Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ․ առաջիկայում սպասվող զարգացումները

հեղ․ Armenian Council

Մաս 2

Առաջին մասում նշված սցենարների իրականացումը կախված է նաև ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքից։ Ռուսաստանի էական թուլացումը Մոսկվային կստիպի ավելի զգուշավոր քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության զգալի մասը շարունակում է կապված մնալ ռուսական զուգահեռ ներմուծման և արտահանման սխեմաների հետ, ինչը նշանակում է, որ որոշակի կախվածություն առկա է նաև ռուսական կողմում։ Հենց դրանով կարելի է բացատրել այն, որ Հայաստանի նկատմամբ ռուսական սահմանափակումներն առայժմ հիմնականում սահմանափակ բնույթ են կրում. օրինակ՝ մրգերի և բանջարեղենի դեպքում ուժեղ է սեզոնային գործոնը (ամառ-աշուն ժամանակահատված), կամ դրանք սահմանափակվում են առանձին ոլորտների ներսում, օրինակ՝ արգելքը տարածվում է ալկոհոլային արտադրանքի միայն որոշ տեսակների, այլ ոչ ամբողջ ոլորտի վրա։

Այս պայմաններում Հայաստանի արձագանքը կարող է էապես ազդել ռուսական ճնշման հետագա սցենարների վրա։

Հայ-ռուսական հարաբերությունների ներկա ճգնաժամի հիմքում Հայաստանի՝ Ռուսաստանից պահպանվող ուժեղ տնտեսական կախվածությունն է, որը լավ գիտակցվում է ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում։ Ռուսաստանի նախկին ռազմաքաղաքական լծակների թուլացման պայմաններում առևտրատնտեսական կապերն ու Հայաստանի էներգետիկ կախվածությունը դառնում են Մոսկվայի՝ Երևանի նկատմամբ ճնշման առանցքային գործիքները։

Այս համատեքստում իմ հիմնական թեզն այն է, որ Ռուսաստանից Հայաստանի կախվածության նվազեցումը կարող է ոչ թե խորացնել հակամարտությունը, այլ, ընդհակառակն, նպաստել հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմանը և դրանց անցմանը նոր մոդելի։ Այդ մոդելի շրջանակում պետք է հստակ սահմանազատվեն այն ոլորտները, որտեղ Հայաստանը շարունակում է հաշվի առնել Ռուսաստանի շահերը, և այն ոլորտները, որտեղ գործող հարաբերությունների վերանայումն անխուսափելի է։ Առաջինների շարքին կարող են դասվել ռուսական ռազմաբազայի ներկայությունը (մինչև 2044թ.՝ ըստ 2010թ. պայմանագրի) և տնտեսական հարաբերությունների պահպանումը։ Երկրորդների շարքին՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահների ներկայությունը, երկաթուղային կոնցեսիայի չեղարկումը և Հայաստանի ներքին գործերին միջամտելու՝ գործող մեխանիզմներից հրաժարվելը։

Այս իրավիճակում Հայաստանի համար առավել ռիսկային տարբերակը կարող է լինել, առանց հարաբերությունների նոր մոդելի հստակ հաստատման, Ռուսաստանին մասնակի զիջումներ անելը՝ ներկայիս հակամարտության հետագա սրացումից խուսափելու նպատակով։ Նման քաղաքականությունը, սակայն, պարունակում է Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի վստահությունը խաթարելու վտանգ։

Այս մոդելը կարելի է անվանել «մասնակի զիջման ծուղակ»։ Խոսքն ասիմետրիկ հարաբերությունների այնպիսի տարբերակի մասին է, երբ ավելի թույլ կողմը սահմանափակ զիջումներով է արձագանքում ավելի ուժեղ գործընկերոջ ճնշմանը՝ փորձելով նվազեցնել դրա ինտենսիվությունը և միաժամանակ պահպանել այլընտրանքային արտաքին կապերը, տվյալ դեպքում՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Սակայն յուրաքանչյուր նման զիջում հաստատում է հարկադրանքի արդյունավետությունը և, հետևաբար, խթան է ստեղծում այն կրկին կիրառելու համար։ Միաժամանակ այլընտրանքային գործընկերներն սկսում են կասկածի տակ դնել ավելի թույլ կողմի արտաքին քաղաքական կուրսի կայունությունը։ Հայաստանի դեպքում այստեղ ակնհայտ է «2013 թվականի սեպտեմբերի 3-ի սցենարի» հետ զուգահեռը։ Արդյունքում, արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունները ոչ թե ընդլայնվում, այլ նեղանում են․ ճնշման աղբյուրից կախվածությունը պահպանվում է, իսկ այլընտրանքային գործընկերների՝ այդ կախվածության հաղթահարման համար ռեսուրսներ ներդնելու պատրաստակամությունը նվազում է։

Այսպիսով, Ռուսաստանին մասնակի զիջումը Հայաստանի համար կարող է ունենալ կրկնակի բացասական հետևանք։ Մի կողմից, այն Մոսկվային ցույց է տալիս տնտեսական և քաղաքական ճնշման արդյունավետությունը, մյուս կողմից՝ նվազեցնում Երևանի եվրոպական կուրսի կայունության նկատմամբ ԵՄ-ի վստահությունը։ Արդյունքում, Ռուսաստանի և ԵՄ-ի հետ հարաբերությունները միաժամանակ պահպանելու փորձը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի՝ Ռուսաստանից կախվածության պահպանմանը և եվրոպական աջակցության աստիճանական թուլացմանը։

Բրյուսելի համար խնդիրը վերաբերում է ոչ միայն Երևանի այսօրվա ընտրությանը, այլև Հայաստանի, որպես գործընկերոջ, ռազմավարական հուսալիությանը։ 2013 թվականի սեպտեմբերի փորձը ստեղծել է պատմական նախադեպ, երբ ԵՄ-ի հետ մերձեցման բազմամյա գործընթացը շրջելի դարձավ ռուսական ճնշման ազդեցությամբ։ Հետևաբար, Մոսկվային նոր զիջումները կարող են ընկալվել ոչ միայն որպես առանձին մարտավարական քայլ, այլև որպես այն մոդելի հնարավոր վերարտադրություն, որի շրջանակում Ռուսաստանը ճնշման միջոցով կարող է ազդել Հայաստանի ռազմավարական որոշումների վրա։

Հենց այս պատճառով իմ առաջարկը հիմնված է երկու փոխկապակցված սկզբունքի վրա՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում «կարմիր գծերի» հստակ սահմանում և ԵՄ-ի հետ խորքային դաշնակցային հարաբերությունների ձևավորում։

Ի՞նչ է ենթադրում խորքային դաշնակցությունը։

Դա հարաբերությունների այնպիսի մոդել է, որի շրջանակում Հայաստանն ու ԵՄ-ն արձանագրում են իրենց ռազմավարական շահերի հիմնարար համընկնումը։ Ընդ որում, այն պարտադիր չի ենթադրում Ռուսաստանի հետ հրապարակային առճակատում։ Փոխարենը, կողմերը ելնում են հետագա ռուսական ճնշման հնարավորությունից, նախապես համատեղ բացահայտում դրա հնարավոր գործիքները և ստեղծում մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել դրանք կամ նվազագույնի հասցնել դրանց հետևանքները մինչև կիրառումը։

Այլ կերպ ասած՝ Հայաստանն ու ԵՄ-ը պետք է ոչ թե միայն արձագանքեն արդեն տեղի ունեցած ռուսական ճնշմանը, այլև կանխատեսեն և քաղաքականություն մշակեն Ռուսաստանի հաջորդ քայլերին արձագանքելու համար։

Պարտադիր չէ, որ նման համակարգման առավել զգայուն մասն իրականացվի հրապարակային ձևաչափով։ ԵՄ-ը պետք է ամբողջական պատկերացում ունենա Հայաստանի առավել խոցելի ոլորտների մասին և Երևանի հետ համատեղ նախապես ձևավորի տնտեսական, էներգետիկ, ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ ապահովագրական մեխանիզմներ։ Նման քաղաքականության նպատակը պետք է լինի ռուսական ճնշման գործիքների արդյունավետության աստիճանական նվազեցումը և, որպես հետևանք, դրանց կիրառման նկատմամբ Մոսկվայի շահագրգռվածության նվազումը։

Հարավային Կովկասի երկրների դիմակայունության ամրապնդման մյուս կարևոր ուղղությունը տարածաշրջանային համագործակցության և փոխօգնության կանխատեսելի ու կողմերի համար ընդունելի մեխանիզմների ձևավորումն է։

Ինչպես նշվել է վերևում, 2026 թվականի մայիսից նկատվում է Ռուսաստանի նկատմամբ Թբիլիսիի՝ վերջին չորս տարիներին ձևավորված դիրքորոշման փոփոխություն։ Միաժամանակ պահպանվում է լարվածությունը ռուս-ադրբեջանական հարաբերություններում՝ չնայած AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո հարաբերությունների կարգավորման մասին բազմակի հայտարարություններին։ Այս ամենը մեծացնում է փոխգործակցության առանցքային հարցերի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ ընդհանուր տարածաշրջանային մոտեցումներ և սկզբունքներ մշակելու անհրաժեշտությունը։

Նման հարթակի ձևավորումը կարող է նպաստել նաև Վրաստանի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը, հատկապես հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին զուգահեռ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ բարելավվում են։

Եզրակացություններ

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շարունակում են 2022-2023 թվականներին սկսված հիմնարար վերափոխումը, որն ուղեկցվում է Ռուսաստանից Հայաստանի կախվածության աստիճանական նվազմամբ և այլ միջազգային գործընկերների, առաջին հերթին՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների դիվերսիֆիկացմամբ։ Այս գործընթացի կարևոր բաղադրիչն է հայ-ադրբեջանական կարգավորումը, որը թուլացնում է Հայաստանի արտաքին կախվածության առանցքային մեխանիզմներից մեկը և միաժամանակ նոր հնարավորություններ ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար։

Ռուսաստանի շարունակվող առևտրատնտեսական ճնշման պայմաններում հիմնական առաջարկը Հայաստան-ԵՄ փոխգործակցության մեխանիզմների ամրապնդումն է, ԵՄ-ի հետ

խորքային դաշնակցային հարաբերությունների հաստատումը, Ռուսաստանի հետ հարաբերություններում «կարմիր գծերի» հստակ սահմանումը և հայ-ռուսական հարաբերությունների նոր մոդելի ձևավորումը։ Այս քաղաքականությունը պետք է զուգակցվի տարածաշրջանային համագործակցության ամրապնդմամբ, այդ թվում՝ Ռուսաստանից բխող ռիսկերի պայմաններում Հարավային Կովկասի երկրների միջև փոխադարձ աջակցության մեխանիզմների ստեղծմամբ։

Սամվել Մելիքսեթյան

Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ

Ընթերցեք նաև