2020–2023 թվականների ցնցումներին նախորդած ժամանակաշրջանի մեծ մասում անվտանգության հարցում Հայաստանի մոտեցումը չափազանց կենտրոնացած էր մեկ հենասյան՝ զինված ուժերի վրա: Գործնականում, ազգային անվտանգությունը հիմնականում ընկալվում էր առաջնագծի պաշտպանության տրամաբանությամբ, դաշնակցային պարտավորություններով և այն կանխավարկածով, թե սոսկ ռազմական ուժը կարող է փոխհատուցել դիվանագիտական մեկուսացումը, տնտեսական խոցելիությունը, ժողովրդագրական սահմանափակումները և թույլ ինստիտուցիոնալ դիմակայունությունը: 2020 թվականի պատերազմը, 2021–2022 թվականներին Ադրբեջանի ներխուժումները Հայաստանի ինքնիշխան տարածք և արտաքին անվտանգային երաշխիքների վերաբերյալ նախկին պատկերացումների փլուզումը ստիպեցին կատարել ցավոտ, բայց անհրաժեշտ վերագնահատում: Հայաստանը գիտակցեց, որ բանակը չի կարող փոխարինել անվտանգության համապարփակ ճարտարապետությանը: Այդուհանդերձ, հակառակ սխալը նույնքան վտանգավոր կլինի. այն է՝ բուն զինված ուժերի անտեսումը:
Ժամանակակից պետական անվտանգությունը չի կառուցվում միայն տանկերի, հրետանու, անօդաչու թռչող սարքերի և զորքի վրա: Այն հենվում է նաև դիվանագիտության, տնտեսական դիմակայունության, էներգետիկ անվտանգության, տեխնոլոգիական կարողությունների, պարենային անվտանգության, ենթակառուցվածքների, հետախուզության, սահմանների կառավարման, սոցիալական համախմբվածության և միջազգային գործընկերության վրա: Այս առումով, անվտանգության ավելի լայն ընկալմանն ուղղված Հայաստանի վերջին շրջանի անցումը ճիշտ ուղղություն է: Օրինակ, 2024 թվականի ապրիլին կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը Հայաստանի ապագային ուղղված աջակցության կենտրոնում դրեց ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, սոցիալ-տնտեսական դիմակայունությունը, առևտրի դիվերսիֆիկացումը, էներգետիկան, տեխնոլոգիաները և հաղորդակցության ուղիները։ Եվրոպական միության կողմից առաջարկված 2024–2027 թվականների «Դիմակայունության և աճի ծրագիրը» (270 միլիոն եվրո արժողությամբ) ազգային հզորության այս ընդլայնված ընկալման ևս մեկ օրինակ է:
Այնուամենայնիվ, համապարփակ անվտանգությունը չի ենթադրում «հետռազմական» անվտանգություն: Հարավային Կովկասում գտնվող, չլուծված սահմանային ռիսկերին, հարկադրական հռետորաբանությանը և գնալով ավելի անկայուն դարձող միջազգային միջավայրին առերեսվող երկիրը չի կարող պաշտպանական կարողություններին վերաբերել որպես երկրորդական ոլորտի: Ընդհակառակն, որքան ավելի բարդ է դառնում անվտանգային միջավայրը, այնքան ավելի էական է դառնում ռազմական ուժի ներդրումը համազգային ընդհանուր ռազմավարության մեջ:
Հայաստանին շրջապատող աշխարհն ավելի կայուն չի դառնում: Ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ Եվրոպայում և Եվրասիայում սովորական (կոնվենցիոնալ) պատերազմը անցյալի մնացուկ չէ: Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ անկայուն: Մեծ տերությունների մրցակցությունը վերաձևում է լոգիստիկան, էներգետիկ ուղիները և
դաշնակցային համակարգերը: Միջազգային կազմակերպությունները հաճախ արձագանքում են դանդաղ, ընտրողաբար կամ խորհրդանշական մակարդակով: Փոքր պետությունները, հատկապես՝ նրանք, որոնք գտնվում են հակամարտության գոտիներում, էսկալացիան կանխելու համար չեն կարող հույսը դնել միայն իրավական փաստարկների կամ դիվանագիտական բարի կամքի վրա: Նրանց անհրաժեշտ է զսպում:
Զսպումը չի նշանակում ագրեսիա: Այն նշանակում է պոտենցիալ հակառակորդին համոզել, որ հարձակման գինը կլինի չափազանց բարձր, ռազմական ելքը՝ անորոշ, իսկ քաղաքական հետևանքները՝ չափազանց ռիսկային: Հայաստանի պարագայում խոսքը ոչ թե առավելապաշտական ռազմական հավակնություններ հետապնդելու, այլ՝ ուժի կիրառման շարժառիթները նվազեցնելու միջոցով խաղաղությունն ավելի իրատեսական դարձնելու մասին է: Թույլ բանակը ճնշումների տեղիք է տալիս, մինչդեռ կարողունակ, ժամանակակից, կարգապահ և լավ ինտեգրված բանակն ուժեղացնում է դիվանագիտությունը:
Հետևաբար, Հայաստանի ներկայիս վերափոխումը պարզապես սպառազինության ձեռքբերման ծրագիր չէ. այն պետք է լինի պետականաշինության նախագիծ։ Պաշտպանության նախարարության «Զինված ուժերի վերափոխման հայեցակարգը», որը հրապարակվել է 2024 թվականի նոյեմբերին և նախատեսում է իրականացման հեռանկար մինչև 2035 թվականը, արտացոլում է մարտահրավերի մասշտաբը. պրոֆեսիոնալացում, ենթասպայական կազմի հզորացում, ռազմական կրթության բարելավում, ժամկետային զինծառայողների պատրաստվածության որակի բարձրացում, սպաների ու սերժանտների համար նոր չափանիշների սահմանում և աստիճանական անցում դեպի ավելի կարողունակ ուժային կառուցվածք։ Այս բարեփոխումները նույնքան կարևոր են, որքան զենքի գնումները։ Ժամանակակից համակարգերն անօգուտ են՝ առանց վերապատրաստված անձնակազմի, լոգիստիկայի (թիկունքային ապահովման), սպասարկման, դոկտրինի, կապի միջոցների, ղեկավարման և կառավարման համակարգերի, հետախուզության և պատասխանատվության մշակույթի։
Բարեփոխումների առաջին նշանները վկայում են ճիշտ ուղղության մասին։ Հայաստանը շեշտադրել է ռազմական կրթությունը, թվայնացումը, մարտունակությունը, կառուցվածքային փոփոխությունները, տարածքային պաշտպանությունը, հատուկ նշանակության ուժերը և ԱԹՍ կարողությունները։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, որպես միասնական ռազմակրթական հաստատության, հիմնադրումը, Հունաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում միջազգային ուսման հնարավորությունների ընդլայնումը և պրոֆեսիոնալ ծառայության նոր խթանները փաստում են, որ բարեփոխումները չեն սահմանափակվում միայն սպառազինությամբ։ Սակայն հիմնական մարտահրավերն իրականացումն է։ Հայաստանին անհրաժեշտ է արագություն, լրջություն և հետևողականություն։ Հայեցակարգերը պետք է վերածվեն ծրագրերի, ծրագրերը՝ ստորաբաժանումների, իսկ ստորաբաժանումները՝ իրական կարողունակության։
Պաշտպանական ոլորտի դիվերսիֆիկացումը վերջին երեք տարվա կարևորագույն փոփոխություններից մեկն է։ Հայաստանի նախկին մոդելը խիստ կախվածության մեջ էր Ռուսաստանից՝ թե՛ զենքի, թե՛ վերապատրաստման, թե՛ պահեստամասերի և թե՛
քաղաքական երաշխիքների հարցում։ Այդ մոդելը ցնցվեց 2020 թվականի պատերազմի, Հայաստանի անվտանգային մտահոգություններին արդյունավետ արձագանքելու հարցում ՀԱՊԿ-ի ձախողման, ինչպես նաև հենց Ռուսաստանի՝ ռազմավարական առումով այլ ուղղություններով զբաղվածության և տարածաշրջանային առաջնահերթությունների փոփոխության հետևանքով։ Այդ պահից հետո Հայաստանը սկսեց հեռավորություն պահել ՀԱՊԿ-ից՝ փաստացի սառեցնելով իր ներգրավվածությունը կառույցի գործընթացներում և, միաժամանակ, ձեռնամուխ լինելով անվտանգային նոր կապերի ձևավորմանը:
Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են պաշտպանական ոլորտի ամենաակտիվ նոր գործընկերները։ Ֆրանսիայի հետ համագործակցությունն այժմ ներառում է զրահատեխնիկայի, GM200 հակաօդային պաշտպանության ռադարների, CAESAR 155 մմ-ոց ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարումներ, ինչպես նաև՝ վերապատրաստման, խորհրդատվական աջակցության և ռազմական կրթության ոլորտում կապերի հաստատում։ Հնդկաստանի հետ Հայաստանը ձեռք է բերել Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանի, հակաօդային պաշտպանության և ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ՝ միաժամանակ հնարավորություն ստեղծելով ավելի խոր արդյունաբերական և տեխնիկական համագործակցության համար։ Սա ռազմավարական մեծ նշանակություն ունի. դիվերսիֆիկացումը նվազեցնում է կախվածությունը, ստեղծում այլընտրանքային լոգիստիկ ուղիներ, Հայաստանի զինված ուժերին ծանոթացնում է այլ չափանիշների հետ և երկրին օգնում է հեռանալ զուտ հետխորհրդային ռազմական մոդելից։
Սակայն դիվերսիֆիկացումն առաջացնում է նաև սեփական խնդիրները։ Խառը սպառազինությունը պահանջում է ավելի բարդ սպասարկում։ Նոր տրամաչափերը ենթադրում են զինամթերքի մատակարարման նոր շղթաներ։ Արևմտյան, հնդկական և ժառանգություն մնացած ռուսական համակարգերը պետք է ինտեգրվեն հրամանատարության, կառավարման, թիկունքային ապահովման և վերապատրաստման միասնական կառուցվածքների մեջ։ Սպաներն ու զինվորները պետք է սովորեն ոչ միայն կառավարել նոր զենքերը, այլև՝ կռվել այլ կերպ։ Սա պահանջում է պլանավորման կարգապահություն, գնումների թափանցիկություն, բյուջետավորման երկարաժամկետ պլանավորում (lifecycle budgeting) և տեղական տեխնիկական ներուժ։
Ահա թե ինչու Հայաստանի պաշտպանական արդյունաբերությունը պետք է դառնա վերափոխման մի մասը։ Երկիրը չի կարող ամեն ինչ արտադրել և չպետք է փորձի նման պատրանք ստեղծել։ Սակայն այն կարող է զարգացնել իր մասնագիտացված (նիշային) ուժեղ կողմերը՝ անօդաչու թռչող սարքեր, ռոբոտաշինություն, հետախուզական համակարգեր, հաղորդակցության միջոցներ, ծրագրային ապահովում, մարտադաշտի կառավարման գործիքներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, օպտիկական սարքավորումներ, զինամթերք, սպասարկում և համակարգերի ինտեգրում։ Տեղական արդյունաբերությունը ոչ միայն տնտեսության ճյուղ է, այլև՝ դիմակայունության մեխանիզմ։ Պետությունը, որն ի վիճակի է ճգնաժամի ժամանակ վերանորոգել, հարմարեցնել, արդիականացնել և ինտեգրել
համակարգերը, անհամեմատ պակաս խոցելի է, քան՝ այն պետությունը, որը ստիպված է սպասել յուրաքանչյուր պահեստամասի՝ փակ սահմաններն անցնելուն։
Զինված ուժերը պետք է ընկալվեն նաև որպես ազգային համախմբվածության մաս։ Պրոֆեսիոնալ, հարգված և հաշվետու բանակը կարող է ամրապնդել պետության լեգիտիմությունը։ Վատ կառավարվող զինված ուժերն անում է հակառակը. այն վատնում է միջոցները, վնասում վստահությունը և ստեղծում միայն անվտանգության պատրանք։ Հետևաբար, վերափոխումը պահանջում է քաղաքացիական վերահսկողություն, արժանիքահեն առաջխաղացում, հակակոռուպցիոն երաշխիքներ, զինծառայողների իրավունքների պաշտպանություն և կադրային լուրջ քաղաքականություն։ Հայաստանին պարզապես ավելի շատ զինվորներ պետք չեն. երկրին անհրաժեշտ են ավելի լավ պատրաստված հրամանատարներ, պատրաստված սպայակազմ, մոտիվացված մասնագետներ, դիմակայուն ստորաբաժանումներ և մի հասարակություն, որը հասկանում է, թե ինչու է պաշտպանությունը կարևոր։
Գլխավոր դասը/հետևությունը հավասարակշռությունն է։ Մինչև 2020 թվականը Հայաստանը հաճախ ակնկալում էր, որ բանակը և ժառանգած դաշնակցային հարաբերությունները պետք է կրեն ազգային անվտանգության ողջ բեռը։ Այսօր Հայաստանն իրավացիորեն փորձում է կառուցել անվտանգության ավելի լայն ճարտարապետություն՝ ներառելով դիվանագիտությունը, տնտեսությունը, հաղորդակցության ուղիները, ժողովրդավարական լեգիտիմությունը, սահմանային վերահսկողությունը, տեխնոլոգիաները, էներգետիկան և դիվերսիֆիկացված գործընկերությունները։ Սակայն այս ճարտարապետությունը թերի կլինի, եթե զինված ուժերը թույլ լինեն։ Համապարփակ անվտանգությունը չի փոխարինում ռազմական կարողությանը. դա այն շրջանակն է, որը ռազմական կարողությունը դարձնում է կայուն, նպատակաուղղված և քաղաքականապես պատասխանատու։
Հայաստանը պետք է ձգտի խաղաղության, հնարավորության դեպքում՝ կարգավորի հարաբերությունները, դիվերսիֆիկացնի գործընկերությունները և ներդրումներ կատարի զարգացման մեջ։ Սակայն պետք է դա անել՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից զսպող ուժ։ Գնալով ավելի անկայուն դարձող աշխարհում խաղաղությունը պահպանելու ամենամեծ հնարավորությունն ունեն ոչ թե այն երկրները, որոնք պարզապես հայտարարում են խաղաղասիրական մտադրությունների մասին, այլ նրանք, ովքեր զսպվածությունը համակցում են դիմակայունության, իսկ դիվանագիտությունը՝ վստահելի պաշտպանության հետ։ Հայաստանի համար զինված ուժերի վերափոխումը ոչ թե անցյալի անվտանգային մոդելներին վերադառնալու փորձ է, այլ որակապես նոր համակարգի կայացման անկյունաքար:
Ներսես Լևոնյան