Սահմանադրական դատարանի որոշումը ԱԺ 2026թ․ ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ հիմնական դիրքորոշումների ամփոփում

հեղ․ Armenian Council

Ներածություն․

Այս աշխատանքում կանդրադառնանք Սահմանադրական դատարանի՝ Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման հիմնական կետերին։ Ընտրություններին մասնակցած 18 ուժերից յոթը դիմել էին ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքների իրավականությունը։ Մինչև դատական քննությունը որոշվեց, որ ինը հոգանոց կազմից երկու դատավոր հնարավոր կողմնակալության հիմքով գործի քննությանը չեն մասնակցելու։

ՍԴ-ն գործի քննության շրջանակում անհրաժեշտ է համարել անդրադառնալ, մասնավորապես, հետևյալ հանգամանքներին․

  • արդյոք ընտրություններին մասնակցող ուժերի ընտրական ցուցակի թեկնածուների և ընտրական գործընթացի առանձին մասնակիցների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթներն ազդել են ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա,
  • արդյոք տեղի է ունեցել վարչական ռեսուրսի չարաշահում, այդ թվում՝ կառավարության կողմից տնտեսական և սոցիալական ծրագրերի կամ միջոցառումների իրականացման դրսևորումներով,
  • արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելն ազդել է ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա,
  • արդյոք նախընտրական քարոզչության ընթացքում տեղի են ունեցել բռնության կոչեր, սպառնալիքներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա,
  • արդյոք դիմողների կողմից վկայակոչված այլ իրավախախտումների վերաբերյալ փաստերն ու փաստարկներն ունեն ապացուցողական նշանակություն՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։

Քրեական վարույթները և անմեղության կանխավարկածըԱռաջին հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է անմեղության կանխավարկածի պահպանումը։ Դատարանի գնահատմամբ՝ իրավապահ մարմինները, քրեական վարույթի նպատակների տեսանկյունից անհրաժեշտության բացակայության դեպքում, առնվազն մինչև ընտրության օրը ներառյալ պետք է ձեռնպահ մնային հայտնաբերված ենթադրյալ հանցավոր արարքների և դրանց ենթադրյալ կատարողների մասին հաղորդագրություններում ընտրությունների մասնակից քաղաքական ուժի անվան հիշատակումից։ Միևնույն ժամանակ, դատարանն ընդգծել է, որ կուսակցությունների պարտավորությունն էր ապահովել մաքուր ընտրություններ և հանրայնորեն դատապարտել իրենց անունից ընտրակաշառքի բաժանման դեպքերը, ինչը տեղի չի ունեցել։

Դատարանը նաև արձանագրել է, որ թեկնածուի կամ ընտրական գործընթացի այլ մասնակիցների մեղավորության վերաբերյալ հրապարակային հայտարարությունները կարող են վտանգել վերջիններիս հանրային հեղինակությունը և բացասական վերաբերմունք ձևավորել համապատասխան քաղաքական ուժի կամ անձի նկատմամբ։ Այդուհանդերձ, քրեական վարույթներով անցնող անձանց անմեղության կանխավարկածի հարցի բովանդակային քննարկումը, ելնելով կոնկրետ գործերի փաստական հանգամանքներից, դուրս է ՍԴ-ում քննվող հարցի շրջանակից։

Վարչական ռեսուրսի չարաշահումը և սոցիալ-տնտեսական միջոցառումները։ Անդրադառնալով վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահմանը, մասնավորապես՝ սոցիալական ծրագրերին, կենսաթոշակների բարձրացմանը, պետական ծառայողների պարգևատրումներին և համապարփակ առողջապահական ապահովագրությանը, դատարանը նկատել է, որ թեև նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կառավարության կողմից սոցիալ-տնտեսական միջոցառումների իրականացման հարցում օրենսդրական սահմանափակումներ նախատեսված չեն (կառավարության բնականոն աշխատանքն ապահովելու նկատառումով), այդուհանդերձ, նման միջոցառումները չպետք է պարունակեն քարոզչության տարրեր, ուղեկցվեն ընտրողներին ուղղված նախընտրական խոստումներով կամ քարոզչական այլ գործողություններով, որոնք կարող են ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա։

Սոցիալ-տնտեսական միջոցառումների իրականացումը պետք է զերծ լինի քարոզչական բովանդակությունից և ուղղված լինի բացառապես պետական քաղաքականության իրականացմանը՝ բացառելով ընտրական գործընթացի վրա ներազդելու և իշխող ուժի կողմից առավելություն ստանալու միտումները։ Հակառակ պարագայում դրանք կարող են դիտարկվել որպես վարչական ռեսուրսի չարաշահման մասնավոր դրսևորում՝ հնարավորությունների հավասարության սկզբունքի խախտման ռիսկով։

Կոնկրետ գործի մասով դատարանը փաստել է, որ վարչական ռեսուրսի կիրառման այլ դրսևորումների վերաբերյալ համապատասխան վարույթներ չեն հարուցվել։ Թեև ներկայացված առանձին փաստարկներ, ըստ էության, վկայում են վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման մասին, դրանք կրում են դրվագային կամ հատվածական բնույթ։ Ավելին, չի հիմնավորվել, որ վարչական ռեսուրսն օգտագործվել է կազմակերպված եղանակով և զանգվածային բնույթով, ուստի արձանագրված դեպքերի համադրումը հիմք չի տալիս՝ փաստելու դրանց ազդեցությունն ընտրությունների վերջնարդյունքի վրա։

ԿԸՀ-ի կողմից վերաքվեարկություն չնշանակելու հարցը։ Դատարանի գնահատմամբ, ԿԸՀ-ի՝ վերաքվեարկություն նշանակելու լիազորությունը բխում է ընտրական գործընթացի օրինականության և ընտրողների ազատ կամարտահայտության հավաստիության ապահովման սահմանադրական հրամայականից։ Այդ լիազորությունն իր բնույթով վերահսկողական և վերականգնողական է։ Վերաքվեարկությունն ինքնանպատակ չէ, այլ կիրառվում է որպես միջոց՝ ընտրողների կամքի հավաստի արտահայտումն ապահովելու համար, երբ ավելի մեղմ միջոցներով հնարավոր չէ վերացնել խախտումների ազդեցությունը։ Դատարանը նաև նշել է, որ ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ Եվրոպական կոնվենցիան չեն պահանջում, որ բոլոր ձայներն անպայման հավասար կշիռ ունենան կամ բոլոր թեկնածուները հաղթանակի հավասար հնարավորություններ ունենան․ ոչ մի ընտրական համակարգ չի կարող բացառել «կորած ձայները»։

Համաձայն ՍԴ-ի՝ վերաքվեարկության հարցը պետք է գնահատվի համաչափության սկզբունքի լույսի ներքո. արդյունքների անվավեր ճանաչումը կամ վերաքվեարկության նշանակումն ընտրական գործընթացին առավել ինտենսիվ միջամտություն է և կարող է կիրառվել միայն ավելի մեղմ միջոցների բացակայության դեպքում։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաստարկին, ըստ որի՝ կուսակցությանը պակասում էր 153 ձայն Ազգային ժողովում ներկայացված լինելու համար, ինչը վերջինս կունենար, եթե թիվ 10/51 և թիվ 35/65 տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչված չլինեին կամ այնտեղ վերաքվեարկություն նշանակվեր, դատարանը նշել է, որ քանի դեռ այդ տեղամասերում արդյունքները վերջնականապես չէին որոշվել և ամփոփվել, հնարավոր չէ բավարար որոշակիությամբ եզրահանգել, թե ինչպիսի քանակական բաշխում կլիներ։ Հետևաբար, ենթադրական է այն պնդումը, որ վերաքվեարկությունը կհանգեցներ առնվազն 153 լրացուցիչ ձայնի և ընտրական շեմի հաղթահարման, և այդ փաստարկն ինքնին բավարար հիմք չէ ընդհանուր արդյունքի վրա ազդեցության մասին հետևություն անելու համար։ Դատարանը նաև փաստել է, որ արդյունքներն ամփոփելիս չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընդհանուր արդյունքների վրա, իսկ նշված երկու տեղամասում հայտնաբերված խախտումների ազդեցությունը վերացվել էր թիվ 35 և թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովների համապատասխան որոշումներով տեղամասային արդյունքներն անվավեր ճանաչելու միջոցով։

Առանձնակի ուշադրության է արժանի դատարանի հիմնավորումն այն մասին, որ եթե վերաքվեարկությունն անցկացվում է այնպիսի պայմաններում, երբ ընտրողներն արդեն տեղեկացված են նախնական արդյունքների մասին, ապա այն դադարում է ծառայել ընտրողների սկզբնական կամքի վերարտադրմանը և կարող է վերածվել նոր իրավաքաղաքական իրավիճակում նոր կամարտահայտության։ Առանձին տեղամասերով սահմանափակված քվեարկությունը, որն անցկացվեր համապետական արդյունքների հայտնի դառնալուց հետո, և որից ակնհայտորեն կախված էր 4 տոկոսանոց շեմի հաղթահարումը, հետևաբար՝ նաև խորհրդարանի կազմը, չէր կարող վերարտադրել ընտրության օրվա պայմանները։ Այն, մեծ հավանականությամբ, ընտրողներին կտար ոչ թե իրենց կորցրած ձայնը, այլ վճռորոշ ձայն՝ տրված արդյունքների լիակատար իմացությամբ և քարոզչական ռեսուրսների կենտրոնացման պայմաններում։ Նման քվեարկությունը ոչ այնքան կապահովեր ընտրական իրավունքի հավասարությունը, որքան ի զորու կլիներ գլխովին շրջել արդյունքը՝ ի վնաս մնացյալ ավելի քան 1,4 միլիոն ընտրողների, որոնց ձայներից յուրաքանչյուրի կշռից անհամեմատ բարձր կշիռ կստանային վերաքվեարկության մասնակիցները։

Ըստ էության՝ ՍԴ-ն իր որոշմամբ չի սահմանել կամ անդրադարձել ընտրությունների արդյունքների հնարավոր ազդեցության սահմաններին և չափումներին։

Բռնության կոչերի, սպառնալիքների և ատելության մթնոլորտի հարցը։ Դատարանը վերահաստատել է 2021 թվականին իր արտահայտած դիրքորոշումը, ըստ որի՝ նախընտրական քարոզչությունը չի կարող ուղեկցվել ատելության, բռնության կոչերով և սպառնալիքներով (եթե անգամ սպառնալիքն իրական չէ), որոնք խաթարում են խաղաղ և առողջ սոցիալական միջավայրը։ Քաղաքական ուժերն ու դրանց ներկայացուցիչները պետք է դրսևորեն առավելագույն զսպվածություն և քաղաքական կոռեկտություն՝ բացառելով ատելության, բռնության ցանկացած կոչ, սպառնալիք և արժանապատվությունը նվաստացնող վարքագիծ։

Դատարանի գնահատմամբ՝ 2026 թվականի ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում առանձին քաղաքական ուժերի առաջնորդների և ներկայացուցիչների խոսքը եղել է անընդունելի կոպիտ, հանրային բարոյականության տեսանկյունից՝ խիստ դատապարտելի, իսկ դրա ազդեցությունը՝ ցնցող։ Խոսքի ազատությունը, որը գնահատողական դատողությունների մասով առավել պաշտպանված է քաղաքական գործընթացներում, պետք է առավել զսպված լինի իշխանություն ունեցող քաղաքական ուժի պարագայում՝ թույլ չտալով, որ քաղաքական հակառակորդների, մասնավորապես՝ ընդդիմության քննադատությունը վերածվի անձնական թշնամանքի։ Այդուհանդերձ, նման խոսքի կամ հռետորաբանության՝ ընտրողների կամքի և արդյունքների վրա ազդեցության գնահատման գիտականորեն հիմնավորված մեթոդների բացակայության պայմաններում դատարանը գտել է, որ ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա ազդեցությունը փաստելու համար բավարար հիմքեր առկա չեն։

Վերջինիս մասով ցանկալի կլիներ տեսնել նաև ՍԴ-ի առաջարկը հանրային իշխանության մարմիններին և այլ համապատասխան սուբյեկտներին՝ նման մեթոդաբանություն կամ հայեցակարգ սահմանելու վերաբերյալ։

Արտաքին ազդեցությունը, տեղեկատվական մանիպուլյացիաները և թվային մարտահրավերները։ Դատարանն արձանագրել է, որ սահմանադրական արդարադատություն իրականացնելիս չի կարող գործել բացարձակ իրավաքաղաքական վակուումում և անտեսել այն իրողությունը, որ ժամանակակից ժողովրդավարական պետություններում ընտրական գործընթացներն ավելի հաճախ ուղեկցվում են արտաքին ազդեցության, տեղեկատվական միջավայրի մանիպուլյացիայի և թվային տեխնոլոգիաների չարաշահման հետ կապված նոր մարտահրավերներով։ Դիմողները վկայակոչել են, ի թիվս այլոց, տարբեր պետությունների պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններ, որոնք առնչվել են Հայաստանում անցկացվող ընտրություններին կամ դրանց հնարավոր արդյունքներին և պարունակել են խրախուսող կամ պատժող բնույթի գնահատականներ կամ ակնարկներ։

Դատարանը փաստել է, որ ընտրական գործընթացներն ուղեկցվել են զգալի արտաքին հետաքրքրությամբ և օտարերկրյա քաղաքական գործիչների ակտիվ հայտարարություններով, որոնք չէին կարող ամբողջությամբ դուրս մնալ գործընթացի մասնակիցների, պետական մարմինների, տնտեսվարողների և ընտրողների տեսադաշտից։ Միևնույն ժամանակ, ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու պետական մարմինների լիազորությունները սահմանափակված են ՀՀ իրավազորության շրջանակներով, և նրանք չեն կարող պատշաճ արձագանքել նման հայտարարություններին։ Նմանօրինակ օտարերկրյա հետաքրքրվածությունը ՀՀ պատմության մեջ աննախադեպ է եղել՝ պետական մարմիններից պահանջելով հսկայական ջանքեր՝ այն միջամտության չվերածելու համար։ Առանձնակի մտահոգության առարկա են դարձել ապատեղեկատվական գործողությունները, մասնավորապես՝ արհեստական բանականության գործիքներով ստեղծված խորքային կեղծիքի (deepfake) նյութերի տարածումը, որոնք կարող են ձևավորել իրականության խեղաթյուրված ընկալում և առաջացնել վախի, անորոշության կամ սպառնալիքի զգացողություն, հատկապես՝ թվային գրագիտության ցածր մակարդակ ունեցող ընտրողների շրջանում։

Դատարանը գործի շրջանակում չի գնահատել այդ երևույթների փաստացի առկայությունը կամ ազդեցության աստիճանը, սակայն գտել է, որ նշված մարտահրավերները պետք է հաշվի առնվեն ընտրական օրենսդրության, ընտրական գործընթացների պաշտպանության կառուցակարգերի և պետական ինստիտուտների կարողությունների հետագա կատարելագործման ընթացքում։

Այլ վկայակոչված իրավախախտումներ։ Դիմողների կողմից վկայակոչված մյուս իրավախախտումների մասով դատարանը գտել է, որ դրանց մի մասն ունեցել է դրվագային կամ եզակի դրսևորումներ, համապատասխան պնդումները հիմնված են սոսկ ենթադրությունների և փաստական հենք չունեցող կասկածների վրա կամ վերաբերում են օրենսդրական կարգավորումներին։ Այդ պնդումների թվում էին, մասնավորապես․

  • ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից շուրջ 7000 անձի՝ քվեարկելու տեղամասը փոխելու դիմումների մերժումը;
  • քվեարկությանը մասնակցած 79․125 ՀՀ քաղաքացիներից 180-ի պարագայում անձը հաստատող փաստաթղթի տվյալների՝ մասնագետի կողմից ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծումը;
  • ընտրություններին մասնակցած ընտրողների և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվերի միջև տարբերությունները;
  • քվեարկության ծրարների լուսաթափանց լինելը;
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հիմնադրամից թույլատրելի ծախսերի առավելագույն չափի գերազանցումը;
  • նախընտրական քարոզչության ընթացքում մասնակից ուժերի և թեկնածուների լուսաբանման անհավասար պայմանները։

Եզրակացություն։ Ամփոփելով՝ Սահմանադրական դատարանի կողմից Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումն ուժի մեջ թողնելը ենթադրում է, որ դատարանը գործի քննության արդյունքում հանգել է այն եզրահանգման, որ համապատասխան խախտումները կա՛մ չեն ապացուցվել, կա՛մ իրենց ծավալով և ազդեցությամբ չեն կարող կասկածի տակ դնել ընտրությունների սահմանադրական լեգիտիմությունը։

Միևնույն ժամանակ, դատարանն ընդգծել է, որ նշված որոշման ընդունումը չի ենթադրում ընտրական գործընթացի կատարյալ լինելու արձանագրում, քանզի յուրաքանչյուր ընտրական գործընթաց գործնականում կարող է ուղեկցվել առանձին իրավախախտումներով։ Սակայն պետք է նաև հավելել, որ ՍԴ որոշումն իր որոշ հատվածներում, որպես վերջնական վեճը վճռող, ինչպես նաև հետագա իրավական զարգացումները նախասահմանող ակտ, պակաս մասնավորեցնող և թիրախային է, քան անհրաժեշտ է։ Ըստ այդմ, մի շարք հիմնախնդիրների նկատմամբ իրավական գնահատականի բացակայությունը տեղիք է տալիս այդ հիմնախնդիրների ռիսկերի հնարավոր կրկնության կամ նորովի դրսևորման։

Տիգրան Մուղնեցյան

Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։

Ընթերցեք նաև