AfD-ն, ազատական ժողովրդավարությունը և Հայաստանի համար դասերը

հեղ․ Armenian Council

2026 թ. սեպտեմբերի 6-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ընտրություններում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը դժվար էր պատկերացնել նույնիսկ մի քանի տարի առաջ․ «Գերմանիայի համար այլընտրանք» (AfD) կուսակցությունը ստացավ ձայների 43,8 տոկոսը և 83 մանդատից՝ 39-ը։ Բացարձակ մեծամասնության համար անհրաժեշտ 42 մանդատից կուսակցությանը պակասեց ընդամենը երեքը։  Ընտրությունների այս արդյունքները շոկային են շատերի համար։ Բանն այն է, որ կուսակցությունը համարվում է ծայրահեղ աջ կուսակցություն, իսկ նրա առանձին անդամները մեղադրվում են նեոնացիստական գաղափարներ ունենալու համար։ Երկրորդ համաշխարհայինից հետո որևէ ծայրահեղ աջական նման արդյունք երբևէ չի գրանցել Գերմանիայի որևէ ընտրություններում։ Հարկ է նշել, որ Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության կողմից АfD-ն 2025-ին ճանաչվել է որպես էքստրեմիստական (ծայրահեղական) ուժ, որի արդյունքում նա պետության կողմից հատուկ վերահսկողության տակ էր գտնվում։ Ի դեպ, վերոնշյալ գերատեսչությունը իր որոշումը հիմնականում հիմնավորել է նրանով, որ կուսակցությունը առաջ է քաշում ազգի էթնիկ կոնցեպտ, որը համատեղելի չէ ազատ ժողովրդավարական կարգի հետ։ Եվ այս կոնտեքստում կուսակցությունը գրանցում է նման արդյունք, թեկուզ և առանձին երկրամասի ընտրություններում։ Հարկ է սակայն նշել նաև, որ կուսակցությունը բողոքարկել էր Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության որոշումը և Քյոլնի դատարանը 2026-ի փետրվարին միջանկյալ որոշում է ընդունել AfD-ի օգտին։ 

Այստեղ չենք վերլուծելու Գերմանիայի քաղաքական և կուսակցական համակարգերը, կուսակցության հաղթական արդյունքի պատճառները և այլն։ Այս ամենը այլ հոդվածի, հետազոտության առարկա կարող են լինել։ Կայացած ժողովրդավարական պետության, ինչպիսի Գերմանիան է, առանձին հատվածում իրականացված ընտրությունների արդյունքները լավ առիթ է նորից խոսելու ժողովրդավարության մասին, վերարժեվորելու, ավելի լավ ճանաչելու այդ երևույթը։ Կարծում եմ, որ Հայաստանի համար այս թեման առանձնահատուկ կարևորություն ունի։ Մեզ մոտ ժողովրդավարությունը դեռ շատ փխրուն է։ Այսօր այն կրեմլյան հիբրիդային հարձակումների թիրախում է։ Բացի այդ, պետք է խոսոտովանենք, որ մեր բնակչության մի զգալի հատվածը դեռևս չի սերտել լիբերալ-դեմոկրատիայի (ազատական ժողովրդավարության) արժեքային համակարգը, իսկ ժողովրդավարական ինստիտուտները դեռ կայացման փուլում են։ Այս հոդվածում ես կարճ կանդրադառնամ միայն ազատական ժողովրդավարության հետ կապված որոշ կոնցեպտուալ հարցերի։ 

Առաջին հերթին՝ արդյո՞ք հնարավոր է ազատական ժողովրդավարություն կառուցել  ազատական ժողովրդավարական արժեքներ կրող մարդկանց իսպառ բացակայության պայմաններում։ Տեսականորեն միգուցե  հնարավոր է, հատկապես երբ այն «դրսից» է պարտադրվում։ Բայց տրամաբանական է ենթադրել, որ եթե ընդհանրապես չկան այդպիսի մարդիկ, ուրեմն չկա նաև նման քաղաքական համակարգի կառուցման պահանջարկ։ Օրինակ, եթե մարդիկ մտածում են, որ իրենց խորթ է նման համակարգը, ապա ինչո՞ւ պետք է այդպիսի պետություն կառուցեն։ Բայց այստեղ հարց է ծագում՝ մարդիկ ասելով ո՞ւմ նկատի ունենք, քանի՞ հոգու մասին է խոսքը։ Արդյո՞ք խոսքը որոշակի տարածքում ապրող ողջ հանրության մասին է։

Հայտնի է, որ քաղաքական ռեժիմները, այդ թվում, ժողովրդավարությունը շատ հաճախ հաստատվում են հեղափոխությունների միջոցով։ Արյդո՞ք ողջ ժողովուրդն է հեղափոխություն անողը։ Անշուշտ՝ ոչ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ որևէ վաղուց հաստատված ռեժիմ, այդ թվում, խիստ ավտորիտար, միշտ ունենում է իրեն սատարող մի ստվար հատված։ Հաճախ հասարակության այդ շերտի մի մասը որոշակի արտոնություններ է ունենում մյուսների նկատմամբ և իր շահերից չի բխումհեղափոխությունը։ Բացի այդ, ժողովրդավարական ռեժիմի հաստատումից հետո էլ լինում են դրա դեմ դուրս եկող մեծ զանգվածներ։ Շատերն էլ ընդհանրապես հետաքրքրված չեն լինում քաղաքականությամբ․ իրենց միևնույն է ի՞նչ  ռեժիմ է հաստատված։ Սրանք փաստեր են, որոնք հիմնավորվում են տարատեսակ հարցումներով և այլ հետազոտություններով։ 

Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ժողովրդի մեծամասնությունն է ժողովրդավարություն հաստատում։ Կարծում եմ, որ նման բան կրկին չենք կարող պնդել։ Բանն այն է, որ նման հարցեր պարզելու համար չափման ճշգրիտ գործիք չունենք։ Եթե ասեք, որ ժողովուրդը ընտրություններով է դա ցույց տալիս, ապա այստեղ էլ ամեն ինչ այդքան պարզ չէ։ Նույնիսկ կայացած դեմոկրատական երկրներում այնպես չէ որ բոլոր քաղաքացիները մասնակցում են ընտրությունների և այնպես չէ, որ, ինչպես թեկուզ Գերմանիայի օրինակն է ցույց տալիս,  ժողովրդի մեծ մասը միշտ ընտրում է ազատական ժողովրդավարական արժեքներ դավանող ուժերին։ 

Կարծում եմ, կարող ենք պնդել, որ եթե հնարավոր է լինում հաստատել  լիբերալ ժողովրդավարական ռեժիմ, ապա գոնե առկա է լինում ազատական ժողովրդավարության արժեքները կիսող ակտիվ քաղաքացիների ինչ-որ խումբ, և ժողովրդի մեծամասնությունը առնվազն ակտիվորեն չի դիմադրում լիբերալ ժողովրդավարություն կառուցելու գործընթացին։ Բայց սա չի նշնականում, որ այդ մեծամասնությունը վստահաբար կպաշտպանի լիբերալ ժողովրդավարությունը, եթե այն վտանգված լինի։ Եվ, ընդհանրապես, շատ հաճախ հենց ինստիտուտներն են ձևավորում ժողովրդավարական միջավայր։ 

Բայց եկեք տանք հետևյալ հարցը․ կարո՞ղ է պատահել այնպես, որ ընտրությունների միջոցով իշխանության գան ազատական ժողովրդավարության դեմ հանդես եկող ուժեր։ Այո՝ կարող են։ Այդպիսի օրինակներ շատ կան միջազգային պրակտիկայում։ Ինչո՞ւ են այդպիսի ուժերը կարողանում իշխանության գալ։ Իհարկե, կարող ենք ասել, որ պատճառներից կարող են լինել այն, որ ընտրողներից շատերը փոփոխություն են ուզում, հիասթափված են լինում հիմնական քաղաքական ուժերից և նրանց քաղաքականություններից և այլն։ Սակայն, կարծում եմ, որ այդ ամենը չի հանգեցնի ազատական ժողովրդավարության դեմ հանդես եկող ուժերի օգտին քվեարկության, եթե լինի մեկ գործոն։ Ցանկանում եմ առաջ քաշել հետևյալ կանխավարկածը՝ վերոնշյալ ուժերը իշխանության են կարողանում գալ, քանի որ բացակայում է ազատական ժողովրդավարության արժեքները ամուր կերպով կրող, դրանցով ապրող, բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող կայուն բացարձակ մեծամասնություն, համապատասխան կրիտիկական զանգված։ Եթե լիներ նման կայուն գերիշխող մեծամասնություն, ապա որևէ պատճառ չէր լինի, որ այդ մեծամասանության մաս կազմող ընտրողները հանկարծ քվեարկեին իրենց արժեքները ոտնահարել ցանկացող մեկի օգտին։ 

Ես չեմ խոսում ազատական ժողովրդավարության կողմնակից այս կամ այն կուսակցության էլեկտորատի վարքագծի մասին։ Որևէ կուսակցության Էլեկտորատի մի զգալի հատվածը կարող է տարբեր պատճառներով փոխել իր դիրքորոշումը։ Ես խոսում եմ հատուկ քաղաքացիական որակներ, ազատական ժողովրդավարական արժեքներ ունեցող մարդկանց մասին, որոնց համար ազատությունը, քաղաքացիական պատասխանատվությունը, իրավական հավասարությունը, տոլերանտությունը, բազմազանությունը օդի և ջրի պես բաներ են։ 

Արդյո՞ք այդ տեսակի կայուն մեծամասնություն կա Հայաստանում։ Չեմ կարծում․ նման մեծամասնություն չկա նույնիսկ զարգացած ժողովրդավարական երկրներից շատ շատերում հաստատապես և ընտրությունների արդյունքները հաճախ դա ապացուցում են։ 

Լիբերալ ժողովրդավարության գրեթե անշրջելիության ամենաուժեղ երաշխիքը՝ ազատական ժողովրդավարության արժեքները ամրորեն կրող կրիտիկական մեծամասնություն ունենալն է։ Բնականաբար, որքան մեծ լինի այդ մեծամասնությունը այդքան մեծ է լինելու այդ երաշխիքը։ Բայց, ինչպես արդեն նշեցինք, նույնիսկ կայացած ժողովրդավարական երկրների համար է նման կրիտիկական զանգված ունենալը շքեղություն։ Ուրեմն էլ ինչ պետք է անել ազատական ժողովրդավարությունը պահպանելու համար։ 

Նախ, ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ, ինչու եմ անընդատ ժողովրդավարության հետ շեշտում ազատական բառը։ Բանն այն է, որ ժողովրդավարությունը կարող է նաև, փաստացի, ոչ ազատական լինել, թեև ժամանակակից աշխարհում որպես իրական ժողովրդավարություն ընդունված է համարել հենց ազատական ժողովրդավարությունը։ Եթե կարճ բնութագրենք, ապա պետք է նշենք, որ դա այն ժողովրդավարական համակարգն է, որը սահմանափակված է մարդու հիմնարար ազատություններով և իրավունքներով։ Օրինակ՝ չի կարող ազատական ժողովրդավարական համակարգում մարդու հիմնարար ազատությունները վերացնող օրենք ընդունվել։ Չի կարող որևէ ինստիտուտ, նույնիսկ ժողովուրդը, որոշել, որ, օրինակ, կապույտ մազերով մարդկանց պետք է կտտանքների ենթարկել, կամ, ասենք, ծանր ռոք լսող քաղաքացիներին՝ ազատազրկել։ Արգելված է նման հարցերով նույնիսկ հանրաքվե կազմակերպել։ 

Սակայն, պատահում է նաև, երբ ժողովրդավարություն կարծես կա քանի որ, օրինակ, մրցակցային ընտրություններ են տեղի ունենում, բայց հիմնարար ազատությունները խիստ սահմանափակված են և ոտնահարված։ Այդ իսկ պատճառով քաղաքագիտությունում ամրագրվել է նաև ոչ լիբերալ ժողովրդավարություն (illiberal democracy) եզրույթը։ Այսօր, օրինակ, ծայրահեղ աջերի ընտրություններով իշխանության գալու դեպքում շատ հաճախ հենց այդպիսի ռեժիմ է հաստատվում։ 

Հիմա վերադառնանք այն հարցին՝ թե ինչ անել, որպեսզի կարողանանք պահպանել ազատական ժողովրդավարությունը։ Կարծում եմ, որ ամենից առաջ, հարկ է տարբեր եղանակներով նպաստել ազատական ժողովրդավարության արժեքներ կրող մեծ թվով քաղաքացիներ ձևավորելուն։ Ողջ կրթական համակարգը, հատկապես նրա հումանիտար բաղադրիչը պետք է հիմնված լինի, նախ և առաջ, այս գաղափարի վրա։ Բայց սա երկարաժամկետ բան է։ Ավելի կարճաժամկետ կտրվածքով՝ հարկ է արդյունավետ պայքար մղել ազատական ժողովրդավարությունը թիրախավորող քարոզչության դեմ, լինի դա կրթական համակարգում կամ ընտրական փուլի շրջանակներում։ Զրո հանդուրժողականության քաղաքականություն ատելության խոսքի նկատմամբ, որը թիրախավորում է մարդկանց ըստ իրենց ինքնության որևէ հատկանիշի, լինի դա սեռը, կրոնական կամ քաղաքական աշխարհայցքը, ազգային պատկանելիությունը և այլն։ 

Այսինքն, լիբերալ ժողովրդավարական հասարակությունը պետք է անեն ամեն ինչ, որպեսզի  ազատական ժողովրդավարության դեմ հադես եկող որևէ ուժ երբևէ չկարողանա ցանկալի լինել։ Բնական է, որ շատերը քողարկում են իրենց աշխարհայացքը, այդ իսկ պատճառով դժվար է լինում, օրինակ, արգելել նեոնացիստների գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ պետությունը պետք է ավելի խիստ վերաբերմունք ցուցաբերի ինչպես քաղաքական կամ հասարակական ուժերի, այնպես էլ դրանք ներկայացնող կոնկրետ մարդկանց կոնկրետ հակա լիբերալ-ժողովրդավարական, հակաիրվական հայտարարությունների և հատկապես գործողությունների նկատմամբ։ 

Գերմանիայում այն բանից հետո, երբ AfD-ն տպավորիչ արդյունքներ գրանցեց Սաքսոնիա-Անհալթ երկրարամասում ցույցեր են իրականցվում AfD-ն արգելելու կոչերով։ Բայց միգուցե՞ գործը չպետք էր հասցնել նրան, որ այն դառնար մեյնսթրիմային կուսակցություն։ Ինչպես նշում են Ստիվեն Լեվիցկին և Դանիել Զիբլատը իրենց «Ինչու են դեմոկրատիաները մահանում» բեսթսելլեր դարձած գրքում, ծայրահեղական ուժերի քաղաքական հաջողության գործում հաճախ կարևոր դեր են ունենում հենց ավանդական քաղաքական կուսակցությունները։ Կարճաժամկետ քաղաքական շահերից ելնելով՝ նրանք կարող են համագործակցել այդ ուժերի հետ։ Որպես հետևանք, ծայրահեղական ուժերը դուրս են գալիս քաղաքական լուսանցքից, ձեռք են բերում ավելի մեծ ընդունելիություն և աստիճանաբար դառնում քաղաքական մեյնսթրիմի մաս։ Լեվիցկին և Զիբլատը նշում են, որ նման ուժերին իշխանությանը մոտենալուն խոչընդոտող դարպասապահ (gatekeeping) ինստիտուտներ պետք է լինեն, բայց եթե այդ ինստիտուտները ձախողում եմ, ապա նրանց դերը պետք է ստանձնեն մեյնսթրիմային քաղաքական գործիչները։ Այլ կերպ ասած, առաջին հերթին, ազատական ժողովրդավարության արժեքները կրող քաղաքական սուբյեկտների գործն է պաշտպանել ազատական ժողովրդավարությունը։ Այս ամենը ավելի քան արդիական է Հայաստանի համար։ 

Էդգար Վարդանյան

Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։

Ընթերցեք նաև