Հայաստանը մայիսի սկզբին կդառնա Եվրոպայի կենտրոնը. «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, ինչպես նաև կանցկացվի Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Երևանում քննարկումները կկենտրոնանան ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, հաղորդուղիների զարգացման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա՝ անդրադառնալով անվտանգության փոփոխվող դինամիկային և տարածաշրջանային մարտահրավերներին [1]:
Ի՞նչ է Եվրոպական քաղաքական համայնքը․արդյո՞ք այն արդիական է
Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորման անհրաժեշտությունն առաջացավ 2022 թվականին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, երբ նման նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Միջկառավարական ֆորումի նպատակն է՝ քննարկել Եվրոպայի ապագայի վերաբերյալ քաղաքական և ռազմավարական հարցեր և ամրապնդել համակարգումը այդ հարցերի շուրջ, առավելապես՝ անվտանգային խնդիրների և էներգետիկ ճգնաժամի: Հատկանշական է, որ ԵՔՀ-ի աշխատանքներին մասնակցում են ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ՝ ԵՄ անդամ չհանդիսացող պետություններ, որոնք կիսում են եվրոպական արժեքները: Կարևոր է նաև ԵՔՀ-ի միջոցով Միացյալ Թագավորության «վերադարձը» եվրոպական ընդհանուր ապագայի շուրջ քննարկումների սեղան:
Որոշ երկրներում ԵՔՀ-ի ստեղծումն ի սկզբանե ընկալվեց որպես ԵՄ հետագա ընդլայնումը խոչընդոտող քայլ, քանի որ ձևաչափի առկայությունը, ապահովելով երկխոսությունը, կարող էր հիմք հանդիսանալ անդամակցության գործընթացի դադարեցման համար, ուստի այն սուր քննադատության ենթարկվեց։ Միևնույն ժամանակ, կար մտավախություն, որ հարթակը կրկնօրինակելու է արդեն իսկ գոյություն ունեցող կազմակերպությունները, ինչպես ԵՄ-ը, ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը, ուստի դրա գոյության իմաստը դրվեց հարցականի տակ։
Իրականում, հարթակը լրացնելու եկավ արդեն իսկ գոյություն ունեցող ձևաչափերը, որոնք վաղուց չեն կարողանում համակարգված որոշումներ կայացնել ավելի լայն եվրոպական տարածաշրջանի համար և, ինչ-որ առումով, կարծես, կորցրել են իրենց արդիականությունը, իսկ դրանց որոշ մեխանիզմներ ուղղակի դադարել են արդյունավետ լինել: Օրինակ, Եվրոպական հարևանության քաղաքականությունը, այդ թվում՝ Արևելյան գործընկերությունը, կորցրել է իր նախնական իմաստն ու նշանակությունը։ ԵԱՀԿ-ն, կարելի է ասել, կաթվածահար է Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով, իսկ ԵՄ-ում կարևոր որոշումների կայացումը հաճախ խաթարվում է աջականների կողմից։
ԵՔՀ-ն, ի տարբերություն վերոնշյալ կազմակերպությունների, որոշումներ կայացնող մարմին չէ, բայց դա կարող է դիտարկվել որպես առավելություն, քանի որ նման ձևաչափում երկրներն ավելի ազատ են դիրքորոշում արտահայտելու հարցում, և առանձին համաձայնությունների ձեռքբերումը ավելի հավանական է դառնում՝ առանց բյուրոկրատիայի և տարաբնույթ ընթացակարգերի։
Չնայած նախնական թերահավատությանը՝ հարթակի գոյությունը արդիական մնաց, նախ, Ուկրաինայում հակամարտության կարգավորման ձգձգման, ապա, նաև, Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձի և աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխություններին հարմարվելու հրամայականի ֆոնին։ ԵՔՀ-ի առաջնային խնդիրը այս տրամաբանության մեջ, ըստ ամենայնի, Եվրոպայի, որպես ուժային կենտրոնի, հաստատումն է և Եվրոպայի անվտանգության ճարտարապետության կյանքի կոչումը [2]։
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետագա ընդլայնումը խոչընդոտելու հետ կապված մտահոգություններին, ապա այս հարթակը, հակառակը, կարող է պետություններին օգնել ավելի սերտորեն ինտեգրվել եվրոպական ընտանիք։ Միանգամայն ակնհայտ է, որ ԵՔՀ-ն չի կարող փոխարինել ԵՄ-ին անդամակցության գործընթացներին, և դրա կարիքն էլ չկա։ ԵՔՀ հիմնական նպատակը կամուրջ լինելն է, որն աջակցում և արագացնում է ինտեգրումը: Միևնույն ժամանակ, այս ձևաչափը կարող է իսկապես խթանել ԵՄ անդամ և ԵՄ անդամ չհանդիսացող երկրների միջև գործարքային, ռազմավարական գործակցությունը։
Եվրոպական փորձագիտական շրջանակներում առկա է նաև Եվրոպական քաղաքական համայնքի ինստիտուցիոնալացման մասին խոսակցությունը, մասնավորապես, ձևաչափի գործունեությունն ավելի շոշափելի և արդյունավետ դարձնելու մասով [3]։
ԵՔՀ-ն և Հայաստանը
ԵՔՀ հանդիպումները, նախ և առաջ, կարևոր հարթակ են հենց ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների համար՝ կոնկրետ արդյունքների արձանագրման տեսանկյունից: Օրինակ, Համայնքի երկրորդ գագաթնաժողովը, որը կայացավ 2023թ. հունիսի 1-ին՝ Մոլդովայում, հստակ աջակցություն նախանշեց Քիշնևի եվրոպական ուղուն: Մասնավորապես, ԵՄ-ը պաշտոնապես գործարկեց Մոլդովայում Եվրոպական միության գործընկերային առաքելությունը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար: Արագացավ Մոլդովայի՝ եվրոպական էլեկտրոցանցի հետ սինխրոնացումը և ռուսական գազից կախվածության նվազեցումը՝ 200 մլն եվրոյի չափով էներգետիկ փաթեթի տրամադրման տեսքով: Բացի այդ, ԵՄ-ը և մասնակից երկրները նշել են Մոլդովայի կառավարությունն ապակայունացնող կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ջանքերը: Գագաթնաժողովից առաջ Մոլդովայի բանակը ստացավ 7 միլիոն եվրո արժողությամբ ոչ մահաբեր սպառազինություն, որը ձեռք էր բերվել Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ: Լեհաստանն էլ մատակարարեց վեց C130 ինքնաթիռ՝ զենքով և զինամթերքով, որոնք նվիրաբերվել են մոլդովական ոստիկանությանը [4]:
Ուստի, որքան էլ ձևաչափի նպատակը համաեվրոպական հրատապ խնդիրներին անդրադառնալն ու դրանց վերաբերյալ ընդհանուր ռազմավարության մշակումն է, այն շատ կարևոր է երկկողմ կամ առանձին բազմակողմ բանակցությունների և կոնկրետ արդյունքներ արձանագրելու տեսանկյունից:
Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը, որ տեղի ունեցավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, ոչ միայն նախանշեց Եվրոպայի քաղաքական միասնությունը ճգնաժամային շրջանում, այլև շոշափելի արդյունքներ ապահովեց հենց Հայաստանի համար՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից:
Հենց այս հանդիպման շրջանակում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հաստատվեց կողմերի հանձնառությունը «ՄԱԿ—ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա—Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» [5]: Ըստ էության, հենց այս հայտարարությունը հիմք հանդիսացավ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացի համար, որն, ի վերջո հանգեցրեց Վաշինգտոնում 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներին:
Պրահայի գագաթնաժողովում Հայաստանի համար կարևորագույն արդյունքը, թերևս, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մասին համաձայնության ձեռքբերումն էր, որը սահմանի հայկական կողմում տեղակայվեց գագաթնաժողովից անմիջապես հետո և զգալի ներդրում ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին կայունության պահպանման գործում [6]։
Այժմ Հայաստանի կողմից եվրոպական այդ կարևոր միջոցառումը հյուրընկալելը ունի նաև խորհրդանշական բնույթ, հատկապես՝ հաշվի առնելով, որ Հայաստանը Համայնքի մասնակից այն երկրներից է, որոնք ԵՄ-ի հետ ունեն ամենացածր ինտեգրման մակարդակը։ Հարկ է նշել, որ հարթակի գագաթնաժողովների անցկացման վայրը չի սահմանվում ռոտացիոն կարգով, այլ ընտրվում է մասնակից պետությունների կողմից։ Ըստ չգրված պայմանավորվածության՝ տարեկան երկու գագաթնաժողովներից մեկն անցկացվում է ԵՄ անդամ երկրում, մյուսը՝ անդամ չհանդիսացող երկրում։ Ուստի, Հայաստանի ընտրությունը՝ որպես գագաթնաժողովը հյուրընկալող երկիր, ընդգծում է հարաբերությունների խորացման երկկողմ հետաքրքրությունը, ինչպես նաև՝ Հայաստանի կարևորությունը Եվրոպայի համար։ Գագաթնաժողովը Հայաստանի համար ամենամեծ միջազգային միջոցառումը կլինի, ուստի Երևանը կլինի աշխարհի ուշադրության կենտրոնում, ինչը կարևոր է Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման տեսանկյունից։ Դա նաև հնարավորություն կստեղծի՝ ցուցադրելու մեր երկրի առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում: Հայաստանը, որպես գագաթնաժողովի հյուրընկալող երկիր, կարող է ակտիվ առաջարկներ ներկայացնել ձևաչափի ամրապնդման և դրա գործունեությանը նոր խթան հաղորդելու վերաբերյալ։
Եթե անդրադառնանք ավելի շոշափելի հարցերի, կարևոր է նշել, որ գագաթնաժողովի օրակարգում են այնպիսի թեմաներ, որոնցում Հայաստանն ինքն է մեծապես հետաքրքրված՝ սկսած դիմակայունությունից, մինչև կապակցվածություն և տնտեսական ու էներգետիկ անվտանգություն։ Այս առումով, Հայաստանը լավ հնարավորություն ունի քննարկումներ անցկացնելու, օրինակ, ներդրումների ներգրավման շուրջ, հատկապես՝ հաղորդուղիների ապաշրջափակման և էներգետիկ ոլորտներում։ Նման ոլորտներում երկկողմ գործարքները, որպես կանոն, չեն համարվում ԵՔՀ-ի գագաթնաժողովի լուծում, այնուամենայնիվ, օգտագործում են այդ ներառական հարթակը։
Հաշվի առնելով նախորդ, այդ թվում՝ Մոլդովայի փորձը, հնարավոր է՝ քննարկումների առարկա դառնա նաև ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետագա մանդատի և գործունեության հարցը, որի հետ կապված քննարկումները հանրային տիրույթում առավել ակտիվացել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո: Հատկանշական է, որ Երևանում անցկացվելիք ԵՔՀ գագաթնաժողովին ընդառաջ, ԵՄ-ն արդեն իսկ հայտարարել է Հայաստանում երկրորդ քաղաքացիական առաքելությունը տեղակայելու որոշման մասին: Առաջիկա ամիսներին Հայաստանում կսկսի գործել ԵՄ գործընկերության առաքելությունը (EUPM Armenia): Կարևոր է արձանագրել, որ Հայաստանը Պաղեստինից հետո կդառնա երկրորդ երկիրը, որում ԵՄ-ը կունենա միանգամից գործող երկու քաղաքացիական առաքելություն:
Չի բացառվում Հայաստանի համար հնարավոր նոր ֆինանսական փաթեթների հայտարարումն՝ ուղղված ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդմանը, հատկապես հաշվի առնելով նախընտրական գործընթացները և, դրանցով պայմանավորված, հիբրիդային սպառնալիքների աճը։
Գագաթանաժողովը նաև լավ առիթ է երկկողմ հարաբերություններում կարևոր հանգրվաններ արձանագրելու տեսանկյունից։ Մի շարք երկրների ղեկավարներ Հայաստան են ժամանելու ոչ միայն գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, այլև՝ սեփական երկկողմ օրակարգով։ Արդեն պաշտոնապես հայտարարվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման մասին, կարելի է ակնկալել նաև պաշտպանական համագործակցության խորացում։ Կարելի է սպասել նաև Գերմանիայի հետ ռազմավարական գործընկերության շրջանակի հստակեցում, օրինակ, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում:
Ամփոփում
Այսպիսով, Հայաստանում սպասվող ԵՔՀ հերթական գագաթաժողովը երկրի համար կարևոր հնարավորություն է՝ ամրապնդելու միջազգային հեղինակությունը: Միևնույն ժամանակ, դրա իրական ազդեցությունը կախված կլինի նրանից, թե Հայաստանը որքան արդյունավետ կկարողանա երկխոսությունը վերածել ամուր գործընկերային հարաբերությունների:
Վարդուհի Հարությունյան․ միջազգայնագետ
[1]https://epcyerevan2026.am/
[2]https://www.chathamhouse.org/2025/10/european-political-community-can-be-more-unidentified-political-object#:~:text=The%20rise%20of%20Reform%2C%20the,expression%2C%20that%20its%20summits%20enable
[3]https://geopolitique.eu/en/2022/10/05/what-can-the-european-political-community-achieve/#:~:text=On%20the%20other%20hand%2C%20the,accelerate%20accession%20to%20the%20EU
[4]https://www.europarl.europa.eu/RegData/etudes/BRIE/2023/747431/EPRS_BRI(2023)747431_EN.pdf#:~:text=The%20European%20leaders%20once%20again%20sent%20a,test%20which%20it%20needs%20to%20meet%20united.[5]https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2022/10/06/Nikol-Pashinyan-visiting-Praha/
[6]https://www.eeas.europa.eu/eeas/%C2%AB%D5%B0%D5%A1%D6%80%D6%81-%D5%B8%D6%82-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%C2%BB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%B8%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%BF%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC_hy