածաշրջանային և գլոբալ ուժային կենտրոնների շահերին։ Նախընտրական պայքարի շրջանակներում արդեն հստակորեն ուրվագծվում են քաղաքական ուժերի արտաքին քաղաքական մոտեցումներն ու կողմնորոշումները, իսկ տարբեր ուժային կենտրոններ չեն թաքցնում իրենց հետաքրքրությունը Հայաստանում քաղաքական զարգացումների վերաբերյալ: Այս ամենի արդյունքում ընտրական գործընթացը վերածվում է ոչ միայն ներքին քաղաքական ընտրության, այլև՝ տեղեկատվական, դիվանագիտական և գաղափարական ազդեցությունների մրցադաշտի, ինչը հաճախ դրսևորվում է հիբրիդային գործիքակազմով:

Միաժամանակ, կարևոր է հասկանալ, որ ընտրություններն ինքնին չեն լուծում ռազմավարական անվտանգության կամ զարգացման խնդիրները։ Դրանք առավելապես հանդիսանում են քաղաքական լեգիտիմության վերարտադրության, ոչ թե համակարգային խնդիրների վերջնական լուծման մեխանիզմ։ Այդ պատճառով, հետընտրական քաղաքական կայունությունը դառնում է նույնքան կարևոր, որքան՝ ընտրությունների ընթացքը։

Հայաստանի ժողովրդավարական ընթացքի գլխավոր խոչընդոտները: Հայաստանի ժողովրդավարական զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ ինստիտուտների թուլությունը։ Թեև վերջին տարիներին իրականացվել են մի շարք բարեփոխումներ, պետական ինստիտուտների կայունությունն ու կանխատեսելիությունը դեռևս բավարար մակարդակի վրա չեն։ Սա սահմանափակում է քաղաքական որոշումների

երկարաժամկետ արդյունավետությունը և ստեղծում կախվածություն իրավիճակային լուծումներից։

Երկրորդ կարևոր խնդիրը քաղաքական բևեռացման խորացումն է։ Հայաստանում քաղաքական դիսկուրսը հաճախ դուրս է գալիս գաղափարական մրցակցության շրջանակներից և վերածվում արժեքային ու անձնավորված հակամարտության, ինչը նվազեցնում է փոխզիջման հնարավորությունները և խոչընդոտում քաղաքական համակարգի ներառականությունը։

Երրորդ խնդիրն այն է, որ տեղեկատվական միջավայրի խոցելիությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Ապատեղեկատվական հոսքերը, արտաքին տեղեկատվական ազդեցությունները և սոցիալական մեդիայի արագ տարածվող նարատիվները կարող են էապես խաթարել հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Սա հատկապես վտանգավոր է Հայաստանի նման անցումային ժողովրդավարությունների համար, որտեղ ինստիտուցիոնալ դիմադրողականությունը դեռևս սահմանափակ է։

Այս բոլոր գործոնները միասին ձևավորում են իրավիճակ, որտեղ ժողովրդավարության զարգացումը պահանջում է ոչ միայն քաղաքական կամք, այլև՝ երկարաժամկետ ինստիտուցիոնալ ռազմավարություն և հասարակական համախմբվածություն։

Ամփոփում: Չնայած առկա մարտահրավերներին՝ Հայաստանի ժողովրդավարական համակարգը ցուցաբերում է որոշակի դիմակայունություն։ Քաղաքացիական հասարակության ակտիվությունը, հանրային քաղաքական քննարկումների առկայությունը և մրցակցային քաղաքական միջավայրը վկայում են, որ ժողովրդավարությունը շարունակում է պահպանել իր կենսունակությունը։

Այնուամենայնիվ, դրա հետագա զարգացումը կախված է ինստիտուցիոնալ ամրապնդումից, քաղաքական մշակույթի էվոլյուցիայից և արտաքին քաղաքական հավասարակշռվածությունից։

Այսպիսով, Հայաստանի ժողովրդավարական ընթացքը ձևավորվում է ոչ թե գծային զարգացմամբ, այլ բարդ փոխազդեցությունների արդյունքում, որտեղ ներքին ինստիտուցիոնալ զարգացումները և արտաքին աշխարհաքաղաքական ճնշումները մշտապես փոխպայմանավորում են միմյանց։

Նարեկ Մինասյան

Ընթերցեք նաև