ԱՄՆ և Իրանի միջև պատերազմը ընթանում է Հայաստանի անմիջական հարևանությամբ, և բնական է, որ մենք առավել ուշադրությամբ պետք է հետևենք ծավալվող իրադարձություններին՝ ջանալով հասկանալ դրանց հնարավոր անդրադարձերը մեր տարածաշրջանի և անմիջականորեն մեզ վրա։ Թեև պատերազմը տակավին ավարտված չէ, սակայն այսօր իսկ կարելի է որոշակի հետևություններ անել դրա ծագման դրդապատճառների և միջազգային հարաբերությունների ասպարեզում դրան առնչվող զարգացումների ընդհանուր տրամաբանության վերաբերյալ։
Ուժի կիրառման, այն է՝ պատերազմի հրահրման դրդապատճառները
2025 թվականի նոյեմբերին ընդունված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունում նշվում էր, որ Մերձավոր Արևելքն այլևս ԱՄՆ գերակա առաջնայնությունների շարքում չէ, մասնավորապես, այն պատճառով, որ նույն տարվա 12-օրյա պատերազմի արդյունքում Իրանն արդեն իսկ կորցրել է իր ներուժի, այդ թվում՝ միջուկային զենք ստեղծելու կարողության զգալի մասը, և այլևս չի կարող անմիջական սպառնալիք ներկայացնել Իսրայելի համար։ Չնայած այս դրույթներին, որոնք ազդարարում էին Իրանի նկատմամբ ուժի հետագա կիրառման աննպատակահարմարության մասին, ԱՄՆ-ն ընդամենը մի քանի ամիս հետո ռազմական գործողություններ սկսեց այդ երկրի դեմ։ Որոշում կայացնելու հարցում, անշուշտ, հսկայական է եղել իսրայելական լոբինգի նշանակությունը։ Սակայն դա, հավանաբար, չէր տա այս արդյունքը, եթե չլինեին Իրանում բռնկված բողոքի ցույցերը։ Դրանք ռազմական գործողություններ սկսելու հարցում կատալիզատորի դեր կատարեցին, քանզի տպավորություն ստեղծեցին, որ Իրանում իշխող վարչակազմը թույլ է, մեծ է ժողովրդի դժգոհությունը, և այն հնարավոր է կառավարել՝ ուղղորդելով անհրաժեշտ կերպով։
Իսրայելի անվտանգության պաշտպանությունն, ինքնին, ԱՄՆ վարչակազմի համար ազդեցիկ գործոն է։ Բայց այն բավարար չէ՝ հսկայական ռեսուրսներ պահանջող և անկանխատեսելի բարդություններով հղի ռազմական գործողություններ նախաձեռնելու համար։ Անհրաժեշտ էին ԱՄՆ անմիջական շահերից բխող շատ ավելի համոզիչ փաստարկներ։ Պատերազմ սկսելու մասին որոշում կայացնելու օգտին վկայող լրացուցիչ, բայց ոչ պակաս կարևոր փաստարկ էր, հավանաբար, նաև այն, որ Իրանի դեմ գործողությունները պատեհ առիթ կստեղծեն աշխարհում ամերիկյան ուժի, նրա բացարձակ առավելության ցուցադրման համար։ Դա աշխարհում միանձնյա առաջատարության մասին վերստին ազդարարելու և հնարավոր բոլոր մրցակիցներին ԱՄՆ բացահայտ առավելությունը ցույց տալու հարմար միջոց հանդիսացավ։ ԱՄՆ-ն ցույց տվեց, որ միակ երկիրն է, որն ունակ է աշխարհի ցանկացած վայրում իրականացնել ռազմական գործողություններ՝ առանց էական կորուստների։ Եվ վերջապես, հարվածելով Իրանին, նա անուղղակիորեն հարվածում է իր մրցակիցներին։ Թուլացնելով կամ իսպառ խաղից դուրս մղելով Իրանին՝ նա հարված է հասցնում նաև նրա հովանավորներին։
Հետևանքները միջազգային հարաբերությունների համակարգի համար
Իրանի դեմ պատերազմը, որն սկսել է առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հավանության, հսկայական և, գուցե, անբուժելի հարված է հասցնում միջազգային իրավունքին և աշխարհում բազմակողմ հարաբերությունների համակարգին (multilateralism)։ Այս պատերազմը առաջինը չէ, որ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը և պետությունների հարաբերություններում ուժի չկիրառման հիմնարար սկզբունքը։ Բայց դա նման բնույթի առաջին գործողությունն է, որը վերջին տասնամյակների ընթացքում իրականացնում է ԱՄՆ-ն․ նախկինում ԱՄՆ-ն կա՛մ ստանում էր ԱԽ հավանությունը, կա՛մ, գոնե, ապահով միջազգային հանրության աջակցությունը և ստեղծում լայն կոալիցիա։ Իրանի դեմ պատերազմը միանձնյա գործողություն է։ Այն քանդում է միջազգային իրավունքի հիմքերը։ Սա վտանգավոր է հատկապես փոքր պետությունների համար, որոնց անվտանգության ապահովումը հաճախ պայմանավորված է միջազգային իրավունքի նորմերի հետևողական կիրառմամբ։
Գլոբալ անդրադաձը
Պատերազմը ցույց տվեց միջազգային ասպարեզում ԱՄՆ-ին հակազդելու նպատակով ստեղծված BRICS-ի և Շանհայան համագործակցության կազմակերպության՝ եթե ոչ սնանկությունը, ապա, առնվազն, լուրջ քայլեր ձեռնարկելու անկարողությունը։ Իրանը, որը գլոբալ Հարավը միավորելու հավակնություններ ունեցող այդ կազմակերպությունների անդամ է, չարժանացավ իր գործընկերների պատշաճ աջակցությանը։ Դա վերաբերում է ինչպես Հնդկաստանին, այնպես էլ, հատկապես, Ռուսաստանին և Չինաստանին։ Նրանց «զայրույթը» սահմանափակվեց ոչ շատ խիստ տոնայնությամբ հայտարարություններով։ Սա հենց այն իրավիճակն է, որն անուղղակիորեն վկայում է աշխարհում ամերիկյան հեգեմոնիայի վերահաստատման մասին։ Սա նաև վկայում է, որ անգամ Ռուսաստանը և Չինաստանի նման գերտերությունը, որոնք արտաքուստ հանդես են գալիս ամերիկյան հեգեմոնիայի դեմ և հօգուտ բազմաբևեռության ձևավորման, կրիտիկական պահերին պատրաստ չեն զոհաբերել իրենց շահերը և հակադրության մեջ մտնել ԱՄՆ հետ։
Ինչպես պարզվեց, Իրանը չունի վստահելի դաշնակիցներ նաև իսլամական աշխարհում։ Պատերազմը ցույց տվեց, որ, լայն իմաստով, չկա իսլամական համերաշխություն, այլ կան շահեր, որոնք չեն ճանաչում զգացմունքներ։ Թեև Իրանը իր հարևանների դեմ ուղղված անհաշվենկատ քայլերով բնավ չէր նպաստում իսլամական համերաշխությանը, բայց և այնպես, այդ երկրները ցույց չտվեցին իրենց համադավան ընկերոջը պաշտպանելու որևէ վճռականություն։
Եւ այստեղ չի կարելի չնկատել, որ Իրանը սխալվել է իր ռազմավարական հաշվարկներում։ Նրա տարածաշրջանային հավակնությունները չէին համապատասխանում ունեցած կարողություններին։ Ինչպիսի ելք էլ ունենա պատերազմը, աներկբա է, որ Իրանը դրանից դուրս կգա խիստ թուլացած․ քայքայված տնտեսությամբ ու կիսափուլ կառավարման համակարգով։ Եւ, ի վերջո, Իրանի ժողովուրդն է վճարելու երկրի վերնախավի արտաքին քաղաքական անհիմն հավակնությունների համար։
Տարածաշրջանային անդրադարձը
Եթե պատերազմն ավարտվի ամերիկյան սցենարով՝ հանգեցնելով Իրանում ամերիկամետ իշխանության ձևավորմանը, դա նաև մեծապես կփոխի հարակից տարածաշրջանի պատկերը։ Ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ՝ Կենտրոնական Ասիայում, էապես կթուլանան Ռուսաստանի, և կամրապնդվեն ԱՄՆ դիրքերը։ Շրջանառությունից դուրս կմղվի «Հյուսիս-Հարավ առանցք» աշխարհաքաղաքական հասկացությունը։
Իրանի փոխակերպման պարագայում միակ պետությունը, որը տարածաշրջանում կարող է հակադրվել Իսրայելին, Թուրքիան է։ Պատահական չէ, որ այսօր իսկ Իսրայելը փորձում է ընդդեմ նրա տարածաշրջանային պայմանավորվածություններ ձևավորել։ Վերոնշյալի սցենարի դեպքում կնվազի նաև Ադրբեջանի տարածաշրջանային դերը և նրա նշանակությունը Իսրայելի համար։
Հետագա զարգացումների հնարավոր սցենարներ
Անորոշ են մնում պատերազմի նպատակները․ չկա այն հարցի պատասխանը, թե որ կետին հասնելու դեպքում է ամերիկյան կողմը իր առաքելությունը ավարտված համարելու։ Ի սկզբանե, ընկալումն այն է եղել, որ ԱՄՆ գործողությունների վերջնական նպատակը Իրանում իշխող վարչակազմի փոփոխությունն է և այնպիսի վարչակազմի հաստատումը, որը բարեկամաբար տրամադրված կլինի իրեն, և ոչ թշնամաբար՝ Իսրայելին։ Թվում էր, թե Իրանի առաջնորդի կործանումը կհանգեցնի իրավիճակի նման հանգուցալուծմանը, սակայն իրադարձությունները ապացուցեցին, որ այդպես չէ։ Ընդհակառակն, շատ հնարավոր է, որ նախկին վերնախավի վերացումը շատ ավելի կարծր ուժերի դիրքերն ամրապնդի։ Ստեղծված իրավիճակում, որպես պատերազմի հնարավոր նպատակ, նշվում է արդեն ոչ թե ռեժիմի արմատական փոփոխությունը, այլ՝ պարզապես Իրանի միջուկային կարողությունների վերացումը, տարածաշրջանում նրա զբաղեցրած նշանակության, ինչպես նաև նրա ուժի և ազդեցության կիրառման հնարավորությունների շեշտակի նվազեցումը։ Սակայն հարց է, թե երբ ամերիկացիները կհասնեն այդ նպատակին։ Այսպիսով, պատերազմը սպառնում է վերածվել «ճահճի»՝ Իրաքի կամ Վիետնամի պատերազմների նմանությամբ։ Ըստ ամերիկյան որոշ վերլուծաբանների՝ եթե սկզբում պատերազմը կրում էր սահմանափակ բնույթ և հետապնդում էր հակառակորդին մեծ վնաս հասցնելու, բայց ոչ՝ կործանելու նպատակ, այսօր այն արդեն ակամայից վերածվում է միջին չափսի պատերազմի, որը չունի հստակ սահմանված նպատակներ։ Զարգացումների այս սցենարն, անշուշտ, ամենաանբարենպաստն է ամերիկացիների համար և կարող է ռազմավարական մեծ վնասներ հասցնել նրան, թեև լուծած կլինի Իսրայելի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները։ Նկատենք նաև, որ ներքաղաքական առումով թույլ և վատ կառավարվող Իրանը ևս մի վտանգ է, որը կարող է սպառնալ տարածաշրջանային կայունությանը և, իր proxy-ների միջոցով․ նաև Իսրայելի անվտանգությանը։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ունենալ զգալի աշխարհաքաղաքական հետևանքներ՝ և՛ գլոբալ, և՛ տարածաշրջանային առումներով։ Այսպես, ԱՄՆ լիակատար հաղթանակի դեպքում, երբ իրականացված կլինեն նրա բոլոր նպատակները, կնվազի Ռուսաստանի դերը տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, այսօր իսկ ակնհայտ է միջազգային իրավունքի էռոզիայի փաստը, ինչը ստիպում է ՀՀ արտաքին քաղաքականության մեջ զերծ մնալ այնպիսի նպատակներից, որոնց իրականացումը պայմանավորված է միջազգային իրավունքի նորմերի հետևողական կիրառմամբ։ Անհրաժեշտ է նաև հաշվենկատ լինել իսրայելա-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների հարցում՝ խուսափելով անհիմն պատրանքներին տրվելուց։
Հրաչյա Թաշչյան
23.03.2026