Երբ Ուկրաինայի նախագահ Զելինսկին Բելառուսից պահանջեց անջատել ռուսական անօդաչուների «վերահեռարձակման» սարքերը, սպառնալով, որ հակառակ դեպքում Ուկրաինան դա կանի, շատերը հետաքրքրությամբ սպասում էին Բելառուսի նախագահի արձագանքին։ Օրեր անց նույն Զելինսկին հայտարարեց, թե սարքերն անջատվել են, ինչին անմիջապես հետևեց Լուկաշենկոյի այցը Մոսկվա։ Ընդ որում, Ռուսաստանի ԱԳ նախարարն էլ իր հերթին զգուշացնում էր Ուկրաինային, թե իրենք «ամեն կերպ կպաշտպանեն» Բելառուսին, եթե հարձակում լինի։
Այնուամենայնիվ, Ուկրաինայում բավարարված են, իսկ Մոսկվայից նոր արձագանքներ չեն նկատվում։ Սակայն տեղի է ունենում շատ ավելի հետաքրքիր բան․ Լուկաշենկոն, հունիսի 26-ին՝ Մոսկվա, իսկ հաջորդ օրը՝ Պուտինի հետ Վալդայ այցելությունից հետո, ինչպես հայտարարել են Բելառուսի մամուլի ծառայությունից, «լայնածավալ պաշտոնական այցով» մեկնեց Արևելյան և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջան։ Այնուհետև, Լուկաշենկոն հայտնվեց Չինաստանում, որտեղ հանդիպում տեղի ունեցավ Սի Ծինփինի հետ։
Իրավիճակը կարելի է գնահատել՝ ելնելով այն իրողությունից, որ Լուկաշենկոն, Զելինսկու պահանջից հետո, հայտնվեց երկու քարի արանքում։ Մի կողմից, նա չէր կարող մերժել, քանի որ Ուկրաինան այսօր տիրապետում է այն գերճշգրիտ ռազմական տեխնիկային, որը բավարար է Բելառուսի տարածքում սարքերը շարքից հանելու համար։ Լուկաշենկոն չէր կարող դա թույլ տալ, քանի որ այդ դեպքում Բելառուսը, փաստացի, կներքաշվեր պատերազմի մեջ։ Այնինչ, Ռուսաստանն, ըստ երևույթին, կցանկանար տեսնել նման զարգացում։ Այդ մասին կարելի է ենթադրել, մասնավորապես, ուսումնասիրելով վերջին մեկ շաբաթում ռուս պրոպագանդիստների հայտարարությունները, թե Բելառուսին հարվածը կլինի նոր հարված նաև ՌԴ-ին, ՀԱՊԿ-ը պարտավոր է այդ դեպքում մասնակցել և այլն։ Սակայն ինքը՝ Լուկաշենկոն, փորձում է ամեն կերպ խուսափել պատերազմի մեջ ներքաշվելուց։
Մյուս կողմից, 2022թ․ փետրվարի 24-ին և դրանից առաջ՝ Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելիս, Բելառուսի նախագահն անվերապահորեն աջակցել է Պուտինին։ Ավելին, ռուսական բանակի մի մասը Ուկրաինա է ներխուժել հենց Բելառուսի տարածքից։ Հետևաբար, ստեղծվել է մի իրավիճակ, երբ «ճաշը միասին են կերել», իսկ «հաշիվը փակելիս» Լուկաշենկոն հրաժարվում է մասնակցել։ Նկատի ունենանք, որ նման դեպքերում ՌԴ նախագահը, սովորաբար, անողոք է լինում նախկին գործընկերների նկատմամբ։
Եվ ահա, «վերահեռարձակող սարքերը» անջատելուց հետո, Լուկաշենկոն մեկնում է Մոսկվա, Վալդայ, այնուհետև՝ Պեկին։ Ըստ երևույթին, Բելառուսի նախագահի այս «շրջագայության» հետևում թաքնված է անձնական անվտանգության խնդիրը։ Այդ հարցը, հավանաբար, չի լուծվել Ռուսաստանում, հետևաբա,ր ևս մեկ փորձ է արվել Չինաստանում։
Այժմ գլխավոր հարցն այն է, թե արդյոք Լուկաշենկոն ունա՞կ է վճարել այն գինը, որի դիմաց Պեկինը պատրաստ լինի Պուտինի զայրույթից ապահովագրել նրան։ Նա «կպատժվի՞», թե՞ նրան կներեն, պարզ կլինի կարճ ժամանակ անց։ Բայց մի բան վաղուց ակնհայտ է․ Բելառուսի զառամյալ բռնապետն արդեն իր դարաշրջանն ապրել է։ Դեռ մի բան էլ՝ գերազանցել: