Ներածություն
Այս աշխատանքում կանդրադառնանք սույն թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներին, դրանց նշանակությանն ու մեկնաբանմանը և նախորդիվ կատարած կանխատեսումներին՝ գնահատելով դրանց արդյունավետությունը։ Աշխատանքում նաև կներկայացնի գործող կարգավորումների շրջանակը, Սահմանադրական դատարանի որոշման հնարավոր հեռանկարներն ու հետևանքները քաղաքական համատեքստի վրա։
Ընտրությունների արդյունքների ամփոփումը, մասնակցությունն ու մանդատների բաշխումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հունիսի 14-ի որոշմամբi ամփոփեց ընտրությունների արդյունքները։ Հատկանշական է, որ նախորդիվ ԿԸՀ-ն, սեփական նախաձեռնությամբ, ուսումնասիրության արդյունքով երեք տեղամասի արդյունքներն անվավեր էր ճանաչել։ Անվավեր ճանաչված տեղամասերից երկուսում ժամը 20:00-ից հետո տեղի էր ունեցել քվեարկություն, իսկ մեկում մինչև 18:00-ը բացակայել էր մասնակիցներից մեկի քվեաթերթիկը։ Ըստ էության, նկարագրվածը փաստական առումով բավարար հիմք էր այդ երեք տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ Միաժամանակ, հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սահմանային իրավիճակը՝ 4% անցողիկ շեմը հաղթահարելու և խորհրդարան անցնելու խնդիրը, հանրության և շահառուների մոտ ձևավորվել էր այդ երեք տեղամասում վերաքվեարկության ակնկալիք։ Այդուամենայնիվ, ԿԸՀ-ն ընդունեց վերոնշյալ որոշումն, այլ ոչ՝ այդ տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին որոշումը։ Մինչ այս մոտեցմանն անդրադառնալը, ստորև քննարկենք արդեն ընդունված որոշմամբ ձևավորված պատկերը և նախորդիվ կատարված կանխատեսումները։
Կանխատեսում՝ ընտրություններին մասնակցությունը տոկոսային առումով ավելի բարձր կլինի, քան նախորդ երկու ընտրություններում։ Այս կանխատեսումն իրականացել է, ավելին, ոչ միայն տոկոսային, այլև բացարձակ թվով ընտրությունների մասնակիցներն էականորեն շատ էին նախորդող երկուսից։
| Ընտրությունը | Մասնակիցների թիվը | Ընտրողների թիվը | Մասնակցության տոկոսը |
| 2018 | 1,261,105 | 2,593,140 | 48.6 |
| 2021 | 1,281,997 | 2,595,512 | 49.3 |
| 2026 | 1,476,769 | 2,503,990 | 58.9 |
Աղյուսակում կարելի է համեմատել և տեսնել ընտրությունների մասնակցության դինամիկան։ Կարելի է բացատրել այս ընտրությունների բարձր մասնակցությունը մի քանի պատճառներով։ Նախ, նախորդ երկու ընտրությունները արտահերթ էին, և մասնակիցները պատրաստվելու ու քարոզարշավի համար էականորեն պակաս ժամանակ ունեին։ Այս ընտրությունների դեպքում, փաստացի, քարոզարշավը շատ ավելի վաղ՝ առնվազն կես տարի առաջ էր սկսվել, չնայած՝ պաշտոնական քարոզարշավի համար նախատեսված էր մեկ ամիս։ Այս երկարատև քարոզարշավի ընթացքում մասնակիցները կարողացան հնարավորինս մոբիլիզացնել հանրությանը, իրենց աջակիցներին, հնարավոր ընտրողներին, շուրջ կես տարով ամբողջ հանրությանը ներառելով ընտրական գործընթացներում։ Քարոզարշավի պաշտոնական հատվածի համար մասնակիցները ծախսել էին ավելի քան երկու միլիարդ դրամ։ Հատկանշական է սակայն, որ երեք ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Ուժեղ Հայաստան»-ի և «Հայաստան» դաշինքի ծախսերը կազմում են ընդհանուր ծախսի 75%-ը, իսկ եթե ներառենք «Բարգավաճ Հայաստանն» ու «Միասնության թևերը», մասնակից 18 ուժից 5-ը ծախսել են ծախսված ընդհանուր գումարի շուրջ 90%-ը։
Մասնակցության բարձր ցուցանիշի այլ կարևոր, բայց ենթատեքստային պատճառներ էին ընտրությունների բարձր մրցակցայնությունը, ելքի կանխորոշված չլինելը և ընտրությունների նկատմամբ նշանակալի վստահությունը։
Ընտրությունների արդյունքով խորհրդարան են անցել և մանդատներ են ստացել երեք ուժեր՝
- «Քաղաքացիական պայմանագիր» — 64 մանդատ
- «Ուժեղ Հայաստան» — 29 մանդատ
- «Հայաստան» — 12 մանդատ
Անդրադառնանք կատարված այլ կանխատեսումների
Կանխատեսում՝ Մասնակից ուժերի մեջ կտեսնենք ավելի քիչ դաշինքներ
Կանխատեսում՝ Ընտրությունների երկրորդ փուլ չի լինի
Կանխատեսում՝ Որևէ ուժ չի ունենա սահմանադրական մեծամասնություն
Վերոնշյալ երեք կանխատեսումները ևս իրականացան։ Գրանցված 19 ուժից (նախընտրական շրջանում «Ալյանս» կուսակցությունը ինքնաբացարկ հայտնեց և դուրս եկավ ընտրապայքարից) միայն երկուսն էին դաշիք (մոտ 11%)։ Այս կանխատեսումը հիմնված էր դաշինքների համար սահմանված հարաբերականորեն բարձր շեմի հանգամանքի վրա։ Հետաքրքրական է, որ հենց երկու դաշինքն էլ կարողացան հաղթահարել անցողիկ շեմը։ Այս մասով հարկ է նշել, որ քանզի դաշինքների համար շեմը բարձր է, դաշինքով հանդես եկող ուժերն առավել զգուշավոր են և մասնակցում են այդ կարգավիճակով, երբ արդեն ԱԺ անցնելու որոշակի բարձր հավանականություն ունեն։
Նախընտրական շրջանում հրապարակված հարցումները և ընդհանուր իրավիճակի վերլուծությունը համադրելով ընտրական կարգավորումների հետ՝ կարելի էր կարծել, որ երկրորդ փուլ տեղի չի ունենա․ գլխավոր հավակնորդ «Քաղաքացիական պայմանագիրը» կկարողանա ձայները մանդատների վերածվելու՝ առկա մոդելի միջոցով ստանալ մեծամասնություն և ձևավորել ինքնուրույն կառավարություն։ Միևնույն ժամանակ, սակայն, դա բավարար չէր՝ ստանալու սահմանադրական մեծամասնություն՝ խորհրդարանի 2/3-ը (70 մանդատ)։ Այնուամենայնիվ, 64 մանդատը ԱԺ-ի 3/5-րդից ավելին է, ինչը նշանակում է, որ իշխող ուժը հնարավորություն կունենա ինքնուրույն ընտրել մի շարք սահմանադրական մարմինների անդամներ և պաշտոններ, նաև՝ ինքնուրույն ընդունել սահմանադրական օրենքներ (օր՝․ Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Սահմանադրական դատարանի մասին օրենք)։
ԿԸՀ որոշումը և դրա հավանական հետևանքները
Մինչ ընտրությունները ամփոփելու և երեք տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու՝ արդեն նշված ԿԸՀ որոշմանը մանրամասնորեն անդրադառնալը տեղին կլինի անդրադառնալ մնացած՝ չիրականացված կանխատեսումներին։
Կանխատեսում՝ «Բարգավաճ Հայաստանը» կանցնի խորհրդարան
Կանխատեսում՝ Խորհրդարան կանցնեն ավելի շատ ուժեր
ԿԸՀ որոշումը՝ երեք անվավեր ճանաչված տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու մասին, հանգեցրեց ԲՀԿ սահմանային իրավիճակի հանգուցալուծմանը՝ խորհրդարան չանցնելու ելքով։ Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությանը չէր բավականացնում շուրջ 150 ձայն․ երեք տեղամասերում քվեարկել էին ընդհ․ 3411 հոգի։ «Բարգավաճ Հայաստանի»՝ խորհրդարան անցնելու պարագայում կլիներ մանդատների հետևյալ բաշխվածությունը՝
- «Քաղաքացիական պայմանագիր» — 61 մանդատ
- «Ուժեղ Հայաստան» — 28 մանդատ
- «Հայաստան» — 11 մանդատ
- «Բարգավաճ Հայաստան» — 5 մանդատ
Ընտրական օրենսգիրքը նշում է, որ անվավեր ճանաչված տեղամասերում անցկացվում են վերաքվեարկություններ, եթե այդ տեղամասերում խախտումները կարող են ազդել արդյունքների վրա, և հնարավոր է շտկել խախտումների հետևանքները։ Ըստ էության, օրենսգիրքը ԿԸՀ-ին տալիս է հնարավոր ազդեցությունը գնահատելու լիազորություն։ Սակայն վերաքվեարկություն չնշանակելու և արդյունքներն ամփոփելու՝ ԿԸՀ որոշումն, առնվազն թափանցիկության տեսանկյունից, խնդրահարույց էii, նաև՝ որոշման մեջ բացակայում են հիմնավորումները։ Նշում չկա այն մասին, թե ինչպես է ձևավորվել եզրահանգումը, թե արդյունքների վրա ազդեցություն առկա չէ։ Որոշումն ընդունելուց հետո՝ հաջորդ օրը, ԿԸՀ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ վերաքվեարկության նշանակումը կարող էր առաջացնել տակտիկական քվեարկություն, երբ ընտրողներն արդեն ըստ նախնական արդյունքների կկատարեին իրենց քվեարկությունըiii։ ԿԸՀ-ն այս մասով հղում էր կատարում Վենետիկի հանձնաժողովի զեկույցին, որտեղ նշվում է տակտիկական քվեարկության ռիսկերի մասինiv, սակայն զեկույցի այդ հատվածին հաջորդող այն մտքին, որ տակտիկական քվեարկությունը հաղթահարելի միջոց է համապետական վերաքվեարկությունը, որևէ հղում առկա չէ։ Կարևոր է նաև հաստատել, որ Վենետիկի հանձնաժողովի այդ դիտարկումները ԿԸՀ որոշման հիմքերում նշված չեն։ Նաև պետք է հավելել, որ, ըստ էության, վերաքվեարկության ինստիտուտի կիրառումը միշտ զուգորդվելու է ընտրողների կողմից նախնական պատկերի մասին տեղեկացված լինելու հանգամանքով։
Եզրակացություն
Ներկայումս հայտնի է, որ մասնակից 18 ուժերից 7-ը դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արդյունքները և դրանք ճանաչելու անվավեր, տարբեր հիմնավորումներով՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսի չարաշահում, արտաքին միջամտություն, ֆինանսավորման խախտումներ և այլն։ Սահմանադրական դատարանը իր որոշումը, համաձայն օրենքի, պետք է կայացնի 15 օրում՝ կամ հաստատելով ընտրությունների արդյունքները, կամ դրանք ճանաչելով անվավեր։ Վերջին դեպքում ներկա իրավիճակում երկու սցենար է հնարավոր․ ամբողջ արդյունքների անվավեր ճանաչում և մանդատների բաշխման կարգի սահմանում։ Երկրորդ տարբերակը ևս քիչ հավանական է, քանզի մանդատների բաշխման հաշվարկում չկան խնդրահարույց և բողոքարկելի հիմքեր։ Սակայն դա նաև ՍԴ մեկնաբանությունից է կախված։ Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում՝ 15-30-օրյա ժամկետներում, պետք է նշանակվի համապետական վերաքվեարկություն։
Մուղնեցյան Տիգրան
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։