Երբեմն քաղաքական որևէ իրադարձություն կամ հասարակական կարևորագույն խնդիր ստիպում է վերադառնալ ակադեմիական դաշտ, վերհիշել և վերաիմաստավորել նախկինում ուսումնասիրված տեսություններն ու հասկացությունները, ուսումնասիրել տարբեր քեյսեր, նորովի հարցեր ձևակերպել և դրանց պատասխանները փնտրել։
Վերջին շրջանում ինձ համար այդպիսի հարցերից է դարձել նոր սահմանադրության ընդունման, նոր հանրապետության հռչակման հարցը։ Հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանում չունի ⅔, ինչն անհրաժեշտ է հանրաքվե կազմակերպելու համար։ Իսկ նոր սահմանադրություն ընդունելու համար պահանջվում է հենց հանրաքվե կազմակերպել։ Մեծամասնությունը ցանկանում է նոր սահմանադրություն, քանի որ գտնում է, որ
ա) սահմանադրությունն ունի լեգիտիմության խնդիր, քանի որ ընդունվել է ավտորիտար ռեժիմի շրջանակներում, այսինքն ոչ ազատ և արդար հանրաքվեի արդյունքում,
բ) այն ունի խնդրահարույց կետեր, որոնք թույլ չեն տալիս լիարժեք իրականացնել անհրաժեշտ դեմոկրատական բարեփոխումները,
գ) այն խոչընդոտում է խաղաղության պայմանագրի կնքմանը, քանի որ պարունակում է հղում անկախության հռչակագրին, որը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դիտարկվում է որպես տարածքային պահանջ։ Քաղաքական փոքրամասնությունը համաձայն չէ այս ամենի հետ։
Այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է ժողովրդի մանդատը ստացած իշխանությունը արդյունավետ իրականացնել իր ծրագրերը, կառավարել երկիրը՝ առանց նոր սահմանադրության ընդունման, եթե գտնում է, որ նոր սահմանադրության ընդունումը գոյաբանական կարևորության հարց է։ Եվ ստացվում է, որ ժողովրդի մեծամասնությունը, երկրի իշխանություններն ի վիճակի չեն լինելու ընդունել գոյաբանական որոշումներ, քանի որ փոքրամասնությունը թույլ չի տալիս դա անել։ Բայց մի՞թե փոքրամասնության վրա է դրված մարտահրավերներին դիմակայելու պատասխանատվությունը։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու նրա համար, որ չկայացված որոշումների պատճառով երկիրը, հասարակությունը կարող են լրջագույն խնդիրների առջև կանգնել․ իհարկե, իշխանություններն են կրելու այդ պատասխանատվությունը։
Այսինքն, ունենք հետևյալ հարցը․ ի՞նչ անել այն իրավիճակում, երբ, մեծամասնության համոզմամբ, ժողովրդավարական հասարակության համար էական, գոյաբանական նշանակություն ունեցող որոշման ընդունումը արգելափակվում է գործող սահմանադրական ընթացակարգով, որի փոփոխությունը թույլ չի տալիս փոքրամասնությունը։ Արդյո՞ք ժողովրդավարական համակարգը կարող է ընդմիշտ կապված մնալ այնպիսի ընթացակարգի, որը գործնականում քիչ հավանական է դարձնում հասարակության կողմից իր սահմանադրական կամքի վերանայումը քանի որ, ընդհանրապես, շատ հազվադեպ է լինում, երբ որևէ մեկն ունենա մանդատների ⅔-ը։ Մի՞թե սահմանադիրը՝ ժողովուրդը, նույնիսկ բացառիկ դեպքերում, չի կարող ունենալ սահմանադրական կարգը վերանայելու հնարավորություն (օրինակ, հանրաքվեով իր կամքը արտահայտելու հնարավորություն) միայն այն պատճառով, որ իշխանությունը չունի սուպերմեծամասնություն, և խորհրդարանական ընդդիմությունը չի ցանկանում, որ հանրաքվե կազմակերպվի։
Սկսենք ⅔-ի սկզբունքի վերլուծությունից, որը սովորաբար անվանում են սուպերմեծամասնության սկզբունք։ Այն նոր երևույթ չէ և լայնորեն կիրառվում է սահմանադրական պետություններում։ Օրինակ, դեռևս 1787 թվականին ընդունված ԱՄՆ սահմանադրությամբ նախատեսվել է ձայների բարձր շեմ որոշակի հիմնարար որոշումների համար։ Այստեղ կարևոր է հասկանալ՝ ինչու է, ընդհանրապես, անհրաժեշտ սուպերմեծամասնությունը։
Ժողովրդավարական որոշումների կայացման ամենատարածված մեխանիզմը մեծամասնության սկզբունքն է։ Եթե երկու տարբերակներից մեկն ստանում է 51 տոկոս, իսկ մյուսը՝ 49, առաջինը հաղթում է։ Դա չի նշանակում, որ առաջին տարբերակն «ավելի ճշմարիտ» է, «ավելի բարոյական» կամ «ավելի լավ»։ Պարզապես, որոշումների ընդունման համար անհրաժեշտ է որևէ կանոն, և ժողովրդավարության պայմաններում այդ կանոններից ամենատարածվածը մեծամասնության որոշումն է։ Այն համեմատաբար արդար և ողջամիտ սկզբունք է։
Բայց որոշ հարցերում հասարակությունները գիտակցաբար հրաժարվում են պարզ մեծամասնության սկզբունքից և պահանջում ավելի բարձր շեմ։ Ինչո՞ւ։ Որովհետև ⅔-ը սահմանափակում է մեծամասնության իշխանությունը։ Այն պետք է կանխի հատկապես արագ, պատահական, ժամանակավոր քաղաքական մեծամասնության կողմից հիմնարար որոշումների միակողմանի ընդունումը։ Միաժամանակ, ընդունված է համարել (թեև այս թեզը վիճարկվում է որոշ տեսաբանների կողմից), որ այն պաշտպանում է փոքրամասնությանը և ստիպում տարբեր քաղաքական ուժերի միջև համաձայնություն որոնել։
Այս տրամաբանությունը շատ հստակ արտահայտել է Ջեյմս Մեդիսոնը՝ նշելով, որ սուպերմեծամասնության պահանջը կարող է ծառայել որպես որոշակի շահերի «վահան» և խոչընդոտ՝ հապճեպ ու մասնակի որոշումների համար։ Ալեքսանդր Համիլթոնը նույնպես պաշտպանել է արտասովոր մեծամասնության պահանջն՝ այն դիտարկելով որպես օրենսդիր իշխանության նկատմամբ առողջ հակակշիռ։
Այսինքն, ⅔-ը ոչ թե «ավելի ժողովրդավարական» է, քան 50%+1-ը, այլ ժողովրդավարական որոշումների կայացման վրա դրված լրացուցիչ սահմանափակում է, որն արդարացվում է որոշակի նպատակներով։
Իսկ հիմա առաջ քաշենք հետևյալ հարցը՝ հնարավո՞ր է, արդյոք, բացառիկ դեպքերում ընդունել նոր սահմանադրություն՝ որոշակիորեն շեղվելով գործող սահմանադրական ընթացակարգից։
Այս հարցին պատասխանելու համար օգտակար է դիմել միջազգային փորձին։ Ամենահետաքրքիր օրինակներից մեկը Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության ծնունդն է 1958 թվականին, երբ երկիրը թողեց չորրորդ Հանրապետության՝ սահմանադրական վերանայման համար նախատեսված ընթացակարգը և ընդունեց նոր սահմանադրություն այլ՝ ad hoc ճանապարհով։
Չորրորդ Հանրապետության 1946 թվականի սահմանադրությունը նախատեսում էր սահմանադրական փոփոխությունների հատուկ ընթացակարգ։ 1958 թվականին, Ալժիրի ճգնաժամի և չորրորդ Հանրապետության քաղաքական համակարգի խորը ճգնաժամի պայմաններում, Շառլ դը Գոլը վերադարձավ իշխանության։
1958 թվականի սահմանադրական օրենքով խորհրդարանը կառավարությանը հնարավորություն տվեց մշակել նոր սահմանադրություն, թեև նման իրավունք նախատեսված չէր։ Սակայն խորհրդարանը սահմանեց շրջանակներ։ Նոր սահմանադրությունը մշակվեց հատուկ, բացառիկ ընթացակարգով, իսկ վերջնական տեքստը դրվեց համաժողովրդական հանրաքվեի։ 1958 թվականի սեպտեմբերի 28-ի հանրաքվեում սահմանադրության նախագիծն ստացավ ճնշող աջակցություն։ Հարկ է նկատել, որ գործադիրն իրավունք էր ստացել մշակել սահմանադրություն՝ պայմանով, որ պահպանվեն մի շարք սկզբունքներ (համընդհանուր ընտրական իրավունքը, իշխանությունների տարանջատումը, կառավարության պատասխանատվությունը Խորհրդարանի առջև, դատական իշխանության անկախությունը և այլն)։
Ֆրանսիայի օրինակը (այս օրինակը չեմ վկայակոչել նրա համար, որ ցույց տամ հայաստանյան և ֆրանսիական քեյսերի նույնականությունը) ցույց է տալիս, որ պատմության որոշ հանգուցային պահերի կարող է առաջանալ նոր խաղի կանոնների ձևավորման անհրաժեշտություն, որը պահանջում է առանձնահատուկ ժողովրդավարական լեգիտիմացում։
Ֆրանսիական օրինակը ցույց է տալիս, որ սահմանադրական ընթացակարգից շեղումն, ինքնին, դեռևս չի պատասխանում դրա ժողովրդավարական կամ հակաժողովրդավարական բնույթի հարցին․ վճռորոշ է այն, թե ինչպիսի գործընթացով, ինչպիսի մասնակցությամբ, ինչ սահմանափակումներով և ինչպիսի հանրային լեգիտիմացմամբ է իրականացվում այդ շեղումը։ Այստեղ պետք է նշել, որ ընթացակարգային խախտումը չպետք է սասանի ժողովրդավարական կարգի էությունը, չի կարող խախտել մարդու իրավունքներն ու ազատությունները։ Վերջ ի վերջո, սահմանադրական կարգի էությունը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների և ազատությունների հիման վրա կառուցված դեմոկրատական կարգ։
Ամերիկացի հայտնի սահմանադրագետ Բրյուս Ակերմանի «սահմանադրական պահերի» (constitutional moments) տեսությունը կարևոր տեսական շրջանակ է նման իրավիճակների վերլուծության համար։ Ակերմանը ցույց է տալիս, որ ԱՄՆ սահմանադրական զարգացման պատմության որոշ հանգուցային փուլերում հիմնարար սահմանադրական փոփոխություններ տեղի են ունեցել սահմանադրությամբ նախատեսված փոփոխության ձևական ընթացակարգերից դուրս։ Նրա «բարձրագույն իրավաստեղծման» (higher lawmaking) հայեցակարգը նման դեպքերը դիտարկում է որպես բացառիկ ժողովրդավարական գործընթացներ, որոնց ընթացքում հասարակությունն ինտենսիվ քաղաքական մոբիլիզացիայի և հանրային քննարկման միջոցով վերաիմաստավորում (վերափոխում) է իր սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքները։ Սակայն Ակերմանը չի ասում, որ յուրաքանչյուր ճգնաժամ կարելի է դիտարկել որպես «սահմանադրական պահ»:
Ես չգիտեմ՝ որ լուծումը Հայաստանի պարագայում ընդունելի կլինի, եթե չհաջողվի ապահովել սուպերմեծամասնություն։ Սակայն հարկ է հրաժարվել երկու ծայրահեղությունից։ Առաջինը՝ ընթացակարգային բացարձակապաշտությունից, ըստ որի՝ գործող ընթացակարգից ցանկացած շեղում ինքնաբերաբար հավասարազոր է սահմանադրական կարգի տապալման։ Երկրորդ՝ ժողովրդական ինքնիշխանության կամայական մեկնաբանությունն, ըստ որի՝ իշխանության ցանկացած գործողություն կարող է արդարացվել «ժողովրդի կամքով»։ Կարծում եմ, որ ժողովրդավարական սահմանադրականությունը գտնվում է այս երկու ծայրահեղության միջև։ Կարծում եմ՝ այս հարցերի վերաբերյալ բանավեճը կնպաստի օպտիմալ լուծումներ գտնելուն։
Էդգար Վարդանյան
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։