ՀՀ վարչապետ Փաշինյանը ուղերձ հղեց նոր սահմանադրության տեքստի հրապարակման առիթով, որի շրջանակներում կրկնեց դրա ընդունման հնարավորություն ստեղծելու վերաբերյալ նախկինում արված առաջարկները։ Այդ առաջարկների էությունը հանգում է ընդդիմության կողմից գործարքի՝ քաղաքական դաշտից Փաշինյանի հեռանալու դիմաց սահմանադրական հանրաքվեին կողմ քվեարկելը։ Միևնույն ժամանակ, ընդդիմության այն հատվածը, որը տեսականորեն կարող է քվեարկել «կողմ» նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու հարցին, իրենից ներկայացնում է երկու կուսակցությունից բաղկացած քաղաքական ընդհանրություն։ Ավելին, այս կուսակցությունները մաս են կազմում և, անգամ, գլխավորում օրեր առաջ ընդդեմ իշխանության «համախմբված» քաղաքական ուժերի։ Սակայն այս ուժերի քաղաքական կապիտալը ո՛չ իրենց անդամներն են, ո՛չ ներքին դաշտում հեղինակությունը, ո՛չ էլ մյուս դերակատարները, որոնց հետ համախմբվել են։ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր թևում հայտնված երկու քաղաքական ուժի՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների քաղաքական կապիտալը Մոսկվայի հովանավորչությունն է։ Հետևաբար, Փաշինյանի առաջարկին պատասխանել նրանք կարող են բացառապես Կրեմլի հետ այդ պատասխանը համաձայնեցնելուց հետո։
Ասվածից հետևում է, որ առաջարկին պատասխանող կողմն, իրականում, Ռուսաստանն է։ Այս հարցի վերաբերյալ Կրեմլի հնարավոր դիրքորոշմանը դեռ կանդրադառնանք, սակայն, Փաշինյանը ևս, ամենայն հավանականությամբ, հասկանում է, որ իր բարձրացրած հարցի շուրջ վերջնական որոշումը կայացվելու է Կրեմլում։ Հետևաբար, կարելի է կարծել, որ այս տարվա դեկտեմբերին նախատեսվող մոսկովյան 3 այցերից մի քանի օր առաջ հնչեցված առաջարկի իրական հասցեատերը ոչ թե ՀՀ խորհրդարանական ընդդիմությունն է, այլ հենց Կրեմլը։ Կասկածից վեր է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումների օրակարգային հարցերից մեկը կլինի ՀՀ նոր սահմանադրությունը, որի տեքստի հրապարակումն էլ, իր հերթին, նախորդեց այցերին։
Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր Ռուսաստանից ստանալ անհրաժեշտ վեց ձայնը։ Տեսականորեն, նման երկու տարբերակ կարող է լինել։ Առաջին դեպքում Մոսկվան կարող է «կանաչ լույս վառել» սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար, եթե նոր սահմանադրության տեքստում հաշվի առնվեն Ռուսաստանի շահերն ու ցանկությունները։ Սակայն տեքստն արդեն հրապարակված է, և այնտեղ արդեն նկատվում են խնդիրներ Մոսկվայի համար։ Այսպես, եթե նախաբանում ՀՀ անկախության հռչակագրին հղման վերացումը առավելապես աշխարհաքաղաքական խնդիր է, ապա, օրինակ, արտաքին ֆինասավորմամբ գործող կուսակցությունների արգելման կետը ուղիղ կերպով նվազեցնում է Հայաստանի վրա ազդեցության հնարավորությունները։
Մոսկվայի համաձայնությունն ստանալու երկրորդ հնարավորությունն այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններն են, որոնք կարող են ներառել նաև սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ 6 «կողմ» ձայնի տրամադրումը։ Այդ հարցերի շրջանակներում են հայկական երկաթուղին, նոր ատոմակայանի կառուցումը, Գյումրու 102-րդ ռազմաբազան, ՀՀ եվրաինտեգրման գործընթացը և այլն։ Այլ կերպ ասած, եթե Փաշինյանը և Պուտինը համաձայնության գան կարևորագույն դրույթների վերաբերյալ, Ռուսաստանը կարող է «թույլ տալ» անցկացնել սահմանադրության փոփոխության հանրաքվե։ Միակ հարցն այն է՝ Երևանը պատրա՞ստ է նման գին վճարել։
«Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի տեսակետը ոչ բոլոր դեպքերում է համընկնում հրապարակված նյութերի հեղինակների տեսակետների հետ։