Հանրաքվեի պահանջն ու Ռուսաստանի վախերը

հեղ․ Armenian Council

Տևական ժամանակ է՝ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով պահանջում է Հայաստանում հանրաքվե անցկացնել՝ որոշելու Հայաստանի քաղաքացիների կարծիքը Եվրասիական տնտեսական միությունում մնալու կամ դեպի Եվրամիություն շարժվելու մասին։ Վերջին օրերին այդ պահանջը վերածվել է ակնհայտ սպառնալիքի՝ հակառակ պարագայում ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ գործընթացներ սկսելու տեսքով։

Առաջին հայացքից, հանրաքվե անցկացնելու մասին նախապես խոսել էր հենց Հայաստանը, իսկ Մոսկվան իր շահերից ելնելով օգտագործում է այդ հայտարարությունը։ Սակայն եթե ուշադրություն ենք դարձնում մանրամասներին, պատկերը որոշակիորեն փոխվում է։

Նախ, Հայաստանում որևէ մեկը երբևէ չի խոսել ԵԱՏՄ կամ ԵՄ այլընտրանքի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։ 2025թ․ հունվարի 9-ին, երբ ՀՀ կառավարությունը քննարկեց և հավանություն տվեց ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին ՀՀ օրենքի նախագծին, վարչապետ Փաշինյանը նշեց․ «ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ նշանակվի հանրաքվե, և, մեր սահմանադրությամբ նախատեսված կարգով, հանրաքվեի մասնակիցների՝ օրենքով սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»։ Հետագայում այս միտքը, տարբեր ձևակերպումներով և տարբեր առիթներով, կրկնել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Իսկ դրա էությունն այն է, որ Հայաստանում հանրաքվե է անցկացվելու Եվրամիությանը միանալ-չմիանալու առնչությամբ, ոչ թե ԵԱՏՄ-ում մնալու կամ այն լքելու։ Այս սկզբունքային տարբերությունն էականորեն փոխում է նաև ակնկալվող արդյունքի վերաբերյալ կանխատեսումները։ Այլ հարց, որ ԵՄ անդամ դառնալուն կողմ քվեարկելու դեպքում, հետագա գործընթացների ինչ-որ փուլում, Հայաստանն անխուսափելիորեն լքելու է ԵԱՏՄ-ն։

Սակայն ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու՝ Հայաստանի պատրաստակամությունը էականորեն տարբերվում է նրանից, ինչ Մոսկվան ցանկանում է պարտադրել։ Թեման ակնհայտորեն մանիպուլացնելով՝ Ռուսաստանը նույնիսկ պահանջում է ԵԱՏՄ վերաբերյալ հանրաքվեն

անցկացնել այսօր, երբ ԵՄ անդամակցությունից Հայաստանը հեռու է նվազագույնը տասնամյակով։ Անհրաժեշտ է հասկանալ, թե որն է նման շտապողականության իրական պատճառը։

Կրեմլում գիտակցում են, որ ԵՄ անդամակցության իրական հնարավորություն լինելու դեպքում որևէ գիտակից հասարակություն չի կարող դեմ քվեարկել դրան։ Հետևաբար, Հայաստանին ԵԱՏՄ-ում պահելու և դեպի ԵՄ շարժը կասեցնելու հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է հանրաքվեն անցկացնել հնարավորինս շուտ՝ քանի դեռ ԵՄ անդամակցության հեռանկարը մշուշոտ է և անտեսանելի։ Ավելին, ԵԱՏՄ մեխանիզմներն այսօր աշխատում են ՀՀ տնտեսվարողների համար, ինչն ազդեցություն և կախվածություններ է ստեղծում։ Մյուս կողմից, Հայաստանը շարունակաբար դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը, ինչն էլ առաջ է բերում այդ ազդեցությունների և կախվածությունների նվազում։ ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու հարցն էլ ուղղակիորեն առնչվում է Ռուսաստանում շահեր ունեցող բազմաթիվ տնտեսվարողների, ի տարբերություն ԵՄ անդամակցության հարցի, որն ավելի վերացական է։

Ըստ էության, Ռուսաստանի գլխավոր վախը ժամանակի ընթացքում ավելի վատ դիրքեր ունենալն է, որի հետևանքով Հայաստանի ժողովուրդը կարող է ընտրություն կատարել ԵՄ օգտին։ Մոսկվան հույս չունի, թե կարող է տարիների կամ տասնամյակների ընթացքում տնտեսական մրցակցությունում «հաղթել» Եվրոպային և առավել գայթակղիչ պայմաններ առաջարկել Հայաստանին, և կարծում է, թե այսօր դեռևս հնարավորություններ ունի, հետևաբար, շտապում է։

Սակայն, գլխավոր վախը լինելու հետ մեկտեղ, սա նաև Ռուսաստանի գլխավոր մոլորությունն է, քանի որ նույնիսկ տնտեսական ճնշումներն ու շանտաժը չեն փոխում ՀՀ հասարակության վերաբերմունքը, ինչը ևս մեկ անգամ ապացուցվեց հունիսի 7-ի ընտրություններում։ Իսկ հանրաքվե անցկացնելը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ այն կանցկացվի պատեհ պահին՝ Հայաստանի քաղաքացիների առավելագույն շահը պաշտպանելու համար անհրաժեշտ թեմայով և օրակարգով։

Ընթերցեք նաև