Մի քանի կանխատեսում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. մաս 2

հեղ․ Armenian Council

Ներածություն

          Նախորդող աշխատանքներից մեկում անդրադարձել եմ գալիք խորհրդարանական ընտրություններին և կատարել մի քանի կանխատեսում ընտրություններին մասնակցության, մասնակից ուժերի և ընտրությունների արդյունքների վերաբերյալ[i]։ Նաև նշել եմ, որ կանխատեսումների շարքը կլինի երեք մասից։ Այս՝ երկրորդ մասում, ընտրություններից երկու ամիս առաջ, կփորձեմ գնահատական տալ նախորդող կանխատեսումներին՝ խմբագրելով կամ վերահաստատելով դրանք, ինչպես նաև լրացնելով նոր կանխատեսումներով։

            Հատկանշական է, որ նախորդ աշխատանքից հետո հրապարակվեցին երկու սոցիալական հարցումների արդյունքներ, որոնց ևս մանրամասն անդրադարձել եմ[ii]։ Վերջերս տեղի ունեցավ ԵՎՆ ռիփորթի սոցիալական հարցումների շարքի երկրորդ արդյունքների հրապարակումը[iii], ինչն էլ, նախորդող հարցումների տվյալների հետ, կօգտագործվի կանխատեսումները կատարելու և գնահատելու համար։

Կանխատեսումներ

Ընտրություններին մասնակցությունը տոկոսային ցուցանիշով կլինի ավելի բարձր, քան նախորդ երկու խորհրդարանական ընտրություններին

Նախորդիվ կատարած այս կանխատեսումը առկա տվյալների վրա պետք է վերահաստատել։ Հարցումների տվյալները ցույց են տալիս, որ հարցվածների շուրջ 70%-ը պատրաստվում են մասնակցել ընտրություններին։

Ավելին, նախորդ աշխատանքում նշել եմ, որ ընտրողների ցուցակն օրենսդրական փոփոխությունների արդյունքում նվազելու է։ Սրանում արդեն կարող ենք համոզվել, հրապարակված տվյալներով։ Փետրվարին ՆԳՆ կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ Հայաստանում ընտրողների թիվը 2 մլն 489 հզ 031 է։ Ստորև աղյուսակում ներկայացված տվյալների համեմատ ակնհայտ կարելի է տեսնել ընտրողների թվի նվազումը։

ԸնտրությունըՄասնակիցների թիվըԸնտրողների թիվըՄասնակցության տոկոսը
20181,261,1052,593,14048.6
20211,281,9972,595,51249.3
2026*2,489,031

            *2026 թվականի փետրվարի դրությամբ

Այսպիսով, համադրելով ընտրողների բացարձակ թվի շուրջ 100 հզ-ով նվազումը և հարցումներին ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնածների բարձր թիվը, կարելի է վերահաստատել, որ մասնակցության տոկոսային ցուցանիշը ավելի բարձր կլինի նախորդ խորհրդարանական ընտրությունների ցուցանիշներից։

Մասնակից ուժերի մեջ կտեսնենք ավելի քիչ դաշինքներ

Նախորդող կանխատեսման մեջ նշել եմ, որ դաշինքների համար հարաբերական բարձր շեմը կհանգեցնի ընտրությունների մասնակիցների շրջանում դաշինքների ավելի փոքր համամասնության։

Պետք է վերահաստատել այս պնդումը, ելնելով նրանից, որ բարձր անցողիկ շեմը և գործող օրենսդրական թերությունները թույլ են տալիս հանդես գալ որպես կուսակցություն։ Սակայն նախնական իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ արդեն հայտարարվել են մի քանի դաշինքի մասին (օր․՝ «Հայաստան», «Ուժեղ Հայաստան» և այլ)։ Հետաքրքրական է, որ, սոցհարցումների առկա պատկերի համաձայն, միայն մեկ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքն է հաղթահարում անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստանը»՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը, կանցնի խորհրդարան

            Նախորդող մտքերից հետո տրամաբանական է անդրադառնալ վերոգրյալ կանխատեսմանը։ Նշել եմ, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը կփորձի դիրքավորվել որպես երրորդ ուժ։ Դրան նպաստում է վերջինիս կողմից քաղաքական շատ հարցերի վերաբերյալ չեզոք դիրքորոշումը։ Եվ այդ փորձի արդյունավետությունից է կախված՝ նա կհայտնվի խորհրդարանում, թե ոչ։ ՄՀԻ հարցման տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս[iv], որ Ծառուկյանը որոշակիորեն կարողացել է դիրքավորվել երրորդ ուժի դերում։ Նրա ուժի հավանական ընտրողների շարքերում հավասարապես բաշխված են թե՛ նրանք, ովքեր որպես Հայաստանի կարևոր գործընկեր տեսնում են Ռուսաստանը, թե՛ նրանք, ովքեր այդ դերում տեսնում են հավաքական Արևմուտքը։ Նմանապես, ընտրողների շարքում հավասար ներկայացված են թե՛ նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, թե՛ հակառակ կարծիք ունեցողները։

            Վերլուծելով տվյալները, այդ թվում՝ ԵՎՆ-ի վերջին հրապարակումը, կարելի է տեսնել, որ Ծառուկյանի գլխավորած ուժին հակված է քվեարկել հարցվածների 3.3%-ը, ինչը, սխալի միջակայքը հաշվի առնելով, գուցե բավարարի կուսակցությունների շեմը հաղթահարելու համար։ Եվ հենց վերոնշյալ սոցհարցումների տվյալները հաշվի առնելով, հավանաբար, ուժը գրանցվել է որպես կուսակցություն, ոչ թե՝ դաշինք։

Խորհրդարան կանցնեն ավելի շատ ուժեր

Ներկայումս առկա սոցհարցումների տվյալները վերոնշյալ կանխատեսումը քիչ հավանական են դարձնում։ Ըստ այդ տվյալների «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 33.6% վարկանիշ, 11.4% վարկանիշ ունի «Ուժեղ Հայաստանը»։ Մնացած ուժերը չեն հաղթահարում անցողիկ շեմը։ Մեծ է չկողմնորոշվածների և նրանց թիվը, ովքեր հրաժարվել են պատասխանել (ընդհանուր՝ շուրջ 37%): Պետք է կարծել, որ բարձր մասնակցության պատրաստակամություն հայտնածների հաշվին՝ այս 37%-ի համաչափ բաշխվելու դեպքում, մի քանի ուժեր, այդուամենայնիվ, կկարողանան հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կհայտնվեն 3-ից ավել ուժեր։ Չսահմանափակվելով ստորագրյալ երեքով՝ դրանց մեջ կլինեն ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստանը» և ԲՀԿ-ն։

Հակառակ դեպքում, պետք է նշել, որ սահմանադրությունը երաշխավորում է երեք ուժերի ներկայություն խորհրդարանում։ Սակայն, ի տարբերություն 2021 թվականի, երբ նույն իրավիճակն էր, և «Պատիվ ունեմ» դաշինքը հայտնվեց խորհրդարանում, գործող կարգավորումներում տեղի է ունեցել փոփոխություն։ Այսպիսով, ըստ ընտրական օրենսգրքի, եթե երեք ուժ չի հաղթահարում անցողիկ շեմը, ոչ թե ամենաշատ ձայն ստացած երեք ուժերն են հայտնվում խորհրդարանում, այլ նրանք, որոնք ամենամոտն են եղել իրենց համապատասխան անցողիկ շեմը հաղթահարելուն։

Ընտրությունների երկրորդ փուլ չի լինի

Այս կանխատեսումը ևս վերահաստատվում է՝ ելնելով վերջին սոցհարցումների տվյալների վրա։ Ավելին, ըստ ԵՎՆ-ի, ՔՊ-ն ներկայումս ունի 41,5-50,3%: Եթե այս դիտարկումը համապատասխանում է իրականությանը, ապա մանդատների բաշխման արդյունքում «Քաղաքացիական պայմանագրին» կհաջողվի ստանալ մանդատների մեծամասնությունը և ինքնուրույն ձևավորել կառավարություն։ Հաշվի առնելով հարցումների զարգացման օրինաչափությունը և արտաքին գործոնների ազդեցության բացակայությունը՝ կանխատեսումը, հավանաբար, կիրականանա։ Այս տվյալները հանրային դիսկուրսում ի հայտ բերեցին մի ենթադրություն, որին կանդրադառնանք ստորև։

            Որևէ ուժ չի ունենա սահմանադրական մեծամասնություն

            Սահմանադրական մեծամասնություն ասելով՝ նկատի ունենք խորհրդարանում մանդատների 2/3-ը, որը հարկավոր է մի շարք որոշումներ կայացնելու, օրենքներ ու օրենսգրքեր ընդունելու համար։ Որոշ քննարկումներում «Քաղաքացիական պայմանագրի» հարաբերականորեն աճող վարկանիշը տեղիք է տվել ենթադրությունների, որ շեմը չհաղթահարած ուժերի հաշվին՝ մանդատների բաշխման արդյունքում, ՔՊ-ն կկարողանա ստանալ մանդատների 2/3-ը։ Սա քիչ հավանական է՝ հաշվի առնելով ընտրական օրենսգրքի այն դրույթը, ըստ որի՝ եթե մեկ ուժ չի ստացել ձայների 2/3-ը, բայց կարող է ստանալ մանդատների 2/3-ը, ապա մանդատների բաշխմանն են մասնակցում նաև 2%-ը հաղթահարած ուժերը։ Այս կարգավորումը նաև որպես հավելյալ փաստարկ կարող է օգտագործվել խորհրդարանում երեքից ավել ուժեր ունենալու կանխատեսման օգտին։

Եզրակացություն

            Ամփոփելով աշխատանքը՝ պետք է վերահաստատել, որ կանխատեսումները ճշմարտություն և իրականություն արտացոլելու վերջնանպատակ չունեն։ Առայժմ անորոշություններն ավելի շատ են, քան հստակ տվյալները, սակայն այս շարքի վերջին աշխատանքում հնարավոր կլինի ավելի հստակ ուրվագծել զարգացման հեռանկարները։

Մուղնեցյան Տիգրան


[i] https://council.am/entry/9949/mi-khani-kanxatesum-2026-thvakani-xorhrdaranakan-ehntruthyunneri-veraberyal/

[ii] https://council.am/entry/10631/vorosh-ditarkumner-verjin-naxehntrakan-socharcumneri-veraberyal/

[iii] https://evnreport.com/arm/election-arm/incumbent-party-swings-new-poll-numbers2/

[iv] https://www.iri.org/resources/public-opinion-survey-residents-of-armenia-february-2026/

Ընթերցեք նաև