Ռուսական հիբրիդային սպառնալիքների մեխանիզմները Հայաստանում․ տեղեկատվական գրոհներ
Վերջին ամիսներին հայկական տեղեկատվական և քաղաքական դաշտում նկատելիորեն ակտիվացել են այն գործընթացները, որոնց վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք կարող են դիտարկվել որպես հիբրիդային սպառնալիքներ։ Հիբրիդային սպառնալիքների սահմանումների, դրանց էության մասին իմ վերլուծությունը ներկայացրել եմ այս հոդվածի առաջին մասում։ Այստեղ ամփոփ նշեմ, որ հիբրիդային սպառնալիքները ներառում են ապատեղեկատվություն, ներքաղաքական գործընթացների վրա ազդեցության փորձեր, կիբերհարձակումներ, քաղաքական ցանցերի օգտագործում, տնտեսական լծակների կիրառման սպառնալիքներ և այլն։
Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային սպառնալիքների թեման այսօր մեծ տեղ ունի հանրային-քաղաքական դիսկուրսում։ Մեկնաբանների զգալի մասը, որոնց թվում են նաև իշխանությունների ներկայացուցիչներ, նշում են, որ այդ սպառնալիքները գալիս են կոնկրետ կենտրոնից՝ Ռուսաստանից։ Սակայն Կրեմլը կտրականապես հերքում է նման սպառնալիքների առկայությունը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես նշել է․ «Տարօրինակ է լսել հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող առասպելական հարձակումների մասին պարբերաբար հնչող հայտարարությունները։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ձեզ մոտ, ըստ էության, արդեն իսկ մեկնարկում է։ Եվ կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ արտերկրից, ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին, ազդակներ են հնչում, թե ինչ-որ մեկը պատրաստվում է միջամտել [ընտրություններին], երբ Երևանից են Եվրամիությանն ուղղված կոչեր հնչում՝ թույլ չտալ այդ միջամտությունը, այդ ամենը մեզ համար տարօրինակ է։ Ես կարծում եմ, որ պատասխանատու քաղաքական գործիչները Երևանում հասկանում են, որ նման քայլերը ակնհայտ սադրիչ նպատակներով են արվում»։
Ստորև ներկայացվում են այդ գործողությունների հիմնական բաղադրիչները՝ կոնկրետ օրինակներով, որոնք ապացուցում են, որ այդ սպառնալիքները ունեն ռուսական հետք։
Տեղեկատվական մանիպուլյացիաներ և ապատեղեկատվական արշավներ․ կեղծ «հետաքննություններ» և «վիճակագրություն»։ 2025 թվականի նոյեմբերին «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամ» անունով կառույցը հրապարակել էր հոդված, որտեղ կար պնդում, թե Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրամանով նրա քաղաքական հակառակորդները կտտանքների են ենթարկվում Հայաստանի բանտերում։ Նյութում Նիկոլ Փաշինյանը պատկերված է գեստապոյի համազգեստով՝ համակենտրոնացման ճամբար հիշեցնող պատկերի վրա։ Հոդվածում նշվում է, թե իբր Հայաստանում կալանքի տակ գտնվող անձանց թիվը գերազանցում է 24 հազարը, և 2020–2025 թվականներին, կտտանքների և ինքնասպանության հետևանքով, բանտերում մահացել է առնվազն 230 ընդդիմադիր։ Բնականաբար, այս պնդումների որևէ հիմնավորում չի ներկայացվել, միայն նշվել է, թե այս տեղեկությունները իրենց են տրամադրել կառավարությանը մոտ գտնվող աղբյուրներ։ Հարկ է նշել նաև, որ այս «հետաքննությունը» շաղախված է նաև իրական խնդիրներն արձանագրող որոշ փաստերով, որպեսզի ստեղծի ծանրակշիռ և լուրջ հետաքննության պատրանք։
Հայտնի փաստ է, որ նշված «հիմնադրամը» ստեղծվել է «Վագներ» ռուսական խմբավորման ղեկավար, հանգուցյալ Եվգենի Պրիգոժինի կողմից և տարածում է հակաարևմտյան, ռուսական քարոզչական նարատիվներ և ապատեղեկատվություն։ Կառույցը նախկինում տարածել էր նաև Հայաստանին վերաբերող այլ կեղծ նյութեր Հայաստանում արևմտյան դեղագործական փորձարկումներիhttps://fip.am/42142, ԱԺ նախագահի շուրջ «երեխաների նկատմամբ բռնության ցանցի» մասին։
«Արևմտյան» լրագրողների օգտագործում՝ վստահելի, օբյեկտիվ երևալու համար։ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներին վերաբերող այդ հոդվածում որպես արևմտյան աղբյուր են ներկայացվել իռլանդացի Չեյ Բոուզը և գերմանացի Թոմաս Ռոպերը։ Սակայն երկուսն էլ աշխատում են ռուսական պետական մեդիայի հետ և բազմիցս մեղադրվել են ապատեղեկատվության տարածման մեջ։ Ռոպերի դեմ նույնիսկ կիրառվել են ԵՄ պատժամիջոցներ՝ ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար։ Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվություն և կրեմլյան նարատիվներին համահունչ թեզեր են տարածել այլ, ազգությամբ ոչ ռուս «փորձագետներ», որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն Կրեմլի հետ։
Այս մեթոդը բնորոշ է ռուսական տեղեկատվական գործողություններին՝ որպես արտաքին «անկախ» ձայների միջոցով սեփական նարատիվը լեգիտիմացնելու փորձ։
Հարկ է նշել, որ նման հրապարակումները, որոնց ծագման աղբյուրը կամ պրոռուսական ինչ-որ կայքեր են, կամ՝ պրոռուսական փորձագետներ, կամ՝ հենց ուղղակի ռուսաստանյան լրատվամիջոցներ ու փորձագետ-գործիչներ, բազմաթիվ են։ Ավելացնեմ, որ վերոնշյալ նյութը, ինչպես նաև այլ նմանատիպ նյութեր, տարածվել են մի շարք հակաարևմտյան, հակաիշխանական, ռուսամետ օրակարգեր առաջ մղող հայաստանյան լրատվամիջոցների և օգտատերերի կողմից։ Այս բոլոր հրապարակումների մասին մանրամասն գրել են փաստերի ստուգում իրականացնող հայաստանյան կազմակերպությունները։
Կրեմլյան քարոզիչների կողմից հնչող սպառնալիքներ, մեղադրանքներ և ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու անհրաժեշտության մասին կարծիքներ։ Ստորև մեջբերեմ հատվածներ Russia Today (RT) ռուսական պետական հեռուստահոլդինգի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի կողմից Հայաստանին վերաբերող տարբեր գրառումներից․
«Ցանկացած հայ, որը համարձակվում է քննադատել Ռուսաստանին, պետք է գնա ու կտրի իր կեղտոտ լեզուն»… «Ըստ էության, ձեր արածներից հետո Ռուսաստանը լիովին բարոյական իրավունք ունի թքել ձեզ վրա ու ճզմել ձեզ։ Բայց այդպես չի վարվի։ Վստահ եմ։ Այս անգամ էլ կօգնի։ Ռուսաստանն այդպիսին է. մեծահոգի և վեհանձն, իմ սիրելի հայրենիքը»։ «Բացի Ռուսաստանից՝ Հայաստանին ոչ ոք երբևէ չի օգնել ու երբևէ չի էլ օգնի։ Սա չիմանալ՝ նշանակում է չուզենալ իմանալ։ Չուզենալ իմանալը կամովին հիմարություն է։ Իսկ կամովին հիմարությունը, որպես կանոն, դաժանորեն պատժվում է պատմության կողմից»։ «Հուսամ՝ հայերը չեն հետևի ուկրաինացիների օրինակին, որոնք կործանում են Օդեսան հիմնած Եկատերինա II-ի հուշարձանները․․․»։
Այս օրինակներում կրեմլյան քարոզիչը Հայաստանի նկատմամբ սպառնալիքների և վիրավորանքների լեզվով է խոսում («․․․հուսամ՝ հայերը չեն հետևի ուկրաինացիների օրինակին», «․․․դաժանորեն պատժվում են պատմության կողմից», «կամովին հիմարություն», «կեղտոտ լեզու», «թքել ձեզ վրա և ճզմել» ևն)։
Ի դեպ, ուկրաինացիների ճակատագրին արժանացնելու՝ թաքնված սպառնալիքներով լի հրապարակումներ պարբերաբար հայտնվել են ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցներում, օրինակ, «…հուսով եմ՝ Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններում չի ընտրի Կիևի ռեժիմի ուղին…»։
Սակայն վերջերս այդ սպառնալիքներն ավելի կոշտ և բացահայտ ձև ստացան, հատկապես, հայտնի պրոպագանդիստ Սոլովյովի խոսքերում։ Նա, ըստ էության, կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի «ռազմական հատուկ օպերացիա» սկսել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ։
Առաջիկայում, իմ հոդվածի երրորդ և վերջին հատվածում, կշարունակեմ ներկայացնել և վերլուծել ռուսական հետք ունեցող տեղեկատվական հարձակումների օրինակները և կանդրադառնամ նաև կիբերհարձակումներին և տնտեսական սպառնալիքներին։
Էդգար Վարդանյան
«Հայկական խորհրդի» ասոցացված փորձագետ