Թակարդ Կրեմլի համար․ երեք հնարավոր տարբերակ

հեղ․ Armenian Council

Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ, Ազգային ժողով է անցնում 3 ուժ։ «Քաղաքացիական պայմանագիրը» կկազմի կառավարություն և կունենա որակյալ մեծամասնություն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները կլինեն ինստիտուցիոնալ ընդդիմություն։ «Բարգավաճ Հայաստանը» չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ընդամենը մի քանի տասնյակ ձայների պատճառով։ Ընդ որում, ԿԸՀ-ն որոշեց վերաքվեարկություն չանցկացնել այն 3 տեղամասում, որոնց քվեարկության արդյունքները զրոյացվել են։ Այնինչ, այդ տեղամասերի հաշվարկով ԲՀ կուսակցությունը կարող էր հաղթահարել շեմը և հայտնվել խորհրդարանում։ Անկախ այս որոշման վերաբերյալ իրավական կամ քաղաքական դիրքորոշումից, ստեղծված իրավիճակում ռուսամետ ընդդիմադիրներն ունեն գործողությունների երեք տարբերակ․

1. Համակերպվել ընտրությունների արդյունքների հետ։ Այս դեպքում «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքների թեկնածուները վերցնում են մանդատները և գնում ԱԺ՝ փորձելով կասեցնել կամ հնարավորինս դանդաղեցնել Ռուսաստանի ազդեցության նվազումը և ՀՀ դիվերսիֆիկացումը։ ԲՀԿ-ն համակերպվում է շեմը չհաղթահարելու իրողության հետ և դուրս է մնում Ազգային ժողովից։ Սա կնշանակի, որ ոչ միայն այս ուժերը, այլև Կրեմլն ընդունում են իրենց պարտությունը և Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը։

2. Հրաժարվել արդյունքները ճանաչելուց և սկսել փողոցային պայքար։ Սա քիչ հավանական տարբերակ է, քանի որ ռուսամետ քաղաքական ուժերը գիտեն, որ չեն տիրապետում մարդկանց կրիտիկական զանգվածի, որ հաջողվելու հույս ունենան։ Իսկ փոքր ռեսուրսներով փողոցային պայքարի նախկին բոլոր փորձերն ավարտվել են անհաջողությամբ։

3. Հրաժարվել ընտրությունների արդյունքները ճանաչելուց և դիմել Սահմանադրական դատարան՝ դրանք անվավեր հայտարարելու պահանջով։ Այս դեպքում կան հաջողության հասնելու որոշակի շանսեր և, տեսականորեն, կարող են լինել նոր ընտրություններ։ Սակայն այս դեպքում առաջանում են մի շարք խնդիրներ, որոնք այնքան էլ հաճելի չեն ռուսամետ ուժերի և Կրեմլի համար։ Նախ, նրանք պետք է ընդունեն ՍԴ լեգիտիմությունը՝ անկախ գործընթացի արդյունքից։ Մյուս կողմից, ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություններ նշանակվելու դեպքում, ռուսամետները կկորցնեն արդեն ձեռք բերված արդյունքները, որոնց համար մեծ ռեսուրսներ են ծախսվել։ Դժվար թե հնարավոր լինի կրկին Հայաստան «բերել» ռուսաստանում բնակվող մի քանի տասնյակ հազար ՀՀ քաղաքացու կամ նույն ծավալով գումարներ օգտագործել։ Մեկ այլ խնդիր կարող է լինել ընդդիմադիր լիդերների նկատմամբ քրեական հետապնդումը։ Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի ելքը Հայաստանից արդեն

սահմանափակվել է, իսկ նրանք մեղադրվում են մի շարք հանցագործությունների մեջ։ Նոր ընտրությունների դեպքում կարող է սահմանափակվել կա՛մ նրանց հանրային խոսքը, կա՛մ՝ ազատությունը, ինչն էականորեն կսահմանափակի նրանց հնարավորությունները։

Ըստ էության, ընտրության 3 տարբերակն էլ հաճելի չեն։ Կրեմլը բարդ ընտրության առջև է, իսկ Հայաստանում իր քաղաքական շահերն սպասարկող ուժերը դժվար թե համարձակվեն ինքնուրույն որոշում կայացնել։ Ամենայն հավանականությամբ, նրանք կսպասեն նոր հրահանգների, որոնք, բոլոր դեպքերում, խնդրահարույց են լինելու։

Ընթերցեք նաև