Ատելության խոսքը Ադրբեջանի կրթական համակարգում. խաղաղության հեռանկարը և միջազգային փորձը

հեղ․ Armenian Council

Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման գործընթացը հաճախ դիտարկվում է բացառապես քաղաքական, ռազմական կամ տնտեսական պրագմատիզմի տիրույթում։ Սակայն, ինչպես ցույց է տալիս հակամարտությունների տրանսֆորմացիայի միջազգային փորձը, ցանկացած իրավական կամ քաղաքական փաստաթուղթ դատապարտված է ձախողման, եթե դրան զուգահեռ չեն փոխվում հասարակության ընկալումները, հակառակորդի դեհումանիզացիայի պրոցեսը ու «թշնամու կերպարի» վերարտադրության մեխանիզմները։ Այս համատեքստում, Ադրբեջանում հայատյացության և ատելության խոսքի ինստիտուցիոնալացումը, հատկապես՝ դպրոցական կրթական համակարգում, հանդիսանում է տարածաշրջանային անվտանգության և հաշտեցման հեռանկարի, թերևս, ամենալուրջ մարտահրավերը։

1. Պատմական էքսկուրս. սերունդների ինդոկտրինացիա

Վերջին երեք տասնամյակի ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը հիմնականում կենտրոնացած է եղել ստատուս-քվոյի պահպանման, տարածքային ու անվտանգային հարցերի խմբագրման շուրջ։ Մինչ դիվանագետները փնտրում էին փոխզիջումային բանաձևեր, Ադրբեջանի ներսում հակամարտությունը ոչ թե սառեցված էր, այլ ակտիվորեն սնուցվում էր ներքին լսարանի համար նախատեսված քարոզչությամբ։

1990-ականներից սկսած, իսկ 2000-ականներից՝ իշխանության կոնսոլիդացմանը զուգահեռ, Բաքուն ձևավորեց մի ամբողջական պետական հայեցակարգ, որտեղ հայը դիտարկվում է ոչ թե որպես աշխարհաքաղաքական հակառակորդ, այլ որպես չարիք։ Այս քաղաքականության հիմնական գործիքը դարձավ հանրակրթությունը։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանում մեծացել են սերունդներ, որոնց համար «հայ» բառը եղել է ցանկացած բացասական երևույթի, դավաճանության և դաժանության հոմանիշ։ Կոնֆլիկտի սառեցված փուլը պետության կողմից օգտագործվեց հասարակությանը տոտալ ռազմականացման և հոգեբանորեն պատրաստելու համար, ինչն իր գագաթնակետին հասավ 44-օրյա պատերազմում և պատերազմին հաջորդած տարիներին։

2. Ատելության խոսքի ինստիտուցիոնալիզացիան ադրբեջանական դասագրքերում

Ադրբեջանական հանրակրթական դպրոցների դասագրքերը (հատկապես՝ Պատմություն, Գրականություն, Մայրենի լեզու, «Աշխարհը և մենք» առարկաները) տարիներ ի վեր հանդիսացել են համակարգված էթնիկ ատելության փոխանցման աղբյուր։ Միջազգային մոնիտորինգային կազմակերպությունների զեկույցները բազմիցս փաստել են ադրբեջանական դպրոցական ծրագրերում առկա հետևյալ տենդենցները.

· Դեհումանիզացիա․ Հայերը ներկայացվում են որպես «անհայրենիք», «ստոր» էթնոս։

· Պատմական աշխարհագրության կեղծում. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը (ներառյալ՝ Երևանը, Սևանը, Սյունիքը) որակվում էր որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ դրանով կրթվող երեխաների գիտակցության մեջ սերմանելով «կորուսյալ հայրենիքի» վերադարձի գաղափարը։

· Բռնության ռոմանտիզացիա. Դասագրքերում ներառվում են պատմություններ և բանաստեղծություններ, որոնք փառաբանում են հայերի հանդեպ իրականացված բռնությունը։

0րինակ` 2011թ. Բաքվում լույս է տեսել «Հալե» անվանումով պատմվածքների ժողովածու, որն իրենից ներկայացնում է արտադասարանական ընթերցանության ուսումնական ձեռնարկ՝ նախատեսված միջին դպրոցում սովորողների համար, և կիրառելի է մինչ օրս: Գրքի նախաբանում գրված է. «Հայերը դարձրել են մեզ էթնիկ զտումների անմեղ զոհ: Մենք դարձել ենք ցեղասպանության զոհ: Այս անզուսպ ժողովուրդը, որի երակներով հոսում է սատանայի արյուն, մեր դեմ կատարել է անթիվ ահաբեկչական գործողություններ»: Մեկ այլ օրինակ ևս․ Ադրբեջանի հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Մշակույթ» առարկայի դասագրքում տպագրված «Վերջին գնդակը» պատմվածքը հային ներկայացնում է որպես «տանջող» և «մարդասպան»։

3. Հայաստանյան չափորոշիչները. դասագրքերի ասիմետրիան

Ի հակադրություն Բաքվի որդեգրած քաղաքականության՝ Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին, կրթական բարեփոխումների և նոր չափորոշիչների ներդրման համատեքստում, գնացել է սկզբունքային քայլի։ ՀՀ հանրակրթական դասագրքերից հետևողականորեն դուրս է բերվել ադրբեջանցիների կամ թուրքերի հանդեպ ատելության խոսքը, էթնիկ կարծրատիպերի տարածումը կամ ապամարդկայնացումը։

Հայկական կրթական համակարգը կենտրոնացել է փաստագրական պատմության, տարածաշրջանային իրողությունների օբյեկտիվ ներկայացման վրա՝ առանց հաջորդ սերնդին էթնիկ ատելությամբ սնելու․ այս իրավիճակում ստեղծվել է խոր ասիմետրիա։

4. Միջազգային փորձը. ֆրանս-գերմանական հաշտեցման մոդելը

Հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում կրթական համակարգերի վերափոխման հրամայականն առավել հստակ է դառնում, երբ դիտարկում ենք միջազգային պատմական հաջողված փորձը։ Այս առումով, դասագրքերի խմբագրման, «թշնամու կերպարի» վերացման և համատեղ պատմագիտական հայեցակարգերի ձևավորման ամենաազդեցիկ օրինակը Ֆրանսիայի և Գերմանիայի փորձն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Յուրաքանչյուր պատերազմից հետո երկու երկրների դպրոցական դասագրքերում հաջորդ սերունդներին ներարկվում էր ատելություն, իսկ հակառակորդ կողմը պատկերվում էր որպես բարբարոս և ագրեսոր։ Սակայն 1945 թվականից հետո երկու երկրների քաղաքական և գիտական էլիտաները հասկացան, որ առանց կրթական համակարգերի արմատական վերանայման՝ նոր պատերազմն անխուսափելի է լինելու։

Հաշտեցման գործընթացը ներառում էր մի քանի առանցքային փուլ.

· Էկերտի անվան ինստիտուտի հիմնումը (1951թ.). Գերմանիայում հիմնվեց դասագրքերի միջազգային հետազոտությունների Գեորգ Էկերտի անվան ինստիտուտը, որը դարձավ ֆրանս-գերմանական պատմաբանների և մանկավարժների համագործակցության հիմնական հարթակը։

· Ելիսեյան պայմանագիրը (1963թ.). Շառլ դը Գոլի և Կոնրադ Ադենաուերի կողմից ստորագրված պատմական պայմանագիրն ինստիտուցիոնալ հիմք դրեց երկու երկրների երիտասարդության համատեղ ծրագրերին և կրթական համագործակցությանը, որոշվեց, որ կրթությունը պետք է ծառայի խաղաղությանը։

· Միասնական պատմության դասագիրքը (2006թ.). Ֆրանս-գերմանական համագործակցության գագաթնակետը դարձավ համատեղ պատմության դասագրքի ստեղծումը ավագ դպրոցների համար։ Սա աշխարհում առաջին նախադեպն էր, երբ երկու նախկին թշնամի պետություն նույն պատմական իրադարձությունները շարադրեցին մեկ միասնական, համաձայնեցված դասագրքում՝ ներկայացնելով երկու կողմերի հայացքները։

Ֆրանս-գերմանական մոդելն ապացուցեց, որ պատմական հաշտեցումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կողմերը հրաժարվում են պատմությունը որպես քարոզչական զենք օգտագործելուց։ Այն ցույց է տալիս, որ մինչև Ադրբեջանը չգնա նմանատիպ ինստիտուցիոնալ քայլերի և չվերանայի սեփական դասագրքերը, խաղաղության մասին խոսույթը կրելու է լոկ իմիտացիոն բնույթ։

5. Խաղաղության պայմանագրի անզորությունը՝ առանց կրթական տրանսֆորմացիայի

Այսօր ընթացող բանակցությունները և «Խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրումը կարող են կարգավորել սահմանների դելիմիտացիան, ենթակառուցվածքների բացումը կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը թղթի վրա։ Սակայն այդ փաստաթուղթը կմնա լոկ հռչակագիր, եթե հաշվի չառնվի սոցիալ-հոգեբանական գործոնը։

Մինչև Ադրբեջանի դպրոցներում արմատախիլ չարվի հայատյացությունը, որևէ խաղաղության պայմանագիր ի զորու չի լինի համոզել դպրոցական նստարանից հային թշնամի դիտարկած ադրբեջանցի երեխային (պայմանական՝ ապագա զինվորին)՝ չսպանել հային։

Կրթական համակարգով ներարկված ատելությունը գործում է որպես դանդաղ ական։ Պետական մակարդակով ձևավորված էթնիկ կարծրատիպերը և ատելության ինստիտուցիոնալացումը ավելի զորեղ են, քան միջազգային իրավունքի ցանկացած նորմ։ Եթե ադրբեջանցի երեխան առաջին դասարանից սովորում է, որ հայը չունի ապրելու իրավունք և զավթիչ է իր «պատմական հողերում», ապա քաղաքական ցանկացած հարմար առիթի կամ էսկալացիայի դեպքում այդ սերունդը պատրաստ է լինելու իրագործել այն, ինչ իրեն սովորեցրել է դպրոցը։

Եզրակացություն

Ադրբեջանում ատելության խոսքի դուրսբերումը դասագրքերից և կրթական համակարգի առողջացումը պետք է դիտարկվի ոչ թե որպես Բաքվի բարի կամքի դրսևորում, այլ որպես հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ընթացիկ պայման, գուցե՝ երաշխիք։ Առանց կրթական սինխրոնիզացիայի և ատելության ինստիտուտների «ապամոնտաժման»՝ պայմանագիրը ընդամենը ժամանակավոր դադար է լինելու։

Դիանա Կարապետյան

Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։

Օգտագործված աղբյուրներ · IMPACT-se Report: Israel and Jews in Azerbaijani Education
https://www.impact-se.org/wp-content/uploads/Israel-and-Jews-in-Azerbaijani-Education.pdf · ECRI Report on Azerbaijan. https://rm.coe.int/sixth-report-on-azerbaijan-translation-in-azeri-/1680ab9ed8

· Georg Eckert Institute for International Textbook Research — «Textbooks and Post-Conflict Reconciliation». https://www.gei.de/en/research/publications Բրաունշվեյգի ինստիտուտի ակադեմիական հրատարակությունները ֆրանս-գերմանական և միջազգային այլ հակամարտություններից հետո դասագրքերի սրբագրման հաջողված փորձի վերաբերյալ։

· Pingel, Falk. «UNESCO Guidebook on Textbook Research and Textbook Revision». https://efrec.gei.de/fileadmin/Medien/News/Publications/Falk_Pingel__UNESCO_Guidebook_on_Textbook_Research_and_Textbook_Revision.pdf · The Élysée Treaty and subsequent educational protocols․
https://www.fgyo.org/the-institution/history-franco-german-youth-office/elysee-treaty

· Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ https://dshh.am/am/digit_textbooks · Azərbaycan Respublikası Elm və Təhsil Nazirliyinin elektron dərslik portalı e-derslik.edu.az

· Эрогул А., “Хале” сборник рассказов. Учебное пособие для внеклассного чтения учащихся средних школ, Баку, 2011, с. 3, http://azerichild.info/HALE.pdf. · Ədəbiyyat–7-“Sonuncu güllə”- https://www.e-derslik.edu.az/player/index3.php?fsearch=ok&pageno=78&book_id=701#books/701/units/unit-1/page79.xhtml

Ընթերցեք նաև