Մաս 1
2025 թվականի ապրիլի 30-ին հրապարակված իմ հոդվածում առանձնացրել էի միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության զարգացման չորս հիմնական սցենար։ Դրանցից առավել հավանական էի համարել ռուս-ուկրաինական պատերազմի շարունակման և, որպես հետևանք, Ռուսաստանի ու Արևմուտքի միջև մրցակցության սրման սցենարը (3-րդ սցենար), որի առանցքային հարթակներից մեկը դառնում է Հարավային Կովկասը։ Տարածաշրջանում Ռուսաստանի ճնշման հիմնական լծակների թվում նշվում էին Հայաստանի և Վրաստանի տնտեսական ու էներգետիկ կախվածությունը, Ադրբեջանի դեպքում՝ էթնիկ փոքրամասնությունների գործոնը, իսկ Հայաստանի պարագայում՝ նաև միջամտությունը ներքաղաքական գործընթացներին և ընտրություններին։
Այս սցենարի հիմքում ընկած էր Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների միջև շահերի հակասության հիմնարար բնույթի թեզը։ Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերին, AZAL-ի ինքնաթիռի խոցումից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը դիտարկվում էր ոչ թե որպես ժամանակավոր ճգնաժամ, այլ որպես կողմերի միջև շահերի երկարաժամկետ հակասության դրսևորում/ցուցանիշ։ Միաժամանակ, տարածաշրջանային գերիշխանությունը պահպանելու՝ Ռուսաստանի փորձերին դիմակայելու՝ Հարավային Կովկասի երեք երկրների կարողությունն ուղղակիորեն կապվում էր տարածաշրջանային համագործակցության զարգացման և հայ-ադրբեջանական կարգավորման հետ, որը Մոսկվային զրկում է տարածաշրջանում ազդեցության կարևորագույն լծակներից մեկից։
Անցած ժամանակահատվածն, ընդհանուր առմամբ, հաստատում է այս սցենարը։ Պատերազմի շարունակությունն ավելի է խորացրել Ռուսաստանի առճակատումն Արևմուտքի հետ։ Չնայած Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարբերվող դիրքորոշմանը և նոր վարչակազմի՝ հակամարտության դիվանագիտական կարգավորման հասնելու փորձերին, այդ թվում՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին Անքորիջում Պուտին–Թրամփ հանդիպմանը, այդ ջանքերը չեն հանգեցրել պատերազմի ավարտին։ Միաժամանակ, այդ գործընթացը նպաստեց Ուկրաինային ԵՄ աջակցությանը։
Թեև Ուկրաինայի հարցում հետևողական դրսևորում չի նկատվում, սակայն հետխորհրդային տարածքում Թրամփի վարչակազմի քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես «լուռ (կամ Ռուսաստանը չգրգռող) էքսպանսիա»։ Վաշինգտոնը հրաժարվում է ազդեցության գոտիների համար պայքարի և Ռուսաստանի հետ բաց առճակատման հռետորաբանությունից՝ միաժամանակ ընդլայնելով ամերիկյան տնտեսական, ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ ներկայությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Դրա արտահայտությունն են 2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունը («TRIPP-ի համաձայնությունը»), Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը, Ադրբեջանի հետ համանման հարաբերությունների ձևավորման մեկնարկը և Կենտրոնական Ասիայի հետ 5+1 ձևաչափի աննախադեպ զարգացումը։
Ռուսաստանի հետ շարունակվող առճակատումը նպաստում է նաև ԵՄ-ի ավելի հետևողական տարածաշրջանային քաղաքականությանը, որն արտահայտվում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և Ադրբեջանի հետ հարաբերությունների
աստիճանական կարգավորմամբ։ 2026 թվականի մայիսի 9-ին Ռուսաստանի և Հարավային Օսեթիայի միջև դաշնակցային փոխգործակցության խորացման մասին պայմանագրի վավերացումից հետո փոփոխություններ են նկատվում նաև Վրաստանի քաղաքականության մեջ․ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնումն ուղեկցվում է Մոսկվայի նկատմամբ Թբիլիսիի նախկին՝ առավել զգուշավոր հռետորաբանությունից աստիճանական հրաժարմամբ։ Իմ գնահատմամբ՝ այս միտումը շարունակական բնույթ է կրելու։ Փաստացի, տարածաշրջանի երեք երկրներն էլ տարբեր ձևերով բախվել են Ռուսաստանի հետ հարաբերությունների նույն հիմնարար խնդրին։
Հայաստանը՝ որպես ռուսական քաղաքականության «թույլ օղակ» Հարավային Կովկասում
Ռուսական ընկալման մեջ Հայաստանը շարունակում է մնալ Հարավային Կովկասի «թույլ օղակը»՝ Ռուսաստանից տնտեսական, էներգետիկ և ինստիտուցիոնալ ամենամեծ կախվածությունը պահպանող և, հետևաբար, ռուսական ճնշման նկատմամբ առավել խոցելի երկիր։ Ուստի, Հայաստանում ազդեցությունը պահպանելու համար պայքարը Մոսկվայի համար դուրս է գալիս զուտ երկկողմ հարաբերությունների շրջանակից և դառնում է Հարավային Կովկասում իր գերիշխանությունը պահպանելու ավելի լայն պայքարի մաս։ Եթե Ռուսաստանը չկարողանա իր քաղաքական կամքը պարտադրել նույնիսկ տարածաշրջանի՝ իրենից առավել կախված պետությանը, դա կնշանակի ոչ միայն ռուսական ազդեցության հետագա նվազում, այլև լուրջ հարված իր հեղինակությանը՝ ի ցույց դնելով Մոսկվայի հնարավորությունների սահմանափակ լինելը նույնիսկ սեփական «թույլ օղակի» նկատմամբ։ Հենց այս հանգամանքով կարելի է բացատրել նաև Հայաստանի նկատմամբ ռուսական ճնշման հետևողական ուժեղացումը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և դրա շարունակությունն ընտրություններից հետո։
Հայաստանում նախընտրական քարոզարշավն ուղեկցվեց ռուսական միջամտության և ճնշման տարբեր ձևերով՝ տեղեկատվական արշավներով և հիբրիդային հարձակումներով, պաշտոնական հռետորաբանության կոշտացմամբ և, առաջին անգամ, տնտեսական պատժամիջոցների ուղղակի կիրառմամբ։ 2022–2023 թվականներից կիրառվող տնտեսական ճնշման գործիքները (հայկական արտադրանքի ձգձգումները Վերին Լարս անցակետում, առանձին ապրանքատեսակների ներմուծման կարճաժամկետ արգելքները և այլն) ընտրություններից առաջ վերաճեցին հայկական ապրանքների ներմուծման ընդարձակ սահմանափակումների։ ԵՄ օպերատիվ արձագանքը հնարավորություն տվեց մեղմել դրանց հետևանքները՝ միաժամանակ ցույց տալով ռուսական ճնշման ենթարկվող երկրներին աջակցելու՝ Եվրամիության աճող պատրաստակամությունը։
Այս ամենը համապատասխանում է այն կանխատեսմանը, որ, չնայած Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա սրացումից խուսափելու և Հայաստանի համար շահավետ տնտեսական կապերը պահպանելու՝ Երևանի ձգտմանը, ռուսական քաղաքականությունը հակված է վերարտադրել սխալ քաղաքական կուրսին «նվիրվածություն էսկալացիայի» (escalation of commitment) տրամաբանությունը։ Խոսքը նախկինում ընտրված քաղաքականությունը շարունակելու կամ ավելի խորացնելու միտման մասին է՝ անգամ այն դեպքում, երբ դրա անարդյունավետության վկայություններն ու դրա հետ կապված քաղաքական, տնտեսական և հեղինակային ծախսերն աճում են։ Իմ գնահատմամբ՝ հենց այս տրամաբանությունն է առանցքային Հայաստանի և Հարավային Կովկասի մյուս երկրների նկատմամբ Ռուսաստանի հետագա որոշումները հասկանալու համար։
Ընտրություններից հետո Ռուսաստանը չվերացրեց տնտեսական սահմանափակումները, իսկ բարձր մակարդակի քաղաքական շփումները, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Եկատերինբուրգ և հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, որը երկկողմ հարաբերությունների լարվածության շրջանում հանդես էր գալիս որպես Փաշինյանի և ՌԴ վարչակազմի հիմնական կապող օղակներից մեկը, առայժմ հիմք չեն տալիս մոտ ապագայում ակնկալել սահմանափակումների վերացում։
Պատժամիջոցային քաղաքականության շարունակման հնարավոր նպատակների թվում կարելի է առանձնացնել հետևյալները։
1. Սոցիալ-տնտեսական նախադրյալների ստեղծում իշխանությունների նկատմամբ դժգոհության աճի համար՝ աշնանը (սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի վերջը) Հայաստանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո ընտրություններ կանցկացվեն երկրի 64 համայնքից 44-ում և կընդգրկեն գրեթե բոլոր մարզերը, այդ թվում՝ խոշոր համայնքներ, որտեղ ռուսամետ ուժերի հաջողության հնարավորությունները բավական բարձր են։ Դրանց թվում են հանրապետության երրորդ քաղաքը՝ Վանաձորը, որտեղ կարող են գործի դրվել Սամվել Կարապետյանի տեղական կապերը, Աբովյանը՝ որպես Գագիկ Ծառուկյանի ազդեցության գոտի, ինչպես նաև Սյունիքի երկու ամենամեծ համայնքները՝ Կապանն ու Գորիսը, որտեղ նախկին ընտրությունների ընթացքում ՏԻՄ մարմինները ձևավորվել են տեղական ուժերի հաղթանակով։ ՏԻՄ ընտրություններից առաջ սոցիալ-տնտեսական լարվածության ստեղծումը և ռուսամետ ուժերի համախմբման խթանումը կարող են դիտարկվել որպես ռուսական կողմի հիմնական նպատակներից և պատժամիջոցային քաղաքականության շարունակման պատճառներից մեկը։
2. Գործընթացի ձգձգում մինչև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերյան նիստը՝ Աստանայում մայիսի 29-ին ընդունված հայտարարությանը համապատասխան։ Առևտրատնտեսական հարաբերություններում ճնշման և չկարգավորված իրավիճակի պահպանումը կարող է ծառայել որպես Հայաստանին ռուսական պահանջների կատարմանը հարկադրելու մարտավարական գործիք։ Այս դեպքում հիմնական նպատակը կարող է լինել ԵՄ-ի հետ հետագա մերձեցման գործընթացից հրաժարվելու քաղաքական երաշխիք կամ պարտավորություն ստանալը։ Հնարավոր պահանջների թվում կարելի է դիտարկել Եվրոմիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի հետկանչը կամ ԵՄ-ի հետ հետագա ինտեգրումից հրաժարվելու որևէ այլ պաշտոնական պարտավորություն։ Նույն համատեքստում կարող է բարձրացվել նաև ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի լիարժեք աշխատանքի վերականգնման հարցը։ Այս սցենարը պայմանականորեն կարելի է անվանել «2013 թվի սեպտեմբերի 3-ի սցենարի» կրկնություն։
3. Նախորդ երկու սցենարների ձախողման դեպքում հնարավոր է տնտեսական այլ լծակների կիրառում, այդ թվում՝ գազի գնի բարձրացման հարցի առաջադրում։ Հավանական է՝ այս մասին հայտարարությունները հնչեն արդեն իսկ աշնանը՝ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին կամ ընթացքում: Կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը, նույնիսկ եթե ի վերջո չբարձրացնի գինը, այդ հնարավորությունը կօգտագործի որպես Հայաստանի վրա ճնշման լրացուցիչ գործիք, հատկապես՝ ձմռան ամիսներին ընդառաջ։
Սամվել Մելիքսեթյան
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։