Վիզաների ազատականացման համեմատական ուսումնասիրություն. Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան 

հեղ․ Armenian Council

«Վիզաների ազատականացումը ենթադրում է հետևյալ պայմանների կատարումը. փաստաթղթերի անվտանգության մակարդակի զգալի բարձրացում, ներառյալ՝ կենսաչափական տվյալների կիրառում, սահմանների ու միգրացիայի կառավարման և ապաստանի քաղաքականության հզորացում, բարեփոխումներ ու համագործակցություն հասարակական կարգի և անվտանգության ոլորտում, ինչպես նաև՝ անձանց տեղաշարժին առնչվող արտաքին հարաբերությունների հարցերի հասցեագրում (ներառյալ՝ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները)։ Այս բարեփոխումներն ու բարելավումները պետք է ապահովեն արդյունավետության բարձր մակարդակ՝ համապատասխան եվրոպական և միջազգային չափանիշներին»։ (ԵՄ-Ուկրաինա վիզային երկխոսություն, Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր) 

Ուկրաինա (թեկնածուի կարգավիճակ՝ 2022 թվականից, անդամակցության բանակցություններ՝ 2024թ) 

Նախապատմություն 
2008 թվականի հոկտեմբերի 29-ին Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինայի հետ մեկնարկեց վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն՝ ԵՄ առանց վիզայի ճամփորդելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ուսումնասիրելու նպատակով։ 2015 թվականի դեկտեմբերի 18-ին հանձնաժողովն ընդունեց Ուկրաինայի կողմից Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ՎԱԳԾ) իրականացման վերաբերյալ վեցերորդ և վերջին առաջընթացի զեկույցը։ Զեկույցում հանձնաժողովը եզրակացրեց, որ Ուկրաինան կատարել է երրորդ առաջընթացի զեկույցում նշված բոլոր քայլերը, և ՎԱԳԾ-ի բոլոր չափորոշիչները համարվում են բավարարված։ 

Հիմնվելով առաջընթացի զեկույցի դրական գնահատականի վրա և հաշվի առնելով ԵՄ-Ուկրաինա հարաբերությունների ընդհանուր համատեքստը՝ 2016 թվականի ապրիլի 20-ին հանձնաժողովը ներկայացրեց օրենսդրական առաջարկ՝ կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային պահանջը չեղարկելու վերաբերյալ։ Այդ նպատակով վիզային պահանջների մասին կանոնակարգում փոփոխություն կատարվեց ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար։ Թեև այս որոշումը կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիներին հնարավորություն է տալիս մինչև 90 օր ժամկետով առանց վիզայի մեկնել Շենգենյան գոտի, հարկ է հստակ նշել, որ վիզաների ազատականացումը չի ենթադրում ԵՄ-ում աշխատելու կամ բնակվելու իրավունք։ 

Ուկրաինան երրորդ երկրների ցանկին դասելու որոշումը, որոնց քաղաքացիներն ազատված են վիզային պահանջից, ուժի մեջ մտավ 2017 թվականի հունիսի 11-ին։ Այդ պահից սկսած՝ վերացվեց վիզայի պարտադիր պահանջը Ուկրաինայի այն քաղաքացիների համար, որոնք ունեն կենսաչափական անձնագիր և ցանկանում են կարճաժամկետ այցով մեկնել Շենգենյան գոտի։ Այսպիսով, կենսաչափական անձնագրերով Ուկրաինայի քաղաքացիներն այլևս վիզայի կարիք չեն ունենա ԵՄ բոլոր անդամ պետություններ մինչև 90 օր տևողությամբ այցերի համար (բացառությամբ Իռլանդիայի և Միացյալ Թագավորության), ինչպես նաև Շենգենյան համաձայնագրի հետ ասոցացված չորս երկրներ։ 

Ժամանակագրություն 

  • 2008թ հոկտեմբերի 29 — Մեկնարկեց ԵՄ-Ուկրաինա վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, իսկ 2010թ․ նոյեմբերի 22-ին Ուկրաինային ներկայացվեց Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (ՎԱԳԾ)։ 
  • 2011թ սեպտեմբեր — Հրապարակվեց Ուկրաինայի վերաբերյալ առաջին առաջընթացի զեկույցը։ 
  • 2012թ փետրվար — Հրապարակվեց Ուկրաինայի վերաբերյալ երկրորդ առաջընթացի զեկույցը։ 
  • 2013թ նոյեմբեր — Հրապարակվեց Ուկրաինայի վերաբերյալ երրորդ առաջընթացի զեկույցը։ 
  • 2014թ մայիս — Հրապարակվեց Ուկրաինայի վերաբերյալ չորրորդ առաջընթացի զեկույցը։ 
  • 2015թ մայիս — Հրապարակվեց Ուկրաինայի վերաբերյալ հինգերորդ առաջընթացի զեկույցը։ 
  • 2015թ դեկտեմբեր — Հրապարակվեց Ուկրաինայի վերաբերյալ վեցերորդ (եզրափակիչ) առաջընթացի զեկույցը։ 
  • 2015թ մայիս — Հրապարակվեց Ուկրաինայի հետ ՎԱԳԾ-ի գնահատման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի մամուլի վերջին հաղորդագրությունը։ 
  • 2016թ ապրիլի 20 — Եվրոպական հանձնաժողովն առաջարկեց թույլատրել Շենգենյան գոտի առանց վիզայի ճամփորդությունը կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիների համար։ Այս առաջարկը հիմնված էր Ուկրաինայի կողմից ՎԱԳԾ-ով սահմանված բոլոր չափորոշիչների հաջող իրականացման վրա։ 
  • 2017թ հունիսի 11 — Ուժի մեջ մտավ Ուկրաինան վիզայի պահանջից ազատված երրորդ երկրների ցանկին դասելու որոշումը։ Այդ օրվանից վերացվեց կարճատև այցերի դեպքում վիզայի պարտադիր պահանջը կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիների համար։ 

1. Անցում կենսաչափական անձնագրերի. իրավական շրջանակը և իրականացումը 

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր (2010թ.) 

Փաստաթղթերի անվտանգություն՝ ներառյալ կենսաչափական տվյալները. 1-ին փուլ (օրենսդրական և ռազմավարական շրջանակներ). 

  • Էլեկտրոնային եղանակով ընթերցվող կենսաչափական արտասահմանյան անձնագրերի տրամադրման իրավական շրջանակի ընդունում՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) բարձրագույն չափանիշներին լիարժեք համապատասխանությամբ: Այն պետք է հիմնված լինի ինքնության կառավարման անվտանգ համակարգի վրա (քաղաքացիական կացության գրանցում և ինքնությունը հաստատող փաստաթղթեր)՝ հաշվի առնելով անձնական տվյալների պատշաճ պահպանումը: 
  • Գործողությունների ծրագրի ընդունում, որը կսահմանի ICAO-ի չափանիշներին համապատասխանող կենսաչափական արտասահմանյան անձնագրերի ամբողջական ներդրման ժամկետները (ներառյալ՝ արտերկրում Ուկրաինայի հյուպատոսություններում) և այդ չափանիշներին չհամապատասխանող անձնագրերի շրջանառությունից աստիճանական դուրսբերման գործընթացը: 
  • Միջազգային ու ներքին անձնագրերի, ինչպես նաև հիմնարար փաստաթղթերի դիմումների ընդունման, անհատականացման և տրամադրման գործընթացների անվտանգության և անձեռնմխելիության բարձր մակարդակի ապահովում: 
  • Գործողությունների ծրագրի ընդունում՝ կենսաչափական անձնագրերի ներդրման և չափանիշներին չհամապատասխանող անձնագրերի փոխարինման հստակ ժամանակացույցով: 

Գործառնական իրականացում 

  • ICAO չափանիշներին համապատասխանող կենսաչափական անձնագրերի աստիճանական ներդրում, այդ թվում՝ արտերկրում Ուկրաինայի հյուպատոսություններում, և հին անձնագրերի հեռացում շրջանառությունից: 
  • ICAO չափանիշներին չհամապատասխանող անձնագրերի կիրառման ամբողջական դադարեցում: 
  • Անձնագրերի և ինքնությունը հաստատող այլ փաստաթղթերի տրամադրման, անհատականացման և բաշխման գործընթացի անվտանգության ու ամբողջականության ապահովում: 
  • Կորած և գողացված անձնագրերի մասին միջազգային տվյալների բազաներին (Ինտերպոլ) համակարգված տեղեկացում և փաստաթղթերի անվտանգության հարցերով համագործակցություն ԵՄ անդամ պետությունների հետ: 

Առաջընթացի երրորդ զեկույց (2013թ.) 

Զեկույցն ընդգծում է արձանագրված առաջընթացը և փաստաթղթերի անվտանգության ու կենսաչափական անձնագրերի ոլորտում առկա բացթողումները: 

  • Ուկրաինան ընդունել է միջազգային չափանիշներին համապատասխանող կենսաչափական անձնագրերի ներդրման վերաբերյալ օրենսդրություն, ներառյալ կենսաչափական տվյալների (օրինակ՝ մատնահետքերի) կիրառումը: 
  • Սակայն հանձնաժողովը նշել է, որ մատնահետքերի, որպես պարտադիր կենսաչափական հատկանիշի, կիրառումը դեռևս հստակեցման կարիք ունի ազգային օրենսդրության մեջ: 
  • Բարեփոխումը պահանջում էր նաև հզորացնել անձնագրերի և ինքնությունը հաստատող փաստաթղթերի տրամադրումը կարգավորող իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը: 
  • Նպատակն էր՝ ապահովել փաստաթղթերի տրամադրման անվտանգ ընթացակարգեր և համապատասխանություն միջազգային չափանիշներին, հատկապես՝ ICAO-ի պահանջներին: 

Առաջընթացի չորրորդ զեկույց (2014թ.) 

Փաստաթղթերի անվտանգության ոլորտում հանձնաժողովը Ուկրաինայից պահանջել է ամբողջացնել շրջանակային օրենսդրությունը՝ դրանում մատնահետքերի վերաբերյալ հստակ դրույթներ ներառելով, և ընդունել կիրառման կանոնակարգեր, որպեսզի օրենսդրական հիմքերը պատրաստ լինեն սահմանված ժամկետներում կենսաչափական անձնագրերի թողարկմանը:  

Ուկրաինայի կառավարությունը մշակել և ընդունել է անհրաժեշտ կանոնակարգերը կենսաչափական անձնագրերի թողարկմանը նախապատրաստվելու համար: Կառավարությունն առաջարկել է ընդունել 2014-2017 թթ. գործողությունների ծրագիր, որը կսահմանի տարբեր մարմինների պատասխանատվության շրջանակը: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի կառավարությունն ավարտին է հասցրել «Բնակչության միասնական պետական ռեգիստրի և ինքնությունը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը՝ մատնահետքերը որպես պարտադիր կենսաչափական հատկանիշ սահմանելու նպատակով: 

Միգրացիայի և ապաստանի կառավարման ոլորտում հանձնաժողովը պահանջել է փոփոխություններ կատարել «Ապաստանի մասին» օրենքում, մասնավորապես՝ ընդլայնել լրացուցիչ և ժամանակավոր պաշտպանության սահմանումները, ինչպես նաև ապահովել անվճար բժշկական օգնություն ապաստան հայցողների համար: 

Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինայից պահանջել է ամբողջացնել ինքնությունը հաստատող փաստաթղթերը կարգավորող օրենսդրական դաշտը, ներառյալ՝ մատնահետքերի՝ որպես կենսաչափական տվյալների կիրառման վերաբերյալ հստակ դրույթները: 

Ուկրաինան ընդունել է համապատասխան կանոնակարգեր և ենթաօրենսդրական ակտեր՝ կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգը գործարկելու համար: Կառավարությունը պատրաստել է 2014-2017 թվականների գործողությունների ծրագիրը, որտեղ հստակեցված են կենսաչափական ճամփորդական փաստաթղթերի ներդրման գործընթացում ներգրավված տարբեր գերատեսչությունների լիազորությունները: 

Միգրացիայի և ապաստանի կառավարման ոլորտում հանձնաժողովը պահանջել է փոփոխություններ կատարել «Ապաստանի մասին» օրենքում, մասնավորապես՝ ընդլայնել լրացուցիչ և ժամանակավոր պաշտպանության սահմանումները, ինչպես նաև ապահովել անվճար բժշկական օգնություն ապաստան հայցողների համար: 

Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինայից պահանջել է ամբողջացնել ինքնությունը հաստատող փաստաթղթերը կարգավորող օրենսդրական դաշտը, ներառյալ՝ մատնահետքերի՝ որպես կենսաչափական տվյալների կիրառման վերաբերյալ հստակ դրույթները: 

Ուկրաինան ընդունել է համապատասխան կանոնակարգեր և ենթաօրենսդրական ակտեր՝ կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգը գործարկելու համար: Կառավարությունը պատրաստել է 2014-2017 թվականների գործողությունների ծրագիրը, որտեղ հստակեցված են կենսաչափական ճամփորդական փաստաթղթերի ներդրման գործընթացում ներգրավված տարբեր գերատեսչությունների լիազորությունները: 

Առաջընթացի հինգերորդ զեկույց (2015 թ. մայիս) 

2015 թվականի հունվարի 12-ին նշանակալի առաջընթաց արձանագրվեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին համապատասխանող սովորական կենսաչափական անձնագրերի թողարկմամբ։ Էական բարելավումներ և զգալի առաջընթաց են գրանցվել արտասահմանյան անձնագրերի դիմումների ընդունման, անհատականացման և բաշխման գործընթացների անվտանգության ու ամբողջականության ապահովման հարցում։ Նույնը վերաբերում է նաև ներքին անձնագրերին և այլ հիմնարար փաստաթղթերին։ Մեկնարկել է կորած և գողացված անձնագրերի մասին Ինտերպոլի տվյալների բազային անհապաղ ու համակարգված տեղեկացման գործընթացը, և այս չափորոշիչը կարելի է համարել կատարված։ 

Փաստաթղթերի անվտանգությանն առնչվող չափորոշիչը համարվում է գրեթե իրագործված։ Ուկրաինայի իշխանություններին հանձնարարվում է. 

  • Ապահովել սահմանային անցակետերի կահավորումը՝ մատնահետքերի կիրառմամբ երկրորդ մակարդակի ստուգումներ (second-line controls) իրականացնելու համար: 
  • Ինչ վերաբերում է դիմումների ներկայացմանը և դիմումատուի ինքնության հաստատմանը, ապա անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել նախկին Պետական միգրացիոն ծառայության տվյալների բազայի միացումը Բնակչության միասնական պետական ռեգիստրի գործառնական հատվածին՝ կենսաչափական անձնագրերի տրամադրման նպատակով։ Պետք է գործի ավտոմատացված կապ համապատասխան տվյալների բազայի հետ՝ դիմումատուի դատվածության վերաբերյալ տվյալները ստուգելու համար: 
  • Արդյունավետ միջոցներ ձեռնարկել անվանափոխության հետ կապված հնարավոր խնդիրները (ռիսկերը) հասցեագրելու համար: 

Առաջընթացի վեցերորդ զեկույց (2015թ. դեկտեմբեր) 

  • Էլեկտրոնային կրիչներով (չիպերով) և կենսաչափական տվյալներով (այդ թվում՝ մատնահետքերով) անձնագրերի գործարկում։ 
  • Ճամփորդական փաստաթղթերի ստեղծման, անհատականացման և բաշխման անվտանգ ընթացակարգերի ներդրում։ 
  • Փաստաթղթերի անվտանգության չափանիշների բարելավում՝ ՔԱՄԿ (ICAO) միջազգային պահանջներին համապատասխան։ 
  • Այնպիսի համակարգերի մշակում, որոնք թույլ կտան իրավասու մարմիններին ստուգել ինքնության տվյալները և հայտնաբերել կեղծված կամ գողացված փաստաթղթերը։ 

Այս միջոցառումներն ապահովեցին ուկրաինական ճամփորդական փաստաթղթերի համապատասխանությունը ԵՄ և միջազգային անվտանգության չափանիշներին՝ հնարավորություն տալով Եվրամիությանը վստահել դրանց հուսալիությանը՝ առանց վիզայի ճամփորդությունների համատեքստում։ 

Մամուլի վերջին հաղորդագրություն (2015թ. մայիս) 

Մամուլի հաղորդագրությունը հաստատում է, որ Ուկրաինան հաջողությամբ ներդրել է կենսաչափական անձնագրերի համակարգը՝ համաձայն ՎԱԳԾ-ի պահանջների։ Կենսաչափական անձնագրերի համակարգը համապատասխանում է փաստաթղթերի անվտանգության միջազգային չափանիշներին և ամրապնդում է ուկրաինական ճամփորդական փաստաթղթերի հուսալիությունը։ 

2. Նոր քաղաքացիների գրանցում և բնակչության ռեգիստրների կառավարում. փաստաթղթերի անվտանգության համակարգեր 

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր (2010թ.) 

Գործողությունների ծրագիրը պահանջում էր ստեղծել բնակչության հաշվառման անվտանգ համակարգեր, որոնք կապակցված կլինեն ինքնությունը հաստատող փաստաթղթերի հետ։ 

  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգի ստեղծում կամ բարեփոխում՝ ինքնության տվյալների հուսալիությունն ապահովելու նպատակով (ծննդյան գրանցում, քաղաքացիության հաստատում)։ 
  • Հիմնարար փաստաթղթերի (անձնագիր ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթեր) կառավարում անվտանգ վարչական մարմնի միջոցով, ինչպիսին է Պետական գրանցման ծառայությունը։ 
  • Ինքնության ռեգիստրների ինտեգրում անձնագրային համակարգերին՝ քաղաքացիների ճշգրիտ նույնականացումը երաշխավորելու համար։ 
  • Տվյալների պաշտպանության չափանիշների և անձնական տեղեկատվության անվտանգ կառավարման ապահովում։ 

Անվտանգային ասպեկտներ 

  • Ինքնության հետ կապված զեղծարարության (fraud) կանխարգելում՝ փաստաթղթավորման անվտանգ ընթացակարգերի միջոցով։ 
  • Վերիֆիկացիոն (ստուգման) համակարգեր, որոնք կապում են ինքնության տվյալները կենսաչափական անձնագրերի տրամադրման հետ։ 
  • Մոնիտորինգի և հաշվետվողականության մեխանիզմներ՝ ինքնության տվյալների բազաների ամբողջականությունը պահպանելու համար։ 
  • Կորած և գողացված անձնագրերի մասին Ինտերպոլի/LASP տվյալների բազային անհապաղ և համակարգված տեղեկացում։ 
  • Անձնագրերի նմուշների կանոնավոր փոխանակում և համագործակցություն ԵՄ-ի հետ փաստաթղթերի անվտանգության հարցերով։ 
  • Ինքնության անվտանգ կառավարման հաստատում, ներառյալ՝ հուսալի քաղաքացիական ռեգիստրների և հիմնարար փաստաթղթերի (ծննդյան վկայականներ, ինքնությունը հաստատող փաստաթղթեր) առկայությունը։ 

Առաջընթացի երրորդ զեկույց (2013թ.) 

Զեկույցում շեշտվում է բնակչության հաշվառման և ինքնության կառավարման անվտանգ համակարգերի կարևորությունը. 

  • Ուկրաինան կարիք ուներ բարելավել քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նույնականացման փաստաթղթերի համակարգը, ներառյալ՝ «հիմնարար փաստաթղթերի» (ծննդյան վկայականներ և քաղաքացիական կացության այլ փաստաթղթեր) կառավարումը։ 
  • Իշխանությունները պետք է ապահովեին հուսալի տվյալների բազաներ և վարչական ընթացակարգեր՝ անձանց հաշվառման համար։ 
  • Համակարգը պետք է երաշխավորեր անձնական տվյալների անվտանգ պահպանումը, կառավարումն ու ստուգումը՝ ինքնության հետ կապված զեղծարարության ռիսկերը նվազեցնելու համար։ 
  • Այս բարեփոխումները կապված էին փաստաթղթերի անվտանգության ամրապնդման և անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում վարչարարության անաչառության ապահովման ընդհանուր նպատակի հետ։ 

Առաջընթացի չորրորդ զեկույց (2014թ.) 

Ուկրաինայի կառավարությունը հետևել է այս հանձնարարականներին։ Մայիսի 13-ին Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, ընդունել է «Ապաստանի մասին» օրենքում անհրաժեշտ փոփոխությունները լրացուցիչ և ժամանակավոր պաշտպանության շրջանակների վերաբերյալ։ Ավելացվել և խորհրդարանի կողմից արդեն իսկ ընդունվել են նոր փոփոխություններ, որոնք հեշտացնում են ապաստան հայցողների մուտքը աշխատաշուկա՝ աշխատանքի թույլտվությունն անվճար դարձնելու միջոցով։ Ինչ վերաբերում է բժշկական օգնությանը, ապա ընդունվել է ենթաօրենսդրական ակտ, որով երաշխավորվում է բժշկական ծառայությունների մատուցումը։ 

  • Ուկրաինան հզորացրել է նույնականացման փաստաթղթերի տրամադրման համար պատասխանատու վարչական համակարգը, ներառյալ՝ քաղաքացիական կացության ակտերի ստուգման ընթացակարգերը։ 
  • Ընդունվել են միջոցներ՝ անձնական տվյալների և անձնագրերի թողարկման համար օգտագործվող բնակչության ռեգիստրների անվտանգ կառավարումն ապահովելու համար։ 
  • Իշխանություններն աշխատել են հիմնարար փաստաթղթերի հուսալիության բարձրացման ուղղությամբ՝ ինքնության կեղծումը կանխելու նպատակով։ 
  • Թեև օրենսդրական դաշտը հիմնականում ձևավորված է, կիրարկման փուլում անհրաժեշտ կլինեն լրացուցիչ ջանքեր՝ ապաստանի արդյունավետ համակարգ ապահովելու համար, հատկապես ապաստանի տրամադրման ընթացակարգերի և ճանաչված փախստականների ինտեգրման հարցում։ 

Հինգերորդ և վեցերորդ առաջընթացի զեկույցներ (2015թ. մայիս և դեկտեմբեր) 
Բարեփոխումների արդյունքում ապահովվել է կենսաչափական անձնագրերի տրամադրումը հուսալի և անվտանգ տվյալների հիման վրա։ Ուկրաինայի իշխանությունները առաջընթաց են գրանցել՝ ապահովելով, որ Ուկրաինայի քաղաքացիների և օրինական հիմքերով բնակվող օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ազատ տեղաշարժը երկրի ներսում չենթարկվի չհիմնավորված սահմանափակումների։ Իշխանությունները կիրարկում են տեղաշարժի ազատությանը վերաբերող իրավական շրջանակը և քայլեր են ձեռնարկել այդ դրույթներն ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի դրանք կիրառելի լինեն նաև Ուկրաինայի փաստացի վերահսկողության տակ չգտնվող տարածքներում բնակվող քաղաքացիների համար։ Օտարերկրացիների հաշվառման պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հանրությանը և տեղադրված է առցանց հարթակներում։ 

Հաստատվել է առաջընթաց ինքնության կառավարման և բնակչության հաշվառման համակարգերում. 

  • Պետական միգրացիոն ծառայության և բնակչության ռեգիստրների համակարգերի ստեղծում և կատարելագործում։ 
  • Բնակչության ռեգիստրի և միգրացիայի կառավարման համակարգերի հզորացում, հատկապես նրանց, որոնք գտնվում են Պետական միգրացիոն ծառայության ենթակայության տակ։ 
  • Քաղաքացիական կացության ակտերի և հիմնարար փաստաթղթերի (օրինակ՝ անձնագիր ստանալու համար օգտագործվող ծննդյան վկայականների) կառավարման բարելավում։ 
  • Անձնական տվյալների պահպանման և ստուգման վարչական ընթացակարգերի մշակում։ 
  • Ինքնության ստուգման և անձնագրերի տրամադրման համար օգտագործվող անվտանգ էլեկտրոնային տվյալների բազաների զարգացում։ 
  • Ավելի արդյունավետ համակարգում քաղաքացիական կացության ակտերի գրանցման, միգրացիոն ծառայությունների և սահմանային վերահսկողության համար պատասխանատու մարմինների միջև։ 

Մամուլի վերջին հաղորդագրություն (2015թ. մայիս) 

Բնակչության հաշվառման և ինքնության կառավարման համակարգն ամրապնդվել է և կիրառվում է անձնագրերի ու նույնականացման փաստաթղթերի տրամադրման նպատակով։ Հաջողվել է մշակել անվտանգ վարչական ընթացակարգեր և տվյալների բազաներ՝ քաղաքացիների անձնական տվյալների պահպանման և ստուգման, քաղաքացիական կացության ակտերի և հիմնարար փաստաթղթերի (օրինակ՝ անձնագիր ստանալու հիմք հանդիսացող ծննդյան վկայականների) կառավարման համար։ 

3. Հակակոռուպցիոն կարգավորումների հզորացում և հանրային իրազեկման միջոցառումներ 

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր (2010թ.) 

Վերապատրաստման ծրագրերի ստեղծում և հակակոռուպցիոն էթիկայի կանոնագրքերի ընդունում այն պետական մարմինների պաշտոնյաների համար, որոնք առնչվում են արտասահմանյան ու ներքին անձնագրերի և այլ հիմնարար փաստաթղթերի հետ։ ՎԱԳԾ-ն պահանջում էր բարեփոխումներ՝ ուղղված հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի նվազեցմանը, հատկապես՝ նույնականացման փաստաթղթերի տրամադրման համար պատասխանատու կառույցներում։ 

Կարգավորող դաշտի բարելավում. 

  • Հակակոռուպցիոն քաղաքականության որդեգրում անձնագրերի և նույնականացման փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված պաշտոնյաների համար։ 
  • Վարչական գործընթացներում կոռուպցիայի դեմ պայքարի իրավական շրջանակի հզորացում։ 

Ուսուցում և իրազեկում. 

  • Վերապատրաստման ծրագրերի մշակում այն պաշտոնյաների համար, ովքեր աշխատում են անձնագրերի և քաղաքացիական փաստաթղթերի հետ։ 
  • Ուսուցողական և տեղեկատվական նյութերի մշակում և տարածում՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը և վարչարարության բարեխղճության  բարձրացմանը։ 

Առաջընթացի երրորդ զեկույց (2013թ.) 

Հանձնաժողովն ընդգծել է հակակոռուպցիոն ավելի խիստ օրենսդրության և կիրարկման մեխանիզմների անհրաժեշտությունը։ 

  • Հակակոռուպցիոն օրենսդրության հզորացման կարիքը, ներառյալ՝ մասնավոր հատվածում կոռուպցիայի համար ավելի խիստ պատժամիջոցների սահմանումը։ 
  • Անկողմնակալ մեխանիզմների ստեղծում՝ պետական պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը ստուգելու համար։ 
  • Պետական գնումների կանոնների բարելավում՝ հանրային կառավարման համակարգում կոռուպցիան կանխելու նպատակով։ 
  • Պաշտոնյաների անձեռնմխելիությանը վերաբերող կանոնների հստակեցում՝ անպատժելիությունից խուսափելու համար։ 

Առաջընթացի չորրորդ զեկույց (2014թ.) 

3-րդ բլոկի չափորոշիչների համատեքստում Հանձնաժողովի երրորդ զեկույցն ընդգծել է կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի մի շարք հրատապ խնդիրների լուծման անհրաժեշտությունը։ Դրանք ներառում էին պետական գնումների կանոնների հզորացումը, բացառությունների և թափանցիկության կանոնների հստակեցումը, ակտիվների բացահայտման և հայտարարագրերի արդյունավետ ու անկողմնակալ ստուգման ապահովումը, մասնավոր հատվածում կոռուպցիայի վերաբերյալ կանոնների ամբողջացումը և անձեռնմխելիությունից զրկելու համակարգի հզորացումը։ 

  • Նոր հակակոռուպցիոն օրենսդրության ընդունում, որը սահմանում է թափանցիկության և բարեվարքության ավելի խիստ կանոններ հանրային կառավարման համակարգում։ 
  • Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար պատասխանատու կառույցների զարգացում։ 
  • Ուժեղացված ուշադրություն պետական պաշտոնյաների ուսուցմանն ու իրազեկմանը՝ հանրային ծառայության մեջ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով։ 
  • Ուկրաինան աշխատել է քաղաքացիական ծառայողների վարքագիծը կարգավորող իրավական դաշտի հզորացման ուղղությամբ։ 
  • Էթիկական չափանիշները և բարեվարքության կանոնները կապակցվել են ավելի լայն հակակոռուպցիոն բարեփոխումների հետ։ 
  • Պետական պաշտոնյաներից, հատկապես՝ իրավապահ մարմիններում և վարչական ծառայություններում աշխատողներից, ակնկալվում էր հետևել մասնագիտական և էթիկական հստակ ուղեցույցների։ 

Առաջընթացի հինգերորդ զեկույց (2015թ. մայիս) 

Հակակոռուպցիոն քաղաքականության հարցում մինչ այժմ արձանագրված առաջընթացը հիմնականում վերաբերել է օրենսդրական դաշտին և նոր ինստիտուցիոնալ համակարգի ձևավորմանն ուղղված նախապատրաստական քայլերին: 2014թ. հոկտեմբերին ընդունվեց հակակոռուպցիոն փաթեթը, ներառյալ՝ 2014-2017թթ. ազգային ռազմավարությունը, որը հիմք դրեց կանխարգելիչ քաղաքականության նոր ինստիտուցիոնալ շրջանակի համար: 2015թ. փետրվարին լրամշակվեցին Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի մասին օրենքում առկա որոշ բացթողումներ, ներառյալ՝ աշխատակիցների աշխատավարձերի երաշխիքները և հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության իրավական հիմքերը: Բյուրոյի ղեկավար կազմի հավաքագրումը, որն անցկացվեց անկախ հանձնաժողովի կողմից կառավարվող բաց մրցույթի միջոցով, ավարտվեց 2015թ. ապրիլի 16-ին, երբ երկրի նախագահը նշանակեց բյուրոյի տնօրենին: 

Ընկերությունների կենտրոնական ռեգիստրը համալրվում է իրական շահառուների վերաբերյալ տվյալներով: Առաջընթաց է գրանցվել նաև պետական գնումների համակարգում բացառությունների կրճատման հարցում: Սակայն իրականացման փուլում առաջնահերթությունների և համակարգված գործողությունների պակասը հանգեցնում է մասնատված մոտեցման մի գործընթացի նկատմամբ, որն առանց այդ էլ ծայրաստիճան ծանր է և ահռելի ջանքեր է պահանջում: Բացի այդ, հանձնաժողովը կշարունակի մոնիտորինգի ենթարկել սեփականաշնորհման գործընթացում, պետական կամ պետության կողմից վերահսկվող ընկերություններում և խոշոր պետական գնումներում հակակոռուպցիոն երաշխիքների ներդրումը: Կդիտարկվի նաև կուսակցությունների և նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ GRECO-ի հանձնարարականների արտացոլումը օրենսդրության մեջ, Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների կատարումը, ինչպես նաև դատավորների և դատախազների շարքերի «մաքրման» գործընթացի իրատեսական շրջանակը: 

Հակակոռուպցիոն չափորոշիչը համարվում է միայն մասնակիորեն կատարված: Ուկրաինայի իշխանություններին հանձնարարվում է. 

  • Ապահովել հակակոռուպցիոն բարձր մակարդակի համակարգման մեխանիզմ՝ ռազմավարության իրականացման և քաղաքական մակարդակում միասնական մոտեցման համար: 
  • Ստեղծել գործուն և անկախ Ազգային հակակոռուպցիոն բյուրո, մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազություն և Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալություն՝ միջգերատեսչական համագործակցության հստակ ուղեցույցներով: 
  • Ներդնել ընթացակարգեր, որոնք կապահովեն գույքի և եկամուտների բոլոր ընթացիկ հայտարարագրերի ժամանակին հրապարակումը, պաշտոնյաների ակտիվների և շահերի բախման արդյունավետ ստուգումը, կենտրոնական էլեկտրոնային տվյալների բազաների (այդ թվում՝ հայտարարագրերի և իրական շահառուների) լիարժեք գործարկումն ու ճշգրտությունը, ինչպես նաև հանրային ծախսերը հրապարակող միասնական վեբ պորտալի ստեղծումը: 
  • Ստեղծել Ակտիվների վերականգնման ազգային գրասենյակ և ապահովել արդյունավետ միջգերատեսչական համակարգում՝ ակտիվների վերականգնման ոլորտում արդյունքներ գրանցելու համար: 
  • Շարունակել դատավորների և պատգամավորների անձեռնմխելիությանն առնչվող բարեփոխումները: 

Առաջընթացի վեցերորդ զեկույց (2015թ. դեկտեմբեր) 

  • Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծում և գործարկում: 
  • Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության հիմնում: 
  • Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության ստեղծում, որը պատասխանատու է պաշտոնյաների հայտարարագրերի մոնիտորինգի համար: 
  • Ակտիվների վերականգնման, բռնագանձման և թափանցիկության մեխանիզմների հզորացմանն ուղղված օրենսդրության ընդունում: 

Այդուհանդերձ, զեկույցում ընդգծվում է, որ այս կառույցներն ունեն բավարար ֆինանսավորման և լիարժեք գործառնական կարողությունների կարիք՝ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովելու համար: 

Մամուլի վերջին հաղորդագրություն (2015թ. մայիս) 

Մամուլի հաղորդագրությունը շեշտում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը վիզաների ազատականացման գործընթացի առանցքային չափորոշիչներից էր: Ուկրաինական պետությունը որդեգրել է հակակոռուպցիոն համապարփակ օրենսդրական շրջանակ, որը թույլ կտա ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն կառույցներ, այդ թվում՝ քննչական և դատախազական մարմիններ: 

4. Էթիկայի կանոնագրքի ընդունում 

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր (2010թ.) 

  • Ուսուցողական ծրագրերի ստեղծում և հակակոռուպցիոն էթիկայի կանոնագրքերի ընդունում այն պետական մարմինների պաշտոնյաների համար, որոնք առնչվում են արտասահմանյան ու ներքին անձնագրերի և այլ հիմնարար փաստաթղթերի հետ։ Նպատակն է՝ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և բարձրացնել վստահությունը փաստաթղթերի տրամադրման համակարգի նկատմամբ։ 
  • Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենսդրության գործարկում՝ ապահովելով անկախ հակակոռուպցիոն գործակալության արդյունավետ գործունեությունը։ Էթիկայի կանոնագրքերի մշակում և հակակոռուպցիոն դասընթացների կազմակերպում, հատկապես՝ իրավապահ մարմինների և դատական համակարգի պաշտոնյաների համար։ 
  • Ուսուցողական ծրագրերի ստեղծում և հակակոռուպցիոն էթիկայի կանոնագրքերի ընդունում, մասնավորապես, սահմանապահների, մաքսային ծառայողների և սահմանների կառավարման մեջ ներգրավված այլ պաշտոնյաների համար։ 

Առաջընթացի երրորդ զեկույց (2013թ.) 

Էթիկայի կանոնագիրքն արդեն իսկ ընդունվել էր 2011 թվականին՝ կենտրոնանալով քաղաքացիական ծառայության անաչառության, գույքի հայտարարագրման և ազդարարների (whistle-blowers) վերաբերյալ կանոնների վրա, իսկ Ուկրաինայի ներքին գործերի մարմինների աշխատակիցների համար ավելի ընդհանուր կանոնագիրք ընդունվեց 2012 թվականին։ Անհրաժեշտ է պարզել, թե արդյոք կարիք կա թարմացումների՝ հակակոռուպցիոն ընդհանուր օրենսդրական դաշտում տեղի ունեցած հետագա փոփոխությունների պատճառով։ 

Սահմանների կառավարման ոլորտում առկա են բոլոր անհրաժեշտ օրենքներն ու ինստիտուցիոնալ հիմքերը, ներառյալ՝ վերապատրաստման ծրագրերն ու կոռուպցիայի դեմ պայքարի էթիկայի կանոնագրքերը։ Գերատեսչությունների միջև տեղեկատվության փոխանակումը պետք է բարելավվի տարածաշրջանային և տեղական մակարդակներում տվյալների փոխանակման հնարավորության միջոցով։ 

Առաջընթացի հինգերորդ զեկույց (2015թ. մայիս) 

Զեկույցն անդրադառնում է նաև պետական պաշտոնյաների էթիկական չափանիշների և անկողմնակալության կանոնների հզորացման անհրաժեշտությանը։ 

  • Քաղաքացիական ծառայողների համար անկողմնակալության և պատասխանատվության չափանիշների ներդրում՝ որպես ավելի լայն հակակոռուպցիոն բարեփոխումների մաս։ 
  • Պետական պաշտոնյաների, այդ թվում՝ իրավապահ մարմինների, միգրացիոն ծառայությունների և սահմանների կառավարման ոլորտի աշխատակիցների վարքագիծը կարգավորող կանոնների սահմանում։ 
  • Մասնագիտական չափանիշների և էթիկական պարտավորությունների ամրապնդում հանրային կառավարման համակարգում՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը և կոռուպցիան կանխելու նպատակով։ 

Մամուլի վերջին հաղորդագրություն (2015թ. մայիս) 

  • Այնպիսի հիմքերի ընդունում, որոնք պետական պաշտոնյաներից պահանջում են հետևել էթիկական և մասնագիտական հստակ չափանիշների։ 
  • Էթիկական վարքագծի կանոնների ներառում ավելի լայն հակակոռուպցիոն և կառավարման բարեփոխումների մեջ։ 

Արդյունքը 

Եվրոպական միության և Ուկրաինայի միջև վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հանգեցրեց բարեփոխումների համապարփակ և վերահսկվող գործընթացի հաջող ավարտին, ինչի արդյունքում Ուկրաինայի քաղաքացիների համար սահմանվեց առանց վիզայի ռեժիմ։ 2015 թվականի դեկտեմբերին հրապարակված վերջնական գնահատականը հաստատեց, որ Ուկրաինան կատարել է բոլոր անհրաժեշտ չափորոշիչները՝ նշանավորելով ՎԱԳԾ գործընթացի հաջող ավարտը։ 2016 թվականի ապրիլին այս դրական գնահատականի հիման վրա Եվրոպական հանձնաժողովն առաջարկեց չեղարկել վիզային պահանջները Ուկրաինայի քաղաքացիների համար։ 

Հետագայում՝ 2017 թվականի հունիսի 11-ին, ուժի մեջ մտավ Ուկրաինան այն երրորդ երկրների ցանկին դասելու որոշումը, որոնց քաղաքացիներն ազատված են վիզայի պահանջից։ Այդ օրվանից կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիներին իրավունք տրվեց առանց վիզայի ճամփորդել Շենգենյան գոտի՝ կարճատև այցերի նպատակով։ 2017 թվականի հունիսից գործող այս կարգը կենսաչափական անձնագրերով քաղաքացիներին թույլ է տալիս ցանկացած 180 օրվա ընթացքում, մինչև 90 օր ժամկետով, առանց վիզայի մուտք գործել ԵՄ/Շենգենյան գոտի՝ զբոսաշրջության, գործնական կամ ընտանեկան այցերի նպատակով, նպաստելով ԵՄ-Ուկրաինա կապերի սերտացմանը։ Այս քայլը զգալիորեն ավելացրեց ճամփորդությունների թիվը, խթանեց զբոսաշրջությունն ու բիզնեսը, նպաստեց կառուցվածքային բարեփոխումներին և բարելավեց սահմանների կառավարման անվտանգությունը։ 

Ճամփորդության հեշտացումը հանգեցրեց Ուկրաինայից դեպի Եվրոպական միություն այցելությունների զգալի աճի, ինչն իր հերթին ամրապնդեց մշակութային և տնտեսական կապերը երկու կողմերի միջև։ Որպես վիզաների ազատականացման նախապայման՝ Ուկրաինան իրականացրեց անվտանգային և իրավական զգալի բարեփոխումներ՝ թարմացնելով իր օրենսդրական դաշտը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սահմանային վերահսկողությունը, միգրացիան և հակակոռուպցիոն պայքարը։ Չնայած նախնական մտահոգություններին՝ ապօրինի միգրացիայի կամ համակարգի չարաշահումների կտրուկ աճ չարձանագրվեց՝ համաձայն «Ֆրոնտեքս» (Frontex) գործակալության զեկույցների։ Գործընթացը նաև նպաստեց անվտանգության ոլորտում համագործակցության բարելավմանը, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի և փաստաթղթերի անվտանգության ամրապնդման հարցերում։ Վերջապես, Ուկրաինան շարունակում է պահպանել սահմանված պայմանները, մինչդեռ Եվրոպական միությունը շարունակում է կանոնավոր մոնիտորինգը՝ ապահովելու կառուցվածքային բարեփոխումների շարունակականությունը, հատկապես՝ հակակոռուպցիոն ոլորտում։ 

Մոլդովա (թեկնածուի կարգավիճակ՝ 2022թ-ից, անդամակցության բանակցություններ՝ 2024թ) 

Նախապատմություն 
ԵՄ-Մոլդովայի Հանրապետություն ԵՀՔ (Եվրոպական հարևանության քաղաքականություն) գործողությունների ծրագրի «Արդարադատություն և ներքին գործեր» բաժինը, որը գործում է 2005 թվականից, հիմք է հանդիսանում «ազատություն, անվտանգություն և արդարադատություն» ոլորտում երկկողմ համագործակցության համար։ Այս ոլորտում առաջնահերթությունները պարբերաբար վերահսկվում են ԵՄ-Մոլդովա համապատասխան ենթակոմիտեի նիստերի միջոցով։ Որպես առաջին քայլ 2008 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտան ԵՄ-Մոլդովա վիզաների տրամադրման հեշտացման և հետընդունման (ռեադմիսիա) մասին համաձայնագրերը։ 2008 թվականի հունիսի 5-ին ստորագրվեց ավելի լայն՝ ԵՄ-Մոլդովա «Շարժունակության գործընկերություն»։ 2010 թվականի մարտի 2-ին Քիշնևում կայացած նախնական քննարկումներից հետո, որոնք թույլ տվեցին իրականացնել փաստերի նախնական հավաքագրում, 2010 թվականի հունիսի 15-ին պաշտոնապես մեկնարկեց վիզային երկխոսությունը, որի հեռահար նպատակն էր Մոլդովայի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի երթևեկության պայմանների ուսումնասիրումը։ Մոլդովայի Հանրապետությունն արդեն իսկ ազատել է ԵՄ քաղաքացիներին վիզայի պահանջից։ 2010 թվականի հոկտեմբերի 25-ին Խորհուրդը հանձնաժողովին հանձնարարեց պատրաստել գործողությունների ծրագրի նախագիծ, որտեղ կսահմանվեն բոլոր այն պայմանները, որոնք Մոլդովան պետք է կատարի նախքան առանց վիզայի ռեժիմի հնարավոր հաստատումը։ 

Ժամանակագրություն 

  • 2010թ հունիսի 15 – Մեկնարկեց ԵՄ-Մոլդովա վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, իսկ 2011թ հունվարին Մոլդովայի իշխանություններին ներկայացվեց ՎԱԳԾ-ն։ 
  • 2011թ սեպտեմբեր – Հրապարակվեց Մոլդովայի վերաբերյալ առաջին առաջընթացի զեկույցը։ 
  • 2012թ փետրվար – Հրապարակվեց Մոլդովայի վերաբերյալ երկրորդ առաջընթացի զեկույցը։ 
  • 2012թ հունիս – Հրապարակվեց Մոլդովայի վերաբերյալ երրորդ առաջընթացի զեկույցը։ 
  • 2012թ օգոստոս – Հրապարակվեց զեկույց՝ Մոլդովայի համար վիզաների հնարավոր ազատականացման դեպքում ԵՄ-ի վրա միգրացիոն և անվտանգային ազդեցությունների վերաբերյալ։ 
  • 2013թ հունիս – Հրապարակվեց Մոլդովայի վերաբերյալ չորրորդ առաջընթացի զեկույցը։ 
  • 2013թ նոյեմբեր – Հրապարակվեց Մոլդովայի վերաբերյալ հինգերորդ (եզրափակիչ) առաջընթացի զեկույցը։ 
  • 2013թ նոյեմբերի 27 – Եվրոպական հանձնաժողովն առաջարկեց թույլատրել Շենգենյան գոտի առանց վիզայի ճամփորդությունը կենսաչափական անձնագիր ունեցող Մոլդովայի քաղաքացիների համար։ Այս առաջարկը հիմնված էր Մոլդովայի կողմից ՎԱԳԾ-ով սահմանված բոլոր չափորոշիչների հաջող իրականացման վրա։ 
  • 2014 թ ապրիլի 28 – Ուժի մեջ մտավ Մոլդովան վիզայի պահանջից ազատված երրորդ երկրների ցանկին դասելու որոշումը։ Այդ օրվանից վերացվեց վիզայի պահանջը կենսաչափական անձնագիր ունեցող Մոլդովայի քաղաքացիների համար՝ կարճատև այցերի դեպքում։ 

1. Անցում կենսաչափական անձնագրերի. իրավական շրջանակը և իրականացումը 

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր (2011թ. հունվար) 

  • ՎԱԳԾ-ն հստակեցնում էր, որ վիզայի պահանջի չեղարկումը կտարածվի միայն կենսաչափական անձնագրեր ունեցող Մոլդովայի քաղաքացիների վրա, հետևաբար, հին նմուշի անձնագիր ունեցողների համար ռիսկերը չեն վերլուծվել։ 
  • Եթե անձը հաստատող և ճամփորդական փաստաթղթերի տրամադրման ու դրանց անվտանգության կանոնները խստորեն չպահպանվեին (ներառյալ ICAO չափանիշներին համապատասխանությունը), ապա առանձին անձինք կամ կազմակերպված հանցավոր խմբերը կարող էին փորձել օգտվել առկա բացթողումներից։ 
  • Մոլդովան մշակեց նույնականացման և փաստաթղթավորման ընթացակարգերի համապարփակ իրավական դաշտ, հատկապես՝ այն քաղաքացիների համար, որոնց ինքնությունը կարիք ուներ լրացուցիչ ստուգման նախքան անձնագիր տրամադրելը։ 
  • Հատուկ ընթացակարգեր ստեղծվեցին Մերձդնեստրի տարածաշրջանի բնակիչների համար՝ կիրառելով լրացուցիչ ստուգումներ ընտանեկան կապը հաստատող հիմնարար փաստաթղթերի միջոցով (օրինակ՝ ծննդյան կամ ամուսնության վկայականներ)։ 

Երրորդ առաջընթացի զեկույց (2011թ. սեպտեմբեր) 

  • Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային կրիչներով (չիպերով) և կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրում։ 
  • Ինքնությունը հաստատող փաստաթղթերի և անձնագրերի տրամադրումը կարգավորող իրավական դաշտի հզորացում։ 
  • Կենսաչափական անձնագրերի արտադրության, անհատականացման և բաշխման անվտանգ ընթացակարգերի սահմանում։ 
  • Կորած և գողացված անձնագրերի մասին միջազգային տվյալների բազաներին տեղեկացնելու մեխանիզմների մշակում, ինչը նպաստում է փաստաթղթերի հետ կապված զեղծարարությունների կանխմանը։ 

Զեկույց՝ Մոլդովայի համար վիզաների հնարավոր ազատականացման դեպքում ԵՄ-ի վրա միգրացիոն և անվտանգային ազդեցությունների վերաբերյալ (2012թ. օգոստոս) 
Զեկույցում ընդգծվում է կենսաչափական անձնագրերի և ինքնության անվտանգ ստուգման կարևորությունը՝ որպես առանց վիզայի ճամփորդության նախապայման։ 

  • Առանց վիզայի ռեժիմը կտարածվի միայն Մոլդովայի այն քաղաքացիների վրա, որոնք ունեն անվտանգության հավելյալ տարրերով օժտված կենսաչափական անձնագրեր։ 
  • Մոլդովան սահմանել է կենսաչափական անձնագրերի տրամադրման և նախքան փաստաթղթավորումը ինքնության տվյալների ստուգման ընթացակարգեր։ 
  • Իշխանությունները մշակել են անձանց նույնականացման իրավական շրջանակ, հատկապես՝ Մերձդնեստրի տարածաշրջանի բնակիչների համար, հիմնվելով լրացուցիչ փաստաթղթերի վրա, ինչպիսիք են ընտանեկան արխիվները, ամուսնության վկայականները և այլ հիմնարար փաստաթղթեր։ 
    Մոլդովայից պահանջվում էր նաև կորած և գողացված կենսաչափական անձնագրերի վերաբերյալ տվյալները փոխանցել միջազգային բազաներին, օրինակ՝ Ինտերպոլին։ Այս միջոցառումների նպատակն էր երաշխավորել, որ մոլդովական ճամփորդական փաստաթղթերը լինեն անվտանգ և վստահելի ԵՄ սահմանային մարմինների համար։ 

Չորրորդ առաջընթացի զեկույց (2013թ. հունիս) 

Զեկույցը հաստատում է, որ Մոլդովան հաջողությամբ ներդրել է կենսաչափական անձնագրերի տրամադրման անվտանգ համակարգ։ Այս բարեփոխումներն ապահովել են մոլդովական ճամփորդական փաստաթղթերի համապատասխանությունը ԵՄ անվտանգային պահանջներին, ինչն առանց վիզայի ռեժիմի հիմնարար պայմանն էր։ 
2011թ. հունվարից Մոլդովայի Հանրապետությունը տրամադրում է բացառապես կենսաչափական անձնագրեր (սովորական, դիվանագիտական, պաշտոնական և քաղաքացիություն չունեցող անձանց համար)՝ կիրառելով «մեկ անձնագիր, մեկ փաստաթուղթ» սկզբունքը։ 

2011թ. հուլիսի 1-ից ներդրվել են մոլդովական կենսաչափական անձնագրերի՝ անվտանգության տարրերով նոր նմուշներ։ 2012թ. դեկտեմբերին ուղարկվել են դիվանագիտական և ծառայողական կենսաչափական անձնագրերի՝ անվտանգության տարրերով 65 նոր նմուշներ։ 

2012թ. հունվարի 1-ից արտերկրում բնակվող Մոլդովայի քաղաքացիները կարող են դիմումներ ներկայացնել Մոլդովայի դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ՝ կենսաչափական անձնագիր ստանալու համար։ Արտերկրում Մոլդովայի բոլոր դեսպանատներն ու հյուպատոսությունները, առանց բացառության, համալրվել են դիմումատուներից կենսաչափական տվյալներ հավաքագրելու հատուկ սարքավորումներով։ Այս նոր կենսաչափական անձնագիրը համապատասխանում է ICAO չափանիշներին և պարունակում է կազմակերպության կողմից հանձնարարված անվտանգության մի շարք տարրեր։ 

2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ շրջանառության մեջ է եղել Մոլդովայի քաղաքացիների 2․514․335 անձնագիր, որոնցից 487․745-ը (19.3%) եղել են կենսաչափական։ Ոչ կենսաչափական անձնագրերի ամբողջական դուրսբերումը շրջանառությունից նախատեսված է մինչև 2020 թվականի վերջը։ 

Մեկից ավելի ինքնություն օգտագործելու հնարավորությունը խիստ սահմանափակ է՝ հաշվի առնելով Բնակչության պետական ռեգիստրի (ԲՊՌ) առկայությունը, որը պարունակում է հսկայական ծավալի տվյալներ յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ։ Անձնագրերում կենսաչափական տվյալների ներառումն «ամրագրում» է տիրոջ ինքնությունը և կանխում այլ տվյալների օգտագործումը։ 

ICAO չափանիշներին համապատասխանող կենսաչափական անձնագրերն արդեն բաշխվում են, իսկ հին նմուշի անձնագրերն արագորեն դուրս են բերվում շրջանառությունից։ 

Մոլդովայի իշխանությունների տվյալներով՝ Մերձդնեստրի տարածաշրջանի բնակչությունը կազմում է 509․400 մարդ, որոնց 55%-ը Մոլդովայի քաղաքացիներ են, իսկ 33․128-ն ունեն Մոլդովայի կենսաչափական անձնագրեր։ 

Հինգերորդ առաջընթացի զեկույց (2013թ. նոյեմբեր) 

  • ԵՄ և միջազգային չափանիշներին համապատասխանող կենսաչափական անձնագրերի անվտանգ համակարգի ներդրում։ 
  • Էլեկտրոնային կրիչներով (չիպերով) և կենսաչափական տվյալներով անձնագրերի թողարկում։ 
  • Համապատասխանություն էլեկտրոնային եղանակով ընթերցվող ճամփորդական փաստաթղթերի միջազգային չափանիշներին։ 
  • Կորած և գողացված անձնագրերի մասին միջազգային տվյալների բազաներին տեղեկացնելու մեխանիզմների մշակում, ինչը նպաստում է փաստաթղթերի հետ կապված զեղծարարությունների կանխմանը։ 
  • ICAO չափանիշներին համապատասխանող կենսաչափական անձնագրերի աստիճանական ներդրում, այդ թվում՝ արտերկրում Մոլդովայի հյուպատոսություններում, և հին նմուշի անձնագրերի շրջանառությունից հանում։ 

2011թ. հունվարի 1-ից Մոլդովայի Հանրապետությունը տրամադրում է բացառապես կենսաչափական անձնագրեր՝ ICAO չափանիշներին լիարժեք համապատասխանությամբ, իսկ անհրաժեշտ ողջ օրենսդրական դաշտը ձևավորված է և գործարկվում է: Ապահովված են ինքնության անվտանգ կառավարման ամբողջական ռազմավարական հիմքերը։ Անձնագրերի ներկայիս նմուշները փորձաքննություն են անցել ֆրանսիական Ingelis Expertise ընկերության կողմից և 2010թ. սեպտեմբերին ճանաչվել են ICAO չափանիշներին լիովին համապատասխանող։ Բացի այդ, 2013թ. հունիսի 11-ին Մոլդովայի Հանրապետությունը դարձավ ICAO «Հանրային բանալիների տեղեկատու»-ի 38-րդ անդամը, իսկ պետական տեղեկատվական ռեսուրսների «Registru» կենտրոնը 2013թ. սեպտեմբերին ստացավ վեց համապատասխան հավաստագիր։ Կենսաչափական տվյալների հավաքագրումն ու կառավարումն իրականացվում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի լիարժեք պահպանմամբ։ 

Մինչև 2011թ. հունվարի 1-ը Մոլդովայի տարածքում և մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը արտերկրում տրամադրված ոչ կենսաչափական անձնագրերը վավերական կլինեն մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։ 2013թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ շրջանառության մեջ է եղել Մոլդովայի քաղաքացիների 2․623․225 անձնագիր, որոնցից 680․836-ը (կամ 25.19%-ը) եղել են կենսաչափական։ Ոչ կենսաչափական անձնագրերի ամբողջական դուրսբերումը շրջանառությունից նախատեսված է 2020 թվականին։ 

Ինտեգրված չիպերով կենսաչափական անձնագրերի թողարկումն սկսելու նպատակով «Registru» կենտրոնը և «Gemalto» բաժնետիրական ընկերությունը 2013թ. սեպտեմբերի 27-ին ստորագրեցին անհպում էլեկտրոնային կրիչով անձնագրերի արտադրության և մատակարարման պայմանագիր։ Պայմանագիրը սեպտեմբերի 30-ին ներկայացվել է ֆինանսների նախարարության պետական գնումների գործակալություն՝ գրանցման նպատակով, և ուժի մեջ կմտնի գրանցումից հետո։ Նոր նմուշի անձնագրերի թողարկումը նախատեսվում է 2015 թվականի առաջին եռամսյակում։ 

2. Նոր քաղաքացիների գրանցում և բնակչության ռեգիստրների կառավարում. փաստաթղթերի անվտանգության համակարգեր 

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր (2011թ. հունվար) 

  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգի հզորացում՝ ինքնության փոփոխությունները վերահսկելու և հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով։ 
  • Հիմնարար փաստաթղթերի (անձնագիր ստանալու հիմք հանդիսացող փաստաթղթեր, օրինակ՝ ծննդյան վկայականներ) կառավարման և ստուգման բարելավում։ 
  • Անվան կամ ինքնության փոփոխության վերաբերյալ հստակ կանոնների սահմանում, որոնք այլապես կարող են օգտագործվել զեղծարարությամբ նոր անձնագրեր ստանալու համար։ 
  • Քաղաքացիական հաշվառման շրջանակում հետագծելիության և վերահսկողության մեխանիզմների ներդրում՝ ինքնության տվյալների հուսալիությունը երաշխավորելու համար։ 
  • Համապատասխան ենթակառուցվածքների ապահովում (ներառյալ պահման կենտրոնները) և պատասխանատու մարմինների հզորացում՝ Մոլդովայի տարածքում անօրինական բնակվող կամ տարանցիկ անցնող երրորդ երկրների քաղաքացիների արդյունավետ արտաքսումն ապահովելու համար։ 

Երրորդ առաջընթացի զեկույց (2011թ. սեպտեմբեր) 

Ազգային վիրտուալ կենտրոնն օգտվում է «Registru» կոչվող տվյալների բազայից։ Այս բազան տեղեկություններ է տրամադրում անձանց, տրանսպորտային միջոցների, ընկերությունների (սեփականատերեր, գործունեության տեսակ և տրանսպորտային միջոցներ), վարորդական իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն է տալիս ստուգել տարբեր փաստաթղթեր, ինչպիսիք են անձնագրերը, ծննդյան վկայականները և սահմանհատումների տվյալները։ Քանի որ գոյություն ունեն տվյալների տարբեր բազաներ, որոնք գտնվում են տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ («Registru»-ն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարության, սահմանհատումների տվյալները՝ սահմանապահ ծառայության, անշարժ գույքի վերաբերյալ տվյալները՝ «Cadastru»-ի), կենտրոնն այս բազաներին հասանելիություն է ստանում կապի սպաների միջոցով։ 

2011թ. մայիսի 31-ին «Registru» կենտրոնի գլխավոր տնօրենի կողմից հաստատվել է «Կոռուպցիայի և հովանավորչության կանխարգելման որոշ միջոցառումների մասին» հրամանը, որին հաջորդել է «Բնակչության փաստաթղթավորման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կառավարման գործողությունների ծրագիրը» (2011թ. օգոստոսի 11)։ 2012թ. ապրիլի 5-ին հաստատվել է նաև «Բնակչության փաստաթղթավորման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կառավարման պլանը»։ 2011 թվականի և 2012 թվականի առաջին եռամսյակի ընթացքում տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար անցկացվել են վերապատրաստման դասընթացներ։ 

  • Ընթացակարգերի հզորացում՝ նախքան անձնագրերի տրամադրումը ինքնության տվյալների հուսալիությունն ապահովելու համար։ 

Զեկույց՝ Մոլդովայի համար վիզաների հնարավոր ազատականացման դեպքում ԵՄ-ի վրա միգրացիոն և անվտանգային ազդեցությունների վերաբերյալ (2012թ. օգոստոս) 

  • Քաղաքացիական հաշվառման համակարգի իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի հզորացում՝ քաղաքացիների ճշգրիտ նույնականացումն ապահովելու նպատակով։ 
  • Ինքնության (օրինակ՝ անվան) փոփոխման հստակ կանոնների սահմանում՝ զեղծարարությամբ նոր անձնագրեր ստանալու դեպքերը կանխելու համար։ 
  • Քաղաքացիական հաշվառման համակարգերում հետագծելիության և վերահսկողության մեխանիզմների ներդրում՝ ինքնության տվյալների մշտադիտարկման նպատակով։ 

Չորրորդ առաջընթացի զեկույց (2013թ. հունիս) 

  • Քաղաքացիական հաշվառման և բնակչության գրանցման համակարգի արդիականացում. 2012թ. հունվարին կայացած մրցույթի արդյունքների հիման վրա սահմանված «Էլեկտրոնային կրիչ անձնագրերի ներդրման համար» գնումների գործընթացը կասեցվել էր մինչև 2013թ. փետրվարը՝ իրավական բողոքարկման պատճառով, որը Մոլդովայի գերագույն դատարանի կողմից մերժվեց։ Ակնկալվում էր, որ մրցույթի հաղթողը և «Registru» կենտրոնը պայմանագիրը կստորագրեն 2013թ. ամռանը։ 
  • Քաղաքացիական հաշվառման տվյալները և նույնականացման փաստաթղթերի տրամադրման համակարգերը կապակցող անվտանգ վարչական տվյալների բազաների ստեղծում։ 
  • Տվյալների պաշտպանության կանոնների և ստուգման ընթացակարգերի հզորացում՝ ինքնության կեղծումը կանխելու նպատակով։ 
  • «Քաղաքացիական հաշվառման» իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի հզորացում՝ նոր անձնագիր ստանալու նպատակով անվան կամ ինքնության փոփոխության չարաշահումները կանխելու համար։ Անհրաժեշտ է սահմանել և կիրառել անվանափոխության հստակ կանոններ. իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը պետք է ամրապնդվի և ներառի արդյունավետ վերահսկողության ու հետագծելիության միջոցներ։ 

Առաջընթացի հինգերորդ զեկույց (2013թ. նոյեմբեր) 

Զեկույցն ընդգծում է ինքնության կառավարման և բնակչության հաշվառման համակարգերում արձանագրված բարելավումները: 

  • Նույնականացման փաստաթղթերի տրամադրման համար օգտագործվող քաղաքացիական հաշվառման և բնակչության գրանցման համակարգերի հզորացում։ 
  • Հիմնարար փաստաթղթերի (օրինակ՝ ծննդյան վկայականների և քաղաքացիական կացության ակտերի) կառավարման և ստուգման բարելավում։ 
  • Ինքնության տվյալների պահպանման և ստուգման համար անվտանգ տվյալների բազաների և վարչական ընթացակարգերի մշակում։ 
  • Կորած և գողացված կենսաչափական անձնագրերի վերաբերյալ տվյալների կանոնավոր փոխանակում ԵՄ մարմինների հետ, մասնավորապես՝ Ինտերպոլի «Կորած և գողացված ճամփորդական փաստաթղթերի» տվյալների բազայի միջոցով։ 
  • «Քաղաքացիական հաշվառման» իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի հզորացում՝ անվանափոխության կանոնների հստակ կիրառմամբ և հետագծելիության միջոցների ներդրմամբ։ 
  • Միգրացիոն մարմիններում տվյալների կառավարման և ռիսկերի վերլուծության կարողությունների հզորացում։ 

3. Հակակոռուպցիոն կարգավորումների հզորացում և հանրային իրազեկման միջոցառումներ 

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր (2011թ. հունվար) 

  • Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենսդրության կիրարկում՝ ապահովելով անկախ հակակոռուպցիոն գործակալության արդյունավետ գործունեությունը։ Էթիկայի կանոնագրքերի մշակում և հակակոռուպցիոն դասընթացների կազմակերպում, հատկապես՝ իրավապահ մարմինների և դատական համակարգի պաշտոնյաների համար։ 
  • Կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնի հակակոռուպցիոն գործառույթի ամրապնդում. կոռուպցիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինների միջև համակարգման և տեղեկատվության փոխանակման հզորացում։ 
  • Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցների ուժեղացում, հատկապես սահմանների կառավարման և հանրային վարչարարության համակարգի ոլորտներում։ 
  • Պատժամիջոցների սահմանում սեփական անձնագիրը վաճառող կամ այլ անձի տրամադրող մարդկանց համար, ինչը կարող է հանգեցնել առանց վիզայի ռեժիմի չարաշահման։ 
  • Տեղեկատվական արշավների իրականացում՝ պարզաբանելով առանց վիզայի ճամփորդության իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ՝ ԵՄ աշխատաշուկա մուտքի կանոնները և ռեժիմի չարաշահման համար նախատեսված տույժերը։ 
  • Մարդու իրավունքների պաշտպանության ազգային գործողությունների ծրագրի՝ խտրականության դեմ պայքարի միջոցառումների արդյունավետ իրականացում (այդ թվում՝ համապատասխան ռեսուրսների հատկացում). ռասիզմի, օտարատյացության (քսենոֆոբիայի), հակասեմականության և խտրականության այլ ձևերի դեմ ուղղված իրազեկման արշավներ. խտրականության դեմ պայքարի համար պատասխանատու մարմինների հզորացում։ 

Երրորդ առաջընթացի զեկույց (2012թ. հունիս) 

  • Վերապատրաստման ծրագրերի մշակում և հակակոռուպցիոն էթիկայի կանոնագրքերի ընդունում, մասնավորապես, ուղղված սահմանապահների, մաքսային ծառայողների և սահմանների կառավարման ոլորտի այլ պաշտոնյաների համար։  

ԵՄ սահմանային աջակցության առաքելության (EUBAM) հովանավորությամբ մեկնարկել են հակակոռուպցիոն մի շարք միջոցառումներ։ 

  • Ձևավորվել է օրենսդրական և ռազմավարական համապարփակ շրջանակ, որն այժմ գտնվում է ամրապնդման ակտիվ փուլում։ Մոլդովայի Հանրապետությունն ընդունել է և ընդունման փուլում է գտնվում օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնց նպատակն է օրենսդրական դաշտը համապատասխանեցնել եվրոպական և միջազգային հիմնական գործիքներին։ Ընդունվել են Հակակոռուպցիոն ռազմավարությունը և 2012-2013թթ. գործողությունների ծրագիրը։ Ընդունվել է «Տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի» (վերանվանվել է Ազգային հակակոռուպցիոն կենտրոն) մասին նոր օրենքը։ Ռազմավարական պլանավորումն ու կարիքների գնահատումը պետք է հետագայում բարելավվեն՝ արդյունավետ իրականացումն ապահովելու համար։ Հակակոռուպցիոն ոլորտի մարմինների կարողությունները, լիազորությունների բաշխումը և համագործակցությունը պետք է էլ ավելի հզորացվեն։ 

Զեկույց՝ Մոլդովայի համար վիզաների հնարավոր ազատականացման դեպքում ԵՄ-ի վրա միգրացիոն և անվտանգային ազդեցությունների վերաբերյալ (2012թ. օգոստոս) 
Հանձնաժողովն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի և առանց վիզայի ռեժիմի չարաշահումների կանխարգելման կարևորությունը։ 

  • Ջանքերի հզորացում կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ, հատկապես սահմանների կառավարման և միգրացիոն վարչարարության ոլորտներում։ 
  • Արդյունավետ և խիստ պատժամիջոցների սահմանում սեփական անձնագիրը վաճառող կամ այլ անձի տրամադրող մարդկանց համար։ 
  • Տեղեկատվական արշավների իրականացում՝ պարզաբանելով առանց վիզայի ճամփորդության իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ ԵՄ-ում աշխատանքի տեղավորման սահմանափակումները և ռեժիմի չարաշահման համար նախատեսված տույժերը։ 

Այս միջոցառումների նպատակն էր նվազեցնել անօրինական միգրացիայի, փաստաթղթերի հետ կապված զեղծարարությունների և կոռուպցիայի ռիսկերը։ 

Առաջընթացի չորրորդ զեկույց (2013թ. հունիս) 

Հանձնաժողովն արձանագրել է առաջընթաց հակակոռուպցիոն շրջանակի և հանրային կառավարման համակարգում անաչառության ամրապնդման հարցում։ 

  • Հակակոռուպցիոն օրենսդրության և ազգային հակակոռուպցիոն ռազմավարությունների ընդունում և իրականացում։ 
  • Համապատասխան ենթակառուցվածքների, տեխնիկական սարքավորումների, ՏՏ համակարգերի, ֆինանսական և մարդկային ռեսուրսների ապահովում՝ համաձայն ընդունվելիք սահմանների համալիր կառավարման (IBM) ռազմավարության և գործողությունների ծրագրի, ինչպես նաև վերապատրաստման ծրագրերի, հակակոռուպցիոն միջոցառումների և իրազեկման արշավների արդյունավետ իրականացում միգրացիայի կառավարման, իրավապահ և փաստաթղթերի տրամադրման ոլորտների պաշտոնյաների համար։ 
  • Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար պատասխանատու կառույցների ամրապնդում: 
  • Թափանցիկության և հաշվետվության բարելավում հանրային կառավարման համակարգում։ 

Հինգերորդ առաջընթացի զեկույց (2013թ. նոյեմբեր) 

Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն միջոցառումներին, ապա մշտապես իրականացվում են պլանային և հանկարծակի (չհայտարարված) ստուգումներ։ Հանկարծակի ստուգումների կազմակերպման նոր կանոնները հաստատվել են 2013թ. հունիսի 18-ի թիվ 51 հրամանով։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության կողմից մշակվել և 2013թ. հուլիսի 16-ի թիվ 58 հրամանով հաստատվել է անձնակազմի շրջանում կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ռազմավարությունը։ Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բնակչության հաշվառման և փաստաթղթավորման կենտրոնական ու տարածքային գրասենյակների ղեկավարությունը, ստորագրությամբ հաստատել են, որ ծանոթ են «Կոռուպցիայի և հովանավորչության կանխարգելման որոշ միջոցառումների մասին» հրամանին։ 

Ինչ վերաբերում է վերապատրաստումներին, ապա քրեական գործերով դատական համագործակցության և փոխադարձ իրավական օգնության հարցումների մշակման մեթոդաբանությունը համապատասխանեցնելու նպատակով 2012թ. դեկտեմբերին տարածքային և մասնագիտացված դատախազներին, դատավորներին ու իրավապահ այլ մարմիններին է բաժանվել «Միջազգային իրավական օգնության ուղեցույցը»։ Թե՛ դատախազները, թե՛ դատավորները մասնակցել են միջազգային և ազգային մակարդակների վերապատրաստումների ու սեմինարների, այդ թվում՝ Արդարադատության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված։ 
ԵՄ անդամ պետությունների հետ քրեական գործերով դատավորների և դատախազների դատական համագործակցության բարձր արդյունավետություն։ 

4. Էթիկայի կանոնագրքի ընդունում 

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր (2011թ. հունվար) 

  • Ուսուցողական ծրագրերի մշակում և հակակոռուպցիոն էթիկայի կանոնագրքերի ընդունում՝ նախատեսված այն պաշտոնյաների համար, որոնք առնչվում են անձնագրերի, նույնականացման քարտերի և այլ հիմնարար փաստաթղթերի հետ: 

Առաջընթացի երրորդ զեկույց (2011թ. սեպտեմբեր) 

Զեկույցն ընդգծում է բարեփոխումները, որոնք ուղղված են հանրային կառավարման համակարգում էթիկական չափանիշների ամրապնդմանը: 

  • Վարքագծի կանոնագրքերի և մասնագիտական չափանիշների ներդրում պետական պաշտոնյաների, հատկապես՝ իրավապահ մարմինների և միգրացիոն ծառայությունների աշխատակիցների համար: 
  • Կարգապահական ընթացակարգերի խստացում և վերահսկողության մեխանիզմների ուժեղացում՝ թույլ տված խախտումներին արձագանքելու նպատակով: 
  • Բարեխղճության, հաշվետվողականության և թափանցիկության խթանում հանրային հատվածում՝ որպես կառավարման ավելի լայն բարեփոխումների մաս: 
  • «Քաղաքացիական հաշվառման և փաստաթղթերի տրամադրման ոլորտի անձնակազմի էթիկայի կանոնագիրքը» ընդունվել է 2011թ. ապրիլի 1-ին: Այն հղում է անում աշխատանքային օրենսգրքին՝ դրույթների խախտման դեպքում պատժամիջոցներ կիրառելու համար: Կանոնագիրքը սահմանում է դրույթներ շահերի բախման, պաշտոնների անհամատեղելիության և իրավախախտումների մասին տեղեկացնելու պարտավորության վերաբերյալ: 
    Այս միջոցառումները նպատակ ունեին ամրապնդել էթիկական վարքագիծը և հանրային վստահությունը միգրացիայի ու փաստաթղթերի կառավարման համար պատասխանատու կառույցների նկատմամբ: 

Զեկույց Մոլդովայի համար վիզաների հնարավոր ազատականացման դեպքում ԵՄ-ի վրա միգրացիոն և անվտանգային ազդեցությունների վերաբերյալ (2012թ. փետրվար) 

  • Կոռուպցիայի կանխարգելում և դրա դեմ պայքար կառավարման բոլոր մակարդակներում: 
  • Վերահսկողության արդյունավետ մեխանիզմների և պատժամիջոցների սահմանում միգրացիայի կառավարման և նույնականացման փաստաթղթերի համակարգերում թույլ տված խախտումների համար: 

Առաջընթացի չորրորդ զեկույց (2013թ. հունիս) 

  • Պետության կողմից հովանավորվող ինտեգրման միջոցառումների ֆինանսավորման ավելացում և ընդունման կենտրոն(ներ)ի անձնակազմի համար էթիկայի կանոնագրքի մշակում: 

Առաջընթացի հինգերորդ զեկույց (2013թ. նոյեմբեր) 
Զեկույցում շեշտվում է հանրային կառավարման համակարգում բարեխղճության և էթիկական չափանիշների բարելավումը: 

  • Քաղաքացիական ծառայողների համար հաշվետվողականության և մասնագիտական վարքագծի կանոնների խստացում, հատկապես՝ միգրացիոն ծառայություններում և իրավապահ մարմիններում: 
  • Թափանցիկության և անաչառության խթանում հանրային կառավարման համակարգի մեջ՝ որպես իրավունքի գերակայությանն ուղղված ավելի լայն բարեփոխումների մաս: 
  • Աջակցություն արդարադատության և վարչական համակարգերի բարեփոխումներին, ներառյալ՝ կառավարման բարեփոխումներն ու ինստիտուցիոնալ վերահսկողության մեխանիզմները: 
  • Քաղաքացիական հաշվառման և փաստաթղթերի տրամադրման ոլորտի անձնակազմի էթիկայի կանոնագիրքը գործում է 2011թ. ապրիլի 1-ից: 2012 թվականին արձանագրվել է էթիկայի կանոնագրքի մեկ խախտում, և աշխատակիցը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության «Registru» կենտրոնի ներքին հրամանով: 2013 թվականին նման դեպքեր չեն գրանցվել: 

Արդյունքը 

2008 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտավ Եվրոպական միության և Մոլդովայի Հանրապետության միջև վիզային ռեժիմի հեշտացման մասին համաձայնագիրը, որին հաջորդեց 2008թ. հունիսի 5-ին ավելի լայն՝ ԵՄ-Մոլդովա շարժունակության գործընկերության ստորագրումը: 2010 թվականի մարտի 2-ին Քիշնևում կայացած նախնական քննարկումներից հետո, 2010թ. հունիսի 15-ին պաշտոնապես մեկնարկեց ԵՄ-Մոլդովա վիզային երկխոսությունը, որի հեռահար նպատակը Մոլդովայի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի ճամփորդության պայմանների ուսումնասիրումն էր: Հետագայում՝ 2010թ. հոկտեմբերի 25-ին, խորհուրդը հանձնաժողովին հանձնարարեց պատրաստել գործողությունների ծրագրի նախագիծ, որը կսահմանի բոլոր այն պայմանները, որոնք Մոլդովան պետք է կատարի նախքան առանց վիզայի ռեժիմի հնարավոր հաստատումը: 

Որպես այս նպատակի իրագործման առաջին քայլ՝ Մոլդովայի քաղաքացիներն օգտվեցին վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրից, որը հետագայում լրամշակվեց և ուժի մեջ մտավ 2013թ. հուլիսի 1-ին: Այս համաձայնագրով վիզայի վճարը 60 եվրոյի փոխարեն դարձավ 35 եվրո, իսկ դիմումատուների լայն շրջանակներ, այդ թվում՝ երեխաները, թոշակառուները, ուսանողները, ԵՄ-ում բնակվող ընտանիքի անդամներին այցելողները, բժշկական օգնության կարիք ունեցողները, ԵՄ ընկերությունների հետ համագործակցող գործարարները, մշակութային փոխանակումների մասնակիցներն ու լրագրողները, ազատվեցին վճարից: Այն նաև պարզեցրեց ու արագացրեց ընթացակարգերը և դյուրացրեց երկարաժամկետ բազմակի մուտքի վիզաների տրամադրումը: ՎԱԳԾ-ն Մոլդովայի իշխանություններին ներկայացվեց 2011թ. հունվարին, իսկ իրականացման վերաբերյալ հինգերորդ զեկույցում Եվրոպական հանձնաժողովը եզրակացրեց, որ Մոլդովան կատարել է երկրորդ փուլի չորս բլոկներով սահմանված բոլոր չափորոշիչները: Մասնավորապես, Մոլդովան հաջողությամբ բարեփոխեց իր ներքին գործերի նախարարությունը, ապահովեց քրեական գործերով շարունակական դատական համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների հետ, ամրապնդեց միջազգային ոստիկանական համագործակցությունը և ստեղծեց ամուր հիմքեր Ուկրաինայի հետ սահմանների կառավարման ոլորտում սերտ համագործակցության համար: 

Լրացուցիչ ջանքեր ներդրվեցին նաև «Հավասարության ապահովման մասին» օրենքի, մարդու իրավունքների պաշտպանության ազգային գործողությունների ծրագրի իրականացման և մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակի ամրապնդման ուղղությամբ: 2013 թվականի նոյեմբերին Հանձնաժողովն առաջարկեց Մոլդովան դասել այն երրորդ երկրների ցանկին, որոնց քաղաքացիներն ազատված են վիզայի պահանջից (կենսաչափական անձնագիր ունեցողների համար): Մոլդովայի արագ առաջընթացն ու բարեփոխումների արդյունավետ իրականացումը նրան դարձրին տարածաշրջանի «օրինակելի աշակերտ»: ՎԱԳԾ-ն նպաստեց վարչական կարողությունների զգալի բարելավմանը, հատկապես՝ սահմանային վերահսկողության և միգրացիայի կառավարման ոլորտներում, միաժամանակ ամրապնդելով իրավունքի գերակայության հետ կապված իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը: Ավելի լայն իմաստով՝ Մոլդովայի դեպքը ցույց է տալիս, թե ինչպես ԵՄ պայմանականությունը (conditionality), զուգորդված ուժեղ քաղաքական կամքի հետ, կարող է տալ արագ և շոշափելի արդյունքներ՝ քաղաքացիներին տրամադրելով ազատ տեղաշարժի հնարավորություն և միաժամանակ ապահովելով համապատասխանությունը ԵՄ նորմերին ու չափանիշներին: Նույն ժամանակահատվածում Մոլդովայի քաղաքացիների կողմից Շենգենյան կարճաժամկետ վիզաների դիմումների թիվը մնացել է կայուն՝ տարեկան 50-55 հզ-ի սահմաններում, մինչդեռ մերժումների մակարդակը զգալիորեն նվազել է՝ 2010թ. 11.4%-ից 2012 թ. հասնելով 6.5%-ի: 

Վրաստան (թեկնածուի կարգավիճակ՝ 2023 թվականից, գործընթացը կասեցված է) 

Նախապատմություն 
Եվրոպական միության և Վրաստանի միջև հարաբերությունները հիմնված են 1999 թվականին ստորագրված Գործընկերության և համագործակցության համաձայնագրի (PCA) վրա, որը հիմք դրեց քաղաքական և տնտեսական փոխգործակցության համար։ Այս համագործակցությունն ամրապնդվեց 2006 թվականին ընդունված ԵՄ-Վրաստան Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրով, մասնավորապես, «Արդարադատություն, ազատություն և անվտանգություն» ոլորտում, որտեղ առաջնահերթությունների կատարումը վերահսկվում է պարբերական հանդիպումների միջոցով։ Շարժունակությունը բարելավելու նպատակով ԵՄ-ը և Վրաստանը 2009 թվականին հաստատեցին շարժունակության գործընկերություն, որին ներգրավված են ԵՄ 16 անդամ պետություններ։ Այս գործընկերության առանցքում օրինական միգրացիայի հեշտացումն է, միգրացիայի խթանումը՝ ի նպաստ զարգացման, պայքարն անօրինական միգրացիայի դեմ, ինչպես նաև՝ ապաստանի տրամադրման և միջազգային պաշտպանության համակարգերի ուժեղացումը: Վիզաների ազատականացմանն ուղղված հետագա քայլերը ներառում էին 2011 թվականին ուժի մեջ մտած վիզային ռեժիմի հեշտացման և հետընդունման (ռեադմիսիա) մասին համաձայնագրերը, մինչդեռ ԵՄ քաղաքացիները դեռ 2006 թվականից հնարավորություն ունեին Վրաստան այցելել առանց վիզայի։ ԵՄ-ը վերահաստատել է իր հեռահար նպատակը՝ Վրաստանի քաղաքացիների համար սահմանել առանց վիզայի ճամփորդության ռեժիմ՝ պայմանով, որ Վրաստանը կապահովի անվտանգ և պատշաճ կառավարվող շարժունակություն։ 2012 թվականին ԵՄ-ը Վրաստանի հետ մեկնարկեց վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն՝ հիմնվելով համապատասխան ոլորտներում իրականացված բարեփոխումների վերաբերյալ Վրաստանի ներկայացրած զեկույցի վրա։ ԵՄ-ը կրկին հայտնեց իր պատրաստակամությունը՝ չեղարկել վիզային պահանջները անհրաժեշտ պայմանների կատարումից հետո։ 

Ժամանակագրություն 
ԵՄ-Վրաստան վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկել է 2012թ. հունիսի 4-ին, իսկ ՎԱԳԾ-ն Վրաստանի իշխանություններին է ներկայացվել 2013թ. փետրվարի 25-ին։ 

  • 2013թ նոյեմբեր – Հրապարակվեց Վրաստանի վերաբերյալ առաջին առաջընթացի զեկույցը։ 
  • 2014թ հոկտեմբեր – Հրապարակվեց Վրաստանի վերաբերյալ երկրորդ առաջընթացի զեկույցը։ 
  • 2015թ մայիս – Հրապարակվեց Վրաստանի վերաբերյալ երրորդ առաջընթացի զեկույցը։ 
  • 2015թ դեկտեմբեր – Հրապարակվեց Վրաստանի վերաբերյալ չորրորդ (եզրափակիչ) առաջընթացի զեկույցը։ 
  • 2016թ մարտ – Եվրոպական հանձնաժողովն առաջարկեց թույլատրել Շենգենյան գոտի առանց վիզայի ճամփորդությունը կենսաչափական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար։ Այս առաջարկը հիմնված էր Վրաստանի կողմից ՎԱԳԾ-ով սահմանված բոլոր չափորոշիչների հաջող իրականացման վրա։ 
  • 2017թ մարտի 28 – Ուժի մեջ մտավ Վրաստանը վիզայի պահանջից ազատված երրորդ երկրների ցանկին դասելու որոշումը։ Այդ օրվանից վերացվեց վիզայի պահանջը կենսաչափական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար՝ կարճատև այցերի դեպքում։ 

Մեթոդաբանություն 
Վրաստանի համար նախատեսված ՎԱԳԾ-ի մեթոդաբանությունը սահմանում է այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ի հետ առանց վիզայի ճամփորդության անվտանգ և պատշաճ կառավարվող ռեժիմ ապահովելու համար։ Գործողությունների ծրագիրը հարմարեցված է Վրաստանի յուրահատուկ իրավիճակին և հիմնված է վիզային երկխոսության նախնական փուլի արդյունքների վրա։ Այն կենտրոնանում է չորս առանցքային ուղղության վրա՝ փաստաթղթերի անվտանգություն (ներառյալ՝ կենսաչափական տվյալները), սահմանների համալիր կառավարում և միգրացիա, հասարակական կարգ և անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։ 

Բարեփոխումների գործընթացն ընթանում է երկփուլանի չափորոշիչների համակարգով։ Առաջին փուլը վերաբերում է օրենսդրական և ռազմավարական հիմքերի որդեգրմանը, երկրորդը՝ այդ միջոցառումների արդյունավետ և կայուն իրականացմանը։ Առաջընթացը վերահսկվում է Եվրոպական հանձնաժողովի զեկույցների, ԵՄ անդամ պետությունների փորձագետների կողմից տեղում իրականացվող գնահատումների և կատարողականի ցուցանիշների միջոցով (վիզաների մերժման մակարդակ, անօրինական միգրացիա, ապաստանի հայցեր և վերադարձի ընթացակարգեր)։ 

Գործընթացը հիմնված է կատարողականի վրա, ինչը նշանակում է, որ առաջընթացը կախված է չափորոշիչների փաստացի կատարումից, ոչ թե՝ ավտոմատ ժամկետներից։ Նախքան վիզաների ազատականացման առաջարկ ներկայացնելը, Եվրոպական հանձնաժողովը գնահատում է հնարավոր միգրացիոն և անվտանգային ազդեցությունները, ինչից հետո եվրոպական խորհրդարանն ու խորհուրդը որոշում են չեղարկել կենսաչափական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար կարճատև այցերի վիզայի պահանջը։ 

1 Անցում կենսաչափական անձնագրերի իրավական շրջանակը և իրականացումը 

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր (2013թ փետրվար) 
Գործողությունների ծրագիրը Վրաստանից պահանջում էր շարունակել փաստաթղթերի անվտանգության բարձր մակարդակի ապահովմանն ուղղված բարեփոխումները՝ ներառյալ կենսաչափական անձնագրերը, նույնականացման քարտերը և հիմնարար փաստաթղթերը։ Այս բարեփոխումները սահմանների ու միգրացիայի կառավարման, ապաստանի քաղաքականության, հասարակական կարգի և անվտանգության ամրապնդմանն ուղղված լայնածավալ ջանքերի մասն էին կազմում՝ ներառյալ մարդկանց տրաֆիկինգի և կոռուպցիայի դեմ պայքարը։ Այս բարեփոխումների շարունակական զարգացումը, նաև՝ ինստիտուցիոնալ մակարդակում, պետք է ապահովեր համապատասխանությունը ԵՄ և միջազգային չափանիշներին։ 

  • Քաղաքացիական կացության և հաշվառման համակարգերի ամբողջականության ու անվտանգության երաշխավորմանն ուղղված իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդում, այդ թվում՝ բնակչության միասնական ու անվտանգ էլեկտրոնային ռեգիստրի ստեղծում՝ տվյալների պաշտպանության բարձրագույն չափանիշներին համապատասխանող երաշխիքներով։ 
  • Էլեկտրոնային եղանակով ընթերցվող կենսաչափական անձնագրերի տրամադրման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի սահմանում, որը լիովին կհամապատասխանի ICAO-ի բարձրագույն չափանիշներին և առաջարկվող փորձին՝ հիմնված ինքնության անվտանգ կառավարման (քաղաքացիական ռեգիստր և հիմնարար փաստաթղթեր) և «մեկ անձ՝ մեկ փաստաթուղթ» սկզբունքի վրա (ներառյալ դիվանագիտական և ծառայողական անձնագրերը)։ 
  • Կենսաչափական անձնագրերի ամբողջական ներդրման հստակ ժամանակացույցի ընդունում (այդ թվում՝ արտերկրում Վրաստանի հյուպատոսություններում) և ICAO չափանիշներին չհամապատասխանող անձնագրերի շրջանառությունից ամբողջական դուրսբերման նպատակով։ 
  • ICAO չափանիշներին լիովին համապատասխանող կենսաչափական անձնագրերի աստիճանական ներդրում՝ հին անձնագրերի համակարգված հեռացմանը զուգահեռ։ 

Վրաստանի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ առաջընթացի երրորդ զեկույց (2015թ մայիս) 

Զեկույցը հաստատում է, որ ICAO չափանիշներին համապատասխանող կենսաչափական անձնագրերի ներդրումը հաջողությամբ իրականացվել է 1-ին բլոկի (փաստաթղթերի անվտանգություն) շրջանակներում։ Հանձնաժողովը գնահատել է առաջին փուլի չափորոշիչների կատարումը և նշել զգալի առաջընթաց ինքնության կառավարման անվտանգ համակարգի ստեղծման հարցում։ Կենսաչափական անձնագրերի համակարգը ճանաչվել է գործուն և միջազգային չափանիշներին համապատասխանող, ինչը կարճատև այցերը վիզայի պահանջից ազատելու հիմնական պայմաններից է։ 
Զեկույցում վերահաստատվել է ՎԱԳԾ-ի՝ չորս բլոկից և երկու փուլից բաղկացած կառուցվածքը, որտեղ փաստաթղթերի անվտանգությունը (ներառյալ՝ կենսաչափական տվյալները) հանդիսանում է վիզաների ազատականացման գործընթացի հիմնարար տարրը։ 

Վրաստանի վերաբերյալ առաջընթացի չորրորդ զեկույց (2015թ դեկտեմբեր) 
Զեկույցը հաստատում է, որ Վրաստանն արդեն իսկ կատարել է փաստաթղթերի անվտանգությանը (ներառյալ՝ կենսաչափական անձնագրերը) առնչվող բոլոր չափորոշիչները։ ICAO չափանիշներին համապատասխանող կենսաչափական անձնագրերի համակարգը լիարժեք գործում էր, և ստեղծվել էին ինքնության անվտանգ կառավարմանը նպաստող իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը։ 
Հանձնաժողովը նշում է, որ Վրաստանը հաջողությամբ ավարտին է հասցրել 1-ին բլոկի (փաստաթղթերի անվտանգություն) չափորոշիչները, և համակարգն ապահովում է համապատասխանությունը եվրոպական ու միջազգային չափանիշներին։ Սա ներառում էր «մեկ անձ՝ մեկ փաստաթուղթ» սկզբունքը և անձնագրերի տրամադրման անվտանգ ընթացակարգերի լիարժեք կիրառումը։ Այս ոլորտում արձանագրված առաջընթացը գնահատվել է որպես կայուն և արդյունավետ։ 

Հանձնաժողովի վերջնական օրենսդրական առաջարկը 

Սույն փաստաթուղթը (EC) թիվ 539/2001 կանոնակարգում փոփոխություն կատարելու առաջարկ է, որով նախատեսվում է Վրաստանը տեղափոխել երկրների ցանկից (որոնց քաղաքացիներից պահանջվում է վիզա [Հավելված I]) այն երկրների ցանկ (Հավելված II), որոնց քաղաքացիներն ազատված են վիզայի պահանջից։ 

Այս առաջարկի հիմքում ընկած առանցքային պայմանն այն է, որ վիզայի պահանջից ազատումը կտարածվի միայն կենսաչափական անձնագիր ունեցողների վրա։ Սա օրենսդրական գործընթացն ուղղակիորեն կապում է Վրաստանի կողմից ՎԱԳԾ-ի փաստաթղթերի անվտանգության չափորոշիչների կատարման, մասնավորապես՝ ICAO չափանիշներին համապատասխանող կենսաչափական անձնագրերի լիարժեք ներդրման հետ։ 
Առաջարկն արտացոլում է հանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ Վրաստանը կատարել է անհրաժեշտ չափորոշիչները, ինչը թույլ է տալիս ՎԱԳԾ-ի բարեփոխումների փուլից անցում կատարել օրենսդրական փուլի (ԵՄ վիզային կանոնների փոփոխություն)։ 

2. Նոր քաղաքացիների գրանցում և բնակչության ռեգիստրների կառավարում. փաստաթղթերի անվտանգության համակարգեր 

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր (2013թ փետրվար) 
Գործողությունների ծրագիրն ընդգծում էր ինքնությունը հաստատող փաստաթղթերի և անձնական տվյալների կառավարման անվտանգ ու հուսալի համակարգի անհրաժեշտությունը։ Այս միջոցառումները նպատակ ունեին կանխել ինքնության հետ կապված զեղծարարությունը և բարձրացնել վստահությունը Վրաստանի փաստաթղթերի անվտանգության համակարգերի նկատմամբ. 

  • Անձնագրերի, նույնականացման քարտերի և հիմնարար փաստաթղթերի հետ առնչվող պաշտոնյաների համար անձնական տվյալների անվտանգ կառավարման ապահովում։ 
  • Փաստաթղթերի դիմումների ընդունման, անհատականացման և բաշխման գործընթացների ամբողջականության ու անվտանգության ամրապնդում, ներառյալ փաստաթղթերի չլրացված նմուշների պահեստային պաշարների անվտանգ պահպանումը պաշտպանված տարածքներում։ 
  • Մեկ անձին մեկից ավելի անձնագրի կամ նույնականացման փաստաթղթի տրամադրման կանխարգելում՝ ինքնության ստուգման խիստ ընթացակարգերի միջոցով։ 
  • Կորած և գողացված անձնագրերի մասին Ինտերպոլի տվյալների բազաներին անհապաղ և համակարգված տեղեկացման ապահովում։ 
  • ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդում՝ անձնագրերի նմուշների, վիզաների ձևաթղթերի կանոնավոր փոխանակման, կեղծ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության և փաստաթղթերի անվտանգության փորձի փոխանակման միջոցով։ 

Վրաստանի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ երրորդ առաջընթացի զեկույց (2015թ մայիս) 

  • Զեկույցն ընդգծում է Վրաստանի քաղաքացիական հաշվառման համակարգի արդյունավետ գործունեությունը, որը կառավարվում է Պետական ծառայությունների զարգացման գործակալության կողմից։ Նույնականացման փաստաթղթերի տրամադրման համար պատասխանատու մարմինը գնահատվել է որպես լավ կառուցվածքավորված՝ դիմումների մշակման, որոշումների կայացման և փաստաթղթերի տրամադրման գործառույթների հստակ տարանջատմամբ։ 
  • Համակարգը բնութագրվել է որպես արդյունավետ և անվտանգ՝ ապահովելով փաստաթղթերի արտադրության և բաշխման անաչառությունը։ Զեկույցը հաստատում է, որ փաստաթղթերի անվտանգության ինստիտուցիոնալ շրջանակը հասել է համապատասխանության բարձր մակարդակի, ներառյալ անձնակազմի պատշաճ վերապատրաստումը և կառավարման պրոֆեսիոնալ կառուցվածքները։ 
  • Այս գնահատականն արտացոլում է ՎԱԳԾ-ի 1-ին բլոկի շրջանակներում արձանագրված առաջընթացը՝ կենտրոնանալով փաստաթղթերի անվտանգ կառավարման և ինստիտուցիոնալ հուսալիության վրա։ 

Վրաստանի վերաբերյալ չորրորդ առաջընթացի զեկույց (2015թ դեկտեմբեր) 

  • Զեկույցը մատնանշում է միգրացիայի կառավարման և քաղաքացիական հաշվառման համակարգերի շարունակական բարելավումը, հատկապես՝ ինտեգրված էլեկտրոնային գործիքների և ռիսկերի վերլուծության մեխանիզմների զարգացման միջոցով։ Վրաստանն ընդլայնել է միգրացիոն ռիսկերի վերլուծության իր համակարգը՝ ներառելով միգրացիայի բոլոր ոլորտները, հզորացրել միջգերատեսչական տվյալների հավաքագրումը միասնական վերլուծական համակարգի միջոցով։ 
  • Հանձնաժողովը նաև ընդգծում է վերադարձողների վերաինտեգրման քաղաքականության բարելավումը, ներառյալ՝ պետության կողմից ֆինանսավորվող վերաինտեգրման ծրագրերի ստեղծումը և պատկան նախարարությունների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը։ Այս միջոցառումները նպաստել են միգրացիայի ավելի արդյունավետ կառավարմանը և ապահովել են համապատասխանությունը ՎԱԳԾ-ի 2-րդ բլոկի չափորոշիչներին (սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում և ապաստան)։ 

Հանձնաժողովի վերջնական օրենսդրական առաջարկը 
Թեև COM (2016) 142-ը հիմնականում օրենսդրական ակտ է, այն հենվում է Հանձնաժողովի այն գնահատականի վրա առ այն, որ Վրաստանը ստեղծել է. 

  • Քաղաքացիական հաշվառման անվտանգ համակարգ, 
  • Ինքնության կառավարման հուսալի ընթացակարգեր, 
  • Փաստաթղթերի տրամադրման և ստուգման ուժեղացված մեխանիզմներ։ 

Առաջարկը հաստատում է, որ փաստաթղթերի անվտանգության չափորոշիչների կատարումը, ներառյալ՝ հուսալի հիմնարար փաստաթղթերը և ինքնության ինտեգրված համակարգերը, հիմք են հանդիսացել վիզաների ազատականացման համար։ Կենսաչափական անձնագրերի պահանջը երաշխավորում է շարունակական համապատասխանությունը ինքնության ստուգման և սահմանային անվտանգության ԵՄ չափանիշներին։ 

3. Հակակոռուպցիոն կարգավորումների ամրապնդում և հանրային իրազեկման միջոցառումներ 

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր (2013թ փետրվար) 
Վրաստանից ակնկալվում էր ընդունել և իրականացնել հակակոռուպցիոն ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր՝ հստակ սահմանված նպատակներով, ժամկետներով, կատարողականի ցուցանիշներով, ինչպես նաև բավարար մարդկային և ֆինանսական ռեսուրսներով։ Առանձնահատուկ շեշտադրում է կատարվել հակակոռուպցիոն կառույցների, այդ թվում՝ Հակակոռուպցիոն գերատեսչությունների միջև համակարգող խորհրդի (ACICC) անկախության և գործառնական կարողությունների հզորացման վրա՝ միաժամանակ ապահովելով համապատասխան մարմինների միջև բարելավված համակարգումը, հաշվետվողականությունը և տեղեկատվության փոխանակումը։ 

Բարեփոխումները պահանջում էին նաև հաստատուն իրավական դաշտի ստեղծում, ներառյալ՝ անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը, որոնք կերաշխավորեին ներքին վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը և քրեական հետապնդմանը, այդ թվում՝ բարձրաստիճան կոռուպցիայի և միջազգային գործարքներում առկա կոռուպցիոն դեպքերով։ Անաչառության չափանիշների պահպանումը և GRECO-ի հանձնարարականների կատարումը համարվում էին այս գործընթացի անկյունաքարային տարրերը։ Բացի այդ, Վրաստանից ակնկալվում էր մշակել թիրախային միջոցառումներ՝ ուղղված խոցելի ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, հիմնվելով ռիսկերի համակարգված գնահատման վրա, և ապահովել հետաքննությունների, քրեական հետապնդումների ու դատական վերջնական որոշումների արձանագրված հետևողական դինամիկա, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ գործերով։ 

Ավելին, իրավական շրջանակը պահանջում էր ամրապնդել շահերի բախման և անհիմն հարստացման հայտնաբերման ու պատժման մեխանիզմները՝ բոլոր մակարդակների պետական պաշտոնյաների, այդ թվում՝ ընտրովի ներկայացուցիչների, իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատակիցների համար էթիկայի կանոնագրքերի մշակմանն ու կիրառմանը զուգահեռ։ Դատական և իրավապահ մարմինների պատշաճ վերապատրաստումն ու մասնագիտացումը նույնպես անհրաժեշտ էին՝ կոռուպցիոն գործերի արդյունավետ քննությունն ապահովելու համար։ 

Վրաստանի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ երրորդ առաջընթացի զեկույց (2015թ մայիս) 
Հակակոռուպցիոն բարեփոխումները ներառված են 3-րդ բլոկում (հասարակական կարգ և անվտանգություն)։ Հանձնաժողովի զեկույցը գնահատում է Վրաստանի առաջընթացը հակակոռուպցիոն իրավական և ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդման, այդ թվում՝ ազգային ռազմավարությունների և համակարգման մեխանիզմների իրականացման հարցում։ 

Զեկույցը հակակոռուպցիոն միջոցառումները դիտարկում է բարեփոխումների արդյունավետ իրականացման ավելի լայն համատեքստում, ներառյալէ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացումը, իրականացման մեխանիզմների բարելավումը և չափորոշիչների կայուն կատարումը։ Շարունակաբար կիրառվել են մոնիտորինգի մեխանիզմներ՝ գնահատելու առաջընթացը կոռուպցիայի կանխարգելման, իրավապահ մարմինների համագործակցության և ինստիտուցիոնալ հաշվետվողականության ոլորտներում։ 

Այս առաջընթացի գնահատումը հիմք հանդիսացավ Հանձնաժողովի ընդհանուր եզրակացության համար՝ կապված Վրաստանի պատրաստվածության հետ, առաջին փուլի (օրենսդրական շրջանակ) չափորոշիչներից անցում կատարելու երկրորդ փուլի (արդյունավետ իրականացում) չափորոշիչներին։ 

Վրաստանի վերաբերյալ առաջընթացի չորրորդ զեկույց (2015թ դեկտեմբեր) 
Զեկույցը հաստատում է, որ 3-րդ բլոկի (հասարակական կարգ և անվտանգություն) շրջանակներում Վրաստանը կատարել է կոռուպցիայի կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին առնչվող չափորոշիչները։ 

Իրականացվել են նշանակալի օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ 

  • «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը, որոնց նպատակն էր պետական կառավարման համակարգի ապաքաղաքականացումը և ինստիտուցիոնալ անկախության ամրապնդումը։ 
  • Փոփոխություններ «Հանրային ծառայությունում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքում, որոնցով ներդրվեցին գույքի հայտարարագրման մոնիտորինգի, շահերի բախման հայտնաբերման և անհիմն հարստացման բացահայտման կատարելագործված համակարգեր։ 
  • Ազդարարների պաշտպանության մեխանիզմների հզորացում։ 
  • Բարեփոխումներ պետական գնումների ընթացակարգերում՝ թափանցիկության բարձրացման նպատակով։ 
  • GRECO-ի հանձնարարականների շարունակական կատարում։ 

Հանձնաժողովը գնահատել է այս բարեփոխումները որպես էական և եզրակացրել, որ հակակոռուպցիոն չափորոշիչը կատարված է՝ միաժամանակ ընդգծելով հետագա հետևողական իրականացման և արդյունքների կայունության կարևորությունը։ 

Հանձնաժողովի վերջնական օրենսդրական առաջարկը 

COM (2016) 142 փաստաթուղթը նոր հակակոռուպցիոն միջոցներ չի սահմանում, սակայն այն իրավաբանորեն հիմնված է հանձնաժողովի այն ընդհանուր գնահատականի վրա, որ Վրաստանը կատարել է ՎԱԳԾ բոլոր չափորոշիչները, այդ թվում՝ հետևյալ ոլորտներում. 

  • Հասարակական կարգ և անվտանգություն, 
  • Հակակոռուպցիոն համակարգեր, 
  • Դատական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, 
  • Սահմանների կառավարում և միգրացիոն վարչարարություն: 

Հետևաբար, առաջարկն արտացոլում է հանձնաժողովի այն համոզմունքը, որ Վրաստանն այս ոլորտներում ստեղծել է բավարար ինստիտուցիոնալ երաշխիքներ առանց վիզայի ճամփորդության ռեժիմը հիմնավորելու համար՝ միաժամանակ կարևորելով վիզաների կասեցման մեխանիզմը՝ որպես լրացուցիչ պաշտպանական գործիք: 
Հարկ է նշել, որ առաջարկը քաղաքականապես կապված էր վիզաների կասեցման մեխանիզմի զուգահեռաբար ընթացող վերանայման հետ, ինչը հնարավորություն էր տալիս ժամանակավորապես կասեցնել վիզաների ազատականացումը լուրջ թերացումների կամ անվտանգային մտահոգությունների ի հայտ գալու դեպքում: 

4. Էթիկայի կանոնագրքի ընդունում 

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր (2013թ փետրվար) 
Էթիկայի կանոնագրքի ընդունում, որը ներառում է. 

  • Վերապատրաստման ծրագրեր համապատասխան պաշտոնյաների համար (ներառյալ հակակոռուպցիոն և մասնագիտական վարքագծի բաղադրիչները), 
  • Ինստիտուցիոնալ անաչառության ամրապնդում փաստաթղթերի անվտանգության համակարգերում, 
  • Համապատասխանության ապահովում ԵՄ և միջազգային չափանիշներին, 
  • Հաշվետվողականության բարձրացում իրավապահ և սահմանային մարմիններում: 

Վրաստանի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ առաջընթացի երրորդ զեկույց (2015թ մայիս) 
Բարեխղճությանն ուղղված բարեփոխումների շրջանակում Գործողությունների ծրագիրը պահանջում էր էթիկական չափանիշների մշակում պետական պաշտոնյաների համար, հատկապես նրանց, ովքեր ներգրավված են փաստաթղթերի անվտանգության, սահմանների կառավարման և իրավապահ գործունեության մեջ: 
Թեև երրորդ առաջընթացի զեկույցը հիմնականում կենտրոնանում է չափորոշիչների ընդհանուր գնահատման վրա, այն հաստատում է, որ անաչառությանն ուղղված միջոցառումները, ներառյալ՝ մասնագիտական չափանիշները, վերապատրաստումը և ինստիտուցիոնալ հաշվետվողականությունը, վիզաների ազատականացման գործընթացի անբաժանելի բաղադրիչներն են: Էթիկական սկզբունքների հաստատումն ու կիրառումը նպաստում են ՎԱԳԾ կառուցվածքի շրջանակներում բարեփոխումների կայուն իրականացմանը: 

Վրաստանի վերաբերյալ առաջընթացի չորրորդ զեկույց (2015թ դեկտեմբեր) 
Զեկույցը էթիկական չափանիշները դիտարկում է 3-րդ բլոկի շրջանակներում անաչառությանն ուղղված ավելի լայն բարեփոխումների համատեքստում: Թեև փաստաթուղթը էթիկայի կանոնագիրքը չի ներկայացնում որպես առանձին միջոցառում, այն հաստատում է իրավապահ մարմինների, դատական համակարգի և քաղաքացիական ծառայողների համար անաչառության համակարգերի զարգացումն ու ամրապնդումը: 
Մասնավորապես, քաղաքացիական ծառայության օրենսդրության և շահերի բախման կարգավորման ոլորտներում ընդունված բարեփոխումներն արդյունավետորեն ամրապնդում են էթիկական չափանիշների և մասնագիտական վարքագծի պահանջները: Այս միջոցառումները նպաստում են ինստիտուցիոնալ հաշվետվողականությանը, թափանցիկությանը և ԵՄ կառավարման սկզբունքների պահպանմանը՝ հանդիսանալով ՎԱԳԾ չափորոշիչների շարունակական իրականացման մաս: 

Հանձնաժողովի վերջնական օրենսդրական առաջարկը 

Օրենսդրական առաջարկն ինքնին չի կարգավորում էթիկայի կանոնագրքերը։ Սակայն այն հիմնված է ՎԱԳԾ չափորոշիչների կատարման վերաբերյալ հանձնաժողովի դրական գնահատականի վրա, ինչը ներառում էր բարեխղճությանն ուղղված բարեփոխումներ և պետական կառավարման համակարգում մասնագիտական չափանիշներին սատարող հակակոռուպցիոն միջոցառումներ: Պետական պաշտոնյաների համար էթիկական չափանիշների ընդունումն ու կիրառումը մասն են կազմել այն ավելի լայն ինստիտուցիոնալ բարեփոխումների, որոնք հանձնաժողովին թույլ տվեցին եզրակացնել, որ Վրաստանը կատարել է վիզաների ազատականացման համար անհրաժեշտ պայմանները: 

Արդյունքը 

2016 թվականի մարտին Եվրոպական հանձնաժողովն առաջարկեց Վրաստանը տեղափոխել այն երրորդ երկրների ցանկ, որոնց քաղաքացիներն ազատված են վիզայի պահանջից (կենսաչափական անձնագիր ունեցողների համար): Այս որոշումն ուժի մեջ մտավ 2017թ. մարտի 28-ին՝ նշանավորելով Շենգենյան գոտի կարճատև այցերի համար Վրաստանի քաղաքացիների վիզային պահանջների չեղարկումը։ Սա նպաստեց զբոսաշրջության, կրթական հնարավորությունների և մարդկային շփումների աճին: Այս քաղաքականությունն սկզբնապես դիտարկվում էր որպես Վրաստանի՝ Եվրոպական միությանն ինտեգրման և ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանության կարևոր հանգրվան: Ըստ 2025թ. ուսումնասիրության՝ առաջին տարիներին ռեժիմը բավականին արդյունավետ էր. բնակչության մոտ 22%-ը (հատկապես երիտասարդ սերունդը) օգտվել էր ԵՄ առանց վիզայի մեկնելու հնարավորությունից։ Սա նաև զգալիորեն մեծացրեց շարժունակությունը կրթական, ակադեմիական և գործնական նպատակներով՝ նպաստելով Վրաստանի և ԵՄ-ի միջև կապերի սերտացմանը: 

Գործընթացը նպաստեց զգալի բարելավումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սահմանների կառավարումը, միգրացիոն քաղաքականությունը, փաստաթղթերի անվտանգությունը և հիմնարար իրավունքների պաշտպանությունը՝ միաժամանակ ամրապնդելով ինստիտուցիոնալ ու վարչական կարողությունները: Արդյունքում, ՎԱԳԾ-ն ոչ միայն շոշափելի օգուտներ բերեց քաղաքացիներին, այլև ամրապնդեց Վրաստանի՝ Եվրոմիության հետ քաղաքական և իրավական մերձեցման սկզբնական ուղեգիծը։ Տեխնիկական ձեռքբերումներից բացի, վիզաների ազատականացումն ուներ նաև կարևոր խորհրդանշական նշանակություն՝ վերահաստատելով Վրաստանի եվրոպական հետագիծը և համապատասխանությունը ԵՄ չափանիշներին։ 

Սակայն այս դրական զարգացումներին հետագայում հաջորդեցին աճող մտահոգությունները։ Հենց առաջին տարվա ընթացքում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեյցարիան և Նորվեգիան, նկատվեց ապաստանի հայցերի զգալի աճ, ինչը ԵՄ անդամ պետությունների շրջանում համակարգի հնարավոր չարաշահումների վերաբերյալ մտավախություններ առաջացրեց։ Ավելի կարևոր է այն, որ Եվրոպական հանձնաժողովն արձանագրեց ժողովրդավարական չափանիշների զգալի հետընթաց՝ հատկապես իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում, ինչը հանգեցրեց կասեցման մեխանիզմի գործարկմանը: 2026 թվականի մարտին Եվրոպական միությունը կասեցրեց Վրաստանի պաշտոնական, ծառայողական և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի երթևեկությունը՝ ԵՄ քաղաքականությանը անհամապատասխանության և ժողովրդավարական հետընթացի պատճառով։ ԵՄ-ը նաև նախազգուշացրեց, որ ժողովրդավարական նորմերից հետագա շեղումը կարող է հանգեցնել առանց վիզայի ռեժիմի կասեցմանը ողջ բնակչության համար: 

Ստեղծված իրավիճակը մեծ ազդեցություն ունեցավ Վրաստանի հանրային կարծիքի վրա։ Բնակչության ճնշող մեծամասնությունը (ավելի քան 78%-ը) կասեցումը համարեց բացասական զարգացում, ինչն արտացոլում է առանց վիզայի ռեժիմի բարձր արժեքը հանրության համար։ Միևնույն ժամանակ, հարցվածների ավելի քան կեսը վիզային ռեժիմի հնարավոր կորստի համար պատասխանատու համարեց իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, ինչն ընդգծում է ժողովրդավարական հետընթացի քաղաքական հետևանքները և դրա ուղղակի ազդեցությունը ԵՄ-Վրաստան հարաբերությունների վրա։ 

Եզրակացություն 

Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ իրականացված վիզաների ազատականացման գործընթացները ցույց են տալիս, թե ինչպես ԵՄ պայմանականությունը կարող է ծառայել որպես քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ վերափոխման հզոր գործիք: Երեք դեպքում էլ առանց վիզայի ճանապարհորդելու հեռանկարը խթանել է բարեփոխումները սահմանների կառավարման, միգրացիոն վարչարարության, փաստաթղթերի անվտանգության, դատական համագործակցության և հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում: Ավելի լայն իմաստով՝ այս բարեփոխումները նպաստում են ԵՄ չափանիշների հետ աստիճանական համապատասխանեցմանը՝ միաժամանակ ամրապնդելով ԵՄ-ի հետ հասարակական կապերը շարժունակության բարձրացման, կրթական հնարավորությունների և տնտեսական փոխանակումների միջոցով: 

Սակայն Վրաստանի օրինակը նաև ի ցույց է դնում այդ ձեռքբերումների խոցելիությունը, երբ ժողովրդավարական չափանիշները նահանջ են ապրում: Այս դեպքը փաստում է, որ վիզաների ազատականացումը ոչ միայն տեխնիկական գործիք է, այլև քաղաքական մեխանիզմ, որը սերտորեն կապված է իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման հանդեպ հարգանքի հետ: Այս փորձառությունները հատկապես արդիական են Հայաստանի եվրոպական ուղեգիծը դիտարկելիս: Թեև Հայաստանը դեռևս չի օգտվում ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմից, ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն արտացոլում է Երևանի և Բրյուսելի միջև աճող քաղաքական մերձեցումը: 

Ուկրաինայի և Մոլդովայի օրինակները ցույց են տալիս, որ հետևողական բարեփոխումները, ուժեղ քաղաքական հանձնառությունը և ԵՄ նորմերին համապատասխանեցումը կարող են աստիճանաբար հանգեցնել ավելի խոր ինտեգրման և քաղաքացիների համար շոշափելի օգուտների: Միևնույն ժամանակ, Վրաստանի փորձը շեշտադրում է, որ ժողովրդավարական դիմակայունությունը շարունակում է էական նշանակություն ունենալ այդ ձեռքբերումները երկարաժամկետ հեռանկարում պահպանելու համար: Վիզաների ազատականացումը կարող է դառնալ ոչ միայն գործնական նպատակ Հայաստանի համար, այլև՝ ռազմավարական գործիք, որը կաջակցի ժողովրդավարական համախմբմանը, արդիականացմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին և եվրոպական տարածքին ավելի սերտ ինտեգրմանը: 

Գրեգ Զվիկերտ 

Ընթերցեք նաև