«Ռևանշիզմի» պիտակը՝ որպես գործիք. Հայ-ադրբեջանական հետհակամարտային դիսկուրսի վերլուծություն

հեղ․ Armenian Council

Ցանկացած երկարատև հակամարտության ավարտից հետո առաջացող «հետկոնֆլիկտային բառապաշարը» հազվադեպ է չեզոք լինում. այն ինքնին դառնում է քաղաքական պայքարի դաշտ, որտեղ եզրույթների ընտրությունն ու գործածությունը ձևավորում են ընկալման շրջանակներ՝ երբեմն ավելի արդյունավետորեն, քան հենց փաստերը։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում այսպիսի եզրույթներից ամենահաճախ գործածվողը «ռևանշիզմն» եզրույթն է, որը վերջին տարիներին Բաքվի պաշտոնական հռետորաբանության մեջ վերածվել է գրեթե ունիվերսալ պատասխանի հայկական կողմի ցանկացած իրավական, մշակութային կամ դիվանագիտական դիրքորոշման դեմ՝ անկախ նրանից, թե հայտարարություն անողը իշխանության ներկայացուցիչ է, ընդդիմադիր գործիչ, փորձագետ կամ հոգևորական։ Սույն վերլուծությունը փորձում է առանձնացնել եզրույթի բուն գիտական իմաստը դրա գործածության քաղաքական ֆունկցիայից՝ հենվելով պատմական համատեքստի, հայեցակարգի և վերջին տարիների կոնկրետ դրվագների վրա։ 

Եզրույթի ծագումն ու գիտական բովանդակությունը։ «Ռևանշիզմ» եզրույթը միջազգային հարաբերություններում իր դասական կիրառությունն ստացել է 19-րդ դարավերջի ֆրանս-գերմանական հարաբերություններում՝ բնութագրելով Ֆրանսիայի ձգտումը ռազմական ճանապարհով վերականգնել Էլզաս-Լոթարինգիայի կորուստը 1871 թ. պատերազմից հետո։ Դասական սահմանմամբ՝ ռևանշիզմը ենթադրում է երեք միաժամանակյա տարրի առկայություն. կորցրած տարածքի կամ կարգավիճակի հստակ ձևակերպված վերականգնողական նպատակ, դրան ուղղված նյութական նախապատրաստություն և պետական մակարդակով դրա իրագործմանն ուղղված գործուն ծրագիր։ Առանց այս երեք տարրերի համակցության՝ եզրույթի կիրառումը կորցնում է վերլուծական ճշգրտությունը։ 

Կարևոր է տարբերակել սա հարակից, բայց սկզբունքորեն այլ երևույթներից՝ պատմական հիշողության պահպանում (անցյալի փաստերի ուսումնասիրություն, վավերացում և բարձրաձայնում), իրավական դիրքորոշման պաշտպանություն (սեփական սահմանադրական կամ միջազգային իրավական դրույթների պահպանում) և նույնականացման հաստատում (մշակութային ժառանգության պատկանելության հարցում գիտական դիրքորոշման պաշտպանություն)։ Այս երեք կատեգորիաներից և ոչ մեկն ինքնին չի բավարարում «ռևանշիզմի» գիտական սահմանման չափանիշներին, քանի որ դրանցից և ոչ մեկը չի ենթադրում ուժի կիրառման մտադրություն։ 

Եզրույթի էվոլյուցիան հակամարտության ընթացքում։ ԼՂ հակամարտության պատմության ընթացքում «ռևանշիզմի» շուրջ դիսկուրսը զգալիորեն փոփոխվել է։ 1988–1994 թթ. փուլում, երբ հակամարտությունը դեռևս ուներ ակտիվ ռազմական բաղադրիչ, եզրույթի կիրառումը երկու կողմից էլ համեմատաբար համապատասխանում էր դրա դասական իմաստին․ իրապես առկա էին և՛ տարածքային նպատակներ, և՛ ռազմական միջոցներ։ 1994-2020 թ.  եզրույթը դարձավ անհամաչափ կիրառելի. Բաքուն իր դիրքորոշումը ներկայացնում էր որպես միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության վերականգնում, մինչդեռ հայկական կողմի ինքնորոշման հայեցակարգը հենվում էր տարբեր իրավական հիմնավորումների վրա։ 44-օրյա պատերազմից և, հատկապես, 2023 թ. սեպտեմբերի ռազմական գործողությունից հետո, երբ Ադրբեջանը լիարժեք վերահսկողություն հաստատեց Արցախի ողջ տարածքի նկատմամբ, իրավիճակը որակապես փոխվեց. այժմ արդեն Բաքուն է հանդիսանում տարածքային առումով վերահսկող կողմը, մինչդեռ «ռևանշիզմի» շուրջ մտահոգությունը՝ որպես կանխարգելիչ հռետորական կատեգորիա, շարունակել է գործածել գրեթե անփոփոխ ինտենսիվությամբ, չնայած ուժերի հարաբերակցության արմատական փոփոխությանը։ Այս պատմական հակասությունն ինքնին կարևոր վերլուծական նշան է. եզրույթի կիրառման ինտենսիվությունը կապված է ոչ միայն օբյեկտիվ սպառնալիքի մակարդակի, այլև ներքին ու արտաքին քաղաքական նպատակահարմարության հետ։ 

2024–2026 թթ. գործածության օրինաչափությունը։ ՀՀ Սահմանադրության նախաբանի հարցը եզրույթների միաձուլման ամենավառ օրինակն է։ Ադրբեջանը հայտարարել է, որ 2025 թ. օգոստոսին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանի սահմանադրության նախաբանում մնում է հղումը 1990 թ. Անկախության հռչակագրին։ Հայաստանի Սահմանադրական դատարանը դեռևս 2024 թ. վճռել էր, որ այս հղումը իրավաբանորեն կիրառելի է բացառապես Սահմանադրության հոդվածներում ուղղակիորեն ամրագրված դրույթների նկատմամբ և ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես տարածքային հավակնություն։ Ուշագրավ է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակափաստարկը, ըստ որի՝ հենց Ադրբեջանի սահմանադրության նախաբանն է հղում կատարում 1918 թ. հռչակագրին, որը ընդգրկում էր ներկայիս Ադրբեջանից էապես ավելի մեծ տարածք։ Այս համաչափության բացակայությունը, երբ նույն կառուցվածքային իրավական երևույթը մեկ կողմից գնահատվում է որպես սպառնալիք, մյուսից՝ ոչ, ցույց է տալիս, որ եզրույթի կիրառման գործում ընտրողական մոտեցում է ցուցաբերվում։ 

Ինչ վերաբերում է մշակութային ժառանգության շուրջ վեճին, ապա դա թերևս ամենահստակն է ցույց տալիս, թե ինչպես է մեխանիզմը գործում նաև հակառակ ուղղությամբ։ Սեպտեմբերի 13–14-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ուղեկցելով Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ՝ հայտարարեց, թե դրանք «աղվանական» ժառանգություն են, ցուցադրեց հայկական ձեռագրերի կրկնօրինակներ՝ այդ կերպ փորձելով Արցախում հայկական ինքնության գոյության և լինելիության վերաբերյալ դեսպանների մոտ շփոթ ստեղծել ։ Հայկական ինստիտուցիոնալ արձագանքը, թեև կրում էր փաստագրական բնույթ և զերծ էր որևէ ագրեսիվ հռետորաբանությունից, սակայն արագորեն մեկնաբանվեց Բաքվի կողմից «ռևանշիզմի» դիսկուրսի մեջ, իսկ Ալիևը երկու օր անց հակահարված տվեց՝ հայտարարելով, թե հայկական կողմը նախկինում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ավերել է 65 մզկիթ։ Այս փոխադարձ մեղադրանքների շղթան ցույց է տալիս, որ պատմական վնասի հարցը գործածվում է ոչ թե որպես անկախ, ուսումնասիրության ենթակա փաստ, այլ որպես անմիջական քաղաքական հակահարված։ 

«Ռևանշիստական երազանքների» կրկնվող բանաձևը, որը Հաջիևը պարբերաբար կիրառում է հայկական քաղաքական վերնախավի հասցեին, առանձնանում է իր կառուցվածքային հատկանիշով. այն երբեք չի ուղեկցվում կոնկրետ, ստուգելի փաստերով, այլ գործում է որպես կանխավարկածային պահանջ՝ հրաժարվել այն բանից, ինչի առկայությունն ինքնին չի ապացուցվում։ Այս կառուցվածքով եզրույթը դառնում է ապացուցման բեռի շրջում. ապացուցելու փոխարեն, թե Հայաստանն նախապատրաստվում է ռազմական որևէ գործողության, բավական է պնդել, որ հայկական կողմը «դեռ ամբողջությամբ չի հրաժարվել» նման մտադրություններից, ինչը գործնականում անհնարին է ապացուցել բացասական իմաստով։ 

Ինչու է այս մեխանիզմը գործում։ Եզրույթի կիրառման կայունությունը բացատրելի է առնվազն երեք գործառութային տրամաբանությամբ։ Նախ՝ այն ծառայում է ներքին լեգիտիմացման և մոբիլիազիայի նպատակի, որի միջոցով ցույց են տալիս ձեռքբերումների պաշտպանության հանձնառությունը հավանական սպառնալիքներից։ Երկրորդ՝ այն ծառայում է որպես բանակցային լծակ, նախապես չեզոքացնելով հայկական ցանկացած իրավական կամ դիվանագիտական դիրքորոշում՝ այն որակելով որպես «թաքնված վտանգ»։ Երրորդ՝ միջազգային լսարանի առջև այն ամրապնդում է Ադրբեջանի կերպարը՝ որպես կողմ, որի զգուշավորությունը, իբրև թե, արդարացված է փորձով, ինչը հեշտացնում է աջակցության հայթայթումը միջնորդների կողմից։ 

Այնուամենայնիվ, այս ֆունկցիոնալ արդյունավետությունը երկարաժամկետ հեռանկարում կրում է ինքնավնասող բովանդակություն։ Անվտանգային երկընտրանքի դասական մոդելի համաձայն, երբ մի կողմի յուրաքանչյուր պաշտպանական կամ նույնականացնող գործողություն համակարգված կերպով մեկնաբանվում է որպես հարձակողական մտադրության նշան, առաջանում է սրացման դինամիկա, որտեղ իրական երկխոսության տարածքը նեղանում է։ Բացի այդ, եզրույթի կրկնվող և չափազանցված գործածությունը միջազգային դիտորդների առջև աստիճանաբար նվազեցնում է դրա հավատալիությունը, ինչը կարող է թուլացնել հենց Բաքվի դիրքորոշումը այն իրավիճակներում, երբ գործնականում ի հայտ գա իսկապես ստուգելի անվտանգային մտահոգություն։ 

Եզրահանգումներ։ Վերլուծությունից բխում է երեք հիմնարար տարբերակում, որոնց պահպանումը անհրաժեշտ նախապայման է հետկոնֆլիկտային փուլի կայունացման համար։ 

Նախ՝ սահմաններն ու կառավարությունները քաղաքական են և, հետևաբար, ենթակա են փոփոխության՝ ժամանակի և հանգամանքների համապատասխան, ինչպես փաստում է պատմությունը։ Մինչդեռ պատմական բացառիկ արժեք ներկայացնող հուշարձանի ճարտարապետությունն ու արձանագրությունը փաստագրական, ոչ-բանակցելի իրողություն է, որը ոչ մի ընթացիկ քաղաքական համաձայնագրով հնարավոր չէ վերաշարադրել։ 

Երկրորդ՝ անհամաձայնությունը խաղաղության բացակայության հոմանիշ չէ։ Կողմերը կարող են պահպանել էական տարաձայնություններ իրավական, պատմական և մշակութային հարցերում՝ միաժամանակ առաջ տանելով ֆունկցիոնալ, տնտեսական և անվտանգային համագործակցությունը, ինչպես ցույց են տալիս համեմատելի միջազգային փորձերը, որտեղ խորհրդանշական մակարդակի լարվածությունը երկար ժամանակ գոյակցել է տեխնիկական առաջընթացի հետ՝ առանց այն ուղղակիորեն խաթարելու։ 

Երրորդ՝ կողմերից մեկի դիրքորոշման քննադատությունը մյուսի կողմից տարածքային պահանջ չէ։ Սահմանադրական դատարանի վճռով հստակորեն սահմանափակված իրավական հղումը որակել որպես «տարածքային հավակնություն», կամ գիտական-փաստագրական առարկությունը մեկնաբանել որպես «ռևանշիզմ», նշանակում է կատեգորիաների այնպիսի միաձուլում, որը ծառայում է բանակցային ճնշման նպատակի։ 

Կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ գիտակցաբար պահպանեն այս սահմանագիծը՝ թույլ չտալով, որ խորհրդանշական-դիսկուրսիվ մակարդակի տարաձայնությունները վերածվեն անվտանգային մակարդակի սպառնալիքի արտահայտության։ Հակառակ պարագայում հենց այն հռետորական ռազմավարությունը, որը նախատեսված է ապահովելու երկարաժամկետ կայունությունը, կարող է դառնալ դրա իսկ խաթարման աղբյուրը։ 

Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։

Օգտագործված աղբյուրների ցանկ 

Ոչ միայն Սահմանադրությունը, այլև որևէ իրավական ակտ չպիտի պարունակի մեր անկախությունը վտանգող դրույթ. Գալյան https://www.azatutyun.am/a/och-miayn-sahmanadroutyouny-aylev-oreve-iravakan-akt-chpiti-parounaki-mer-ankakhoutyouny-vtangogh-drouyt-galyan/33709965.html  

Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին Ադրբեջանի նախապայմանին https://armenpress.am/hy/article/1233584  

Ի տարբերություն ՀՀ-ի ՝ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ. Փաշինյան https://armenpress.am/hy/article/1198730  

Baku Sees Constitutional Referendum In Armenia https://www.azatutyun.am/a/33821751.html  

Diplomatik korpus nümayəndələrinin Qarabağ və Şərqi Zəngəzura səfəri başa çatıb https://oxu.az/siyaset/diplomatik-korpusun-qarabag-ve-serqi-zengezura-seferi-davam-edir-video  

Jervis, Robert. “Cooperation Under the Security Dilemma” World Politics․ 

Keohane, Robert O., Nye, Joseph S. (1977/2012). Power and Interdependence. Longman. 

Ընթերցեք նաև