«Ճակատագրական» կեղծիքները՝ իշխանության համար պայքարում

հեղ․ Armenian Council

Նախընտրական ժամանակաշրջանի առանձնահատկությունները ուշագրավ հետևանքներ են ունեցել։ Քաղաքական ուժերը հայտարարություններ են անում և խոստումներ են տալիս, որոնք ոչ միայն իրատեսական չեն, այլև, հաճախ, որևէ աղերս չեն կարող ունենալ գոյություն ունեցող իրականության հետ։ Օրինակ, քաղաքական ուժերից մեկը խոստանում է «նվազեցնել հարկերը» և, զուգահեռաբար, «ավելացնել կենսաթոշակը», թեև տնտեսագիտության տարրական գիտելիքներ ունեցող և քաղաքագիտության տեսություններին քիչ թե շատ ծանոթ մարդը կարող է նկատել, որ այս երկու իրադարձությունները միաժամանակ չեն կարող տեղի ունենալ։ Մեկ այլ դեպքում՝ 300․000 աշխատատեղ բացելու անլուրջ խոստումը զուգահեռվում է 300․000 ադրբեջանցիների՝ Հայաստան գալու վերաբերյալ կեղծ ու անհիմն սպառնալիքներով։ Հավանաբար, այս ուժի քաղաքական տեխնոլոգները որոշել են համադրել երկու թվերը՝ այդպիսով կուտակային ինչ-որ էֆեկտ ակնկալելով։

Մեկ այլ քաղաքական ուժի լիդերը խոստանում է «երաշխավորներ» գտնել, որոնք «կգան և խաղաղությունը հարատև կդարձնեն»։ Հետաքրքիր է, որ այս ուժի ներկայացուցիչները չեն էլ թաքցնում, որ, ըստ իրենց պատկերացումների, «երաշխավորների ցանկում» կարող է լինել նաև Բելառուսի նախագահ, քաղաքակիրթ աշխարհում մարգինալիզմի խորհրդանիշ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Իսկ թե ինչպե՞ս է սեփական երկիրը Ռուսաստանի ծայրագավառի վերածած նախագահը որևէ տեղում որևէ բան երաշխավորելու, հավանաբար, նորահայտ «աշխարհաքաղաքական երաշխավորագետներին» այնքան էլ չի հետաքրքրում։

Կեղծիքները չեն սահմանափակվում միայն հակասող խոստումներով։ Երբեմն դրանք ունենում են «սենսացիոն» անոնսներ և վերնագրեր, որոնց հիմնական նպատակը ուշադրություն գրավելն է։ Նման մի դեպքի ականատես եղանք օրերս։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում հիմնական ընդդիմադիր տեղերը գրավելու գլխավոր հավակնորդ, ռուսական նարատիվների և քաղաքականության հետևորդ ուժը հայտարարեց «ճակատագրական» որոշման մասին։ Ըստ այս կեղծիքի, եթե Հայաստանում իշխանության գա այս ուժը, օրենք ընդունելու միջոցով օտարերկրյա քաղաքացիներին արգելելու է սեփականության իրավունքով հող ձեռք բերել, որպեսզի «կանխի Հայաստանում ադրբեջանցիների բնակություն հաստատելը»։ Այնինչ ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է՝ «հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»: Իր հերթին, ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է, որ «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ: Բացառություն են կազմում միայն Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք»։ Ըստ էության, օտարերկրյա քաղաքացիներին սեփականության իրավունքով հող ձեռք բերելու օրենսդրական արգելքը արդեն կա և գործում է։

Նշված դեպքում, կեղծիքը հիմնվում է այն հաշվարկի վրա, թե մարդիկ տեղյակ չեն օրենքներից, հետևաբար, կհրապուրվեն նման առաջարկներից։ Նկատենք, որ Հայաստանի քաղաքացիներն, այնուամենայնիվ, բավականին իրազեկված են և տիրապետում են իրականությանը, ինչը փաստում են բազմաթիվ սոցիալական հարցումներ ու վերլուծություններ։ Հետևաբար, «ճակատագրական» կեղծիքներին ՀՀ քաղաքացիների պատասխանը կտեսնենք առաջիկա ընտրություններին։

Ընթերցեք նաև