Ռուսամետների «մանդատացավը» բավարարված է

հեղ․ Armenian Council

ՀՀ խորհրդարանական ընտրություններն արդեն կայացած են։ ՍԴ որոշման հրապարակումը վերջ դրեց տարբեր ուժերի նկրտումներին, որոնք հիմնականում միտված էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների թիվը նվազեցնելուն։ Հերթը հասավ իրական ընտրությանը՝ գնալ Ազգային ժողով և աշխատել։ Այստեղ է, որ «հաղթելու և Փաշինյանին հեռացնելու մարմաջով» ամիսներ շարունակ իրենց հետևորդներին կերակրող «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքների ղեկավարները հայտնվեցին ցայտնոտի մեջ։ Մինչև ընտրությունները նրանք որևէ պարագայում չէին խոսում խորհրդարանական ընդդիմություն լինելու մասին։

Եվ, ահա, եկավ պահը, երբ անհրաժեշտ է ընտրություն կատարել։ Եթե Ազգային ժողովում չհայտնված ուժերի տարբեր ներկայացուցիչներ կոչ էին անում հրաժարվել մանդատները վերցնելուց և, այդպիսով, ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելուց (թեև ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը, բացի Ռուսաստանից ու հայաստանյան մեկ-երկու քաղաքական ուժերից, որևէ մեկը կասկածի տակ չի էլ դնում), ապա երկու դաշինքների ներկայացուցիչներն օրեր շարունակ իրենց հետևորդներին «նախապատրաստում էին» ընդդիմության դերին։ Այսպես, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը պատմում էր իրենց հետևորդների ինչ-որ միֆական 60 տոկոսի մասին, որն, ըստ նրա, պահանջում էր վերցնել մանդատները։ Պարզ է, որ որևէ հարցում կամ տվյալների այլ սկզբնաղբյուր չէր նշվում։

Ռուսական շահերի մեկ այլ սպասարկու՝ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին նշել է, թե խորհրդարանում ներկայությունը կարող է հնարավորություն տալ մեկ տարվա ընթացքում հեռացնել Փաշինյանին։ Հետաքրքիր է, որ որևէ լրագրող չհարցրեց՝ այդ դեպքում նախորդ հինգ տարիներին ինչու «Հայաստան» դաշինքը չէր օգտվել այդ հնարավորությունից։

Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքները վավեր ճանաչելուց անմիջապես հետո երկու ուժերի ներկայացուցիչներն ավելի համառ կերպով սկսեցին պատմել, թե «որքան կարևոր է իրենց պայքարի համար մանդատ ունենալը»։ Նարեկ Կարապետյանը նույնիսկ մանդատները վերցնելը պայմանավորեց «Քաղաքացիական պայմանագրի» կողմից մեծամասնություն չունենալով»՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով տարրական քաղաքական գիտելիքների բացակայությունը։ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց, թե «մանդատը զենք է», որը պիտի վերցնեն, քանի որ պատասխանատվության զգացում ունեն։

Իրականում, սակայն, ի սկզբանե ռուսական ազդեցությամբ և ՌԴ շահերի տիրույթում գործող այս քաղաքական ուժերի նպատակը խորհրդարանում հայտնվելն էր։ Մանդատները վերցնելու հարցը երբևէ կասկածի տակ չի եղել․ Ազգային ժողովում ռուսական ազդեցությունն ապահովելը «պլան-մինիմումն» էր, որի ձախողումը Կրեմլը որևէ մեկին չէր ների։ Հետևաբար, ինչ էլ հայտարարեին նախընտրական ժամանակաշրջանում, որքան էլ իրենց «վարչապետներ» կամ «թագավորներ» հռչակեին, միակ ու գլխավոր խնդիրը «մանդատացավն էր», որը բավարարվեց։ Ափսոս միայն, որ այդ ցավի բավարարման գինը առաջիկա հինգ տարիներին վճարելու է Հայաստանի Հանրապետությունը։

Ընթերցեք նաև