ԵԱՏՄ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԵՒ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

հեղ․ Armenian Council

Հայաստանի այսօրվա քաղաքական կյանքում քննարկվող կենտրոնական հարցերից մեկը վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցությանը և այդ կառույցում Հայաստանի մասնակցության հեռանկարներին։ Թեև այս հարցը քողարկված (կամ մասամբ քողարկված) կերպով գոյություն ուներ շատ վաղուց, սակայն այն առավել ցցուն կերպով երևան եկավ և նշանակություն ձեռք բերեց հատկապես վերջերս՝ խորհրդարանական ընտրություններից շաբաթներ առաջ Հայաստանի արտահանման նկատմամբ սկիզբ առած ռուսական սահմանափակումների պատճառով։ Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծվող կենդանական ծագման ապրանքների նկատմամբ սանիտարական և ֆիտոսանիտարական սահմանափակումների կամայական կիրառումը ստիպեց մտածել ԵԱՏՄ էության և այդ կառույցին Հայաստանի անդամակցության առավելությունների ու թերությունների մասին։ Տեղի ունեցող զարգացումները ստիպեցին առավել առարկայական կերպով մտածել այլընտրանքի մասին։ Ստորև ներկայացված հոդվածում փորձ է արվում քննության առնել և վերլուծել այս հարցի որոշ գործնական ասպեկտներ՝ դրանք դիտարկելով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների տեսանկյունից։

ԵԱՏՄ-ն ստեղծվել է որպես մի կառույց, որը պետք է ապահովի իր անդամ պետությունների միջև ապրանքների, ծառայությունների, աշխատանքային ուժի և կապիտալի ազատ տեղաշարժը։ Կարճաժամկետ շահերի առումով, մասնակցությունը ԵԱՏՄ-ին, անշուշտ, կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար։ Դա այդպես է, քանի որ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ արտաքին առևտրում Հայաստանն օգտվում է այդ կառույցի շրջանակներում գործող ազատ առևտրի առավելություններից։ Հայաստանը նաև օգտվում է ԵԱՏՄ միասնական մաքսային ռեժիմների հնարավորություններից։

Պատահական չէ, որ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի արտաքին առևտրային առաջնային գործընկերը։ Ըստ որոշ տվյալների՝ 2025 թվականին Հայաստանի արտահանման մեջ Ռուսաստանի տեսակարար կշիռը կազմել է շուրջ 35 տոկոս, ինչը հավասար է Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսին։ Անշուշտ, այդտեղ մեծ է վերաարտահանման (re-export) բաժինը, ինչը պայմանավորված է, մի կողմից, ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի գոյությամբ, մյուս կողմից՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հանգամանքով, ինչը երրորդ երկրներից Ռուսաստան առանց մաքսազերծման, ապրանքներ ներմուծելու հնարավորություն է ընձեռում։

Թեև վերաարտահանման գործոնն իրոք զգալի է, այնուհանդերձ, վերջին տարիներին Ռուսաստանը դարձել է Հայաստանում արտադրվող ապրանքների արտահանման հիմնական շուկան։ Հայաստանից գյուղատնտեսական և ձկնաբուծական արտադրանքի, մշակված գյուղմթերքի, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքի արտահանման 80-90 տոկոսն իրացվում է հենց ռուսական շուկայում, ինչը մեծապես պայմանավորված է ԵԱՏՄ ազատ առևտրի ռեժիմի հանգամանքով և չէր կարող առանց դրա տեղի ունենալ։ Ռուսական շուկայի կորուստն, անշուշտ, ցավալի հարված կհասցնի Հայաստանի այսօրվա տնտեսությանը։

Բացի այդ, և ինչը խիստ կարևոր է, Հայաստանն իր էներգակիրների գերակշռող մեծամասնությունը ստանում է Ռուսաստանից։ Ընդ որում, դա կատարվում է բավականին արտոնյալ գներով։ Դա կենսական նշանակություն ունի մեզ համար և, ֆորմալ առումով, կրկին պայմանավորված է ԵԱՏՄ ներսում գործող կարգավորումներով։ Ակնհայտ է, որ Ռուսաստանից մատակարարվող բնական գազի գնի թանկացումը խիստ բացասական անդրադարձ կունենա Հայաստանի ողջ տնտեսության վրա՝ դրանից բխող սոցիալական և այլ բնույթի վտանգավոր հետևանքներով։

Ներկայացված բոլոր տվյալներն, անշուշտ, տպավորիչ են։ Անդամակցությունը տվյալ պահին անմիջական օգուտներ է տալիս, իսկ անդամակցությունից հրաժարումն իսկույն վնասներ է ծնելու։ Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Հայաստանը պետք է բավարարվի ԵԱՏՄ անդամակցությամբ և հրաժարվի որևէ այլընտրանքի որոնման գաղափարից։ Ըստ էության, դա Հայաստանի համար չի կարող ռացիոնալ համարվել, ինչը հիմնավորվում է մի շարք փաստարկներով։

Բանն այն է, որ ԵԱՏՄ-ին մասնակցությունը Հայաստանին չի ապահովում տնտեսական կայուն զարգացման անհրաժեշտ նախադրյալներ։ Հայաստանն այսօր դասվում է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին։ Կարելի է ասել, որ Հայաստանը, որի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է մոտ 9000 դոլար, հետզհետե մոտենում է այն շեմին, որից հետո տնտեսական կայուն աճի ապահովման մեխանիզմները սկսում են որակապես տարբերվել այն մեխանիզմներից, որոնք արդյունավետորեն գործել են մինչ այդ, երբ երկիրը շատ ավելի ցածր տնտեսական ցուցանիշներ ուներ։ Ըստ Համաշխարհային բանկի 2024 թվականի հեղինակավոր զեկույցի («Middle-Income Trap – World Development Report 2024»)՝ նման պետությունների պարագայում տնտեսական կայուն աճի ապահովման հարցում կարևորվում և առանցքային են դառնում ժողովրդավարական բնույթի ինստիտուտները։ Տասնամյակների միջազգային փորձն ապացուցել է, որ այդ մակարդակին հասած երկրների համար առանց ժողովրդավարության, որտեղ կարևորվում է հատկապես իրավունքի գերակայության ու հաշվետվողականության մեխանիզմների անխափան ու սահուն աշխատանքը, դժվար է ապահովել հետագա տնտեսական զարգացումը։ Ընդ որում, այդ մասին է վկայում ինչպես Կենտրոնական Եվրոպայի, այնպես էլ Հեռավոր Արևելքի երկրների փորձը։ Այդ երկրների անցած ճանապարհը նաև ցույց է տալիս, որ կայուն զարգացման նախադրյալների ստեղծման համար անհրաժեշտ է լինել տնտեսապես հարուստ և արդյունավետ ինստիտուտներով օժտված երկրների գրավիտացիոն դաշտում՝ նրանց ազդեցության շառավղի ներքո։

ԵԱՏՄ-ն իր անդամ պետություններով օժտված չէ ո՛չ մեկով, ո՛չ մյուսով։ Նրա անդամ պետություններին բնավ բնորոշ չէ ժողովրդավարությունը, և նրանք շատ հեռու են աշխարհի առաջատար տնտեսությունների շարքին դասվելուց։ Ռուսաստանը, որը ԵԱՏՄ ներսում եղանակ ստեղծող և հեգեմոն հանդիսացող պետությունն է, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով որակապես զիջում է աշխարհի առաջատար տնտեսություններին։ Նա շատ համեստ դիրքեր է զբաղեցնում համաշխարհային տնտեսության և առևտրի մեջ։ Չնչին է նրա տեսակարար կշիռը բարձր տեխնոլոգիական ապրանքների և, օրինակ, թվային ծառայությունների արտահանման շուկայում։ Ինչ վերաբերում է ժողովրդավարական ինստիտուտներին, ապա դա ԵԱՏՄ գերակա խնդիրներից չէ։ Ի տարբերություն, օրինակ, Եվրոպական միության՝ ԵԱՏՄ-ին մասնակցությունն առհասարակ որևէ կերպ չի նպաստում ժողովրդավարական ինստիտուտների ձևավորմանն ու ամրապնդմանը։ Դրա անուղղակի պատճառներից մեկն այն է, որ ԵԱՏՄ անդամ խոշորագույն պետությունների

տնտեսությունները մեծապես կախված են հումքի արտահանումից, ինչը չի խթանում արտադրողականության աճին նպաստող արդյունավետ ինստիտուտների կայացումը։

Ուրեմն, ի՞նչ է պետք անել։

Ասվածի տրամաբանությունը հուշում է, որ թեև ԵԱՏՄ-ին մասնակցությունն այս պահին առավելություններ է տալիս Հայաստանին, սակայն երկրի կայուն զարգացման նախադրյալների ստեղծման տեսանկյունից այն չի կարող բավարար գործիքներ տրամադրել։ Ակնհայտ է, որ Հայաստանը պետք է տնտեսական ինտեգրացիայի այլ հարթակներ որոնի։

Իսկ ինչպե՞ս կարելի է դա անել։

Առաջին․ պետք է փորձել ԵԱՏՄ «իրավունքի» դաշտում պաշտպանել մեր շահերը։ Դա կարելի է անել ԵԱՏՄ գլխավոր մարմիններում (պետությունների և կառավարությունների ղեկավարների խորհուրդներ), Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, ԵԱՏՄ կոլեգիայում (Հայաստանը երկու անդամ ունի), ԵԱՏՄ հանձնաժողովի դեպարտամենտներում (24 դեպարտամենտից 5-ի պետերը Հայաստանից են) և ԵԱՏՄ դատարանում (11 դատավորից 2-ը Հայաստանից են)՝ դիմելով ԵԱՏՄ փաստաթղթերով և ընթացակարգերով սահմանված միջոցներին։

Երկրորդ․ պետք է նաև ակտիվորեն նոր շուկաներ որոնել և մեր արտաքին տնտեսական կապերի համար լիարժեք այլընտրանքներ գտնել։ Դա կարելի է անել ինչպես մեր տարածաշրջանի երկրների (անմիջական հարևաններ, Ծոցի երկրներ և այլն), այնպես էլ եվրոպական երկրների հետ հարաբերություններում։

Երրորդ․ մեր տարածաշրջանը, ներառյալ անմիջական հարևաններն ու հարակից երկրները, հարուստ է ածխակիրներով, ուստի պետք է էներգակիրների ձեռքբերման նոր աղբյուրներ գտնել՝ ՌԴ-ից մատակարարումներից կախվածությունը որակապես կրճատելու համար։

Կարճաժամկետ առումով այս քայլերն իրոք առաջնային են։ Սակայն խնդրի ֆունդամենտալ լուծման, արտաքին շուկաների բազմազանեցման և արտաքին տնտեսական կապերի այլընտրանքի առումով լավագույն լուծումն, անշուշտ, Եվրոպական միությունն է։

Նախ, ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումներն ու միտումները, ԵՄ-ը շահագրգռված է օժանդակել Հայաստանի՝ արտաքին կապերի բազմազանեցմանն ուղղված ջանքերին։ Դրա վառ ապացույցը Եվրոպական հանձնաժողովի նախագահի 2026 թվականի հուլիսի երկուսին կատարած հայտարարությունն էր, համաձայն որի՝ ԵՄ խորհրդի ու խորհրդարանի հաստատումից հետո Հայաստանի ապրանքների 80 տոկոսը, մասնավորապես՝ գյուղմթերքի 99 և ըմպելիքի 91 տոկոսը, առանց մաքսատուրքի կկարողանան մուտք գործել ԵՄ շուկա։ Սա աննախադեպ քայլ կհանդիսանա, որը, փաստորեն, միակողմանի ազատ առևտրի ռեժիմ կսահմանի Հայաստանի համար՝ խուսափելով ԵԱՏՄ կարգավորումների հետ հակասելու վտանգից։

Բացի այդ, ԵՄ-ի հետ մենք ունենք համագործակցության զարգացած և բազմաբնույթ ինստիտուցիոնալ հենք, որի առանցքում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է։ Եվ վերջապես, ԵՄ-ի հետ համագործակցությունը տրամադրում է բոլոր այն գործիքները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի տնտեսական կայուն զարգացման համար բարենպաստ նախադրյալների ստեղծման համար։ Նրա հետ համագործակցությունը

համապատասխանում է տնտեսական զարգացման մեր ռազմավարական, հեռանկարային խնդիրներին։ Նրա գրավիտացիոն դաշտն օժտված է տնտեսական զարգացման համար հրապուրիչ բոլոր հատկություններով։ ԵՄ-ը միավորում է աշխարհի տնտեսապես և տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներին, այն համաշխարհային տնտեսության ու առևտրի խոշորագույն դերակատարներից է՝ զիջելով միայն ԱՄՆ-ին ու Չինաստանին։ Եվ ամենակարևորն այն է, որ նրա հետ համագործակցությունը նպաստում է ժողովրդավարական, արդյունավետ ինստիտուտների կայացմանը, առանց որոնց հնարավոր չէ ապահովել երկրի կայուն զարգացման ընթացքը։

Հրաչյա Թաշչյան

Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի  կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ: 

Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։

Ընթերցեք նաև