Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց ԱՄՆ հետ TRIPP շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին։ Մինչ այդ, ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի՝ մայիսի 26-ին Հայաստան այցելության ընթացքում, համաձայնագիրը նախաստորագրվել էր․ հայտարարվել էր, թե որոշ տեխնիկական խնդիրներ լուծելուց հետո այն կստորագրվի։ Դեռևս այդ ժամանակ փորձագիտական շրջանակները հիմնավոր էին համարել այն վարկածը, որ ԱՄՆ ղեկավարությունը նախընտրել է սպասել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտին։
Եվ ահա, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ ընդամենը օրեր առաջ, կողմերը ստորագրեցին համաձայնագիրը։ Ընդ որում, ԱՄՆ պետքարտուղարը համաձայնագիրն ստորագրել է հունիսի 1-ին։ Սա կարող է ունենալ երկու բացատրություն։ Առաջին դեպքն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ ԱՄՆ-ում շտապել են աջակցություն հայտնել Փաշինյանին։ Այս տարբերակը քիչ հավանական է, քանի որ Միացյալ Նահանգների պես ինստիտուցիոնալ գերտերությունը դժվար թե միջազգային պայմանագիր ստորագրի՝ բացառապես որևէ երկրի քաղաքական ուժին աջակցելու համար։ Ավելին, վերջին օրերին ամենաբարձր մակարդակով արդեն հայտարարվել է ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ ԱՄՆ վստահության մասին, ինչը բավարար նշանակություն ունեցել է թիվ 1 գերտերության վերաբերմունքը հասկանալու համար։
Ավելի հավանական՝ երկրորդ բացատրությունն այն է, որ անցնող օրերի ընթացքում, վերլուծելով օպերատիվ տեղեկատվությունը, ԱՄՆ-ում արդեն ձևավորվել է ՀՀ բնակչության դիրքորոշումների վերաբերյալ պատկերացում, ինչը վստահություն է ներշնչել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում անակնկալի հավանականությունը անսահման փոքր է։ Այլ խոսքով, ԱՄՆ ղեկավարությունում, ի տարբերություն մայիսի 26-ի, հունիսի մեկին արդեն վստահ են եղել, որ Հայաստանում իշխանության փոփոխություն տեղի չի ունենալու, և ռուսամետ ուժերը չեն կարողանա չեղարկել TRIPP նախագիծը։
Ընդ որում, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների անցկացրած հարցումները և վերլուծությունները ցույց են տալիս նույն պատկերը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ տարբերությամբ առջևում է։ Սահմանադրական մեծամասնություն հավաքելու վերաբերյալ թերահավատություն կա, սակայն ընդհանուր հաղթանակը, կարծես, ապահովված է։
Փաստորեն, ԱՄՆ ամենաբարձր մակարդակով վստահություն է հայտնում ոչ թե ՀՀ իշխանություններին, այլ ժողովրդին՝ հավատալով մեր ինքնուրույն ընտրություն կատարելու կամքին ու վճռականությանը։ Եվ Հայաստանի ժողովուրդը կարդարացնի այդ վստահությունը․ հունիսի 8-ին Հայաստանը կտոնի իր ինքնիշխանության և պետականության ամրապնդման ճանապարհին հերթական հաղթանակը։