Տեղեկատվական դիվերսիա. ինչպե՞ս են փորձել կեղծ տեսանյութերով ազդել ՀՀ խորհրդարանական ընտրությունների վրա

հեղ․ Armenian Council

Հայաստանի նախընտրական թեժ պայքարի մեջ, երբ հանրային ուշադրությունը առավելագույնս կենտրոնացած էր քաղաքական գործընթացների վրա, սոցիալական մեդիայում տարածվեցին որոշ տեսանյութեր, որոնք իրենցից ներկայացնում էին դասական հիբրիդային պատերազմի վտանգավոր օրինակներ։ 

Մինչ առավել հայտնի օրինակները ներկայացնելը՝ անդրադառնանք մի տեսանյութի, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իբր դիմում է հայ հասարակությանը՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին և քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, ներկայացնելով նրան որպես «խաղաղության երաշխավոր»1։ Խոսքում հնչում են նաև ակնհայտ սպառնալիքներ՝ կապված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվի, Նախիջևանում անցկացվելիք ֆորումի և Հայաստան ավտոմեքենաներով «վերադարձող» ադրբեջանցիների մասին, ինչպես նաև քողարկված պահանջ ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ 

Այս տեսանյութի նպատակը մեկն էր՝ ամենազգայուն թեմաները շահարկելով ապակողմնորոշել հայաստանցի ընտրողին, ստեղծել կեղծ օրակարգ և խառնաշփոթ առաջացնել հասարակության մեջ։ Սակայն իրականությունը շատ ավելի պարզ է. տեսանյութում հնչող ադրբեջաներեն խոսքը և հայերեն թարգմանությունը կեղծված են և որևէ կապ չունեն այն բովանդակության հետ, որով հանդես է եկել Ադրբեջանի նախագահը։ 

Իրական փաստերը։ Բնօրինակ տեսանյութը թվագրվում է 2026 թվականի մարտի 5-ով։ Այդ օրը Իլհամ Ալիևը Անվտանգության խորհրդի նիստում խոսել է Իրանի կողմից Նախիջևանի օդանավակայանի վրա արձակված ԱԹՍ-ի միջադեպի մասին։ Բնօրինակ ելույթում2 ոչ մի խոսք չի եղել ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Հայաստանի ընտրությունների, ո՛չ էլ ՀՀ սահմանադրության մասին։  Տեսանյութում իրական պատկերը համադրվել է կեղծ ձայնային ուղեկցությամբ՝ դասական deepfake տեխնոլոգիայով։  

Այս գործողությունը հիբրիդային պատերազմի դասական օրինակ էր՝ ուղղված ժողովրդավարական գործընթացների խաթարմանը։ Նպատակն էր՝ սերմանել վստահության ճգնաժամ, խուճապ և բևեռացում հայ հասարակության մեջ։ 

Մեդիատիրույթում հանրային մտահոգությունների շահարկման մեկ այլ օրինակ էր սոցցանցերում տարածված այն թեզը, թե իբր «ադրբեջանցիներն արդեն բերվել են Հայաստան»։ Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչպես կարող է առօրյա աշխատանքային իրողությունը վերածվել քաղաքականացված քննարկման առարկայի։ 

Այս տեղեկատվական հոսքի սկզբնաղբյուրը հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանն3 էր, ով առաջիններից մեկը տարածեց համապատասխան տեսանյութը՝ դրան տալով որոշակի շեշտադրումներ։ Այնուհետև մի շարք լրատվամիջոցներ4 և սոցիալական էջեր, հիմնվելով այդ հրապարակման վրա, սկսեցին ահազանգեր հնչեցնել, թե Սյունիք ադրբեջանցիներ են բերվել։ Սակայն փաստերի հետագա հստակեցումը ցույց տվեց, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի քաղաքացիներ են։ Հայտնի իրողություն է, որ Սյունիքում իրականացվող տարբեր շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքներում ներգրավված են բազմաթիվ իրանցի բանվորներ։ Քանի որ Իրանի հյուսիսային շրջաններից ժամանած այդ աշխատողների մի մասը թյուրքական լեզվաընտանիքի կրող է ու խոսում է ադրբեջաներենի տարբերակներից մեկով, դա էլ հիմք է հանդիսացել վերոնշյալ ընկալման համար։ 

Եվ ստացվում է՝ Սյունիքում ընթացող սովորական աշխատանքային գործընթացը, որ որևէ առնչություն չուներ ընտրական կամ քաղաքական հարցերի հետ, արհեստականորեն ներկայացվեց տարածվող վերնագրերի համատեքստում՝ դառնալով ներքաղաքական շահարկումների թեմա։ Ի դեպ, այս տեսանյութը տարածվել է նաև տիկտոկյան այն էջում, որը հրապարակել էր Ալիևի կեղծված խոսքով տեսանյութը։ 

Թվային տեխնոլոգիաների զարգացումը նոր գործիքներ է տվել մեդիամանիպուլյացիաների հեղինակներին, ինչի հետևանքով ներքաղաքական դիսկուրսի վրա ազդելու համար սկսել են օգտագործվել միջազգային ճանաչում ունեցող դեմքեր: Դրա վառ օրինակներից էր համացանցում հայտնված մի տեսանյութ5, որտեղ ամերիկացի հայտնի դերասանուհի Մելորա Հարդինը (առավել հայտնի «The Office» հեռուստասերիալից) իբր դիմում է իր հայ երկրպագուներին։ Տեսանյութում արհեստական բանականության միջոցով գեներացված ձայնը դերասանուհու անունից հայտարարում է, թե Հայաստանի ընտրությունների արդյունքներից է կախված՝ «կսկսվի՞ նոր պատերազմ, թե՞ ոչ»: Հոլովակի ընթացքում հնչում են սուր քաղաքական որակումներ, իսկ Նիկոլ Փաշինյանը համեմատվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ պնդելով, թե նա «ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ պատերազմ հրահրելու համար, քանի որ եվրոպական հովանավորներն արդեն վճարել են դրա համար»: Տեսանյութի վերջում դերասանուհին իբր կոչ է անում հայ ընտրողներին՝ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, նշելով, որ այդպիսով կարող են «հարյուր հազարավոր կյանքեր փրկվել»: 

Իրականում, ինչպես հետագայում բացահայտեցին միջազգային հետազոտական կենտրոնները, սա եղել է կազմակերպված ապատեղեկատվական արշավի (այնպիսի ցանցերի կողմից, ինչպիսիք են «Storm-1516»-ը կամ «Matryoshka»-ն) արդյունք: Կազմակերպիչները Cameo հարթակի միջոցով, որտեղ հնարավոր է գումարի դիմաց հայտնի մարդկանցից անձնական տեսաշնորհավորանքներ պատվիրել, դերասանուհուն խնդրել են ձայնագրել լրիվ այլ բովանդակությամբ տեքստով մի տեսանյութ: Այնուհետև, օգտագործելով որոշ տեխնոլոգիաներ, ամբողջությամբ փոխել են տեսանյութի ձայնն ու բովանդակությունը՝ հոլովակի վրա ավելացնելով Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող կադրեր և կողմնակալ քաղաքական տեքստեր: 

Այսպիսով, այս տեսանյութը ևս ակնառու կերպով ցույց է տալիս, թե ինչպես են արտաքին աղբյուրներից սնվող տեղեկատվական արշավները փորձում օգտագործել հայտնի դեմքերի կերպարները՝ այդ դեպքում ընտրական գործընթացների վրա արհեստական ազդեցություն գործելու համար: 

Ինչպե՞ս չմոլորվել մեդիադաշտում. փաստերը ստուգելու մի քանի պարզ քայլ 

Հանրությունը հաճախ չունի արագ ստուգման ռեսուրսներ, ուստի նման սադրանքների զոհ դառնալը շատ հեշտ է։ Լավագույն պաշտպանությունը՝ ցանկացած տեղեկատվության նկատմամբ հիմնավորված կասկածանքն է։ Այսօր տեղեկատվական հոսքերն այնքան արագ ու խիտ են, որ ցանկացած մանիպուլյացիա կարող է հաշված ժամերի ընթացքում դառնալ հանրային քննարկման թեմա: Որպեսզի զերծ մնանք նմանատիպ թյուրիմացություններից կամ կազմակերպված կեղծիքներից, կարելի է կիրառել ստուգման մի քանի հասանելի մեթոդներ. 

  • Պատկերի որոնում — Եթե տեսանյութում պատկերված մարդիկ, տարածքը կամ խոսքը կասկածելի են թվում, բավական է անել տեսանյութի որևէ կադրի տեսապատկերը (screenshot) և այն տեղադրել որոնողական համակարգերում: Սա ցույց կտա, թե տվյալ պատկերն իրականում երբ է հայտնվել համացանցում և ինչ իրադարձության է վերաբերում: 
  • Տեսանյութերի վերլուծություն — Լրագրողների և փաստերն ուսումնասիրողների կողմից ամենաշատն օգտագործվող գործիքներից է InVID բրաուզերային հավելվածը6։ Այն հնարավորություն է տալիս ցանկացած տեսանյութ բաժանել  մասերի, ստուգել մետատվյալները և այդպիսով հասկանալ՝ արդյոք նյութը մոնտաժված է, թե ոչ: 
  • Deepfake-ի բացահայտում- Արհեստական բանականությամբ ստեղծված կամ ձևափոխված տեսանյութերը (ինչպես Ադրբեջանի նախագահի կամ արտասահմանյան աստղի մասնակցությամբ տեսանյութի դեպքում էր) գրեթե միշտ թողնում են տեսանելի հետքեր: Բավական է ուշադիր նայել խոսողի շուրթերի շարժմանն ու հնչող բառերի համապատասխանությանը, աչքերի թարթմանը և դեմքի ստվերներին: Բացի այդ, սինթեզված ձայնի մեջ հաճախ բացակայում են մարդկային բնական շնչառության դադարներն ու էմոցիոնալ տատանումները: 
  • Սկզբնաղբյուրի ստուգում- Երբ տեսանյութը մատուցվում է հայտնի միջազգային լրատվամիջոցի անունից, առաջին քայլը պետք է լինի հենց այդ լրատվամիջոցի պաշտոնական կայք կամ էջեր մտնելը: Եթե այնտեղ նման նյութ չկա, ուրեմն գործ ունեք կեղծիքի հետ: Նման դեպքերում օգտակար է հետևել տեղական ու միջազգային փաստեր ստուգող հարթակներին (օրինակ՝ Fip.am, FactCheck, Snopes և այլն), որոնք արագ արձագանքում են մեծ աղմուկ հանած թեմաներին: Տեղեկատվական անվտանգությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է, հատկապես՝ այն ժամանակ, երբ երկիրը կարևոր որոշումների շեմին է։  
  1.  https://www.tiktok.com/@armenin777000/video/7648234793519353108?_r=1&_t=ZS-972AQZgaQjP 
  1. https://www.youtube.com/watch?v=O87s0wJD76I&t=5s 
  1. https://www.facebook.com/reel/2572982869816232 
  1. https://www.facebook.com/watch/?v=858012710683488 
  1. https://www.facebook.com/watch/?v=2822009581484080 
  1. https://www.invid-project.eu/ 
  1. https://www.euronews.com/my-europe/2026/05/20/pro-kremlin-actors-launch-large-scale-disinformation-campaign-targeting-armenias-elections  
  1. https://euvsdisinfo.eu/  

Դիանա Կարապետյան 

Սույն հոդվածը ստեղծվել է  «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի  կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ: 

Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։ 

Ընթերցեք նաև