Մեքքայի համաձայնագիրը և Մերձավոր Արևելքի ուժային նոր դասավորությունը

հեղ․ Armenian Council

Մեծ Մերձավոր Արևելքը ուժային վերադասավորումների փուլ է թևակոխել։ Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրեցին «Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագիրն»՝ ամրագրելով, որ երեք երկրից որևէ մեկի նկատմամբ զինված հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլորի դեմ։ Առաջին հայացքից, այս դրույթը հիշեցնում է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը, սակայն նոր համաձայնագրի նպատակը ոչ թե «իսլամական ՆԱՏՕ»-ի ձևավորումն է, այլ տարածաշրջանում անվտանգության պատասխանատվության աստիճանական վերաբաշխումը։

Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը

Մեքքայի համաձայնագիրը դեռևս չի ստեղծում ՆԱՏՕ-ի նման ինտեգրված ռազմական դաշինք։ Այն չի նախատեսում միասնական հրամանատարություն, մշտական համատեղ զորքեր կամ, ագրեսիայի դեպքում, ավտոմատ ռազմական միջամտության մեխանիզմ։ Ավելին, դեռևս հստակ չէ, թե երեք երկրից որևէ մեկի նկատմամբ հարձակման դեպքում մյուսները գործնականում ինչպիսի աջակցություն են տրամադրելու՝ զորք, օդային կամ հակահրթիռային պաշտպանություն, հետախուզական տվյալներ, սպառազինություն և լոգիստիկ աջակցությու՞ն, թե՞ դրանց համակցությունը։

Համաձայնագրով նախատեսված է միայն քաղաքական և ռազմական համակարգման մեխանիզմների ձևավորում՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ռազմական հրամանատարների ներգրավմամբ։ Այն հնարավորություն է ընձեռում նաև անցկացնել համատեղ զորավարժություններ և խորացնել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը։

Հատկանշական է, որ Մեքքայի համաձայնագիրը մեկ օրվա կամ մեկ հանդիպման արդյունք չէ։ Դրան նախորդել են շուրջ երկու տարվա քննարկումներ, իսկ 2025 թվականին Սաուդյան Արաբիան և Պակիստանն արդեն ստորագրել էին երկկողմ պաշտպանական համաձայնագիր։ Այսինքն, գործ ունենք աստիճանաբար խորացող անվտանգության համագործակցության հետ։

ՆԱՏՕ-ի փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ ռազմական դաշինքը ձևավորվում է ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլև տարիների ընթացքում ստեղծվող հրամանատարական, ֆինանսական, տեխնիկական և օպերատիվ մեխանիզմներով։ Մեքքայի համաձայնագրի դեպքում հենց այս ինստիտուցիոնալացման արագությունն ու խորությունն են լինելու դրա կայացման գլխավոր ցուցիչները։

Ինչո՞ւ հենց հիմա

Համաձայնագրի ստորագրման ժամանակահատվածը պատահական չէ։ Մերձավոր Արևելքի անվտանգության նախկին հավասարակշռությունը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է։ Տարածաշրջանային պատերազմները, հրթիռային և ԱԹՍ-ներով հարձակումները, Հորմուզի և Կարմիր ծովի շուրջ անկայունությունը, ինչպես նաև Իրանի

հետ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտությունը ցույց են տվել, որ ավանդական անվտանգության երաշխիքներն այլևս բավարար չեն տարածաշրջանի բոլոր դերակատարների համար։

Այս պայմաններում ձևավորվում է նոր տրամաբանություն․ տարածաշրջանի երկրները չեն հրաժարվում արտաքին ուժերի հետ համագործակցությունից, բայց միաժամանակ փորձում են զարգացնել սեփական անվտանգության կարողություններն ու ստեղծել փոխադարձ երաշխիքներ։

Այդ իմաստով, Մեքքայի համաձայնագիրն ավելի լայն գործընթացի՝ Մերձավոր Արևելքի անվտանգության բազմակենտրոնացման դրսևորում է։ Վերջին տարիներին տարածաշրջանում ձևավորվում և խորանում են տարբեր բազմակողմ ձևաչափեր: Հատկապես ուշագրավ է Իսրայել–Հունաստան–Կիպրոս եռակողմ համագործակցությունը, որը վերջերս ընդլայնվել է անվտանգության, պաշտպանության, ծովային անվտանգության և էներգետիկայի ոլորտներում․ 2025թ․ դեկտեմբերին երեք երկրները պայմանավորվեցին խորացնել պաշտպանական և ռազմական համագործակցությունը, իսկ 2026 թվականի համար ստորագրվեց համատեղ գործողությունների ծրագիր։

Այս ձևաչափերը դեռևս դասական ռազմական դաշինքներ չեն, սակայն ցույց են տալիս, որ տարածաշրջանում պետությունները փորձում են կառուցել փոխկապակցված, բայց միմյանցից տարբեր անվտանգության և ռազմավարական գործընկերությունների ցանցեր՝ արձագանքելով ընդհանուր սպառնալիքներին և, միաժամանակ, ամրապնդելով սեփական ռազմավարական ինքնուրույնությունը։

Ի՞նչ են շահում Մեքքայի համաձայնագրի կողմերը

Էր Ռիադի համար համաձայնագրի առանցքային նպատակներից մեկը զսպումն է։ Հութիների հարձակումները ցույց են տվել Սաուդյան Արաբիայի նավթային և ռազմավարական ենթակառուցվածքների խոցելիությունը։ Հետևաբար, լրացուցիչ պաշտպանական երաշխիքների ձևավորումը բնական առաջնահերթություն է։

Թուրքիայի հետ համագործակցությունը Սաուդյան Արաբիային հնարավորություն է տալիս ավելի խորացնել կապերը տարածաշրջանի առաջատար ռազմարդյունաբերական երկրներից մեկի հետ, իսկ Պակիստանի ներգրավվածությունը՝ ավելացնել ռազմավարական զսպման բաղադրիչը։

Այսպիսով, Սաուդյան Արաբիան համաձայնագրի շրջանակում ապահովում է ֆինանսական ռեսուրսներ, շուկա և աշխարհաքաղաքական կշիռ, իսկ դրա դիմաց ստանում լրացուցիչ ռազմական և ռազմավարական հնարավորություններ։

Սակայն Էր Ռիադն ունի նաև ավելի լայն նպատակ՝ նվազեցնել մեկ անվտանգության հովանոցից կախվածությունն՝ առանց այդ հովանոցից ամբողջությամբ հրաժարվելու։

Անկարայի համար համաձայնագիրը Մերձավոր Արևելքում ինքնուրույն ռազմավարական բևեռ ձևավորելու ևս մեկ հնարավորություն է։ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի շրջանակում կուտակած ռազմական և ինստիտուցիոնալ փորձ, զարգացած պաշտպանական արդյունաբերություն և տարածաշրջանային հավակնություններ։

Այս համատեքստում թուրքական պաշտպանական արդյունաբերությունը կարող է դառնալ համաձայնագրի կարևոր տնտեսական շահառուն։ Սաուդյան շուկան արդեն իսկ կարևոր ուղղություն է Թուրքիայի համար, իսկ պաշտպանական համագործակցության խորացումը կարող է մեծացնել այդ կապերի ծավալը։

Միաժամանակ, եթե համաձայնագիրը հետագայում վերածվի ավելի պարտավորեցնող ռազմական դաշինքի, Անկարայի առաջ կկանգնի կարևոր ռազմավարական հարց՝ ինչպես համատեղել նոր անվտանգային պարտավորությունները ՆԱՏՕ-ի անդամակցության և դաշինքի ներսում ունեցած պարտավորությունների հետ։

Իսլամաբադի համար համաձայնագիրը հնարավորություն է՝ ամրապնդելու իր դիրքը, որպես տարածաշրջանային անվտանգության դերակատար և խորացնելու հարաբերությունները Սաուդյան Արաբիայի ու Ծոցի երկրների հետ։

Պակիստանի ներգրավվածությունը նաև առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ունի՝ հաշվի առնելով երկրի ռազմական կարողություններն ու միջուկային զինանոցը։ Սակայն Իսլամաբադը միաժամանակ կարևորում է, որ դաշինքի համաձայնագիրը չընկալվի որպես որևէ կոնկրետ երկրի (օրինակ՝ սահմանակից Իրանի) դեմ ուղղված դաշինք։ Պակիստանի արտգործնախարար Իշակ Դարը այն բնորոշել է որպես «զուտ պաշտպանական» և ընդգծել, որ այն ուղղված չէ որևէ երկրի դեմ։

Այս մոտեցումը կարևոր է, քանի որ համաձայնագրի կայունությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով այն կկարողանա պահպանել ճկունությունն՝ առանց վերածվելու որևէ մի հակառակորդի դեմ բացահայտ ռազմաքաղաքական բլոկի։

Ո՞ւմ է պետք զսպել

Մեքքայի համաձայնագրի ստորագրումից հետո ամենաքննարկվող հարցերն են՝ ու՞մ և ի՞նչ գործողությունների զսպմանն է այն ուղղված։

Առաջին ուղղությունը Իրանի և Իրանի հետ կապված զինված խմբավորումների գործոնն է։ Սաուդյան Արաբիայի դեմ նախկին հարձակումները, Թեհրանի հետ մրցակցությունը և Պարսից ծոցի անվտանգության միջավայրի փոփոխությունները համաձայնագրին հաղորդում են Իրանի նկատմամբ հնարավոր զսպման բաղադրիչ։

Երկրորդն Իսրայելի տարածաշրջանային ռազմական գերակայությունն է։ Իսրայելի ռազմական գործողությունները և դրանց հետևանքով առաջացած ուժային վերադասավորումները մեծացրել են մի շարք իսլամական պետությունների անվտանգության մտահոգությունները։ Այս գործոնը հատկապես զգայուն է Թուրքիայի և Պակիստանի համար։

Այսպիսով, համաձայնագիրը պաշտոնապես ոչ հակաիրանական է, ոչ՝ հակաիսրայելական։ Սակայն դրա ձևավորումը կարող է ստեղծել լրացուցիչ զսպման հնարավորություն ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի տարածաշրջանային ազդեցության նկատմամբ։

Այստեղ, սակայն, կարևոր է տարբերակել քաղաքական ուղերձը ռազմական պարտավորությունից։ Երեք երկրների ընդհանուր շահերը բավարար են անվտանգության համագործակցության խորացման համար, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք

պատրաստ են միասնական դիրքորոշում որդեգրել տարածաշրջանի յուրաքանչյուր ճգնաժամի դեպքում։

Մեքքայի համաձայնագիրը և ԱՄՆ-ն

Մեքքայի համաձայնագրի մյուս կարևոր բաղադրիչը ամերիկյան անվտանգության հովանոցից կախվածության աստիճանական նվազեցման ձգտումն է։

Սա չի նշանակում, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պատրաստվում են խզել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Երեք երկրներն էլ շարունակում են տարբեր մակարդակներով համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Խնդիրը ոչ թե ԱՄՆ-ին փոխարինելն է, այլ անվտանգության աղբյուրների դիվերսիֆիկացումը։

Մեքքայի համաձայնագիրը հակասության մեջ չէ ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերին. Դոնոլդ Թրամփն արդեն ողջունել է պաշտպանական պակտի ստորագրումը:

Ինչի՞ց կախված համաձայնագրի հաջողությունը

Մեքքայի համաձայնագիրը դեռևս վաղ է անվանել «մերձավորարևելյան կամ իսլամական ՆԱՏՕ»։ Այս նախաձեռնության հեռանկարը կախված է առաջիկա գործնական քայլերից՝ մշտական ռազմական համակարգման մեխանիզմի ստեղծումից, համատեղ զորավարժություններից, հետախուզական ու պաշտպանական համագործակցության խորացումից և իրական ճգնաժամի դեպքում կողմերի գործողություններից։

Կարևոր ցուցիչ կլինի նաև նոր անդամների ներգրավումը։ Եթե ձևաչափն ընդլայնվի, այն կարող է վերածվել տարածաշրջանային անվտանգության ավելի լայն հարթակի։ Այս համատեքստում որպես հավանական թեկնածու է դիտարկվում Եգիպտոսը։ Թուրքիայի նախագահն արդեն հայտարարել է, որ Կահիրեն կարող է միանալ համաձայնագրին, մինչդեռ Եգիպտոսն ընդգծում է դրա իրավական և սահմանադրական հետևանքների ուսումնասիրության անհրաժեշտությունը։ Եգիպտոսի ներգրավումը զգալիորեն կավելացնի պակտի աշխարհաքաղաքական կշիռը, բայց միաժամանակ կբարդացնի ընդհանուր անվտանգային առաջնահերթությունների համադրումը։

Ամփոփում

Մեքքայի համաձայնագիրը դեռևս չի ենթադրում ռազմական դաշինքի ստեղծում, սակայն դրա քաղաքական նշանակությունը պետք չէ թերագնահատել։ Այն ցույց է տալիս, որ Մերձավոր Արևելքում ձևավորվում է անվտանգության նոր տրամաբանություն, որտեղ պետությունները փորձում են ոչ միայն օգտվել արտաքին ուժերի երաշխիքներից, այլև ստեղծել սեփական փոխադարձ անվտանգության մեխանիզմները։

Եթե առաջիկա տարիներին համաձայնագիրը վերածվի իրական ռազմական համակարգման, խորացվեն համատեղ կարողությունները և ընդլայնվի անդամների շրջանակը, ապա այն կարող է դառնալ տարածաշրջանում անվտանգության պատասխանատվության աստիճանական տեղայնացման և նոր ուժային կենտրոնների ձևավորման կարևոր ինստիտուցիոնալ հիմք։

Նարեկ Մինասյան

Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։

Ընթերցեք նաև