Սույն հետազոտությունը վերլուծում է Ադրբեջան-Իրան տեղեկատվական-քաղաքական առճակատման դինամիկան, մասնավորապես, Բաքվի պետական ու մերձպետական լրատվամիջոցների կողմից «Հարավային Ադրբեջան» նարատիվի գործիքայնացումը։ Հոդվածում դիտարկվում են այն հիմքերը, որոնց վրա կառուցվում է ադրբեջանական էթնո-իռեդենտիզմը, ուսումնասիրվում է ադրբեջանական մեդիա-ռեսուրսների հռետորաբանությունը, Թեհրանի հակազդման մեխանիզմները, ինչպես նաև այս հակամարտության ազդեցությունը Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։
Պատմական էքսկուրս
Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները պատմականորեն աչքի են ընկնում խորքային անվստահությամբ և կառուցվածքային հակասություններով։ Չնայած ընդհանուր շիական ժառանգությանը՝ երկու պետությունների միջև գոյություն ունի աշխարհիկ-ավտորիտար և թեոկրատական քաղաքական համակարգերի էական տարբերություն, որը լրացվում է էթնոտարածքային վեճերով։
«Հարավային Ադրբեջան» նարատիվի պատմական արմատները հասնում են 19-րդ դարի սկիզբ, երբ Ռուսական կայսրության և Ղաջարական Իրանի միջև կնքված Գյուլիստանի (1813թ.) և Թուրքմենչայի (1828թ.) պայմանագրերով Արաքս գետը դարձավ սահմանաբաժան։ Արաքսից հյուսիս ընկած տարածքներն անցան Ռուսաստանին, իսկ հարավային շրջանները մնացին Իրանի կազմում։
1918-1920 թթ. «Ադրբեջան» անվանման կիրառումը Անդրկովկասում ստեղծված նոր պետության համար առաջացրեց Իրանի դիվանագիտական բողոքը, քանի որ պատմականորեն «Ադրբեջան-Ատրոպատենա» անվանումը վերաբերում էր Արաքսից հարավ ընկած իրանական նահանգին։
1945-1946 թթ.․ ՍՍՀՄ աջակցությամբ Իրանի հյուսիսում ստեղծվեց «Ադրբեջանի ազգային կառավարությունը»՝ Ջաֆար Փիշեվարիի գլխավորությամբ, որի տապալումից հետո էթնիկ սեպարատիզմի թեման ՍՍՀՄ-ում սառեցվեց և պահպանվեց որպես լատենտ գործիք։
1990-ականների սկզբին՝ Ադրբեջանի անկախացումից հետո, Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության շրջանում, «Միացյալ Ադրբեջան» գաղափարախոսությունը դարձավ պետական դիսկուրսի մաս, ինչը Թեհրանում ընկալվեց որպես ուղղակի սպառնալիք Իրանի տարածքային ամբողջականությանը։
Բաքվի մեդիա-արշավները և «Հարավային Ադրբեջան» նարատիվի գործիքայնացումը
Վերջին տարիներին, հատկապես՝ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի պետական քարոզչությունը որդեգրել է Իրանի նկատմամբ ագրեսիվ տեղեկատվական-հոգեբանական ներգործության մարտավարություն։ Բաքվի տեղեկատվական քաղաքականությունն իրականացվում է պետական ու մերձպետական լրատվամիջոցների միջոցով, որոնց շարքում առանցքային դեր են խաղում AzTV-ն, Baku TV-ն, Caliber.az-ը և այլն։ Այս
հարթակները կանոնավոր կերպով հեռարձակում են հաղորդումներ, որտեղ Իրանի հյուսիս-արևմտյան նահանգները՝ Թավրիզը, Արդաբիլը, Ուրմիան, Զանջանը, ներկայացվում են որպես «Հարավային Ադրբեջան»։ Քարոզչական գիծը կառուցվում է Արաքսից հարավ ընկած տարածքները «բռնազավթված» որակելու, ինչպես նաև սոցիալ-էկոլոգիական խնդիրները շահարկելու վրա։ Միաժամանակ, այս մեդիա-ռեսուրսները հարթակ են տրամադրում էթնիկ անջատողական խմբերին՝ փորձելով լեգիտիմացնել իրանաբնակ ազերիների «ազատագրական պայքարի» գաղափարը։
Ըստ էության, պետական մակարդակով այս նարատիվին լեգիտիմություն հաղորդեց Իլհամ Ալիևը, որը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հայտարարեց. «Ադրբեջանի սահմաններից դուրս ապրող 40 միլիոն ադրբեջանցիների մեծ մասը զրկված է մայրենի լեզվով սովորելու հնարավորությունից»։ Այս հայտարարությունն ուղղված էր Իրանի դեմ և ազդանշան էր պետական մեդիամեքենային՝ ուժեղացնելու հակաիրանական քարոզչությունը։
Թեհրանի հակազդման մեխանիզմները
Իրանը Բաքվի այս քաղաքականությունն ընկալում է որպես գոյաբանական սպառնալիք․ Իրանը բազմազգ պետություն է, և էթնիկ անջատողականության խրախուսումը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ (օրինակ, քրդեր, բելուջներ, արաբներ և այլն)։
Թեհրանի հակազդման առաջին մեխանիզմը տեղեկատվական դաշտում է․ Իրանի պետական հեռուստառադիոընկերության «Sahar TV» հեռուստաալիքը և տեղական ադրբեջանալեզու ծառայությունները թիրախավորում են Ադրբեջանի ներքին լսարանը՝ քննադատելով Ալիևի ռեժիմի ավտորիտարիզմը, Իսրայելի հետ սերտ հարաբերությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները։
Երկրորդ մեխանիզմը պատմա-աշխարհագրական հակադիսկուրսի ձևավորումն է․ իրանական պատմագիտական և մեդիա-դաշտում շեշտվում է, որ ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության տարածքը պատմականորեն եղել է Իրանի մաս՝ Արան և Շիրվան անվանումները կրող տարածքներով։ Իրանցի փորձագետները հաճախ ակնարկում են, որ եթե սահմանների վերանայում լինի, ապա հենց Արանն է ենթակա Իրանի հետ վերամիավորման։
Երրորդ մեխանիզմը ռազմական զսպումն է․ Արաքս գետի երկայնքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անցկացրած զորավարժությունները ուղղակի ուղերձ են եղել Բաքվին և Անկարային՝ կանխելու ուժային փոփոխությունը տարածաշրջանում։
Էթնիկ անջատողականության խրախուսման սահմաններն ու ռիսկերը
Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը պարունակում է մի շարք կառուցվածքային ռիսկեր, որտեղ Բաքվի հաշվարկներն ու իրականությունը խիստ հակասում են միմյանց․
Իրանի ադրբեջանցիների ինքնության ռիսկերը․ Բաքուն հայտարարում է, թե Արաքսից հարավ ապրող ազերիները երազում են միավորման մասին։ Սակայն իրականությունն այն է, որ իրանաբնակ ազերիների մեծ մասն ունի ամուր իրանական քաղաքացիական ինքնություն և ինտեգրված է Իրանի քաղաքական ու տնտեսական էլիտային։
Իսրայելական գործոնի ռիսկերը․ Բաքուն կարծում է, որ Իսրայելի հետ դաշինքն ապահովում է ռազմատեխնիկական և հետախուզական առավելություն Իրանի նկատմամբ։ Սակայն, իրականում, Իրանի համար Ադրբեջանը վերածվում է Իսրայելի «պլացդարմի», ինչը իրանական կողմի համար լեգիտիմացնում է Թեհրանի հնարավոր կանխարգելիչ ռազմական կամ հիբրիդային հարվածներն՝ ուղղված Բաքվին։ Այստեղ խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում է, որ իր տարածքը չի տրամադրել և չի տրամադրի իսրայելական կողմին՝ Իրանի դեմ հարձակման համար, սակայն Իրանից երբեմն այլ ազդակներ են գալիս։
Տարածաշրջանային անվտանգության սպառնալիքները․ Բաքվի հաշվարկով՝ Իրանի թուլացումը կմեծացնի Թուրքիա-Ադրբեջան տանդեմի ազդեցությունը։ Սակայն, իրականում, Իրանի ապակայունացումը կհանգեցնի անվտանգային վակուումի, փախստականների ալիքի և վերահսկողությունից դուրս եկած էթնիկ բախումների, որոնք կսպառնան հենց Ադրբեջանի կայունությանը։
Իրանի ադրբեջանցիների ինքնության բարդ կառուցվածքը
Բաքվի հաշվարկի հիմնական սխալը Իրանի էթնիկ ադրբեջանցիների ինքնության պարզունակացման մեջ է։ Իրանաբնակ ադրբեջանցիների մեծ մասը, չնայած լեզվական առանձնահատկություններին, ունի ձևավորված իրանական քաղաքացիական ու մշակութային ինքնություն։ Նրանք ներկայումս ներկայացված են Իրանի քաղաքական, հոգևոր ու տնտեսական էլիտայի ամենաբարձր օղակներում։ Բաքվի «ազատագրման» դիսկուրսն այստեղ հանդիպում է լուրջ մերժման, քանի որ իրանցի ադրբեջանցիներն իրենց չեն ընկալում որպես Արաքսից հյուսիս գտնվող պետությանն անեքսացվելու կարիք ունեցող զանգված։
Ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի վրա
Բաքու-Թեհրան տեղեկատվական-քաղաքական պատերազմը ուղղակիորեն վերաձևում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզը։ Ըստ էության, դրա մաս է նաև Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը․ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Սյունիքի հատվածով անցնող սահմանը հանդիսանում են «կարմիր գիծ»։ Բաքվի կողմից «Հարավային Ադրբեջան» նարատիվի ակտիվացումը և «միջանցքի» պարտադրումը Թեհրանում ընկալվում են որպես Թուրքիայի միջոցով ՆԱՏՕ-ի և Իսրայելի ռազմավարական շրջափակման փորձ։ Սա Իրանին ստիպում է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Հայաստանի սահմանների անձեռնմխելիության հարցում։
Իսրայելական գործոնը
Բաքուն Իրանի հյուսիսային սահմանների մոտ Իսրայելին տրամադրում է հետախուզական և այլ հնարավորություններ, ինչի դիմաց ստանում է ժամանակակից սպառազինություն և քաղաքական աջակցություն։ Սա Հարավային Կովկասը վերածում է Իրան-Իսրայել «ստվերային պատերազմի» ակտիվ թատերաբեմի։
Ինչպես կարող է Ադրբեջանն օգտագործել այս թեման դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո
2023թ. հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո երկկողմ հարաբերությունները հասան պատմական նվազագույնի։ Սակայն դեսպանատան աշխատանքի վերականգնումը և դիվանագիտական երկխոսության նոր փորձերը չեն նշանակում, որ Բաքուն հրաժարվելու է «Հարավային Ադրբեջան» նարատիվից։ Ընդհակառակն, այս նոր փուլում Ադրբեջանը կարող է թեման օգտագործել հետևյալ ստրատեգիական ուղղություններով․
Զիջումների կորզում Թեհրանից
Բաքուն դեսպանատան հարձակումը պահում է որպես «անվտանգային պարտք» Իրանի վրա։ Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ընթացքում Ադրբեջանը «Հարավային Ադրբեջան» նարատիվի ժամանակավոր մեղմացումը կամ մեդիա-հարձակումների չափավորումը կարող է վաճառել Թեհրանի վրա՝ փոխարենը պահանջելով Իրանի կողմից միջանցքային տրամաբանության վերաբերյալ դիմադրության նվազեցում, ինչ-որ առումով Հայաստանին իրանական ռազմաքաղաքական աջակցության սահմանափակում և այլն։
Մշակութային ազդեցության խորացում
Եթե պաշտոնական Թեհրանի հետ դիվանագիտական կապերը լիարժեքորեն վերականգնվեն, մեդիա-պատերազմները դադարեն, ապա Բաքուն կարող է կոշտ, սեպարատիստական հռետորաբանությունից անցնել «մշակութային դիվանագիտության»։ Դիվանագիտական օղակների միջոցով փորձ կարվի խորացնել կապերը Իրանի ադրբեջանաբնակ շրջանների հետ՝ մշակութային, կրթական և տնտեսական ծրագրերի քողի տակ, պահպանելով «ազգային միասնության» լատենտ ցանցերը։
Էսկալացիայի գործիք
Ադրբեջանը «Հարավային Ադրբեջան» թեման պահելու է որպես «ձեռքի տակի կոճակ»։ Եթե Իրանը փորձի կոշտ հակադրվել Բաքու-Երևան բանակցային օրակարգի որոշ հարցերի, օրինակ, կապված TRIPP-ի հետ, Բաքուն անմիջապես կվերակտիվացնի հակաիրանական ալիքը՝ Իրանի ներսում սոցիալ-էթնիկ լարվածություն առաջացնելու համար։
Իսրայել-ԱՄՆ-Ադրբեջան առանցքում սեփական գնի բարձրացում
Դիվանագիտական հարաբերությունները վերականգնելով հանդերձ՝ Բաքուն Արևմուտքին և Իսրայելին ցույց է տալիս, որ ինքը միակ դերակատարն է, որն ունի «ներսից» Իրանի վրա ազդելու և էթնիկ լծակներ կիրառելու կարողություն։ Սա Ալիևի ռեժիմին թույլ է տալիս ստանալ անվտանգության լրացուցիչ երաշխիքներ և հետախուզական աջակցություն Արևմուտքից ու Իսրայելից։
Միևնույն ժամանակ, Իրան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու լարվածության թուլացումը Հայաստանի համար ձևավորում են նոր աշխարհաքաղաքական իրողություն։ Ստորև ներկայացված են անվտանգային,
տրանսպորտային և ռազմավարական հիմնական ռիսկերը, որոնք անմիջականորեն ազդում են Հայաստանի դիրքերի վրա․
Սյունիքի շուրջ ճնշման աճ․ Թեհրանը մինչ օրս բացահայտորեն հանդես է գալիս Սյունիքով արտատարածքային միջանցքի (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք») բացման դեմ՝ դա անվանելով «կարմիր գիծ»։ Թեհրանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման պարագայում առկա է ռիսկ, որ Իրանի դիրքորոշումը կարող է դառնալ ավելի պասիվ կամ հարմարվողական, ինչը կմեծացնի Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշումը Հայաստանի վրա։
«Արաքսի միջանցքը» որպես այլընտրանք և Հայաստանի շրջանցում․ Բաքուն և Թեհրանը կառուցում են Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին միացնող ավտոճանապարհն ու երկաթգիծը (Արաքս գետի հարավային ափով)։ Իրան-Ադրբեջան հարաբերությունների սերտացումը արագացնում է այս նախագիծը և TRIPP-ի կառուցման հապաղման դեպքում սա կարող է մեծացնել Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման վտանգը։
Հայաստան-Իրան ռազմավարական առանցքի թուլացում. Հայաստանի համար Իրանը հանդիսանում է հուսալի տարանցիկ ուղի և անվտանգության կարևոր հակակշիռ։ Թեհրանի և Բաքվի միջև տնտեսական ու ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարող է սահմանափակել Հայաստանին աջակցելու՝ Իրանի պատրաստակամությունը, Թեհրանին ստիպելով առաջնահերթությունը տալ Բաքվի հետ պայմանավորվածություններին կամ պարզապես չեզոքությանը։
Տարածաշրջանային 3+3 ձևաչափի գերակայություն․ Իրան-Ադրբեջան երկխոսության վերականգնումը ամրապնդում է «տարածաշրջանային հարցերը՝ տարածաշրջանային դերակատարների միջոցով» սկզբունքը, ինչը կարող է նվազեցնել Արևմուտքի ներգրավվածությունը Հարավային Կովկասում և Հայաստանին զրկել արտաքին լրացուցիչ զսպման մեխանիզմներից։
Այս փոփոխությունները Հայաստանից պահանջում են առավել ակտիվ դիվանագիտական աշխատանք Թեհրանի հետ՝ պահպանելու երկկողմ ռազմավարական շահերն ու կոմունիկացիոն անկախությունը։
Եզրակացություն
«Հարավային Ադրբեջան» նարատիվը և ընդդեմ Թեհրանի Բաքվի մեդիա-արշավներն Ադրբեջանի արտաքին քաղաքականության բարձր ռիսկային գործիք են։ Դեսպանատան միջադեպից հետո հարաբերությունների ձևական կարգավորումը չի վերացնում խորքային հակասությունները։ Ադրբեջանը շարունակելու է այս թեման օգտագործել որպես դիվանագիտական շանտաժի, Իրանին Հայաստանից հեռացնելու և տարածաշրջանում սեփական առավելապաշտական նպատակներին հասնելու լծակ։
Դիանա Կարապետյան