Ներածություն
Այս աշխատանքում ամփոփվում է տարբեր հոդվածներում ներկայացված, կուտակված գիտելիքը՝ կուսակցական համակարգիi և կուսակցությունների ֆինանսավորմանiiiii, ընտրական համակարգիiv և որոշ ընտրական գործընթացների մասինvvi։ Կանխատեսումներ են արվում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Կանխատեսումները կլինեն շարունակական և շարքի տեսք կունենան։ Հաջորդ կանխատեսումները կլինեն հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ և ընտրություններին անմիջապես նախորդող շրջանում։ Այս իմաստով, ներկայացվելիք կանխատեսումները գալիք համապատասխան աշխատանքներում առկա տեղեկատվության համատեքստում կգնահատվեն և կվերանայվեն։ Այսպիսով, հնարավոր կլինի փոփոխությունների և/կամ դրանց բացակայության գնահատման պայմաններում հասկանալ քաղաքական և իրավական գործընթացների փոփոխությունների հետագիծը։
Կանխատեսումներ
Ընտրություններին մասնակցությունը տոկոսային ցուցանիշով կլինի ավելի բարձր, քան՝ նախորդ երկու խորհրդարանական ընտրություններում
Գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին դիտարկումներ անելուց պետք է հիմք ընդունել հետևյալ հանգամանքները։ Նախ, քննարկենք նախորդ երկու խորհրդարանական ընտրություններին մասնակցության թվերը։ Այս երկու ընտրությունների ցուցանիշները հիմք են ընդունվում ոչ միայն այն պատճառով, որ տվյալների համադրելիությամբ ամենաթարմն են, այլև՝ այն, որ, ելնելով այդ ընտրությունների որակից, լեգիտիմությունից, տվյալները արժանահավատ են։ Ստորև աղյուսակում ներկայացված են 2018 և 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության բացարձակ և տոկոսային ցուցանիշները։
| Ընտրությունը | Մասնակիցների թիվը | Ընտրողների թիվը | Մասնակցության տոկոսը |
| 2018 | 1,261,105 | 2,593,140 | 48.6 |
| 2021 | 1,281,997 | 2,595,512 | 49.3 |
Առաջին հայացքից ուշադրություն է գրավում այն փաստը, որ 2021-ին մասնակցությունն ավելի բարձր էր, քան 2018-ին։ Սա կարող է շատերին հակաինտուիտիվ թվալ, հաշվի առնելով 2018-ին հանրային ոգևորությունն ու քաղաքական բարձր հետաքրքրությունն ու ներգրավվածությունը։ Նաև տեսնում ենք, որ ընտրողների բացարձակ թիվը մոտ երեք տարում գրեթե չի փոփոխել, իսկ բացարձակ թվով մասնակցությունն ընդամենը աճել է 20 հզ․-ով։ 2021 թվականի ընտրություններին հարաբերականորեն բարձր մասնակցությունը կարելի է բացատրել ընտրությունների ելքի բարձր անորոշությամբ։ Զուգահեռաբար, վերջին տարիների ՏԻՄ ընտրություններում կարելի է տեսնել, որ նախորդող ընտրությունների համեմատ մասնակցության աճ կա։ Սա, առաջին հերթին, պայմանավորված է համեմատության օբյեկտի՝ նախորդ ՏԻՄ ընտրությունների ցածր ցուցանիշներով։ ՏԻՄ ընտրությունների նախորդ մեծ շրջանը տեղի էր ունեցել 2021 թվականի սեպտեմբերին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից շատ չանցած, երբ քաղաքական միջավայրի լարվածությունն զգալի անցել էր, իշխանություն ստանձնելու հավակնությունների առումով էլ որոշակի պատկեր էր ձևավորվել։ Արդյունքում, 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների շրջանում մասնակցությունը զգալի նվազ էր, ուստի Գյումրիում, Վաղարշապատում համեմատաբար բարձր է թվում մասնակցությունը։
Գլխավոր փաստարկը, թե ինչու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության տոկոսային ցուցանիշը ավելի բարձր կլինի նախորդներից, այն է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում առավել հստակ մոտեցումներ են ձևավորվել՝ ընտրողների ցուցակը մոտեցնելու իրական պատկերին։ Արդյունքում, կարելի է ակնկալել, որ ընտրողների բացարձակ թիվը 2026 թվականին ևս էականորեն չի փոփոխվի։ Եվ, սրան հավելելով քաղաքական ուժերի ներգրավվածությունը, քարոզարշավի ինտեսիվությունը, կարելի է մասնակցության բացարձակ ցուցանիշին հավասար թվեր սպասել։ Հետևաբար, մասնակցության տոկոսային ցուցանիշը բարձր կլինի։
Մասնակից ուժերի մեջ կտեսնենք ավելի քիչ դաշինքներ
2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 26 ուժ, ինչը վերջին շրջանի ամենաբարձր ցուցանիշն է՝ պայմանավորված ընտրությունների արդյունքի անորոշությամբ, քաղաքական միջավայրի անկայունությամբ, որը նաև քաղաքական արկածախնդրության հիմքեր էր ստեղծել։ Առհասարակ, բաց և ներառական քաղաքական դաշտն ու մրցակցայնությունը դրական են, սակայն, վերոնկարագրյալի հետ համատեղ, ականատես եղանք զգալի թվով ուժերի, որոնք նույնիսկ 1% քվեներ չստացան։ 26 ուժից միայն 4-ն էին հանդես գալիս դաշինքով (15%-ը)։ 2018 թվականին մասնակցում էր 11 ուժ, որոնցից 2-ն էին դաշինքի կարգավիճակով (18%): Գալիք ընտրություններին փոփոխված են լինելու ուժերի համար անցողիկ շեմերը․ կուսակցությունների համար 5%-ից դարձել է 4%, իսկ դաշինքների 7%-ը դարձել է 8%՝ երկու և երեք կուսակցությունների դաշինքների համար, 10%՝ 4 և ավելիի համար։
Գործող շեմը ինքնին բարձր էր դաշինքների համար, ինչը և ազդեցություն է ունեցել փոքրաթիվ դաշինքների գրանցման համար։ Իսկ վերոնշյալ փոփոխությունների արդյունքում դաշինքների թիվը մասնակիցների ընդհանուր համամասնության մեջ ավել չի լինի։ Ավելին, կտեսնենք շատ մասնակից ուժեր, որոնք փաստացի դաշինքներ են, բայց հանդես են գալիս մեկ կուսակցական ցուցակով։ Ինչ վերաբերում է մասնակիցների թվին, կարելի է կարծել, որ, հաշվի առնելով քաղաքական դաշտի մրցակցայնությունն ու ներառականությունը, ելքի անորոշությունն ու կուսակցությունների համար ցածր անցողիկ շեմը, մասնակիցների թիվը պետք է որ ավելի մեծ լինի 2018-ի 11-ից և մոտ լինի 2021-ի 26-ին։
Խորհրդարան կանցնեն ավելի շատ ուժեր
Կրկնելով քաղաքական դաշտի մրցակցայնության ու ներառականության, ելքի անորոշության ու կուսակցությունների համար ցածր անցողիկ շեմի հանգամանքները և մրցակիցների բազմազանության կանխատեսումը, կարելի է պնդել, որ խորհրդարան կանցնեն ավելի շատ ուժեր, քան՝ 2021 թվականին։ Իհարկե, այս կանխատեսումը հեշտ է անել, քանի որ նախորդ ընտրություններին գործող կարգավորումներով նվազագույն՝ 3 ուժեր էին ներկայացված խորհրդարանում, ընդ որում, «Պատիվ ունեմ» դաշինքը չէր հաղթահարել անցողիկ շեմը և անցել էր Ազգային ժողով՝ օգտվելով հենց գործող իրավական շրջանակով սահմանված հնարավորությունից։ Այդ պատճառով, կանխատեսումն ավելի հստակեցնելու համար, պետք է նշել, որ խորհրդարանն ավելի տրոհված և ներառական կլինի, և, ըստ այդմ, կուսակցությունների արդյունավետ թիվն ավելի բարձր կլինի։ Իսկ թե վերջինս ինչ է իրենից ներկայացնում և ինչպես է փոփոխվել Հայաստանի ընտրական համակարգի փոփոխություններից ելնելով՝ կատարվել է մանրամասն անդրադարձvii։
Ընտրությունների երկրորդ փուլ չի լինի
Չնայած կանխատեսմանը, որ առավել շատ ուժերով ներկայացված և տրոհված խորհրդարան կկազմավորվի 2026 թվականի ընտրությունների արդյունքով, պետք է նշել, որ, հաշվի առնելով քաղաքական ուժերի դասավորությունը, հնարավոր կոալիցիաները, 2026 թվականին ընտրությունների երկրորդ փուլ չի լինի։ Այս կանխատեսմանը հատկապես հետաքրքիր կլինի անդրադառնալ կանխատեսումների մյուս շարքերով՝ դիտարկելով ուժերի դասավորվածության փոփոխությունները։
Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը կանցնի խորհրդարան
Մինչ քաղաքական դաշտում նոր և հին ուժերը փորձում են զբաղեցնել երրորդ ուժի հավակնոտ կարգավիճակը, իսկ չկողմնորոշված ընտրողները փորձում են կողմնորոշվել երրորդ ուժի հարմար թեկնածուի հարցում, այս ֆոնին առանձնանում է Գագիկ Ծառուկյանը։ Ներկայումս ամեն ինչ վկայում է, որ Ծառուկյանի գլխավորած ուժը՝ պայմանական «Բարգավաճ Հայաստանը», կմասնակցի գալիք ընտրություններին։ Հաշվի առնելով նրա ռեսուրսները, նրա հանդեպ հանրության ընկալումը և, ինչը պակաս կարևոր չէ, Ծառուկյանի չեզոք դիրքորոշումը քաղաքական տարբեր հարցերում (եկեղեցի-պետություն, տարածաշրջանային գործընթացներ), հենց նրա ուժն է, որ ինքնաշխատ կերպով կփորձի զբաղեցնել երրորդ ուժի համար նախատեսված տարածությունը։ Ավելին, բացի խորհրդարան անցնելուց, կախված արդյունքներից, պակաս հավանական չէ, որ Ծառուկյանի ուժի դիրքորոշումը էական ազդեցություն կունենա կառավարության ձևավորման հարցում։
Եզրակացություն
Ամփոփելով աշխատանքը, պետք է վերահաստատել, որ կանխատեսումները լիարժեք ճշմարտությունը և իրականությունը արտացոլելու վերջնանպատակ չունեն։ Դրանք առաջին հերթին ճանաչողական գործառույթ ունեն և հնարավորություն են տալիս քաղաքական իրողությունների ու տվյալների վերլուծություն կատարել։
Մուղնեցյան Տիգրան