Նախընտրական լայնածավալ տնտեսական ճնշումները Հայաստանի նկատմամբ չարդարացրին Ռուսաստանի հաշվարկները․ Հայաստանի քաղաքացիները կատարեցին ինքնիշխան ընտրություն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տվեցին կառավարման ևս մեկ շրջափուլ։ Հետևաբար, ընտրություններից հետո ենթադրվում էր, որ Ռուսաստանը կմեղմացնի իր դիրքորոշումը՝ ՀՀ իշխանությունների հետ համագործակցային տրամաբանությամբ աշխատելու և Հայաստանի հետ ճգնաժամն ավելի չխորացնելու միտումով։ Սակայն Կրեմլում այլ մոտեցում են որդեգրել։ Ըստ ամենայնի, այնտեղ որոշել են ահագնացնել ճնշումը՝ ՀՀ սուբյեկտայնությունը սահմանափակելու բացահայտ նպատակն իրացնելու համար։
Ըստ այդմ, ընտրություններից մոտ մեկ ամիս անց Ռուսաստանն արգելափակեց Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։ Օգոստոսի 4-ին, արդեն, տեղեկություն տարածվեց, որ արգելափակվել է նաև Հայաստանից արտահանված «Բջնի» հանքային ջրերի, ոչ ալկոհոլային որոշ խմիչքների և աղբյուրի ջրերի որոշ խմբաքանակների ներմուծումը ՌԴ։ Համառ խոսակցություններ են պտտվում նաև տարեվերջին գազի գնի հնարավոր վերանայման շուրջ։ Ճնշումները չեն սահմանափակվում այսքանով, սպասվում է, որ արգելափակումներն առաջիկա ամիսներին կտարածվեն նաև այլ ապրանքատեսակների վրա։
Ըստ էության, Հայաստանի նկատմամբ իրականացվող հիբրիդային գործողությունների գլխավոր գործիքները, որոնք կիրառում է Ռուսաստանը, մնացել են տնտեսականը և էներգետիկը։ Քաղաքական, մշակութային, ահաբեկչական լծակները, քրեական ենթամշակույթի ազդեցությունը, տարբեր պատճառներով, այլևս չեն գործում։ Եվ ահա, Ռուսաստանը որոշել է ողջ ծավալով օգտագործել վերջին լծակը՝ թույլ չտալու Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը։
Այնուամենայնիվ, տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ այս գործիքները ևս չեն արդարացնում սպասելիքները։ Հայաստանի իշխանություններն, ընտրություններից հետո, շարունակում են բազմավեկտոր արտաքին քաղաքականություն կառուցել։ Ռուսաստանից կախվածությունը հետևողականորեն նվազում է։ Ընդ որում, այս գործընթացում մեծացել է տնտեսական բաղադրիչի դերը։ Մինչ Ռուսաստանը փորձում է օգտագործել տնտեսական ճնշումները, Հայաստանը նոր շուկաներ է բացահայտում, որոնք նախկինում «չեն նկատել» հայ տնտեսվարողները՝ ԵԱՏՄ շուկային չափից դուրս մեծ ուշադրություն դարձնելու պատճառով։ Ու թեև որոշ ապրանքների վերաբերյալ դեռևս կան խնդիրներ, սակայն տնտեսական դիվերսիֆիկացումը տեղի է ունենում հսկայական քայլերով։
Ինչ վերաբերվում է էներգետիկ ոլորտին, ապա ատոմային նոր ռեակտորի կառուցման հարցում Հայաստանն ունի այլընտրանքներ, որոնք ինքնին արդեն գլխացավանք են Ռուսաստանի համար։ Պատահական չէ, որ, տնտեսական շանտաժին զուգահեռ, РосАтом-ի ղեկավարները պարբերաբար նոր ռուսական միջուկային ռեակտոր կառուցելու «գայթակղիչ» առաջարկներ են հղում Հայաստանին։ Սակայն ՀՀ իշխանություններն, ամենայն հավանականությամբ, նախապատվություն կտան այլ առաջարկի։ Գազի գնի բարձրացումը կարող է սկզբնական շրջանում խնդիրներ առաջացնել, սակայն այստեղ ևս Հայաստանն ունի այլընտրանքներ՝ իրանական, թուրքմենական, այժմ նաև՝ ադրբեջանական գազի տեսքով։ Հետևաբար, մոտ ապագայում հնարավոր է՝ ռուսական գազն ընդամենը շուկայում մրցակցելու հնարավորություններ ունենա, ինչը կզսպի Կրեմլի կողմից գազի գնի միջոցով Հայաստանին շանտաժի ենթարկելու ցանկությունը։
Ամփոփելով նկատենք, որ Ռուսաստանի կողմից ճնշումների ուժգնացումը հակառակ էֆեկտ է ունենում։ Հայաստանը հետևողականորեն «ազատագրվում» է չափից դուրս մեծ ազդեցությունից և դիվերսիֆիկացնում սեփական տնտեսությունը, ինչը Կրեմլում, կարծես, դեռ չեն տեսնում, բայց դա իրենց խնդիրն է