Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքները և քաղաքացիական հասարակության անելիքները

հեղ․ Armenian Council

Բազմաթիվ ժողովրդավարական կամ ժողովրդավարացման ճանապարհով ընթացող երկրներ այսօր ենթարկվում են հիբրիդային հարձակումների, որոնք հիմնականում ձեռնարկվում են ավտորիտար պետությունների կողմից։ Սովորաբար, հիբրիդային հարձակումների թիրախում են լինում պետական ինստիտուտները, կառավարությունները, ավելի հաճախ՝ հենց երկրի ղեկավարը, ժողովրդավարության ջատագովությամբ զբաղվող կազմակերպությունները և անձինք։ Այսօր մի շարք պետություններ և կազմակերպություններ մշակել են ռազմավարություններ, ստեղծել են հատուկ կառույցներ, որոնց նպատակն է արդյունավետ դիմակայել հիրբրիդային հարձակումներին։ Սակայն միայն պետական մակարդակով հնարավոր չէ արդյունավետ պայքարել նման երևույթների դեմ։ Այս առումով չափազանց մեծ դերակատարություն ունեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ), հատկապես նրանք, որոնք զբաղվում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով։

Բնականաբար, յուրաքանչյուր ինստիտուտ ունի իր առանձնահատկությունները։ Պետական մարմիններն ունեն շատ ավելի լայն գործիքակազմ, սակայն, օրինակ, քաղաքացիական հասարակության ինստիտուտներն էլ, իրենց հերթին, առավել սերտ կապեր ունեն քաղաքացիների տարբեր շրջանակների և հենց իրենց շահառուների հետ, և դա կարևոր առավելություն է։ Եթե պետական կառույցները տիրապետում են ուժային լծակների և տարբեր մարմինների միջոցով կարող են հայտնաբերել ու ուժային գործիքներով չեզոքացնել հիբրիդային հարձակումների մաս կազմող տարբեր երևույթներ, օրինակ՝ բացահայտել և խափանել անօրինական ֆինանսական հոսքերը, արտասահմանից եկող անօրինական ազդեցությունը ընտրական գործընթացի վրա, օտարերկրյա սադրիչների գործունեությունը և այլն, ապա քաղաքացիական հասարակության կառույցները հիմնականում կարող են դիմել փաստերի ստուգման (fact-checking), իրականացնել մամուլի մշտադիտարկում, անցկացնել լրագրողական հետաքննություններ (այդ թվում «ներդրված»՝ undercover) և, իհարկե, կազմակերպել մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված բազմաբնույթ միջոցառումներ։

Այսօր Հայաստանն ամենաշատ հիբրիդային հարձակումների ենթարկվող թիրախներից մեկն է։ Մասնավորապես, գրեթե բոլոր ռուսական ծագում ունեցող ապատեղեկատվական ցանցերը, որոնք վերջին տարիներին ակտիվ էին հատկապես Ուկրաինայի և Մոլդովայի ուղղությամբ, սկսած 2025թ. կեսերից՝ ծավալուն աննախադեպ արշավներ են իրականացնում Հայաստանի դեմ։ Վստահաբար, նման արշավների ինտեսիվացումը պայմանավորված է Հայաստանում հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հանգամանքով։ Այսինքն, այդ արշավներն ունեն նաև կոնկրետ կարճաժամկետ նպատակ՝ ազդել ընտրությունների արդյունքների վրա, խաթարել ընտրական գործընթացը։ Այս հարձակումների, դրանց շրջանակներում առաջ մղվող նարատիվների մասին ինքս գրել եմ մի քանի հոդված, վերլուծություններ եմ ներկայացրել նաև տարբեր լրատվական հաղորդումների միջոցով։ Այն, որ Հայաստանի դեմ կան հիբրիդային սպառնալիքներ, հստակ նշված է նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում։ Չմոռանանք, որ Հայաստանը Եվրամիությունից աջակցություն է խնդրել այդ հարձակումներից պաշտպանվելու նպատակով։

Կարևոր է, որ մի շարք հայաստանյան հասարակական կազմակերպություններ, հիմնականում՝ արևմտյան դոնորների աջակցությամբ, արդեն իսկ հիբրիդային հարձակումներին դիմակայելուն ուղղված մի շարք տարբեր ծրագրեր են իրականացնում։ Թեև դրանց արդյունավետությանը գնահատական տալը շատ բարդ է, ինչպես նաև դեռ վաղ է նման չափումներ անելու համար, սակայն փաստն այն է, որ առնվազն սոցիալական ցանցերում տեսնում ենք նրանց աշխատանքի որոշակի արդյունքներ։ Հատկապես ակտիվ են փաստերի ստուգմամբ զբաղվող հարթակները։ Դրական է նաև այն, որ այս առումով ձևավորվել է համագործակցության ձևաչափ ինչպես ներհայաստանյան, այնպես էլ՝ միջազգային և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների միջև, ինչը լուրջ ձեռքբերում է։ Այնուամենայնիվ, հենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նկատում են, որ հանրության (հատկապես՝ երիտասարդության) շրջանում այսօր բավական լայն տարածում են ստացել այն նարատիվները, որոնք առաջ են քաշվում հիբրիդային սպառնալիքների մաս կազմող ապատեղեկատվական արշավների շրջանակներում, հատկապես՝ Հայաստանի դեմ։ Սա լուրջ մարտահրավեր է, որի իրական ծավալները հնարավոր կլինի պարզել միայն լայնածավալ ու խորքային հետազոտությունների արդյունքում։

Երևանում և մարզերում հանրության տարբեր շերտերի հետ հանդիպումներն ու հիբրիդային սպառնալիքներին նվիրված դասընթացներն, իրենց հերթին, հիբրիդային սպառնալիքների դեմ կարևոր հակազդեցության միջոց են։ Կարող եմ ասել, որ, որպես կանոն, մասնակիցների միայն փոքր մասն է լինում հիբրիդային մանիպուլյատիվ նարատիվների կրող։ Մեծ մասը, հատկապես՝ դասընթացի վերջում, շատ լավ է ըմբռնում հիբրիդային հարձակումների էությունը և գիտակցում, որ Հայաստանը հարձակման է ենթարկվում, առաջին հերթին, Կրեմլի կողմից։ Թեև մարդիկ դեռևս դժվարությամբ են կարողանում հստակ ձևակերպել խնդիրները կամ սահմանումներ տալ, սակայն այն հիմնական խմբերը, որոնց հետ հնարավորություն է ընձեռնվում աշխատել, այնուամենայնիվ, օգտակար են որոշակի պատկերացում կազմելու տեսանկյունից։

Ընդհանուր առմամբ, ՔՀԿ-ների կողմից հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու արդյունավետությունը կախված է մի շարք հանգամանքներից։ Նախ, շատ կարևոր է, որ այդ կազմակերպություններն իրենց օրակարգում ունենան կոնկրետ, թեկուզ՝ կարճաժամկետ ծրագրեր, նվիրված հենց հիբրիդային սպառնալիքներին։ Որքան շատ լինեն նման օրակարգ ունեցող կազմակերպությունները, այնքան արդյունավետ կլինի պայքարը։ Սակայն այստեղ ի հայտ է գալիս այն գաղափարը, որ արդյունավետության համար անհրաժեշտ է նաև որոշակի համագործակցություն ՔՀԿ-ների միջև։ Դա, նախ և առաջ, պետք է ռեսուրսների և ջանքերի կրկնողությունից խուսափելու համար, ինչը թույլ կտա ստեղծել տեղեկատվության փոխանակման միասնական հարթակներ և համակարգված հակազդման մեխանիզմներ։ Բացի

այդ, դա թույլ կտա սահմանափակ ֆինանսական և մարդկային ներուժն օգտագործել առավելագույնս նպատակային և ապահովել թիրախային արդյունքներ։

Չափազանց կարևոր է նաև այս հարցում ՔՀԿ-ների համագործակցությունը պետական մարմինների հետ։ Ինչպես կոնվենցիոնալ պատերազմի դեպքում, երբ պետությունն ավելի արդյունավետ պայքար է մղում, երբ պետական ինստիտուտներն ու հասարակական կառույցները գործում են համատեղ, այնպես էլ՝ այս դեպքում համագործակցությունը արդյունավետության է բերում, քանի որ հիբրիդային հարձակումն արտաքին ազդեցություն է, որի նպատակը պետության և հասարակության դիմադրողականության թուլացումն է։ Սակայն նման համագործակցության գաղափարը հայաստանյան ՔՀԿ-ների շրջանում այնքան էլ տարածված չէ մի շարք պատճառներով։ Նախ, կա վախ, որ համագործակցության դեպքում իրենց այլևս չեն ընկալի որպես անկախ ու չեզոք կառույց և կմեղադրեն իշխանությունների շահերը սպասարկելու մեջ։ Երկրորդ պատճառը պետական մարմինների և քաղաքացիական հասարակության որոշ հատվածների միջև առկա փոխադարձ անվստահությունն է։ Վերջապես, դեռևս չի գտնվել համագործակցության արդյունավետ ձևաչափ: Ցանկալի կլիներ, որ այս ուղղությամբ հետազոտություններ կատարվեին։ Կարծում եմ, որպես օրինակ, կարելի է ստեղծել միասնական շտաբ՝ հիբրիդային հարձակումների դեմ իրականացվող տարաբնույթ գործունեությունը որոշակիորեն համակարգելու համար։

Հայաստանի պարագայում չափազանց օգտակար է նաև տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը։ Հատկապես ուշագրավ է մոլդավական փորձը, որտեղ, օրինակ, ստեղծվել է Ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը (Stratcom)։ Մոլդովան հիմնեց մի մասնագիտացված պետական կառույց, որի նպատակը ոչ միայն կեղծիքների հերքումն է, այլև դրանք չեզոքացնող նարատիվների մշակումը։ Այն սերտորեն աշխատում է քաղաքացիական հասարակության և անկախ լրագրողների հետ։ Մոլդովայում մեծ ուշադրություն են դարձրել ոչ միայն դեբանքինգին (debunking), այսինքն՝ արդեն տարածված ստի կամ կեղծիքի բացահայտմանը, այլև, առավելապես, փրիբանկինգին (prebunking), երբ մարդկանց նախապես բացատրում են, թե ինչպես են աշխատում մանիպուլյացիաները (օրինակ, ինչպես են օգտագործվում հույզերը, վախը կամ կեղծ փորձագետները)։ Հարկ է նշել Մոլդովայում հետաքննող լրագրողների աշխատանքը. մի քանի լրագրողներ «ինքնաներդրվել» են ընտրությունների վրա անօրինական ազդելու նպատակով ստեղծված ռուսական և պրոռուսական խմբերում, ձայնագրել ու տեսագրել ներքին գործընթացները և ապացուցել, որ Ռուսաստանից հսկայական ապատեղեկատվություն ու ֆինանսական միջոցներ են ուղղվում ընտրողների կամքի վրա ազդելու, ներքաղաքական լարվածություն հրահրելու և պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը քանդելու համար։

Հայաստանյան ՔՀԿ-ների և ակտիվիստների համար այսօր առավել քան արդիական է հենց հետաքննական գործունեությունը՝ ուղղված ընտրություններին արտաքին միջամտության բացահայտմանը և հակազդեցության միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Ռուսաստանից եկող ֆինանսական հոսքերի մասին

շրջանառվող լուրերը, որոնք նպատակ ունեն այս կամ այն կերպ գնել ընտրողների ձայները և ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Էդգար Վարդանյան

Ընթերցեք նաև