Հայաստանում 2026թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Մոսկվան աննախադեպ ուշադրությամբ էր հետևում Հայաստանի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական օրակարգի բոլոր առանցքային թեմաներին։ Ռուսաստանից հնչող պաշտոնական հայտարարությունները, փորձագիտական մեկնաբանությունները, քննարկումները աչքի էին ընկնում նույնանման տոնայնությամբ և կրկնվող ուղերձներով։
Տեղեկատվական դաշտի առանցքային թեմաներից մեկը, որի շուրջ ձևավորվում էին հիմնական շեշտադրումները, Հայաստանի եվրոպական հեռանկարն էր։ Այս համատեքստում հաճախ հնչող կարևոր նարատիվներից էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու՝ ՀՀ իշխանություններին ուղղված կոչը։
Ռուսաստանից հնչող հայտարարությունները
ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մայիսի 9-ին՝ Հայաստանում նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի հենց հաջորդ օրը։ «Հայաստանը պետք է, որքան հնարավոր է՝ շուտ, կողմնորոշվի ԵՄ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցում»,- նշել է [1] Պուտինը և առաջարկել հարցը քննարկել ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում, որը կայացավ մայիսի 29-ին, և որի արդյունքով ընդունվեց համատեղ հայտարարություն։ «Կիսում ենք դիրքորոշումը Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու կամ հետագայում Եվրասիական տնտեսական միության կազմում գտնվելու վերաբերյալ հնարավոր սեղմ ժամկետում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ [2]: «Վարչապետ Փաշինյանն ինքն է ասել, որ պլանավորում է, ճիշտ է համարում հանրաքվե անցկացնել, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ում, թե Եվրամիությունում։ Մենք կխնդրեինք, որ դա արվեր, որքան հնարավոր է, շուտ», — մայիսի 29-ին ասել Է Պուտինը [3]։
Հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին է խոսել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ հունիսի 3-ին. «Այդ հայտարարության (ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել) ետևում կանգնած է այդ հանրաքվեն անցկացնելու ակնհայտ դժկամությունը։ Շատ հնարավոր է, որ բնակչությունը դեմ արտահայտվի, և Երևանի ներկայիս իշխանությունները ստիպված լինեն տհաճ խոսակցություն ունենալ եվրոպացի հովանավորների հետ», — ասել Է Շոյգուն [4]։
Հունիսի 4-ին էլ այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը. «Ավելի լավ է՝ Հայաստանում կարճ ժամանակում հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ արդյոք նրանք ցանկանում են մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե միանալ Եվրամիությանը» [5]։ Հունիսի 5-ին հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին է հայտարարել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը [6]։
Նման հայտարարությունները, թե պաշտոնական, թե փորձագիտական մակարդակով, ուղեկցվել են պնդումներով, թե ԵՄ-ին ինտեգրումը նշանակում է հարաբերությունների խզում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի
հետ, որ այն կհանգեցնի Հայաստանում տնտեսական խոր ճգնաժամի։ Նշվում է նաև, որ «Ռուսաստանը չի ֆինանսավորելու ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը»։
Նախընտրական շրջանում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների թեման ակտիվ է պահվել նաև փորձագիտական ու լրատվական դաշտում, ունեցել է ավելի կոպիտ դրսևորումներ ու զուգակցվել «Ռոսսելխոզնադզորի» կողմից ռուսական շուկա հայկական ապրանքների մուտքի արգելքներով։ Կարևոր է ընդգծել, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը ՀՀ Ազգային ժողովն ընդունել էր դեռ 2025թ. մարտին, սակայն ռուսական կողմից արձագանքներն այդ մեկ տարվա ընթացքում այնքան կոշտ չէին, որքան նախընտրական շրջանում։ Թեմայի ակտիվացմանը նպաստող գործոն կարող էին լինել նաև 2026թ. մայիսի սկզբին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, որոնց ժամանակ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ ավելի շոշափելի առաջընթաց եղավ։
Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի գործընթացը
Ի տարբերություն շատ միջազգային կազմակերպությունների, որտեղ պետությունները ունեն վետոյի իրավունք, ԵՄ-ում շատ որոշումներ կայացվում են որակյալ մեծամասնությամբ: Սա նշանակում է, որ անդամ պետությունը պարտավոր է ենթարկվել ընդունված օրենքին, նույնիսկ եթե դեմ է քվեարկել դրան։ Միևնույն ժամանակ, ԵՄ օրենքները ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան անդամ երկրների ազգային օրենքները։ Եթե տեղական օրենքը հակասում է համաեվրոպականին, գործում է ԵՄ օրենքը։
Նման միջազգային կազմակերպության անդամակցելու դեպքում ՀՀ սահմանադրությունն իսկապես նախատեսում է հանրաքվեի անցկացում` հոդված 205 [7]։ Սակայն այս դեպքում խնդիրը հանրաքվեի անցկացման ժամկետն է։
Եվրամիության օրենսդրությունը չի պարտադրում թեկնածու պետությանն՝ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։ Տվյալ պետության հետ ստորագրվում է անդամակցության մասին համաձայնագիր, որն այնուհետև պետք է վավերացվի ԵՄ անդամ բոլոր պետությունների, ինչպես նաև՝ թեկնածու երկրի կողմից։ Ինչ վերաբերում է հանրաքվեի հարցին, ապա դա կարգավորվում է թեկնածու երկրի կողմից՝ սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Միևնույն ժամանակ, կա ձևավորված միջազգային պրակտիկա ու տրամաբանություն, թե ինչու են հանրաքվեները անցկացվում գործընթացի վերջին փուլում, այլ ոչ՝ սկզբնական։
ԵՄ-ին բուն անդամակցության գործընթացը ենթադրում է հետևյալ քայլերի հաջորդականություն․ հայտի ներկայացում, թեկնածուի կարգավիճակի ստացում՝ բոլոր 27 երկրների համաձայնությամբ, բանակցություններ և օրենքների համապատասխանեցում 35 ուղղություններով, բանակցությունների փակում և անդամակցության պայմանագրի ստորագրում, վավերացում։ Ուստի, սովորաբար, հանրաքվեի է դրվում այն հարցը, թե արդյոք թեկնածու երկրի քաղաքացիները կողմ են, որ ԵՄ-ի հետ անդամակցության համաձայնագիրը վավերացվի։
Բացի իրավական ընթացակարգերից՝ կան տնտեսական, քաղաքական և այլ գործոններ, թե ինչու է հանրաքվեն միշտ թողնվում վերջին փուլին։ Նախ, գործընթացի վերջում թեկնածու երկրի քաղաքացիների համար ավելի հստակ են ԵՄ-ին անդամակցելու դրական ու բացասական տնտեսական հետևանքները, կա ժամանակացույցերի հստակություն, օրինակ՝ եվրոյի գոտուն միանալու կամ չմիանալու, սուբսիդիաների, անցումային շրջանի արտոնությունների և այլ գործոնների մասով։ Կա նաև շատ կարևոր քաղաքական գործոն։ Գործընթացի վերջին փուլում, որը, ինչպես նշեցինք, կարող է տևել երկար տարիներ, կա
պատկերացում տվյալ պահին ԵՄ-ի ընդլայնման քաղաքականության, անդամ երկրների դիրքորոշման, թեկնածու երկրի հետ հարաբերությունների մասով, ուստի հանրաքվեն վերջին փուլում անցկացնելը նվազեցնում է ռիսկերը։ Միևնույն ժամանակ, եթե հանրաքվեն անցկացվում է սկզբնական փուլում, երկիրը դառնում է խոցելի նաև արտաքին ճնշումների հանդեպ՝ չունենալով ԵՄ անվտանգային կամ տնտեսական «անձրևանոցը» և հայտարարելով վերջնական որոշման մասին։ Բացի դրանից, կա նաև ներքաղաքական կարևոր գործոն. երբ հանրաքվեն անցկացվում է վերջին փուլում, հանրությունն արդեն երկար ժամանակ է պատրաստվում հնարավոր անդամակցությանը, հնարավոր է լինում գնահատել այդ հարցում հանրային կարծիքի դինամիկան, և գործընթացը դառնում է հանրության «սեփականությունը», ոչ թե կոնկրետ տվյալ պահին իշխող քաղաքական ուժինը։
ԵՄ ներկայիս անդամներից 15-ն անցկացրել են անդամակցության դասական հանրաքվե։ Եվ բոլոր դեպքերում էլ հանրաքվեն անցկացվել է ամենավերջին փուլում՝ անդամակցության համաձայնագրի ստորագրումից հետո կամ այդ ընթացքում։ Օրինակ, 2004թ. ամենամեծ ընդլայնման ժամանակ թեկնածու երկրների հետ անդամության համաձայնագիրը ստորագրվեց 2003թ. ապրիլի 16-ին։ Նրանցից Մալթան և Սլովենիան հանրաքվեն անցկացրին 2003թ. մարտին, Հունգարիան՝ 2003թ. ապրիլին, մյուս երկրները՝ ավելի ուշ։ Իսկ, օրինակ, Նորվեգիայի դեպքում հանրաքվե է անցկացվել երկու անգամ՝ 1972 և 1994 թվականներին, և երկու դեպքում էլ պայմանագիրը մերժվել է [8]։ Կան նաև ԵՄ անդամության մի շարք թեկնածու երկրներ, որոնք այս փուլում հանրաքվե դեռ չեն անցկացրել՝ Ալբանիան, Մոնտենեգրոն, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինան, Թուրքիան։ Թուրքիայի փորձը լավագույն օրինակներից է, թե ինչու սկզբնական փուլում հանրաքվե անցկացնելը նպատակահարմար չէ։ Անկարան պաշտոնապես թեկնածուի կարգավիճակ է ստացել 1999թ., և եթե հանրաքվեն տեղի ունեցած լիներ 20-30 տարի առաջ, այժմ դրա արդյունքը կորցրած կլիներ իր իրավական ուժը։
Ինչ-որ առումով, բացառություն է Մոլդովան, որը թեկնածուի կարգավիճակ է ստացել 2022թ. հունիսի 23-ն, պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին հայտարարվել է միայն վերջերս՝ 2026թ. հունիսին, սակայն 2024թ. Մոլդովան արդեն անցկացրել է հանրաքվե։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Մոլդովայի հանրաքվեն ոչ թե ԵՄ-ին անդամակցելու հարցով դասական հանրաքվե էր, այլ սահմանադրության մեջ փոփոխություն, որպեսզի եվրոպական ինտեգրումն ամրագրվի որպես երկրի «անդառնալի նպատակ»։ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ձգտումն ամրագրված է նաև Վրաստանի սահմանադրության մեջ, սակայն Թբիլիսին ԵՄ-ի հարցով հանրաքվե չի անցկացրել։
Մոսկվայի նպատակը և Երևանի դիրքորոշումը
Քանի որ ԵՄ-ը հանրաքվեի հետ կապված հստակություն չի սահմանում, Մոսկվայի կոչը Հայաստանին՝ հանրաքվե անցկացնել գործընթացի ամենասկզբնական փուլում, կարելի է դիտարկել որպես քաղաքական հաշվարկ, որի հետևում նկատվում է մի քանի հիմնական պատճառ։ Հայաստանը դեռևս նույնիսկ անդամակցության հայտ չի ներկայացրել։ Հայաստանը չունի ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ՝ ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի, չի հանդիսանում ԵՄ Մաքսային միության անդամ և գործնականում դեռ որևէ իրավական կամ տեխնիկական խոչընդոտ չկա՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կամ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի անհամատեղելիության տեսանկյունից։
Տեսականորեն, եթե Հայաստանում անցկացվի հանրաքվե, և այս փուլում բնակչությունը քվեարկի «ոչ», դա կնշանակի գործընթացի լիակատար տապալում և գործող իշխանության արտաքին քաղաքականության անհաջողություն, այդ թվում՝ մեծ հարված կհասցվի դիվերսիֆիկացիային։ Իսկ եթե հաղթի «այո»-ն, դա
Ռուսաստանին հնարավորություն կտա կտրուկ տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ, այդ թվում՝ գազի գնի բարձրացում, արտահանման սահմանափակումներ, կապիտալի, աշխատուժի, ծառայությունների ազատ տեղաշարժի սահմանափակումներ, ինչի հետևանքով ՀՀ բնակչությունը կզգա ԵՄ-ին անդամակցելու գործընթացի «ծանր հետևանքները»՝ այն դեռ չսկսած։ Դա էլ, իր հերթին, կհանգեցնի հանրության շրջանում հիասթափության և պառակտման, տնտեսական ցնցումների, վախի ձևավորման։ Ուստի, եվրոպական հեռանկարի նկատմամբ աջակցությունը կարող է նվազել, և ապագա ընտրություններում եվրոպամետ ուժերը ավելի քիչ ձայներ կստանան։
Ռուսաստանի համար կարևոր է նաև թույլ չտալ ՀՀ տնտեսության մերձեցումը արևմտյան տնտեսության հետ, քանի որ դա ենթադրելու է ՌԴ-ից գոյություն ունեցող կախվածությունների նվազում։ Ավելին, այդ մերձեցումը պահանջելու է Հայաստանի իրավական համակարգերի արդիականացում՝ ըստ եվրոպական չափանիշների, ինչը կչեզոքացնի Մոսկվայի ավանդական ազդեցության լծակները։ Հանրաքվեի հարցի շտապեցումը կարող է արագացնել իրավական բախումը Հայաստանի ստանձնած ԵԱՏՄ պարտավորությունների և ԵՄ ապագա հեռանկարի միջև՝ երկիրը կանգնեցնելով տնտեսական ցնցումների առջև։ Որոշակի առումով, Մոսկվայի այս անհանգստությունն ու դիրքորոշումը աշխարհաքաղաքական տեսանկյունից հասկանալի են․ Եվրամիության անդամների կամ թեկնածուների շարքում չի եղել որևէ երկիր, որը ԵԱՏՄ-ի անդամ է կամ եղել է անդամ. Հայաստանն այս հարցում յուրօրինակ նախադեպ է։
ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցում Երևանի որդեգրած մոտեցումը պարունակում է պրագմատիկ բաղադրիչ։ Հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունը չի կարող երաշխիքներ ունենալ ապագայում ԵՄ ընդլայնման քաղաքականության կամ բանակցությունների վերջնական հաջողության վերաբերյալ, ինչպես նաև հաշվարկելով Ռուսաստանից ունեցած մեծ տնտեսական և էներգետիկ կախվածությունը, պաշտոնական Երևանը խուսափում է կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձերից։ Ստեղծված իրավիճակում նախապատվությունը տրվում է փուլային դիվերսիֆիկացման ռազմավարությանը։ Այս մարտավարությունը թույլ է տալիս ԵՄ-ի հետ մերձեցումը դիտարկել ոչ թե որպես ՌԴ-ի հետ հարաբերությունների կտրուկ խզում, այլ որպես Հայաստանի ներքին ինստիտուցիոնալ համակարգի և տնտեսության արդիականացման գործիք։
Ամփոփում
Այսպիսով, թե՛ ԵՄ-ին անդամակցության պաշտոնական գործընթացը և թե՛ դրա շուրջ հանրաքվեն պետք է դիտարկվեն ոչ թե որպես շտապողական քայլեր, այլ որպես երկրի ինքնիշխան ու ռազմավարական որոշումներ։ Այս հարցում հանրաքվեի անցկացումը առավել նպատակահարմար և արդյունավետ է դառնում այն փուլում, երբ գործընթացն արդեն ունենում է որոշակի իրավական ու տեխնիկական հստակություն, իսկ հնարավոր ռիսկերը կառավարելի են։ Առաջիկա տարիների համար Հայաստանի հնարավորությունների օբյեկտիվ գնահատումը չափազանց կարևոր է՝ հանրության շրջանում անիրատեսական սպասումներ չձևավորելու և հետագա հուսախաբությունից խուսափելու համար։ Նման քայլերը պետք է բխեն բացառապես ՀՀ քաղաքացիների երկարաժամկետ շահերից և հիմնված լինեն կշռադատված անվտանգային ու տնտեսական հաշվարկների վրա։
Վարդուհի Հարությունյան
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։
[1]https://www.kommersant.ru/doc/8652922 [2]http://kremlin.ru/supplement/6497 [3]https://www.interfax.ru/russia/1092737 [4]https://www.interfax.ru/russia/1093652 [5]https://ria.ru/20260604/eaes-2096668047.html [6]https://iz.ru/2109582/tatiana-baikova/dostizhenie-tcelei-svo-ukrepit-nashi-pozicii-na-mezhdunarodnoj-arene [7]https://old.arlis.am/DocumentView.aspx?docID=102510 [8]https://european-union.europa.eu/principles-countries-history/history-eu_en?utm_source=chatgpt.com