Թեև Եվրամիության ներգրավվածությունը Հարավային Կովկասում սկիզբ է առնում դեռևս 1990-ական թվականներից․ երեք հանրապետությունների անկախացումից ի վեր Բրյուսելը տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրի հետ մշտապես ունեցել է առանձին օրակարգեր:
Հայաստանի հետ հարաբերություններում ավանդաբար կարևորվել են ժողովրդավարական բարեփոխումները։ Հարաբերությունների գլխավոր իրավական հիմքը 2017թ. ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն» է: Վերջին տարիներին երկկողմ կապերն աննախադեպ խորացել են. 2025թ. հաստատվեց «Գործընկերության ռազմավարական օրակարգը», իսկ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։
Վրաստանը, որը դեռ 2014թ. էր ստորագրել ասոցացման համաձայնագիրը, վերջին տարիներին պաշտոնապես սկսեց անդամակցության գործընթացը: Չնայած ներկայիս որոշակի քաղաքական լարվածությանը՝ Թբիլիսին շարունակում է մնալ տարածաշրջանում ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ունեցող միակ երկիրը։
Ադրբեջանի պարագայում, թեև նոր համապարփակ համաձայնագիրը դեռ բանակցությունների փուլում է, հարաբերություններն արդեն իսկ փաստացի ունեն ռազմավարական բնույթ՝ հաշվի առնելով տնտեսական և էներգետիկ բաղադրիչները։ Այս համատեքստում ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերը մղվել են երկրորդ պլան, և, չնայած Եվրախորհրդարանի կոշտ քննադատություններին, Եվրահանձնաժողովը պատրաստակամ է խորացնել գործակցությունը Բաքվի հետ։
Ֆոն դեր Լայենի այցը և գործնական նոր օրակարգը
Տարածաշրջանի նկատմամբ ԵՄ հետաքրքրության շարունակական աճի վկայություններից է բարձրաստիճան պաշտոնական այցերի հաճախակի ու դինամիկ բնույթը: Դեռ մայիսին ԵՄ ղեկավարությունն այցելեց Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին, որից հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Երևանից ուղևորվեց Բաքու: Մարտին Ադրբեջան էր այցելել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: Արդեն հուլիսին տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նախ՝ Բաքվում, ապա՝ Երևանում:
Բարձրաստիճան պաշտոնյայի վերջին այցի համատեքստում ակնառու է դառնում ԵՄ մոտեցումների փոփոխությունը տարածաշրջանի նկատմամբ: Հաստատված փխրուն խաղաղության պայմաններում Բրյուսելի համար հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասը դիտարկել որպես ամբողջական միավոր, իսկ ավելի լայն կտրվածքով՝ որպես Եվրոպան ու Կենտրոնական Ասիան կապող կարևորագույն հանգույց։ Ներկայումս այս դինամիկան հիմնականում արտահայտվում է Հայաստան-Ադրբեջան տիրույթում, սակայն Վրաստանի հետ լիարժեք գործակցության վերականգնման պարագայում ԵՄ-ը կկարողանա տարածաշրջանն ավելի արդյունավետ ներառել միասնական տնտեսական և էներգետիկ նախագծերում։ ԵՄ ներգրավվածության աճը հնարավոր է դարձել նաև տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքական ազդեցության թուլացմամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կենտրոնների միջև մրցակցության պայմաններում, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Թուրքիայի:
Ֆոն դեր Լայենի այցի կարևորագույն ուղերձն այն էր, որ Եվրամիությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղությունը դիտարկում է համատեղ նախագծերի, փոխկապակցվածության ու փոխկախվածության տեսքով: Այս մոտեցումը լիարժեք համահունչ է Երևանի տեսլականին, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի ու ԵՄ շահերն այստեղ լիովին համընկնում են: Այս տեսլականը թղթից գործնական դաշտ տեղափոխելու համար Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարեց «Խաղաղություն կապակցվածության միջոցով» (Peace through Connectivity) նոր ներդրումային փաթեթի մասին [1]: Տարածաշրջանային այս նախագծով նախատեսվում է տրամադրել մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհ, որը թույլ կտա Հարավային Կովկասի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապուղիների մեջ ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումներ՝ նպաստելով կողմերի երկխոսությանն ու վստահության մթնոլորտի ձևավորմանը:
Տարածաշրջանին ուղղված մյուս կարևոր նախաձեռնությունը փոխվստահության միջոցառումներին աջակցությունն է, որտեղ շեշտը դրվում է հենց սահմանամերձ համայնքների բնակիչների վրա. հայտարարված 20 միլիոն եվրոյի փաթեթն ուղղվելու է Հայաստանի և Ադրբեջանի բնակավայրերում առողջապահության, ականազերծման, մասնագիտական ուսուցման ու տեղական բիզնեսի զարգացմանը՝ թույլ տալով մարդկանց իրենց առօրյա կյանքում զգալ խաղաղության գործնական արդյունքները:
Եթե տարածաշրջանային մակարդակում Բրյուսելի թիրախում են խաղաղությունն ու կապակցվածությունը, ապա Բաքվի հետ օրակարգը կենտրոնացած է տնտեսական ու էներգետիկ շահերի վրա: Այս համատեքստում հայտարարված ԵՄ-Ադրբեջան փոխկապակցվածության գործընկերությունն (EU–Azerbaijan Connectivity Partnership) ու դրա շրջանակում բարձր մակարդակի երկխոսությունը (High-Level EU–Azerbaijan Connectivity Dialogue) համակարգելու են համատեղ տնտեսական նախագծերի ֆինանսավորումն ու իրականացումը [2]: Սրա գործնական արտահայտություններից մեկն էլ դառնալու է 2026 թվականի վերջին Բաքվում նախատեսված ներդրումային համաժողովը։ Հաղորդակցությունների հարցում հատկապես կարևոր է ԵՄ հավանական աջակցությունը Նախիջևանի երկաթուղային նախագծի զարգացմանը, որի տեխնիկատնտեսական հիմնավորումը պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի հունվարին [3]։
Այդուհանդերձ, երկկողմ գործընկերության ամենաամուր հենասյունը շարունակում է մնալ էներգետիկան. «Հարավային գազային միջանցքը» Եվրոպան համարում է էներգետիկ անվտանգության կարևոր ուղղություն: Այժմ այս ոլորտում համագործակցությունը թևակոխում է նոր՝ «կանաչ» փուլ, և Ադրբեջանը ԵՄ կանաչ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն ունի՝ «Կանաչ էներգետիկ միջանցքի» նախագծի շրջանակում, որը կկապի Ադրբեջանը Եվրոպական միության հետ: Ուշագրավ էր ֆոն դեր Լայենի հայտարարությունը, որ ավելացնելով կանաչ էներգիայի ծավալները՝ Բաքում կարող է ավելի շատ բնական գազ արտահանել հարևան երկրներ՝ ամրապնդելով նաև նրանց էներգետիկ անվտանգությունը [4]։ Ապագայում չի բացառվում նաև, որ Հայաստանը ևս կարող է որոշակի ծավալի բնական գազ գնել Ադրբեջանից:
Հայաստանի պարագայում Բրյուսելի ներկայիս նպատակը տնտեսական դիմակայունության բարձրացումն ու առևտրային կապերի դիվերսիֆիկացումն է՝ հատկապես Ռուսաստանից եկող տնտեսական ճնշումների ֆոնին: Այս ուղղությամբ գործնական քայլերից է Հայաստանին տրամադրվող լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցությունը՝ ուղղված, այդ թվում, արտահանման խթանման հատուկ գործակալության հիմնմանը և տեղական բիզնեսի կարողությունների հզորացմանը [5]: Առավել կարևոր քայլ է ԵՄ-ի առաջարկած «Ինքնավար առևտրային միջոցները» (Autonomous Trade Measures), որով նախատեսվում է ժամանակավորապես վերացնել մաքսատուրքերը դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ի համար։ Սա Երևանին թույլ կտա ռուսական կախվածությունից դուրս բերել հայկական արտադրանքն ու այն ուղղել դեպի եվրոպական միասնական շուկա՝ իր 450 միլիոն սպառողներով [6]: Շատ կարևոր է, որ այդ ժամանակավոր միջոցները Հայաստանը կարողանա լավագույնս օգտագործել. ձևավորել երկխոսություն արտադրողների և արտահանողների հետ, կատարել «տնային աշխատանքը» և պայմաններ ստեղծել՝ արտահանվող արտադրանքը համապատասխանեցնելու ԵՄ չափանիշներին, առևտրի դիվերսիֆիկացման և հետագայում ազատ առևտրի հնարավորության համար։ Այդ նպատակով ԵՄ-ը նաև հատուկ փորձագիտական խումբ կուղարկի Հայաստան՝ անմիջականորեն աշխատելու տեղական արտադրողների և արտահանողների հետ։
Պետք է ընդգծել, որ եթե նախկինում ԵՄ ներգրավվածությունը Հայաստանում հիմնականում սահմանափակվում էր ժողովրդավարական բարեփոխումների ու արժեքների խթանմամբ, պետական ինստիտուտների ու քաղհասարակության հզորացմամբ, ապա այսօր Բրյուսելի օրակարգը փոխվել է՝ ստանալով ռազմավարական, անվտանգային և տնտեսական հստակ շեշտադրումներ:
Ամփոփում
Այսպիսով, տասնամյակներ շարունակ ԵՄ-ը տարածաշրջանի երկրների հետ առաջնորդվել է առանձին երկկողմ օրակարգերով՝ Հարավային Կովկասը մեծապես դիտարկելով այլ խոշոր դերակատարների, հատկապես՝ Ռուսաստանի ազդեցության գոտում: Այսօր կարող ենք արձանագրել, որ այդ մոտեցումը լիովին փոխվում է։
Թեև Հայաստան-Ադրբեջան բուն խաղաղության գործընթացը կրում է երկկողմ բնույթ, ԵՄ-ի և ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական ներգրավվածությունը ստանում է պրագմատիկ, գործարքային (transactional) բնույթ։ Այս նոր մոդելը շոշափելի տնտեսական օգուտներ է խոստանում բոլոր կողմերին. Արևմուտքի համար սա հնարավորություն է՝ ամրապնդելու իր դիրքերը ռազմավարական կարևոր հանգույցում, իսկ Երևանի ու Բաքվի համար՝ ստանալու խոշոր ներդրումներ ենթակառուցվածքների ու էներգետիկ ոլորտում:
Ի վերջո, ԵՄ ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային խոշոր տնտեսական ու կապուղային նախագծերին ունի կարևոր անվտանգային բաղադրիչ: Ստեղծելով տնտեսական ընդհանուր շահերի ցանց՝ ԵՄ-ը ոչ միայն կարող է ապահովել իր ներկայությունը տարածաշրջանում, այլև կողմերի համար հակամարտության գինը դարձնում է չափազանց բարձր։ Սա թույլ է տալիս գործնական հիմքեր ստեղծել ապագա խաղաղության համար՝ այն վերածելով իրապես աշխատող մեխանիզմի։
Վարդուհի Հարությունյան, միջազգայնագետ
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։
[1]https://ec.europa.eu/commission/presscorner/detail/en/ip_26_1494
[2]https://ec.europa.eu/commission/presscorner/detail/en/statement_26_1503
[5]https://ec.europa.eu/commission/presscorner/detail/en/statement_26_1504