Հունիսի 7-ի Հայաստանի խորհրդարանական ընտրություններն աչքի ընկան մրցակցության բարձր մակարդակով և լարված ընտրապայքարով: Նախընտրական բանավեճերի առանցքում էին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, ձեռք բերված պայմանավորվածությունների ճակատագիրը, Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը, սոցիալ-տնտեսական խնդիրները և այլն:
Այս շարքում, թերևս, ամենաքաղաքականացված և ամենաշահարկված թեման խաղաղությունն էր: Ընդ որում, նախընտրական խոսույթը երբեմն ստանում էր ծայրահեղ դրսևորումներ՝ նոր պատերազմի սպառնալիքից մինչև «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզի շրջանառում:
Հունիսի 14-ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները: Նոր գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: Ձայների՝ նման բաշխումն իշխող ուժին հնարավորություն է տալիս օգոստոսին կրկին միայնակ կառավարություն ձևավորել:
«Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում խաղաղության ինստիտուցիոնալացումն ունի առանցքային տեղ: Եթե ընտրությունների արդյունքները մեկնաբանենք բանակցային գործընթացի պրիզմայով, դրանք հայկական կողմի բանակցողների մանդատի, ինչպես նաև նրանց կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների վերահաստատում են քաղաքացիների կողմից:
Ի՞նչ սպասել խաղաղության գործընթացում
Հաշվի առնելով այս ամենը՝ փորձենք ուրվագծել, թե ինչ զարգացումներ կարող ենք ակնկալել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում:
Գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի բաղադրիչի:
- Խաղաղության պայմանագիր
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում ամենամեծ անորոշությունը շարունակում է մնալ խաղաղության համաձայնագրի ճակատագիրը: Այն նախաստորագրվել է դեռևս 2025 թվականի օգոստոսի 8-ին: Հայկական կողմը քանիցս պատրաստակամություն է հայտնել վերջնականապես ստորագրել և վավերացնել փաստաթուղթը: Սակայն Ադրբեջանի իշխանություններն առաջ են քաշել նախապայման՝ պահանջելով ՀՀ սահմանադրության նախաբանից հանել անկախության հռչակագրին հղումը, որն, ըստ ադրբեջանական կողմի, տարածքային հավակնություններ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ:
Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը, 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշմամբi անդրադառնալով սահմանադրության անփոփոխ դրույթների իրավական բովանդակության շրջանակին, արձանագրել է, որ սահմանադրության նախաբանը դասվում է սահմանադրության անփոփոխ դրույթների շարքին։ Այս դիրքորոշումը վերահաստատվել է նաև սահմանազատման հարցերով հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանii մեջ: Այսինքն, սահմանադրական բարեփոխումներով այն հնարավոր չէ փոխել:
Հայաստանի կառավարությունը քանիցս հայտարարել է, որ չի կիսում Ադրբեջանի դիրքորոշումը, միևնույն ժամանակ արձանագրելով, որ սահմանադրական բարեփոխումների հարցը իշխող ուժի օրակարգում է դեռ 2018 թվականիցiii։ Հատկանշական է, որ 2024 թվականից սահմանադրական բարեփոխումների օրակարգը փոխարինվեց նոր սահմանադրության ընդունման գաղափարովiv։
2026 թվականի մարտին ՀՀ արդարադատության նախարարը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից մշակված նոր սահմանադրության տեքստն արդեն պատրաստ է, սակայն դեռ ներածություն չունիv։ Հունիսին՝ ընտրություններից հետո, նա հայտարարեց, որ «տեքստը դեռ վերջնական տեսքի չի բերվել, քանի որ ներգրավված մի շարք գործընկերներ դեռ չեն ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները»vi։ Նախարարի խոսքով՝ բացակայող կարծիքները հավաքելուց, քննարկելուց և տեքստն ամբողջացնելուց հետո միայն կորոշվի այն հրապարակելու հարցը:
Չնայած նոր սահմանադրության տեքստը դեռ չի հրապարակվել՝ ՀՀ վարչապետը քանիցս կարծիք է հայտնել, որ նոր սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին, միևնույն ժամանակ ընդգծելով, որ որոշողը Հայաստանի ժողովուրդն էvii։
Նոր սահմանադրության հարցը հանրաքվեի դնելու իրավական խնդիրներ ևս առաջանում են: Գլխավոր հարցն այն է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն (մանդատների 2/3) չի ստացել, ինչն անորոշ է դարձնում նոր սահմանադրության հեռանկարը:
Սահմանադրության 202-րդ հոդվածիviii համաձայն՝ սահմանադրության ընդունման կամ փոփոխության նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող 200 հզ․ քաղաքացի։ Սակայն հանրաքվեի դնելու մասին որոշումը Ազգային ժողովը պետք է ընդունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3 ձայներով։ Այս կարգը շրջանցելու որևէ սահմանադրական եղանակ նախատեսված չէ:
Այսինքն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավորների թվի առնվազն մեկ երրորդով կամ 200 հազար ստորագրություն հավաքելով կարող է նախաձեռնել սահմանադրական հանրաքվե: Սակայն, քանի որ խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն (70 մանդատ)՝ առանց ընդդիմադիր ուժերի կամ դրանց առանձին ներկայացուցիչների աջակցության, չի կարող նոր սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի:
Ստեղծված իրավիճակում կա զարգացման 3 հնարավոր տարբերակ.
- Իրավական փակուղին պահպանվում է, Ադրբեջանը չի հրաժարվում իր նախապայմանից, և պայմանագիրը չի ստորագրվում, սակայն խաղաղության գործընթացի մյուս ուղղություններով և պայմանագրում նշված որոշ կետերի վերաբերյալ երկխոսությունը շարունակվում է:
- Ներքաղաքական զարգացումների արդյունքում ՔՊ-ին հաջողվում է ստանալ առնվազն 6 ընդդիմադիր պատգամավորի աջակցություն, և նշանակվում է հանրաքվե (որի հնարավոր ելքը այլ վերլուծության առարկա է):
- Ադրբեջանը վերանայում է իր դիրքորոշումը նախապայմանի վերաբերյալ, ինչը հնարավոր է դարձնում խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը:
- Հաղորդակցություններ
Հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում առաջիկայում հնարավոր են զարգացումներ երկու հիմնական ուղղությամբ: Առաջինը TRIPP-ն է:
Հունիսի սկզբին Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը ստորագրեցին «ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրըix։ Այն դեռևս անցնելու է ներպետական համապատասխան ընթացակարգերը՝ լիարժեք ուժի մեջ մտնելու համար:
Ուշագրավ է, որ ԱՄՆ Պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ, ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմն արդեն մի քանի ամիս զբաղվում է Հայաստանում TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքներով, իրականացնում է տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալx։
ԹՐԻՓՓ-ի շրջանակային համաձայնագրի վերջնական վավերացումից հետո, հնարավոր է՝ այս տարվա երկրորդ կեսին, հողի վրա ականատես լինենք TRIPP-ի ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների մեկնարկին: Ընտրություններից հետո այս հանձնառությունը հաստատել է նաև ՀՀ վարչապետը:
Ենթակառուցվածքների հետ կապված մյուս հնարավոր զարգացումը վերաբերում է Երասխ-Նախիջևանի սահման երկաթգծին: ՀՀ կառավարությունը դեռ 2025 թվականի դեկտեմբերին ռուսական կողմի հետ շփումներում բարձրացրել է Հայաստանը Նախիջևանին և Թուրքիային կապող երկաթուղու որոշ հատվածների վերականգնման հարցըxi՝ հաշվի առնելով, որ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը պատկանում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղուն»: Ռուսական կողմը, սակայն, հետաքրքրված չէ այդ նախագծերով՝ պատճառաբանելով տնտեսական աննպատակահարմարությամբxii։ Հաշվի առնելով ռուսական կողմի դիրքորոշումը՝ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել սեփական ուժերով վերականգնել Երասխ-Նախիջևանի սահման, Ախուրիկ-Թուրքիայի սահման երկաթուղիները և արդեն նախագծման մրցույթ է հայտարարելxiii։
Երասխ-Նախիջևան երկաթուղու վերականգնումը կարճաժամկետ հեռանկարում կարող է հնարավորություն տալ Ադրբեջանից Վրաստանի և Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան բեռների երկաթուղային տարանցման համար, ինչպես Հայաստանն է Ադրբեջանի և Վրաստանի տարածքի երկաթուղով բեռներ ստանում Ռուսաստանից և Ղազախստանից: Երկաթուղային այս փոխկապվածությունը կարող է նպաստել փոխվստահության ձևավորման և հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին:
Իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ ապաշրջափակման դեպքում, Երասխ-Նախիջևան երկաթուղին կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի երկաթուղային կապակցվածության, Հայաստան-Իրան երկաթուղային կապի ապահովման տեսանկյունից:
- Սահմանազատում և սահմանագծում
Խաղաղության գործընթացի մյուս կարևոր ուղղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացն է: Երկու երկրները մինչ օրս սահմանազատել և սահմանագծել են շուրջ 1000 կմ ընդհանուր երկարությամբ սահմանի 12.6 կիլոմետրը:
Սահմանազատման հանձնաժողովներն այս ընթացքում 13 հանդիպում են անցկացրել, վերջինը՝ Աղվերանում, 2026թ․ ապրիլի 29-ին: Գործընթացի վերաբերյալ կողմերն ունեն երկու պայմանավորվածությունxiv․
1. սահմանազատումը և սահմանագծումը շարունակվելու է հյուսիսից հարավ,
2. հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին զուգահեռ, սահմանի առանձին հատվածներ կարող են սահմանազատվել և սահմանագծվել արտահերթ:
Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակxv կողմերը համաձայնեցրել և փոխանակել են ուղեցույցերի նախագծեր, որոնք վերաբերում են՝
- սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատակարգին,
- սահմանազատման քարտեզի ստեղծման կարգին,
- սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգին։
Այդ տեխնիկական փաստաթղթերի մշակումը և ներդրումը կարող է նպաստել սահմանազատման գործընթացի հնարավորինս հարթ իրականացմանը, սակայն թե երբ կմեկնարկեն ռեալ աշխատանքները, կախված է կողմերի քաղաքական կամքից:
- Տնտեսական հարաբերություններ
Հայաստանի և Ադրբեջանի միջև աստիճանաբար զարգանում է նաև տնտեսական գործակցությունը: 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանը հայտարարեց իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման արգելքի չեղարկման մասին: Դա հնարավոր դարձրեց Ռուսաստանից և Ղազախստանից երկաթուղով բեռնափոխադրումը Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով:
Դեկտեմբերից Հայաստանն Ադրբեջանից սկսեց նավթամթերք ձեռք բերել, որը նույնպես ներմուծվում է երկաթուղով՝ Վրաստանի տարածքով: Ադրբեջանի մաքսային կոմիտեի տվյալով՝ ս․թ․ հունվարից մայիս Հայաստան է արտահանվել 11.2 միլիոն դոլարի ապրանք։xvi
Հատկանշական է, որ առևտրային այս հարաբերություններում կա որոշակի ասիմետրիա: Թեև Հայաստանը հայտարարել է, որ չեղարկում է Ադրբեջանից Նախիջևան, Ադրբեջանից-Թուրքիա և հակառակ ուղղություններով բեռների տարանցման սահմանափակումները, պաշտոնական Բաքուն դեռևս չի օգտվել այդ հնարավորությունից: Հայկական ապրանքների՝ Ադրբեջան արտահանում էլ տեղի է ունեցել միայն անուղղակի, իսկ ծավալներն աննշան են։
Չնայած այս ամենին՝ կան դրական միտումներ: Կողմերը փոխանակել են այն ապրանքների ցանկերը, որոնց ներմուծմամբ հետաքրքրված են: Բացի այդ, ապրիլի 29-ին՝ Աղվերանի հանդիպման շրջանակում, տեղի է ունեցել հայաստանյան և ադրբեջանական գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջxvii։ Ակնկալվում է, որ առաջիկայում առևտրային հարաբերությունների ասիմետրիան կվերանա, և ադրբեջանական կողմը կսկսի ձեռք բերել անհրաժեշտ ծավալով հայկական ապրանք:
Ըստ մամուլում հրապարակումների՝ քննարկումներ կան Հայաստանից Ադրբեջան ծաղկի, ալյումինի փայլաթիթեղի և շաքարավազի հնարավոր արտահանման մասին:
Հատկանշական է, որ ռուսական կողմից հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական գործակցության նոր հնարավորություններ կարող են առաջանալ:
- Փոխվստահության ամրապնդման միջոցներ
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում փոխվստահության ցածր մակարդակը շարունակում է մնալ ամենակարևոր խնդիրներից մեկը, ինչն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքերը: Պաշտոնական հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ այս ուղղությամբ քայլերը շարունակվելու են:
Ուշագրավ է, որ ընտրություններից հետո՝ հունիսի 14-ին, Դիլիջանում տեղի ունեցավ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումըxviii։ Հաջիևը Հայաստան մուտք էր գործել ցամաքով՝ միջպետական սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով, բոլոր ընթացակարգերի պահպանմամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նման հանդիպումն անցկացնել Ադրբեջանում:
Ընտրություններից հետո նման ձևաչափով հանդիպումը կարող է մեկնաբանվել որպես խաղաղության գործընթացի նկատմամբ կողմերի հանձնառության վերահաստատում: Նշենք, որ պաշտոնյաների քննարկման առանցքային թեմաներից է եղել քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումը: 2025 թվականին ստեղծված «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, որը միավորում է երկու երկրների փորձագետների, քաղհասարակության և մամուլի ներկայացուցիչների, մինչ օրս 4 հանդիպում է անցկացրել․ 2-ը Հայաստանի, 2-ը՝ Ադրբեջանի տարածքում: Որպես «track 1.5» բնորոշվող հանրային դիվանագիտության այս հարթակը շարունակում է իր աշխատանքը՝ փորձելով ընդլայնել ներգրավված մասնակիցների շրջանակը և ներդրում ունենալ փոխվստահության ձևավորման գործում: Հատկանշական է, որ վերջերս Դոնալդ Թրամփը Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում, ի թիվս տարբեր դրական արդյունքների, հիշատակել էր նաև «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, ինչը կարևոր արձանագրում է:
Ամփոփում
Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն ունի զարգացման մեծ ներուժ, որի իրացման համար կարևոր են քաղաքական կամքը, միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը և, թեկուզ փոքր, բայց շոշափելի արդյունքների գրանցումը:
Նարեկ Մինասյան
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։
i https://www.arlis.am/hy/acts/152265
ii https://www.irtek.am/views/act.aspx?aid=127224
iii https://www.arlis.am/hy/acts/138368
iv https://www.1lurer.am/hy/2024/03/12/1/1091734
v https://www.azatutyun.am/a/nor-sahmanadroutyan-nakhagtsi-tekstn-arden-patrast-e-kknnarkvi-kp-varchoutyan-nistoum-galyan/33707790.html
vi https://armenpress.am/hy/article/1252612 vii https://armenpress.am/hy/article/1217286
viii https://www.arlis.am/hy/acts/143723 ix https://www.mfa.am/hy/press-releases/2026/06/04/TRIPP_Framework/13981
x https://www.azatutyun.am/a/33755853.html
xi https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/12/22/Nikol-Pashinyan-met-with-Vladimir-Putin/
xii https://tass.ru/interviews/26970323 xiii https://www.youtube.com/watch?v=55dGvkOhrGw&source_ve_path=MjM4NTE&embeds_referring_euri=https%3A%2F%2Fnews.am%2F
xiv https://www.youtube.com/watch?v=FTocaWEw6Sg&t=2s
xv https://www.mfa.am/hy/press-releases/2026/04/29/Arm-Az/13912
xvi https://am.sputniknews.ru/20260616/azerbaydzhan-za-5-mesyatsev-2026-g-eksportiroval-v-armeniyu-tovary-na-112-mln-103559715.html
xvii https://armenpress.am/hy/article/1248861 xviii https://armenpress.am/hy/article/1252976/amp