Սույն վերլուծական հոդվածը Հայաստանի արդի քաղաքական կյանքում գոյություն ունեցող երկու առանցքային և, միաժամանակ, միահյուսված հասկացությունների մասին է՝ ինքնիշխանության ամրապնդման և արտաքին քաղաքականության բազմազանեցման։ Ինքնիշխանության ամրապնդումը Հայաստանին բազմազանեցված արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն է ընձեռելու։ Դա, ինքնաբերաբար, նպաստելու է երկրի ինքնիշխանության շառավղի ընդլայնմանը։ Եվ, ընդհակառակն, ինքնիշխանության նվազեցման դեպքում նահանջ է արձանագրվելու դեպի տարիներ ի վեր գոյություն ունեցող «աշխարհաքաղաքական թակարդի» գործածումը, որը շարունակելու է սահմանափակել երկրի ինքնիշխանությունը՝ կրելով իր մեջ բազմաթիվ վտանգներ։
Հանրահայտ փաստ է, որ «պետությունների ինքնիշխանություն» հասկացությունն, ի հայտ գալով Լուսավորության դարաշրջանում, ամրագրվել է 1968 թվականին՝ Վեստֆալիայի խաղաղության մասին պայմանագրերում։ Միջազգային հարաբերությունների համատեքստում այդ հասկացությունը, մասնավորապես, նշանակում է, որ պետություններն ի զորու են, համաձայն իրենց շահերի, ինքնուրույն ընտրել իրենց արտաքին քաղաքականության ուղին։ Այլ կերպ ասած՝ նրանք, ենթադրաբար, պետք է ազատ լինեն իրենց շահերի պաշտպանության ուղիների և ձևերի ընտրության հարցում։ Ժամանակակից աշխարհում, անշուշտ, հազիվ թե կարելի է գտնել մի պետություն, որն օժտված լինի արտաքին քաղաքական գործողություններում բացարձակ անկախությամբ։ Նման բան կարելի է վերագրել միայն գերտերություններին, այն էլ՝ զգալի վերապահումներով։ Կարելի է ասել՝ որքան հզոր է պետությունը, այնքան լայն է նրա գործողությունների ազատության շրջանագիծը։ Բոլոր պետությունները ձգտում են ընդլայնել այն՝ հետապնդելով իրենց շահերին առավել արդյունավետ կերպով հետամուտ լինելու նպատակը։ Սա վերաբերում է նաև Հայաստանին։ Վերջինիս արտաքին քաղաքականության արդի հրամայականներից մեկը հենց այսպես կարելի է ձևակերպել։
Տեսնենք, թե ինչ խնդիրների առջև է Հայաստանը կանգնած այդ առումով։
Ժամանակակից աշխարհում պետություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ կաշկանդված են միջազգային իրավունքով, միջազգային պարտավորություններով, մարդու իրավունքներով և այլն։ Պետությունների ինքնիշխանությունը սահմանափակված է հենց այս գործոններով, և դա նորմալ է։ Սակայն Հայաստանի դեպքում իրավիճակը փոքր-ինչ այլ է։ Մեր պարագայում կա մի լրացուցիչ գործոն, որը շեշտակիորեն սահմանափակում է արտաքին քաղաքականության ուղեգծի ընտրության հնարավորությունը։ Այն անմիջականորեն անդրադառնում է երկրի անվտանգության ապահովման և, մասնավորապես, նրա տնտեսական զարգացման հնարավորությունների վրա։
Այդ գործոնը կարելի է անվանել «աշխարհաքաղաքական թակարդ»։ Այն ունի պատմական խոր արմատներ և ներկա է եղել 1991թ. ձեռք բերված անկախության առաջին իսկ տարիներից։ «Աշխարհաքաղաքական թակարդը» կարելի է պատկերել հետևյալ բանաձևով.
- Հայաստանը, լինելով հակամարտության մեջ Ադրբեջանի հետ, որին անվերապահորեն աջակցում է Թուրքիան, ի սկզբանե անվտանգության լրջագույն սպառնալիքների է առերեսվել։
- Դրանց դիմակայելու համար Հայաստանը դիմել է Ռուսաստանի օգնությանը՝ կնքելով համապատասխան երկկողմ պայմանագրեր և միանալով Ռուսաստանի կողմից ղեկավարվող ռազմաքաղաքական ու առևտրատնտեսական բազմակողմ կառույցներին (ՀԱՊԿ և ԵԱՏՄ)։
- Որպես հետևանք՝ սահմանափակվել է Հայաստանի արտաքին քաղաքական մանևրի և, մասնավորապես, այլ երկրների ու բազմակողմ կառույցների հետ ռազմաքաղաքական ու առևտրատնտեսական համագործակցության հնարավորությունը։
- Դա բացասաբար է անդրադարձել, մի կողմից, Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի արդյունավետության, մյուս կողմից՝ երկրի տնտեսական զարգացման համար նախադրյալների ստեղծման հնարավորությունների վրա։
Ռուսաստանի հետ գործընկերությունը որոշ ժամանակաշրջանում և հանգամանքներում Հայաստանի համար դրական դերակատարում է ունեցել։ Այն առնվազն մեկուսացրել է Թուրքիայի գործոնը։ Դա տևական ժամանակ հնարավորություն է տվել ուժային հավասարակշռություն պահպանել Ադրբեջանի հետ։ Սակայն երկարաժամկետ առումով, այդ գործընկերությունը ձախողել է իր առաքելությունը։
Նախ, Թուրքիան Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ կարողացավ լիակատար աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ առանց Հայաստանի դեմ անմիջականորեն ուղղված ագրեսիվ որևէ գործողություն ձեռնարկման, ինչը կարող էր ֆորմալ հիմք հանդիսանալ Ռուսաստանի ռազմական միջամտության համար։ Այսինքն, կրիտիկական պահին ի չիք դարձավ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության առանցքային գործոնը, համաձայն որի՝ կողմերից որևէ մեկի նկատմամբ ագրեսիան գնահատվում է ագրեսիա մյուսի նկատմամբ ևս։ Բացի այդ, երկար տարիներ Հայաստանը զրկված եղավ Արևմտյան առաջատար երկրների հետ ռազմաքաղաքական համագործակցության հնարավորությունից։ Հայաստանը տևական ժամանակ, թե՛ ֆիզիկապես, թե՛ գաղափարապես, կաղապարված մնաց իր զինված ուժերի արդիականացման հարցում, ինչը, բնականաբար, չէր կարող բացասաբար չանդրադառնալ երկրի պաշտպանունակության և, ի վերջո, Քառասունչորսօրյա պատերազմի ելքի վրա։
Կաղապարվածությունը, ինչը երկրի ինքնիշխանության խիստ դեֆիցիտի դրսևորումներից էր, բնորոշ էր տնտեսական կյանքին ևս։ Հայաստանը զրկվեց Եվրոպական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունից՝ 2013-ին դադարեցնելով Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները։
180 միլիոն ընդհանուր բնակչություն ունեցող ԵԱՏՄ-ին անդամակցությունը, թեև տակավին, տալիս է կարճաժամկետ որոշ առավելություններ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստանից գյուղմթերքի արտահանմանը և Ռուսաստանից էներգակիրների ներմուծմանը, երկարատև հեռանկարի առումով, սակայն, չի կարող ծառայել երկրի կայուն զարգացման նախադրյալների ստեղծմանը։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է գտնվել (կամ գոնե ձգտել) հայտնվել տնտեսապես և տեխնոլոգիապես առաջատար երկրների «ձգողական դաշտում»։ Մինչդեռ, ԵԱՏՄ երկրներին բնավ հնարավոր չէ դասել ժամանակակից աշխարհի առաջատարների շարքին՝ ո՛չ նրանցում գործող ինստիտուտների արդյունավետության, ո՛չ համաշխարհային տնտեսության մեջ և միջազգային առևտրում ունեցած ծավալների առումով։ Ստեղծելով մաքսային միություն՝ ԵԱՏՄ-ն իր անդամ պետություններին թույլ չի տալիս այդ սահմաններից դուրս առևտրատնտեսական ակտիվ համագործակցություն ծավալել և ինտեգրվել տնտեսական այլ դաշտերի։ Կազմված լինելով հիմնականում հումք արտահանող երկրներից՝ կառույցի ներսում չեն գոյանում ապրանքների մատակարարման շղթաներ, տեղի չի ունենում պատշաճ ծավալի ապրանքաշրջանառություն։ Ինչ վերաբերում է առաջատար տեխնոլոգիաների արդի մրցավազքին, ապա այստեղ ԵԱՏՄ-ն առհասարակ դերակատար չէ։
Գտնվելով «աշխարհաքաղաքական թակարդում»՝ Հայաստանը զրկվել է արտաքին քաղաքականության և, որպես հետևանք, անվտանգության ապահովմանն ու տնտեսական զարգացմանը ծառայող միջոցների բազմազանեցման հնարավորությունից։ Արտաքին քաղաքականության բազմազանեցումը պահանջում է դուրս գալ այդ թակարդից։
Իսկ ինչպե՞ս կարելի է դուրս գալ այդ թակարդից։
«Աշխարհաքաղաքական թակարդը» հիմնված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ թշնամանքի գաղափարախոսության վրա։ Դրա կյանքի տևողությունն այնքան է, որքան այդ թշնամանքինը։ Ուստի թակարդից կարելի է դուրս գալ՝ կոտրելով թշնամանքի արատավոր շղթան։ Դրա համար անհրաժեշտ է կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ, կյանքի կոչել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք 2025 թվականի օգոստոսի 8-ին կողմերի միջև ձեռք են բերվել Վաշինգտոնում։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը լայն պատուհան կբացի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Հարևան երկու երկրների հետ հարաբերությունների կարգավորվածությունը հիմնարար նախադրյալներ կստեղծի տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման, դրանց գործարկման և տարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության համար։ Իսկ դա, տնտեսական զարգացման նախադրյալների ստեղծման առումով, անհրաժեշտ պայման է ցանկացած երկրի համար։ Չկա փակ սահմաններով, չորս դրացիներից երկուսի հետ լարված հարաբերություններով ոչ մի երկիր, որին հաջողվել է տնտեսական կայուն զարգացում ապահովել։ Ընդհակառակն, բոլոր նրանք, ովքեր երկարատև տնտեսական աճ են արձանագրել, ունեցել են հարևանների հետ խոր համագործակցության և համաշխարհային տնտեսության հետ առևտրական սերտ կապերի պատմություն։
Ամուր ինքնիշխանություն է անհրաժեշտ՝ քակտելու համար «աշխարհաքաղաքական թակարդը»: Այսօր Հայաստանը կանգնած է ընտրության առջև. ամրապնդել, ընդլայնել ինքնիշխանությունը՝ ստանալով արտաքին քաղաքականության մեջ պետության կենսական շահերին համահունչ որոշումներ կայացնելու հնարավորություն, թե շարունակել ապրել թակարդի, այն է՝ թշնամանքի, տրամաբանության ներքո։ Առաջինը դեպի խաղաղ կյանք և զարգացում տանող արահետ է բացում։ Կկարողանանք դրանից օգտվել, թե ոչ, հարցի այլ կողմն է, բայց այս պահին բավարար ինքնիշխանություն է հարկավոր՝ այդ արահետով շարժում սկսելու համար։ Ինչ վերաբերում է երկրորդին, ապա այն, ինչպես ապացուցել է մեր ոչ վաղ անցյալի դառը պատմությունը, ոչ ռացիոնալ ընտրություն է, որը տանում է մեր հարևանների հետ լարվածության վերսկսման։ Այն, ի վերջո, ճանապարհ է հարթելու դեպի ինքնիշխանության կորուստ, քանզի հիմնված է թշնամանքի վրա և գործում է «աշխարհաքաղաքական թակարդի» մեխանիզմով, որի աշխատանքը ժամանակ-առ-ժամանակ անխուսափելիորեն խաթարվում է՝ իր հետևից բերելով անդառնալի կորուստներ:
Հրաչյա Թաշչյան