Երիտասարդների արմատականացումը Հայաստանում․ պատճառներ, դրսևորումներ և վտանգներ

հեղ․ Armenian Council

Երիտասարդների արմատականացումը միշտ չէ, որ արտահայտվում է ծայրահեղական շարժումների միանալով կամ բացահայտ բռնության կոչերով։ Այն կարող է ձևավորվել որպես քաղաքական և բարոյական լեզու, որտեղ բանակցությունը ներկայացվում է որպես պարտություն, փոխզիջումը՝ դավաճանություն, խաղաղությունը՝ թուլություն, իսկ ուժի ցուցադրումը՝ ազգային արժանապատվության գլխավոր ապացույց։

Այս երևույթը միայն Հայաստանին չէ բնորոշ։ Այն աջ արմատական ուժերի աճող ազդեցության արտահայտություններից է՝ ուժի և «ուժեղ առաջնորդի» քաղաքական պահանջարկ (այս տրամաբանության մեջ պատահական չէ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անվան ընտրությունը), սուր պահպանողականություն և հայրենասիրություն՝ տարածքի, կռվի ու գերակայության հետ կապված։

2026թ․ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին այս խոսույթի քաղաքական ներուժը: Չնայած՝ հետընտրական հասանելի տվյալները թույլ չեն տալիս պնդել, որ ռուսամետ ուժերին հիմնականում երիտասարդներն են քվեարկել, քանի որ արդյունքները չեն հրապարակվում միաժամանակ ըստ տարիքի և կուսակցական ընտրության, նախընտրական որոշ հետազոտություններ, սակայն, մեր վարկածի համար բավականին հետաքրքիր պատկեր են առաջ բերում։

Միջազգային հանրապետական ինստիտուտի փետրվարյան նախընտրական հարցմամբ՝ 18–35 տարեկանների շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակցությունը գրեթե հավասար էր՝ համապատասխանաբար 12 և 10 տոկոս։ Սա տարիքային բոլոր խմբերում ամենամեծ ընդդիմադիր աջակցությունն է։ Ավելի խոսուն էր վստահության ճգնաժամը․ եթե ամբողջ հասարակության մեջ ոչ մի քաղաքական գործչի չվստահողների թիվը 40 տոկոս էր, երիտասարդների շրջանում այն 53 տոկոս էր։ Այստեղ շատ կարևոր է նշել նաև, որ թեպետ քաղհասարակության ներկայացուցիչներն ու շահագրգիռ այլ կողմեր համակարգված ահռելի ջանքեր գործադրեցին՝ խթանելու երիտասարդների մասնակցությունը ընտրություններում, սակայն նրանց մասնակցության բացարձակ թիվը, 2021թ․-ի համեմատ, անգամ փոքր-ինչ նվազել էր։ Իրական պատկերը, ուրեմն, ոչ այնքան երիտասարդության խոցելիությունն է ռուսամետ ազդեցության նկատմամբ, այլ օտարումն ու խոր հիասթափությունը, որոնք բեղմնավոր հող են թե՛ ներքին ռադիկալ ազգայնականության, թե՛ թիրախային արտաքին ազդեցության համար։

2024 թվականի «Կովկասյան բարոմետրի» տվյալներն իրենց հերթին հերքում են երիտասարդների՝ ինքնաբերաբար ավելի եվրոպամետ լինելու մասին սպասելիքը։ Ըստ հետազոտության, տարեցնե՛րն են ավելի հաճախ ԵՄ անդամակցության կողմնակից, մինչդեռ հատկապես կրթված, երևանաբնակ երիտասարդությունը ամենաքննադատն է եվրաինտեգրման հանդեպ։ Ընդ որում, ըստ երկու այլ հեղինակավոր հետազոտությունների, երիտասարդության շուրջ կեսը կարծում է, թե ժողովրդավարությունը լավագույն կառավարման ձևն է, բայց չի նույնականացնում իրեն որպես «եվրոպացի» և համեմատաբար ավելի մեծ վստահություն է հայտնում եկեղեցու ու բանակի հանդեպ։ Սա ազգային ինքնության բավականին հակասական կոնֆիգուրացիա է։

Այս հակասությունները ինքս նկատել եմ նաև հազարավոր երիտասարդների հետ տարիների աշխատանքի ընթացքում։ Հատկապես ուշագրավ են երկու միտում՝ ուժեղ հակաիշխանական տրամադրությունները և խաղաղության հաստատման օրակարգի խիստ քննադատությունը։

Երիտասարդության շրջանում խաղաղության օրակարգի նկատմամբ խոր կասկածամտություն է արմատավորված։ Երկու միտումների պատճառներն էլ բազմակի շերտավորված են։

Ժամանակակից երիտասարդները նախորդ՝ կիսաավտորիտար համակարգում, տարիքի բերումով, չեն ապրել որպես գիտակից քաղաքացիներ։ Նրանց համար հեղափոխությունից հետո ստեղծված քաղաքական ազատությունները պատմական ձեռքբերում չեն, այլ բնական ելակետ։ Նրանք իշխանության քաղաքականությունը դիտարկում են մանրադիտակով, սխալներն ավելի խիստ գնահատում և, հաճախ մակերեսորեն տեղյակ լինելով նախահեղափոխական ղարաբաղյան բանակցային իրականությանը, առկա իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը վերագրում են ներկա իշխանությանը։

Միաժամանակ, խաղաղության գործընթացը հանրային դաշտում գրեթե ամբողջությամբ նույնականացվում է գործող կառավարության հետ և կուսակցականացված է։ Իշխանության մերժումը հաճախ տարածվում է նաև խաղաղության քաղաքականության վրա։ Խաղաղությունը դիտարկվում է ոչ թե որպես հասարակական ու պետական ռազմավարություն, այլ որպես որոշակի քաղաքական ուժի նախագիծ։ Այս միջավայրում ռազմականացված հայրենասիրությունը խաղաղությանը հակադրում է «արժանապատվությունը», «չզիջելը» և պայքարը։

Այս սերնդի երկրորդ շերտը սոցիալականացումն է՝ ամբողջությամբ հակամարտության պայմաններում։ Նրանց հիշողությունը ձևավորվել է ռազմական սրացումների, պատերազմի, սահմանային բախումների, դասընկերների ու հարազատների մահվան, շրջափակման և զանգվածային տեղահանության միջավայրում։

Երիտասարդների մեծ մասի համար ադրբեջանցին գոյություն է ունեցել պատերազմի մասին լուրերում, սոցիալական ցանցերի թշնամական նյութերում և արյունոտ գոյության պայքարի հակառակ կողմում։ Շփման բացակայությունը թույլ չի տվել, որ հակառակորդի մասին պատկերացումները ստուգվեն իրական մարդկանց հետ շփման ու սոցիալական կապերի միջոցով։ Հայ-ադրբեջանական երիտասարդական ծրագրերը կարևոր են եղել, բայց մնացել են նեղ ու հիմնականում փակ շրջանակներում։ Այդ պատճառով, խաղաղությունը երիտասարդների զգալի մասի համար ընկալվում է, լավագույն դեպքում, որպես պարտվածի դիրքորոշում, վատագույն դեպքում՝ որպես սպառնալիք։

Սա չի նշանակում, որ խաղաղությունը նրանց համար ցանկալի չէ։ Հարցումները ցույց են տալիս, որ շատերը ցանկանում են երկարաժամկետ խաղաղություն, սակայն դրա հիմնական երաշխիքը համարում են ոչ թե պայմանագիրը, այլ ռազմական ուժը։ Խաղաղությունը ցանկալի է որպես արդյունք, բայց բանակցային ճանապարհը վստահություն չի ներշնչում։

Այստեղ, գուցե անսպասելիորեն, զգալի դեր ունի նաև ռազմականացված առնականությունը։ Ծայրահեղ աջ և ազգայնական գաղափարախոսություններն առաջարկում են պարզ ու գրավիչ դերաբաշխում․ «իրական տղամարդը» ուժեղ է, վերահսկող, ագրեսիվ, պաշտպանում է հայրենիքը և երբեք չի նահանջում։ Հատկապես հայրիշխանական հասարակություններում այն ամենը, ինչ ասոցացվում է նման առնականության հետ, գերակա է ընկալվում ավանդաբար կանացի համարվող հատկանիշների նկատմամբ․ բիրտ ուժը՝ երկխոսությունից ու դիվանագիտությունից, ագրեսիան և տարածքայնությունը՝ փոխզիջումից ու խաղաղ ճանապարհներից։ Այսպիսով, մեր համատեքստում կարևոր է նկատել, որ ռազմականացված առնականությունը ոչ միայն սահմանում է, թե ինչպիսին

պետք է լինի տղամարդը, այլև ստեղծում է քաղաքական արժեքների հիերարխիա, որտեղ ուժը բարոյական առավելություն է ձեռք բերում խաղաղության նկատմամբ։

Նույն համատեքստում համաշխարհային զարգացումներն աստիճանաբար վիճարկում են երիտասարդներին բնականորեն առաջադիմական և լիբերալ համարելու՝ տարածված ենթադրությունը։ Մի շարք երկրներում աջ պոպուլիստական և ծայրահեղ աջ ուժերի աջակցությունն աճում է հատկապես երիտասարդ տղամարդկանց շրջանում։ 2024 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրությունների տվյալներով՝ ծայրահեղ աջ ուժերի օգտին քվեարկել էր երիտասարդ տղամարդկանց ավելի քան 21 տոկոսը՝ նույն տարիքի կանանց շուրջ 14 տոկոսի դիմաց։ ԱՄՆ-ում՝ վերջին ընտրություններին, աջ ուժին աջակցել էր 18-29 տարեկան տղամարդկանց 56 տոկոսը, մինչդեռ երիտասարդ կանանց մեծամասնությունը քվեարկել էր ձախ ուժի օգտին։ Հետևաբար, խոսքը ոչ այնքան ամբողջ սերնդի միատարր պահպանողականացման, որքան երիտասարդության ներսում խորացող գենդերային բևեռացման մասին է, երբ երիտասարդ կանայք հաճախ շարժվում են ավելի լիբերալ և առաջադիմական ուղղությամբ, մինչդեռ տղամարդկանց մի մասը ուժի, հիերարխիայի և հակաֆեմինիզմի նկատմամբ դառնում է առավել ընկալունակ։ Սա առանձին հետազոտության թեմա է, բայց այս համատեքստում մեզ համար կարևոր է նկատել, որ վերոնշյալ մանոսֆերան (manosphere) կարող է ծառայել որպես միջավայր, որտեղ թունավոր առնականության առօրյա պատկերացումները աստիճանաբար ձեռք են բերում քաղաքական և ազգայնական բովանդակություն։

Եզրակացություն։ Երիտասարդներին որպես «արմատական սերունդ» պիտակավորելը ոչ միայն ճշգրիտ չէ, այլև թույլ չի տալիս տեսնել այն պայմանները, որոնցում արմատական գաղափարախոսությունները դառնում են ազդեցիկ։ Հայաստանում երիտասարդները մեծացել են անվտանգության մշտական ճգնաժամի, պատերազմի, կորստի և քաղաքական հիասթափության պայմաններում։ Այդ փորձառություններն ինքնին չեն հանգեցնում արմատականացման, սակայն կարող են թուլացնել բարդ ու երկարաժամկետ լուծումների նկատմամբ վստահությունը և մեծացնել պարզ, ուժի վրա հիմնված պատասխանների հանդեպ ընկալունակությունը։ Հետևաբար, անհրաժեշտ է ոչ միայն հակազդել այդ նարատիվներին, այլև առաջարկել հայրենասիրության այլ լեզու, որտեղ արժանապատվությունը նշանակում է ինքնիշխան որոշումներ ընդունելու կարողություն, ուժը՝ պետականության հանդեպ պատասխանատվություն և արդյունավետ ժողովրդավարական հաստատություններ, իսկ քաջությունը՝ նաև զսպվածություն, քաղաքական հասունություն և խաղաղ լուծումներ ընտրելու կարողություն։

Լավագույն դեպքում՝ խաղաղության քաղաքականությունը չպետք է փոխկապակցվի որևէ քաղաքական ուժի հետ, այլ դառնա հասարակայնորեն քննարկվող, քննադատության ու մասնակցության համար բաց ռազմավարություն։ Առանց խաղաղության կրթության, մեդիագրագիտության, պատերազմի տրավմայի հետ աշխատանքի, երիտասարդների իրական քաղաքական ներկայացվածության և հայ-ադրբեջանական անվտանգ շփման հնարավորությունների՝ դժվար կլինի ձևավորել այնպիսի սերունդ, որի համար խաղաղությունը ոչ թե պարտության նշան է, այլ արժանապատիվ, ինքնիշխան և կենսունակ պետություն կառուցելու քաղաքական ընտրություն։

Էլեոնորա Սարգսյան

Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։

Օգտագործված աղբյուրներ․ Միջազգային հանրապետական ինստիտուտի փետրվարյան հարցում Միջազգային հանրապետական ինստիտուտի մայիսյան հարցում EVN Report-ը՝ երիտասարդների ընտրական մասնակցության վերաբերյալ Կովկասյան Բարոմետրը՝ ԵՄ անդամակցության նկատմամբ վերաբերմունքի մասին Արևելաեվրոպական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնը՝ ԵՄ անդամակցությանը երիտասարդների վերաբերմունքի մասին Երիտասարդների՝ աջականության հարցում գենդերային խզվածքը ԱՄՆ երիտասարդների քվեն՝ ըստ սեռային բացվածքի Հայրիշխանության և աջականության գաղափարական կապի մասին

Ընթերցեք նաև