Այսօր Հայաստանի ներքաղաքական խոսույթի հիմնական թեմաներից մեկը սահմանադրական փոփոխությունների հարցն է: 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանը Ադրբեջանի հետ նախաստորագրեց խաղաղության պայմանագիրը։ Այդպիսով ստեղծվեցին իրատեսական պայմաններ երկու երկրների միջև երկարատև և կայուն խաղաղության հաստատման համար։ Ցանկացած ողջամիտ և պատասխանատու քաղաքացու համար ակնհայտ է, որ խաղաղության հաստատմանն ուղղված քաղաքականությունը չունի այլընտրանք։ Հայաստանը չունի բավարար տնտեսական, ժողովրդագրական, ռազմական և արտաքին քաղաքական ներուժ Ադրբեջանի հետ հակամարտությունը վերսկսելու և, որպես հետևանք, Թուրքիայի հետ լարված հարաբերություններ պահպանելու համար։ Խաղաղության օրակարգի մերժումը պարզ արկածախնդրություն է, որն սպառնում է մեր երկրի անվտանգությանը և հակասում զարգացման քաղաքականությանը։
Մինչդեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը գրեթե ինքնաբերաբար կհանգեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Դա շեշտակիորեն կնվազեցնի տարածաշրջանում լարվածության առաջացման հավանականությունը։ Որպես հետևանք՝ որակապես կփոխվի Հայաստանի արտաքին միջավայրի բնույթը, կնվազի նրա անվտանգությանն ուղղված սպառնալիքների տեսական ծավալն ու հավանականությունը։ Անվտանգության ապահովման առումով Հայաստանը կհայտնվի շատ ավելի շահեկան իրավիճակում։
Այդ ամենը նաև կիրառական հետևանքներ կունենան։ Շեշտակիորեն կնվազի նաև երկրի տնտեսական ռիսկայնությունը, որը հակամարտության և պատերազմի բռնկման բարձր հավանականության պատճառով մեզ հետապնդել է անկախության ողջ ընթացքում։ Որպես հետևանք՝ կաճի երկրի ներդրումային գրավչությունը։ Հարևան պետությունների հետ տրանսպորտային կապի գործարկման շնորհիվ էապես կաճեն նրա լոգիստիկ հնարավորությունները։ Այդ ամենը կնպաստի մատակարարման շղթաների համաշխարհային համակարգին երկրի ներգրավման հնարավորությանը։
Տեսական առումով, խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին է վկայում 2008 թվականին Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցը, որը հանգամանալից բնույթ էր կրում և վերաբերում էր ժամանակակից երկրների տնտեսական զարգացման խնդիրներին1։ Այն քննության էր առնում 1950 թվականից հետո չընդմիջվող և միաժամանակ բարձր տնտեսական աճ ունեցած երկրների փորձը։ Եզրակացություններից մեկն այն էր, որ նրանք բոլորը գտնվել են անվտանգության ապահովման առումով բարձր հուսալիության միջավայրում։ Նրանք բոլորը լայնորեն օգտվել են միջազգային առևտրի հնարավորություններից և միահյուսվել համաշխարհային մատակարարման շղթաներին։ Այս թեզի գործնական ապացույցը հեշտությամբ կարելի է գտնել ինչպես Հեռավոր Արևելքի ու Հարավ-Արևելյան Ասիայի, այնպես էլ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների դեպքերում։
Խնդիրն այստեղ այն է, թե ինչպես հասնել խաղաղության պայմանագրի վերջնական կնքմանը։ Մի կողմ թողնելով հարցի դիվանագիտական մանրամասները՝ նշենք միայն, որ տվյալ պահի դրությամբ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին Հայաստանը հայտնվել է սահմանադրության փոփոխության խնդրի առջև։ Իրավիճակն այնպիսին է, որ առանց դրա Հայաստանը դժվար թե մոտ ապագայում հաջողության հասնի այդ հարցում։ Մեր հարևանների հետ ուժերի հարաբերակցությունը դույզն-ինչ չի կարող հօգուտ մեզ փոխվել առանց տնտեսական կայուն զարգացման։ Իսկ դա, ինչպես հասկացանք, հնարավոր չէ ապահովել առանց զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, որն իր հերթին պայմանավորված է խաղաղության գոյությամբ։
Խնդիրը նաև այն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված ուժերի հարաբերակցությունը գրեթե բացառում է առկա ընթացակարգով սահմանադրական փոփոխության հնարավորությունը։ Իշխող քաղաքական ուժը չունի այդ նպատակին հասնելու բավարար խորհրդարանական մեծամասնություն։ Այն, հավանաբար, չունի նաև նման գործողություն ձեռնարկելու բավարար լեգիտիմություն։
Ստեղծված իրավիճակում մեծ է սահմանադրական փոփոխությունների համար պահանջվող ընթացակարգերի անտեսման գայթակղությունը։ Ավտորիտար գործիքների կիրառում ենթադրող այդ գայթակղությունը մեծանում է, հատկապեսմ երբ հաշվի ես առնում, որ նպատակն ակնհայտորեն բարի է ու ազնիվ։
Ուրեմն, ինչու՞ չի կարելի է շարժվել այդ ճանապարհով։
Բանն այն է, որ տնտեսական զարգացման բարեհաջող պատմություն ունեցող երկրներին, թվարկված գործոններից զատ, բնորոշ է եղել նաև այն, ինչ կարելի է կոչել քաղաքական կամ, առնվազն, տնտեսական կյանքի ազատականացում։ Նրանք բոլորը շարժվել են փակ ու վերահսկվող հասարակությունից դեպի ավելի բաց ու նվազ վերահսկվող հասարակություն։ Որևէ մեկը հաջողության չի հասել՝ շարժվելով հակառակ ուղղությամբ։ Դա, որքան էլ ոմանց համար զարմանալի է, բնորոշ է եղել նաև Չինաստանին, որին, հաճախ, թյուրիմացաբար դասում են բացառապես ավտորիտար ճանապարհով հաջողության հասած երկրի շարքին։ Դեն Քսյաոպինի բարեփոխումներից սկսած՝ մինչև Քսին Ծինպինի օրերը, այդ երկրի ղեկավարությունը հասարակության ներուժն առավել արդյունավետ կերպով օգտագործելու նպատակով պարբերաբար դիմել է վերահսկման մեխանիզմների թուլացման, այն է՝ իրենց բնույթով ազատական միջոցների կիրառման պրակտիկային2։
Վերջին յոթ տասնամյակի ընթացքում տնտեսական զարգացման հասած պետությունների գերակշռող մեծամասնությունն այսօր կայացած ժողովրդավարություններ են։ Առանց բացառության՝ այդպիսին են նաև այն երկրները, որոնք այդ նպատակին հասել են շատ ավելի վաղ շրջանում և այսօր հասուն տնտեսություն ունեն։
Կարելի է ասել, որ քաղաքական ու տնտեսական ինստիտուտների արդյունավետության հարցում հաջողության հասած երկրների հիմնական դեղատոմսը «ստեղծագործ կործանման» մեխանիզմն է, որն ազատ մրցակցության միջոցով հասարակության ներուժի առավել լիարժեք
օգտագործման հնարավորություն է ընձեռում3։ Տվյալ մեխանիզմի աշխատանքն ապահովող հիմնական սկզբունքը իրավունքի գերակայությունն է։ Դա է ապահովում ազատ մրցակցությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը և զարգացման համար սկզբունքային այլ ինստիտուտների գոյությունը4։
Սահմանադրական փոփոխությունների ճանապարհին գոյություն ունեցող իրավական սահմանափակումների շրջանցումն, ըստ էության, ավտորիտար սկզբունքների կիրառում է նշանակելու։ Դա հարված է հասցնելու իրավունքի գերակայությանը։ Այն անուղղակիորեն անդրադառնալու է «ստեղծագործ կործանման» մեխանիզմի կիրառման հնարավորությանը, որը հնարավոր եղավ գործի դնել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Դա նահանջ է հանդիսանալու դեպի քաղաքականության մեջ ավտորիտար սկզբունքների կիրառում։ Այդ առնչությամբ նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն Ջեյմս Ռոբինսոնի հետ համահեղինակած աշխատություններից մեկում նշում է, որ նոր ընտրանիները (elites), որոնք գալիս են փոխարինելու հին ավտորիտար ընտրանիներին, հաճախ դիմում են գոյություն ունեցող ավտորիտար ինստիտուտների կիրառմանը, քանի որ դա արդեն ընդունված պրակտիկա է և չի պահանջում նոր ինստիտուտների ստեղծման հետ կապված լրացուցիչ ջանքեր։ Դրանով, սակայն, նրանք նպաստում են երկրի հետընթաց շարժմանը և հին՝ տնտեսական զարգացման համար անարդյունավետ, ավտորիտար ինստիտուտների պահպանմանը5։
Այսպիսով, Հայաստանն այսօր կանգնած է երկընտրանքի առջև։
Մի կողմից ենթադրվում է անհապաղ իրականացնել խաղաղության համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններ, ինչը, սակայն, կարելի է անել առկա պահանջների անտեսման պարագայում։ Խաղաղության պայմանագիրը աներկբայորեն կնպաստի տնտեսական կայուն զարգացման համար նախադրյալների ստեղծմանը, բայց դրան հասնելու ճանապարհին գործած քայլերը կհանգեցնեն տնտեսական ոչ արդյունավետ ինստիտուտների վերահաստատմանը։ Ակնհայտ է, որ ի հայտ կգան նաև ներքաղաքական խնդիրներ։ Լեգիտիմության պակասը, որն արտահայտվում է խորհրդարանում ձայների բաշխմամբ, թույլ չի տալիս անհետևանք շրջանցել գոյություն ունեցող նորմերը։
Մյուս կողմից, ենթադրվում է սահմանադրական փոփոխություններն անել միմիայն գոյություն ունեցող նորմերի շրջանակներում, ինչը, սակայն, չի երաշխավորում գործընթացի մոտալուտ ավարտը։ Չի բացառվում, որ դա առհասարակ հնարավոր չի լինի իրագործել։ Այս իրավիճակը հղի է արտաքին քաղաքական միջավայրում տիրող անորոշության պահպանմամբ, ինչը չի կարող նպաստել տնտեսական զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Այս ճանապարհը, սակայն, երկիրը զերծ կպահի լեգիտիմության ճգնաժամից, կամրապնդի օրենքի գերակայության նկատմամբ հասարակության վստահությունը և կապահովի ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով երկրի շարունակական շարժումը։
Երկրորդն, անշուշտ, շատ ավելի նախընտրելի է։ Բայց դա պահանջում է ժողովրդի կողմից իրավիճակի ճիշտ գնահատում և քաղաքացիական բարձր գիտակցություն, որը իշխող ուժին խաղաղության հաստատման ուղղությամբ վճռական քայլ ձեռնարկելու համար բավարար լեգիտիմությամբ կօժտի։
Հրաչյա Թաշչյան
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։