ԽՍՀՄ ուրվականը՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններում

հեղ․ Armenian Council

Թեև Հայաստանի խորհրդարանական ընտրություններում որևէ քաղաքական ուժ չէր քարոզում խորհրդային կարգեր, սակայն, գաղափարական առումով, մասնակից կուսակցություններն ու դաշինքները ներկայացնում էին երկու հակադիր ճամբար։ Ճամբարներից մեկում պայմանականորեն դասվող ուժերը առաջարկում էին ժողովրդավարության զարգացման, պետականության ամրապնդման տարբեր տեսլականներ։ Մինչդեռ, մյուս ճամբարի ուժերն, ըստ էության, առաջարկում էին խորհրդային ժամանակաշրջանի տրամաբանությանը վերադարձի տեսլական՝ ֆիզիկական անվտանգության և անձնական բարեկեցության օրակարգի քողի տակ։ Ընտրությունների արդյունքները վերլուծելիս հարկ է հաշվի առնել այս սկզբունքային տարբերությունը և գաղափարական հակադրությունը։

Այս երկու գաղափարական հոսանքների հետևորդների աշխատանքի սկզբունքները ևս տրամագծորեն տարբեր էին։ Նկատենք, օրինակ, որ խորհրդային ժամանակաշրջանի գաղափարախոսության հետևորդ ուժերը զանգվածաբար Հայաստան էին տեղափոխում ՀՀ քաղաքացիների, որոնք ապրում և աշխատում են Ռուսաստանում։ Սա այն պետությունն է, որն իր քաղաքացիների համար 24-ժամյա ռեժիմով քարոզում է խորհրդային կարգեր ու բարքեր՝ ներառյալ ստալինիզմի արդարացումն ու «պատերազմը՝ որպես արդարություն հաստատելու լեգիտիմ միջոց» տրամաբանությունը։ Հետևաբար, նման քարոզի պայմաններում արարող Հայաստանի քաղաքացիների մոտ ձևավորվել է ՀՀ ապագայի նկատմամբ մի տեսլական, որն ամբողջությամբ համընկնում է «խորհրդայինների» շահերին ու նպատակներին։ Միևնույն ժամանակ, հենց «անկախականների» քաղաքական դիրքորոշումը թույլ տվեց այս մարդկանց ժամանել, մասնակցել ընտրություններին, հայտնել իրենց կարծիքը և ազդեցություն գործել նոր խորհրդարանի կառուցվածքի վրա, թեև հասարակական դժգոհություններն ակնհայտ էին։ Ի վերջո, այդ դժգոհությունները տրանսֆորմացվեցին մասնակցության բարձր ցուցանիշների, ինչն իր հերթին նշանակություն ունեցավ գրանցված արդյունքների վրա։

Ի վերջո, ընտրություններից հետո ձևավորված խորհրդարանի պատկերը ցույց է տալիս, որ «խորհրդային» գաղափարախոսությունը Հայաստանում պարտվում է։ Ռուսաստանից «ներմուծված խորհրդայինների» պայմաններում անգամ այդ

գաղափարական հոսանքի ուժերը հավաքեցին ընտրողների քվեների շուրջ 40 տոկոսը։ Սա այն դեպքում, երբ Մոլդովայում, որտեղ կայացած վերջին ընտրությունների հանգամանքը հաճախ համեմատում են Հայաստանի հետ, նույն գաղափարախոսության՝ «խորհրդայինների» կուսակցությունը նախագահական ընտրություններին տարել էր ձայների շուրջ 45 տոկոսը, իսկ ԵՄ անդամակցության հանրաքվեում՝ 49.65 տոկոսը։

Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ չնայած գաղափարական, տնտեսական, քաղաքական և, նույնիսկ, ռազմական ահռելի ճնշումներին, հետխորհրդային տարածությունում հասարակական տրամադրությունները հակոտնյա են Կրեմլի գաղափարներին։ Հայաստանի դեպքում դա արտահայտվեց ոչ միայն գործող իշխանությունների անվերապահ հաղթանակով, այլև՝ բաց, ազատ, թափանցիկ ընտրական գործընթացներով։ ԽՍՀՄ ուրվականը ևս մեկ անգամ արտաքսվեց Հայաստանից՝ ՀՀ քաղաքացու գիտակցության, կամքի և խիզախության շնորհիվ։

Ընթերցեք նաև