Փաշինյանի սպասվող այցը Մոսկվա․ բարդ է, բայց անհրաժեշտ

հեղ․ Armenian Council

Ինչպես Բիշքեկում պայմանավորվել են ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը, մոտ ժամանակներում սպասվում է, որ Մոսկվայում նրանք կհանդիպեն և կքննարկեն երկուստեք կարևորություն ներկայացնող հարցեր։ Բայց ինքնին նման պայմանավորվածության առկայությունը ցույց է տալիս, որ Բիշքեկում քննարկումները բացահայտել են ոչ միայն անորոշություններ, այլև որոշ հարցերի վերաբերյալ կողմերի մոտեցումների հստակ հակասություններ։

Կարելի է ենթադրել, որ հակասություններ են առկա այն գլխավոր երկու հարցում, որոնց վերաբերյալ ՀՀ և ՌԴ պաշտոնյաների խոսույթը չի համընկնում։ Խոսքը, մի կողմից, «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ից Հայաստանի երկաթուղիների կառավարման պայմանագիրը խզելուն, մյուս կողմից՝ Եվրամիություն թե Եվրասիական միություն հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն է վերաբերվում։ Օրակարգային մի շարք այլ հարցեր, որոնց շուրջ կա հանրային և պաշտոնական խոսույթ (բնական գազի գնի հնարավոր փոփոխության, ռուսական 102-րդ ռազմաբազայի, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման, տնտեսական խնդիրներ և այլն), ըստ էության, այս երկու գլխավոր հարցի ածանցյալն են։ Եթե Հայաստանի վարչապետը մեկնելու է ՀԿԵ հարցը լուծելու հստակ նպատակադրմամբ, ապա Պուտինն ամեն ինչ անելու է՝ այս հարցը երկրորդական դարձնելու և այլ խնդիրների շուրջ երկխոսությունը կառուցելու համար։

Ինչ վերաբերում է ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքին, այստեղ ճնշումը լինելու է ահռելի։ Եթե Բիշքեկում Փաշինյանին հաջողվել է մի շարք հարցերի հետ փոխկապակցել հանրաքվե անցկացնելու հավանականությունը, այս անգամ ՌԴ նախագահը պատրաստ է լինելու դրանց հակադարձել։ ՀՀ վարչապետի առջև բարդ խնդիր է դրված՝ գտնել նոր հիմնավորումներ, որոնք, նախկինների հետ զուգահեռ, տրամաբանորեն անիմաստ կդարձնեն այս պահին հանրաքվեի անցկացումը։ Միաժամանակ, Փաշինյանը պետք է կարողանա թույլ չտալ, որ այս խնդիրը որևէ կերպ փոխկապակցվի երկաթուղիների հարցին։

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետագա ճակատագրին, այն ևս կախված կլինի գլխավոր հարցերի վերաբերյալ երկու լիդերի հնարավոր համաձայնություններից։ Ռուսական կողմն արդեն ակնարկել է, որ Հայաստանի կողմից բազայի տեղակայման պայմանների հարց բարձրացնելու դեպքում կարող է հանել այն։ Հայաստանն էլ, ըստ էության, ցույց է տվել, որ դեմ չէ նման հեռանկարին։ Սա կարող է նշանակել, որ հանդիպման ընթացքում, երկաթուղու կոնցենսիոն պայմանագրի խզման դիմաց ռուսական կողմի ֆինանսական մեծ պահանջների դեպքում, բազայի հետագա գործունեության վերաբերյալ ևս կարող են լինել բարդ քննարկումներ։ Մասնավորապես, Հայաստանը կարող է հրաժարվել բազայի հետագա սպասարկումից կամ, նույնիսկ, պահանջել վարձակալության գումար։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմից բազայի հեռացման առաջարկը կրկնելու դեպքում էլ Փաշինյանը դժվար թե զիջումների գնա, քանի որ այլևս հետքայլ անելու հնարավորություն չկա։

Ինչ էլ լինի, Հայաստանի վարչապետը մեկնելու է Մոսկվա իր օրակարգով, սակայն ստիպված է լինելու մասնակցել նաև անցանկալի հարցերի քննարկումների։ Հայաստանի շահերից բխող համաձայնությունների հասնելն այս անգամ չափազանց բարդ է լինելու, սակայն այլընտրանք չկա․ Հայաստանը կարմիր գծերի շեմին է։ Ինչ գնով էլ լինի, անհրաժեշտ է գտնել վերոնշյալ համաձայնություններին հասնելու բանալին։

Ընթերցեք նաև