Նախաբան
Վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի են ունենում խորքային փոփոխություններ։ Այս զարգացումները պայմանավորված են մի շարք գործոններով՝ տարածաշրջանային նոր ստատուս քվոյով, ավանդական դաշնակիցների նկատմամբ վստահության ճգնաժամով, նոր գործընկերների ի հայտ գալով և հանրային տրամադրությունների փոփոխությամբ։ Եթե նախկինում Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական վեկտորը հստակ ուղղված էր դեպի Ռուսաստանի հետ համագործակցություն, ապա այսօր Մոսկվայի հետ հարաբերությունները գտնվում են ռազմավարական վերագնահատման փուլում։
Հոդվածում ներկայացված են վերջին տարիներին Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների դինամիկան, տեղի ունեցող զարգացումների պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև այդ հարաբերությունների նորովի ընկալումը հայկական կողմից:
Վստահության ճգնաժամ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում
Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում պարբերաբար տեղ են գտել փոխվստահության հետ կապված խնդիրներ, որոնց դրսևորումներից էին, օրինակ, ռուսական քարոզչական լրատվամիջոցների և ռուսամետ շրջանակների կողմից Հայաստանի նոր կառավարության ներկայացուցիչների դեմ ուղղորդված արշավները[i]։ Հայկական կողմն, իր հերթին, փորձում էր ամեն կերպ արտահայտել իր հավատարմությունը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, որի արտահայտություններից մեկը դարձավ 2019 թվականին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբ Սիրիա ուղարկելու որոշումը[ii]՝ ի պատասխան ռուսական կողմի դիմումի:
Երկկողմ հարաբերություններում հակասությունները սրվեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Թեև 1997 թվականի «Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագրով նախատեսված անվտանգային երաշխիքները չէին տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, սակայն Հայաստանի հանրային և քաղաքական շրջանակներում ակնկալիք կար, որ դաշնակից և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռուսաստանը կմիջամտի և հնարավորինս շուտ կկանգնեցնի պատերազմը: Դա տեղի չունեցավ, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության ստորագրումն ընդունվեց մեծ դժգոհությամբ:
2021-22 թվականներին ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք և Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից օկուպացրին մոտ 200 կմ² տարածք։ Ադրբեջանական հարձակումների հետ կապված՝ հայկական կողմը 2021 թվականի մայիսին դիմեց ՀԱՊԿ-ին[iii], 2021 թվականի նոյեմբերին՝ Ռուսաստանին[iv], 2022 թվականի սեպտեմբերին[v]՝ ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, դաշնակցային պարտականությունների կատարման ակնկալիքով։ Դաշինքը և Ռուսաստանը, սակայն, պատշաճ չարձագանքեցին Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և, անգամ, հստակ գնահատական չտվեցին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Ադրբեջանական հարձակումների ֆոնին բավական լայն տարածում ստացան նաև Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահների անարդյունավետության[vi] և հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի չգործարկման մասին լուրերը[vii]։
2022 թվականի վերջից ԼՂ-ի բլոկադան, գրանցված տարբեր միջադեպերը և ռուս խաղաղապահների անարդյունավետ արձագանքը դրանց, ինչպես նաև կոռուպցիոն գործարքների մասին լուրերը բավական լայն արձագանք ստացան Հայաստանի հանրության շրջանում[viii]։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումը և ռուս խաղաղապահների անգործությունը նոր հիասթափության և հանրային դժգոհության առիթ դարձան[ix]։
Հատկանշական է, որ այս ընթացքում զգալի հետընթաց է ապրել նաև հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը։ Ուկրաինայում սկսված լայնածավալ պատերազմի պատճառով ռուսական կողմն ի վիճակի չէր սպասարկել Հայաստանի հետ կնքած պայմանագրերը, որոնց համար հայկական կողմը վճարել էր 400 մլն դոլար[x]։ 2021 թվականի հունվարից Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի զենքի ձեռքբերման մեջ նախկին 96%-ից նվազել է՝ 2024 թվականին հասնելով 10%-ի[xi]։
Վերոնշյալ գործոններով պայմանավորված, հայաստանյան հանրային և քաղաքական շրջանակներում բարձրաձայնվող դժգոհություններին ի պատասխան, ռուսական պետական լրատվամիջոցները պարբերաբար իրականացնում էին տեղեկատվական արշավներ՝ սեփական անգործության կամ անարդյունավետ գործողությունների մեղքը փորձելով բարդել հայկական կողմի վրա։[xii]
Զարգացումների այս շարքը կարելի է երկար շարունակել։ Դրանք իրենց բացասական ազդեցությունն են թողել ինչպես Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ փոխվստահության մթնոլորտի վրա, իսկ դրանց վերաբերյալ հանրային քննարկումներում ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել «դավաճանություն» եզրույթը։
Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցումների արդյունքների համաձայն՝ 2019 թվականից հետո Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների դրական ընկալումն ավելի քան կիսով չափ նվազել է՝ 93%-ից հասնելով 43%-ի, միևնույն ժամանակ, բացասական ընկալումն աճել է մոտ 9 անգամ՝ 6%-ից հասնելով 55%-ի:
Ուշագրավ է նաև այն, որ 2025 թվականի հուլիսին հրապարակված արդյունքների համաձայն՝ Ռուսաստանին Հայաստանում քաղաքական գործընկեր է դիտարկում 45%-ը, քաղաքական սպառնալիք՝ 27%-ը, իսկ անվտանգային ոլորտի գործընկեր՝ 27%-ը: Գործընկերության ոլորտի ցուցանիշներով Ռուսաստանը զիջում է Իրանին և Ֆրանսիային:[xiii]
Հեռավորության պահպանումը Ռուսաստանից
Հայաստանի և նրա պետական շահերի դեմ Ռուսաստանի գործողությունները և հանրության ընկալումների փոփոխությունը հանգեցրին Երևանի կողմից երկկողմ հարաբերությունների վերագնահատման։ Ուկրաինայում ընթացող պատերազմը զգալիորեն նպաստեց այդ գործընթացին՝ հաշվի առնելով, որ ռուսական կողմի ռեսուրսները և քաղաքական էներգիան կենտրոնացան այդ ուղղությամբ՝ Հայաստանի և մյուս հարևան երկրների համար ստեղծելով մանևրի ավելի լայն դաշտ:
Դրա շրջանակում վերջին 4 տարում հայկական կողմը ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք մինչ այդ բարդ էր պատկերացնել։ Հայաստանի կառավարությունը 2024 թվականի սկզբին «սառեցրեց» անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, դադարեցրեց կառույցին անդամավճարների վճարումը[xiv], չի մասնակցում ռազմական վարժանքներին, չի համալրում ռոտացիայով Հայաստանին հատկացված պաշտոնները կառույցի քարտուղարությունում, իսկ բարձրագույն ղեկավարությունը չի մասնակցում դաշինքի կանոնադրական մարմինների աշխատանքներին: Չնայած այս ամենին, հայկական կողմը չի շտապում դադարեցնել անդամակցությունը կառույցին՝ հաշվի առնելով այդ որոշման հնարավոր ռիսկերը: Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը քանիցս հայտարարել է՝ կառույց վերադառնալու հարցում անդառնալիության կետը հատվել է[xv]։
Փոփոխություններ կան նաև ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության մեջ։ Մոսկվայի համար տարբեր զգայուն հարցերում հայկական կողմը, Ռուսաստանին հետևողական աջակցության փոխարեն, սկսել է ձեռնպահ քվեարկել, իսկ որոշ դեպքերում՝ ռուսական շահերին դեմ[xvi]։
Հայկական կողմը սկսել է արձագանքել նաև ռուսական տեղեկատվական դաշտում Հայաստանի դեմ իրականացվող արշավներին: 2024 թվականի գարնանը Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում[xvii]։Պարբերաբար քննարկումների առարկա է դառնում Հայաստանի հանրային մուլտիպլեքսով ռուսական պետական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը[xviii]։ Վերջին տարիներին հայկական կողմն արգելել է նաև հակահայկական արշավներում ներգրավված ռուսաստանցի հանրային և քաղաքական մի շարք գործիչների մուտքը Հայաստան[xix]։
2024 թվականին, Հայաստանի խնդրանքով, Ռուսաստանը սկսեց աստիճանաբար հեռացնել իր սահմանապահներին հայկական սահմանի որոշ հատվածներից. նախ, Ադրբեջանի հետ սահմանից, ապա, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը մասնակցում են նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով[xx]։
Ռուսաստանից հեռավորության պահպանման այս քաղաքականությունը Հայաստանում հաճախ ծայրահեղ գնահատականների է արժանանում: Ռուսամետ շրջանակները հայկական կողմի քայլերը որակում են ընդհուպ «դավաճանություն», իսկ արևմտամետ շրջանակները՝ արտաքին քաղաքականության շրջադարձ: Հայաստանի իշխանությունները, սակայն, պնդում են՝ հայկական կողմը որևէ երկրի հետ հարաբերությունները չի կառուցում երրորդ երկրի հաշվին[xxi]։Պաշտոնական Երևանը հռչակել է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն, որը ենթադրում է բոլոր ուժային բևեռների և տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների զարգացում: Ըստ ՀՀ իշխանությունների՝ դա չի ենթադրում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաֆորմատավորում, դրանց փչացում կամ խզում[xxii]։Այդ ռազմավարության նպատակն է՝ փոքր քայլերով հասնել Հայաստանի կախվածությունների թուլացմանն ու այդ ճանապարհին հնարավորինս հաշվարկել, նվազեցնել և կառավարել բոլոր հնարավոր ռիսկերը:
Հայաստանի ցանկացած կառավարություն, անկախ արտաքին քաղաքական նախասիրություններից, չի կարող հաշվի չառնել երկրի աշխարհագրական և աշխարհաքաղաքական սահմանափակումները: Օրինակ, փակ սահմանների պատճառով հայկական կողմին դեռևս չի հաջողվում շոշափելի առաջընթաց ապահովել Ռուսաստանից Հայաստանի առևտրային և էներգետիկ կախվածության թուլացման ուղղությամբ: Թերևս դրանով է պայմանավորված, որ Հայաստանի կառավարությունը զգուշավորություն է ցուցաբերում Ռուսաստանի համար այնպիսի զգայուն հարցերում, ինչպիսիք են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան, ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցումը և այլն: Այս նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաև ՀՀ վարչապետի մասնակցությունը Մոսկվայում 2025թ․ մայիսի 9-ի տոնակատարությանը[xxiii]։
Ամփոփում
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի քաղաքական հեռացումը Ռուսաստանից ավելին է, քան պարզապես կառավարության որոշումների հետևանք. այն ավելի լայն հասարակական տրամադրությունների արտահայտություն է: Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այլևս չեն վերադառնա մինչ 2020 թվականն եղած մակարդակին։ Ռուսաստանն այլևս չի դիտվում որպես հուսալի գործընկեր, հատկապես, անվտանգության ոլորտում: Ավելին, տարածաշրջանում Ռուսաստանի շահերը ևս փոխվել են: Վերջին տարիներին Ադրբեջանի կարևորությունը Մոսկվայի համար զգալիորեն մեծացել է՝ հաշվի առնելով էներգետիկ և լոգիստիկ ոլորտներում գործակցության խորացումը: Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, որ ռուսական կողմը հեշտությամբ հաշտվելու է Հայաստանում իր ազդեցության թուլացմանը: Ռուսական էստաբլիշմենտում վերջին փոփոխությունները վկայում են, որ Մոսկվան մտադիր է առավել ակտիվ գործել, հատկապես, 2026 թվականին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների համատեքստում[xxiv]։
Նարեկ Մինասյան
[i] https://archive.yerevan.today/all/society/28589/sorosy-hayastanum-tverov-u-anunnerov
[ii] https://www.azatutyun.am/a/29758510.html
[iii] https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/05/14/Nikol-Pashinyan-CSTO/
[iv] https://shorturl.at/4RPjV
[v] https://armenpress.am/hy/article/1092295
[vi] https://factor.am/554091.html
[vii] https://www.azatutyun.am/a/32912819.html
[ix] https://armenpress.am/hy/article/1119933
[x] https://www.azatutyun.am/a/32712887.html
[xi] https://www.aysor.am/am/news/2024/03/02/%D4%B1%D4%BD%D5%94/2237421
[xiii] file:///C:/Users/Editor/Downloads/ARM-25-NS-01-PT_Arm_7_21%20(2).pdf
[xiv] https://arm.sputniknews.ru/20250331/hajastany-nakhatesum-e-andamavtshar-vtsharel-hapk-bjuje-agni-meknabanutjuny-87269303.html
[xv] https://www.1lurer.am/hy/2024/12/04/1/1231259
[xvi] https://evnreport.com/politics/what-armenias-un-votes-tell-us-about-its-foreign-policy/
[xvii] https://www.azatutyun.am/a/32882267.html
[xviii] https://factor.am/909523.html
[xix] https://factor.am/571795.html
[xx] https://www.azatutyun.am/a/rousnery-heranoum-en-iran-hayastan-hskich-sahmanayin-ketits/33151257.html
[xxi] https://radar.am/hy/news/politics-2675232382/
[xxii] https://www.azatutyun.am/a/33441999.html
[xxiii] https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/05/09/Nikol-Pashinyan-May-9/
[xxiv] https://www.vedomosti.ru/politics/articles/2025/04/30/1107619-kuratorom-otnoshenii-s-armeniei-stal-kirienko
